Գերասիմովի առանձնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Գերասիմովի առանձնատուն
Особняк А.Г. Герасимова (фрагмент) (Rostov on Don).jpg
Տեսակ տեսարժանություն
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Տեղագրություն Դոնի Ռոստով
Գերասիմովի առանձնատունը գտնվում է Ռուսաստանում
Գերասիմովի առանձնատուն
Կոորդինատներ: 47°13′3.5724000999914″ հս․ լ. 39°42′4.0824001000117″ ավ. ե. / 47.217659000027772720° հս․. լ. 39.701134000027778370° ավ. ե. / 47.217659000027772720; 39.701134000027778370

Գերասիմովի առանձնատուն (ռուս.՝ Особняк Герасимова), հինավուրց տուն Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Սոցիալիստական փողոցում։ Շենքը պատմության և մշակույթի տարածաշրջանային նշանակության հուշարձան է։

Հասցեն՝ ք. Դոնի Ռոստով, Սոցիալիստական փողոց, 13Ա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլսկայա, 29 (նախահեղափոխական, ներկայում՝ Սոցիալիստական փողոց, 13Ա) հասցեի շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին նեոդասական էկլեկտիզմի ոճով։ Տունը հարակից շինություններով կազմել է քաղաքային բակ, որից պահպանվել է մուտքի դարպասը։ Շինարարության ժամանակ օգտագործվել է Ա. Ա. Լևանիդովի գործարանի աղյուսը։ Ժամանակին շենքի տակ գտնվող հողատարածքը գնահատվել էր 900 ռուբլի։ Այն պատկանում էր ռոստովցի քաղքենիների Նեցվետայլենկո ամուսինների ընտանիքին՝ Ստեպան Սեմյոնովիչին և Ելիզավետային։ 1900 թվականին հողակտորը գնահատվել է 1800 ռուբլի։ Այդ ժամանակ այն ձեռք է բերել Ֆ. Մ. Գորբենկոն, որը դրա սեփականատերն էր և առանձնատան տերը մոտ տասնհինգ տարի։ Դա հաստատում է տան հարավային և արևելյան ճակատների լուսամուտատեղերի վերևի դեկորատիվ ներդիրների վրայի «ՖԳ» տառերով միացագիրը։

1904 թվականին հողակտորը գնահատվել է 5700 ռուբլի։ Մշակութային ժառանգության օբյեկտի անվտանգության պարտավորության տվյալների համաձայն՝ Ֆ. Մ. Գորբենկոն Դոնի Ռոստովում հայտնի վաճառական ընտանիքի ներկայացուցիչ էր։ Նրա հայրը՝ Մոիսեյ Յակովլևիչ Գորբենկոն, առաջին գիլդիայի վաճառական էր, կրաքարի արտադրության գործարանի սեփականատեր, որը սեփական փողերով կառուցել էր Հովհաննես Մկրտիչ ​​եկեղեցին Անդրտեմեռնիկյան բնակավայրի տարածքում։ 1914 թվականին առանձնատան սեփականատեր է դարձել Հին շուկայի (ներկայումս Կենտրոնական շուկա) տարածքում կաշվի խանութի տեր Յակով Ռոդիոնովիչ Գերասիմովը։ Ժամանակին Գերասիմովը ֆինանսավորել է Ալեքսանդր Նևսկի եկեղեցին Նոր շուկայի հրապարակից եղբայրական գերեզմանոցի տարածք տեղափոխելու աշխատանքները։

Խորհրդային իշխանության տարիներին շենքն ազգայնացվել է և օգտագործվել որպես բնակելի տուն։ Այնուհետև այնտեղ գործել է թիվ 14 քաղաքային մանկապարտեզը։ Այդ ժամանակ շենքի մուտքը զարդարել է ծակոտկեն կոփածո հովարը, որն անհետացել է հաջորդ տասնամյակում։

2015 թվականին, շենքը վերանորոգելու ժամանակ[1], մնացել են միայն արտաքին պատերը։ Շենքի ներսում փորվել է փոս, որը դարձել է ճակատագրական։ Ճակատային պատը, որը չէր հենվում միջնապատերին և հիմքին, փլուզվել է[2]։

2016 թվականի ապրիլի դրությամբ Ռոստովի մարզի մշակույթի նախարարության ներկայացուցիչները նշում էին, որ շենքի ճակատն ամբողջությամբ կվերականգնվի, այդ թվում՝ լուսանկարներում պահպանված դեկորի եզակի տարրերը, իսկ շենքը կվերածվի մասնավոր հյուրանոցի[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը XIX դարի վերջին բնորոշ քաղաքային առանձնատուն էր։ Այն գտնվել է Դոնի Ռոստովի պատմական կենտրոնում։ Հիմնական ճակատը Սոցիալիստական փողոցում էր։ Գերասիմովի առանձնատունը նկուղով և բազմալանջ տանիքով, Լ-աձև հատակագծով մեկհարկանի շինություն էր: Ճակատի հորինվածքային հիմքը որոշում էր ուղղանկյունաձև լուսամուտատեղերի շարքը, որը հենվում էր ճակատի կողային ելուստավորումներին։ Ճակատի համաչափությունն ընդգծվում էր բարդ կառուցվածքով ատտիկոսներ ունեցող ելուստավորումներով, որոնցից մեկն ընդգծում էր շքամուտքը։ Հարավային և արևելյան ճակատների ձևավորման մեջ օգտագործվել են հորինվածքային ոճաձևեր և սվաղային դեկոր, որը բնորոշ է նեոդասական ուղղության նեոգրեկ ոճի տարրերով էկլեկտիզմին։ Շենքին մի քանի կցակառույցներ էին ավելացվել։

Հորինվածքներում, շենքերի և ճակատների համամասնությունում ճարտարապետական ​​տարրերի նշված համադրության օգտագործումը, դեկորի մանրակրկիտ մշակումը և բնորոշիչ ստեղծագործական հնարքները հիմք են տալիս ենթադրելու, որ Գերասիմովի առանձնատան նախագիծը, որն իրականացվել է նեոդասական ուղղության նեոգրեկի տարրերով էկլեկտիզմի ոճով, հեղինակել է ճարտարապետ Նիկոլայ Դորոշենկոն։ Եթե ​​հաշվի առնենք, որ շենքի շինարարությունն ավարտին է հասցվել 1900-1904 թվականներին, ապա հավանական է, որ աշխատանքներն իրականացվել են արդեն Դորոշենկոյի մահից հետո ճարտարապետ Նիկոլայ Դուրբախի հսկողությամբ։ Հայտնի է, որ Դուրբախն ավարտին է հասցրել Մոսկովյան, 72 հասցեում գտնվող Մաքսիմովների եկամտաբեր տան շինարարությունը, որն սկսվել էր Նիկոլայ Ալեքսանդրովիչ Դորոշենկոյի կենդանության օրոք[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лобжанидзе В., Лаптев Г., Кустов В. Путешествия по старому Ростову. Часть II. Ростов-на-Дону, 2001 г.
  • Оценка недвижимых имуществ г. Ростова-на-Дону для раскладки Государственного налога и других сборов на 1904 г. Ростов-на-Дону, 1904 г. с. 31, 227, 287.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Գերասիմովի առանձնատունը