«Գերշվին» (անգլ.՝ The Gershwin Theatre), բրոդվեյանթատրոն, գտնվում է 51-րդ փողոցի արևմտյան մասում, Փարամաունթ Պլազա շենքում, Մանհեթենի թատերական թաղամասում, Նյու Յորք, ԱՄՆում։ Հանդիսասրահը նախատեսված է 1933 հոգու համար,
այն Բրոդվեյի ամենամեծ թատրոնն է։ Թատրոնը ղեկավարում է «Nederlander Organization»-ը։ Թատրոնի նախասրահում է գտնվում Ամերիկյան թատրոնի փառքի դահլիճը։
Թատրոնի տարածքը գտնվում է «Փարամաունթ պլազա» երկնաքերի առաջին հարկերում, «Կապիտոլիում» թատրոնի պատմական վայրում։ Ներքին մոդեռն ոճով հարդարանքը նախագծվել է ըստ սցենոգրաֆ Ռալֆ Ալսվանգի։ Շինարարությունն արժեցել է մոտավորապես 12.5 միլիոն դոլար[2].
Թատրոնը բացվել է 1972 թվականի նոյեմբերի 28-ին, «Ուրիս» անվամբ (անգլ.՝ Uris Theatre) (ըստ իմպրեսարիո եղբայրներ Հարոլդ և Փերսի Ուրիսների ազգանվան)։ Բացման օրը թատրոնում կայացել է «Վիա Գալակտիկա» մյուզիքլի առաջնախաղը։ Ներկայացումը հաջողություն չի ունեցել և հենց առաջին բեմադրությունից հետո ֆինանսական զգալի վնասներ է պատճառել։ Մյուզիքլը չի ցուցադրվել 7 բեմադրությունից հետո։
1974-1976 թվականներին թատրոնն օգտագործվել է որպես համերգասրահ փոփ և ջազային կատարողների համար։ Այստեղ ելույթներ են ունեցել Ֆրենկ Սինատրան, Էլլա Ֆիցջերալդը, Քաունթ Բեյսին, Ռաֆայելը (իսպանացի երգիչ), Միշել Լեգրանը, Էնդի Ուիլյամսը, Ջոնի Մետիսը, Էնթոնի Նյուլին, Queen-ը և ուրիշներ։
1983 թվականի հունիսի 5-ին այստեղ անց է կացվել Թոնի մրցանակաբաշխության պարգևատրման արարողությունը։ Այս առթիվ թատրոնը վերանվանվել է` կոչվելով «Գերշվին», ըստ Այրա (գրող) և Ջորջ (կոմպոզիտոր) Գերշվինների ազգանվան[3]։
2003 թվականի հոկտեմբերի 30-ից սկսած մինչև այսօր «Գերշվինում» ցուցադրվում է ամերիկյան ամենահաջողված մյուզիքլներից մեկի` «Չարակամը»։ Այն թատրոնի վաճառքի ռեկորդ է սահմանել 2013 թվականի վերջին շաբաթը` հավաքելով 3.201.333 դոլար։ Սա նաև բրոդվեյան բոլոր բեմադրությունների շաբաթվա վաճառքի ռեկորդ է, ինչպես նաև` առաջին անգամ է մեկ շաբաթվա վաճառքից հավաքվել 3 միլիոնից ավել գումար[4]։