Գեռնիկա (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գեռնիկա (այլ կիրառումներ)
Picto infobox artiste.png
Գեռնիկա
PicassoGuernica.jpg
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1937[1]
բարձրություն349±1 սանտիմետր
լայնություն776±1 սանտիմետր
ստեղծման վայրՓարիզ
ուղղությունկուբիզմ
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՌեյնա Սոֆիա թանգարան[1]
հավաքածուՌեյնա Սոֆիա թանգարան
կայք
Guernica (Pablo Picasso) Վիքիպահեստում

Գեռնիկա (իսպ.՝ Guernica)[2][3], Պաբլո Պիկասոյի կտավ, որ ստեղծվել է 1937 թվականի մայիսին Իսպանիայի Հանրապետության պատվերով՝ միջազգային ցուցահանդեսում (Փարիզ, 1937) Իսպանիայի տաղավարում ցուցադրելու համար: Նկարը կուբիզմի ոճով է, սև-սպիտակ գույների մեջ[4]: Այն պատկերում է Գեռնիկայի ռմբակոծումը, որը տեղի էր ունեցել ոչ վաղ անցյալում, և իսպանական ապրիլյան հեղափոխության ու Իսպանիայի քաղաքացիական պատերազմի (1931-1939) սարսափները:

Ցուցահանդեսից հետո կտավը ցուցադրվել է մի շարք երկրներում (հիմնականում ԱՄՆ-ում)[5][6]: Ինքը Պիկասոն հայտարարել է, որ նկարը կուզենար տեսնել Պրադո թանգարանում, սակայն այն Պրադո է տեղափոխվել հանրապետության վերականգնումից հետո` 1981 թվականին, իսկ 1992 թվականին 20-րդ դարի արվեստի մի շարք այլ գործերի տեղափոխվել է Մադրիդի Ռեյնա Սոֆիա թանգարան, ուր պահվում է մինչ օրս:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գեռնիկա» նկարի ստեղծման առիթը Բասկերի երկրի Գեռնիկա քաղաքի ռմբակոծումն է եղել: Իսպանական հեղափոխության (1931-1939) կարևոր իրադարձություններից է դարձել քաղաքացիական պատերազմը: Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում 1937 թվականի ապրիլի 26-ին լյուֆտվաֆեի կամավորական ստորաբաժանումներից մեկը` Կոնդոր լեգեոնը, ռմբակոծել է Գեռնիկան: Մի քանի ժամում քաղաքի վրա է նետվել մի քանի հազար ռումբ, ինչի արդյունքում վեցհազարամյա քաղաքը ոչնչացվել է, մոտ երկու հազար բնակիչ հայտնվել է ավերակների տակ[7]: Հարձակումից հետո քաղաքը երեք օր շարունակել է ծխալ[8][7]: Այս իրադարձություններին հետևել է ողջ աշխարհը, այդ թվում` Պաբլո Պիկասոն, ում այցելել է բանաստեղծ Խուան Լարեան և հորդորել ռմբակոծման առիթով նկար ստեղծել[2]: Իսպանացի բանաստեղծ, հասարակական գործիչ Ռաֆայել Ալբերտին հետագայում հիշել է. «Պիկասոն երբեք չէր եղել Գեռնիկայում, սակայն քաղաքի ավերման լուրը ցնցել էր նրան, ինչպես ցլի հարվածը»: Գեռնիկայի ռմբակոծումից ցնցված` նա ստեղծեց հանրահայտ կտավը: Այն ստեղծվել է գրեթե մեկ ամսում[2]: Առաջին օրերին նկարիչն աշխատել է 10-12 ժամ, և արդեն առաջին վրձնահարվածներից հետո կարելի էր կռահել նկարի գլխավոր գաղափարը: Այնպիսի տպավորություն էր, որ նկարիչը վաղուց էր մտածել նկարի գաղափարը և միայն նոր էր այն հանձնում կտավին:

Փարիզի միջազգային ցուցահանդեսում Պիկասոն իր նկարը ներկայացրել է լայն հասարակությանը, սակայն հանդիսատեսի արձագանքը այնքան էլ չի արդարացրել նկարչի սպասելիքները[9]: Ֆրանսիացի նշանավոր ճարտարապետ Լե Կորբյուզիեն, ով ներկա է եղել իսպանական տաղավարի բացմանը, հետագայում հիշել է. «Նկարը հիմնականում նայում էր այցելուների մեջքներին»: Սակայն միայն հասարակ այցելուները չէին, որ պատրաստ էին նկարն ընկալելու որպես պատերազմի արհավիրքները ներկայացնող յուրօրինակ ձև: Մասնագետներից շատերը ևս չընդունեցին «Գեռնիկան». որոշ քննադատներ այնտեղ չէին տեսնում գեղարվեստականություն` նկարն անվանելով քարոզչական փաստաթուղթ, մյուսները փորձում էին նկարի բովանդակությունը սահմանափակել կոնկրետ մեկ իրադարձության շրջանակներում` այնտեղ տեսնելով միայն բասկերի ողբերգությունը: Մադրիդյան «Sábado Gráfico» ամսագիրը նույնիսկ գրել է. «Հսկայական չափեր ունեցող «Գեռնիկա» նկարը սարսափելի է: Հնարավոր է, այն Պիկասոյի ստեղծած ամենավատ գործն է»:

1940 թվականին` գերմանական զորքերի` Փարիզ մտնելուց որոշ ժամանակ անց, Պաբլո Պիկասոյի մոտ են գալիս գեստապոյից: Նկարչի սեղանին «Գեռնիկա» նկարի վերատպությամբ բացիկներ էին դրված: Գեստապոյականների այն հարցին, թե արդյոք դա նկարիչն է արել, Պիկասոն սառնասրտությամբ պատասխանել է. «Ո'չ, դա դուք եք արել»[10]:

Հետագայում Պիկասոն իր այս նկարի մասին խոսելիս նշել է. «Ինչ ասես չլսեցի «Գեռնիկայի» մասին թե' թշնամիներից և թե' բարեկամներից»: Իսպանացի հասարակական գործիչ Դոլորես Իբարուրին բարձր է գնահատել Պիկասոյի նկարը.

Aquote1.png Գեռնիկան ֆաշիզմն ու Ֆրակոյին դատապարտող սարսափելի մեղադրանք է: Այն կենտրոնացրել ու պայքարի է մղել ժողովրդական ուժերին, բարի կամք ունեցող բոլոր մարդկանց: Եթե Պիկասոն իր ամբողջ կյանքում որևէ այլ նկար ստեղծած չլիներ` բացի «Գեռնիկայից», նրան, միևնույն է, կարելի կլիներ դասել մեր դարաշրջանի լավագույն նկարիչների շարքին: Aquote2.png


Դանիացի ծաղրանկարիչ Հեռլուֆ Բիդստրուպը Գեռնիկան համարել է ամենանշանավոր հակապատերազմյան նկարը: Նա գրել է.

Aquote1.png Իմ սերնդի մարդիկ լավ են հիշում, թե ինչպես ֆաշիստները սարսափելի ռմբակոծության ենթարկեցին Գեռնիկա քաղաքը Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում: Նկարիչը պատկերել է պատերազմի գազանաբարո դեմքը, այդ սարսափելի իրականության արտացոլանքը աբստրակտ ձևում: Նկարը նախկինի պես մեր` պատերազմի դեմ ուղղված զինամթերքի մեջ է: Aquote2.png


Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գեռնիկա» կտավը նկարված է յուղաներկով սև-սպիտակ տոների մեջ: Չափերն են 7.8×3.5 մ: Նկարը ստեղծվել է մեկ ամսվա ընթացքում: Այն ներկայացնում է մահվան, բռնության, վայրագության, տառապանքի ու անկարողության տեսարաններ` առանց նշելու դրանց անմիջական պատճառները: Սև-սպիտակ ներկապնակի ընտրությունը մի կողմից մոտ է այդ շրջանի թերթերի ժամանակագրությանը, մյուս կողմից էլ ներկայացնում է պատերազմի անկյանք բնույթը: «Գեռնիկան» պատկերում է տառապող մարդկանց, կենդանիներին, շինությունները, որոնք պատերազմի ու քաոսի ազդեցությամբ այլակերպվել են:

  • Բոլոր տեսարանների իրադարձությունները կատարվում են սենյակում, որի ձախակողմյան բաց հատվածում երեխայի մահը սգացող կին է պատկերված: Նրա կողքին լայն բացած աչքերով ցուլ է:
  • Կենտրոնական պլանում ծառս եղող ձի է. կարծես նա հենց այդ պահին խոցվել է նիզակով կամ դաշույնով: Ձիու ռունգերը և վերին ատամները ձևավորված են մարդու գանգի տեսքով[11]:
  • Ձիուց ներքև մահացած, ամենայն հավանականությամբ անդամահատված զինվոր է, ում կտրված ձեռքը դեռևս սեղմում է թրի բռնակը, որից ծաղիկ է աճել:
  • Աչքի տեսք ունեցող թափանցիկ լամպը վառվում է տառապող ձիու գլխավերևում (լամպը տանջարանի խցիկի լամպ է):
  • Աջ կողմում` ձիուց վերև, անտիկ շրջանի դիմակ է, որը կարծես ներկայացվող տեսարանի վկան լինի. այն ասես լողալով սենյակ է թափանցում պատուհանից: Նրա ձեռքում, որը նույնպես մտնում է սենյակ, վառվող լամպ է:
  • Անմիջապես աջ կողմում` լողացող կանացի կերպարից փոքր-ինչ ներքև, երկյուղած կնոջ կերպարն է: Նրա դատարկ հայացքն ուղղված է վառվող լամպին:
  • Թրերը, որոնք խորհրդանշում են սուր ճիչ, փոխարինում են ցլի, ողբացող կնոջ ու ձիու լեզուներին:
  • Ցլի հետևի մասում խուճապահար թռչուն է` հավանաբար աղավնի:
  • Աջ եզրում մի կերպար է` սարսափից վեր բարձրացրած ձեռքերով, որը վերևից ու ներքևից կրակի ծուղակի մեջ է հայտնվել:
  • Բաց դռներով մուգ պատով ավարտվում է նկարի աջ եզրը:
  • Մեռնող զինվորի ձեռքին նկատելի են սիգմատներ (ցավոտ, արնահոսող վերքեր, որոնք առաջանում են հավատացյալ մարդկանց մոտ, ովքեր տառապել են Հիսուսի նման): Պիկասոն դավանանքով չի առանձնացել: Չնայած նրա անհատականությունը ձևավորվել է կաթոլիկ Իսպանիայի արվեստի ազդեցությամբ, այս խորհրդանիշները չի կարելի համարել հեղինակի` քրիստոնեություն դավանելու նշան: Պիկասոն օգտագործել է ճանաչելի կերպար, որպեսզի ցույց տա, որ մարդիկ տառապում են առանց որևէ պատճառի:
  • Սենյակի հատակը հիշեցնում է քարտեզ` ռազմական գործողությունների պլան:

Նկարի որոշ դրվագների մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բազմաթիվ տարաձայնությունների առիթ է հանդիսացել նկարի վերին ձախ անկյունում պատկերված ցլի գլուխը: Այս կերպարը շրջապատին է նայում բացարձակ անտարբեր հայացքով. նրա հայացքը որևէ տեղ ուղղված չէ: Նա չի կարեկցում նկարի կերպարներին, անկարող է հասկանալ արհավիրքի բոլոր սարսափները: Որոշ արվեստագետներ կարծում են, որ այն խորհրդանշում է ֆաշիզմը և համաշխարհային չարիքը: Հենց ցլին է իր վերջին «անեծքները» ուղղում նկարի կենտրոնի ձին, սակայն ցուլը դա չի նկատում, ինչպես չի նկատում այն ամենը, ինչ կատավում է իր շուրջը: Որոշ հետազոտողներ, օրինակ` Ն. Դմիտրևը, ենթադրում են, որ ցուլը անտեղյակության, խլության, անգիտության խորհրդանիշ է:
  • Որոշ իսպանացիներ ցլի կերպարում տեսնում են հենց Իսպանիան (ցուլը իսպանական ավանդական ցլամարտի խորհրդանիշն է), որը երես է թեքել Գեռնիկայում կատարվածից: Դա հղում է այն հանգամանքին, որ Ֆրանկոն թույլատրել է ռմբակոծել հայրենի քաղաքը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.museoreinasofia.es/en/collection/artwork/guernica
  2. 2,0 2,1 2,2 Richardson (2016)
  3. Picasso, Pablo. Guernica. Museo Reina Sofia. (Retrieved 2017-09-07.)
  4. «Pablo Picasso»։ Biography.com 
  5. Van Hensbergen, Gijs (2005) Guernica p. 83 Bloomsbury Publishing At Google Books. Retrieved 4 November 2013
  6. Fluegel (1980), p. 350
  7. 7,0 7,1 Arhheim, (1973)
  8. Ray (2006),168–171.
  9. Martin (2002)
  10. Tom Lubbock (27 March 2013)։ «Review: Guernica by Gijs van Hensbergen | Books»։ The Guardian։ Վերցված է 20 April 2013 
  11. ...questions of meaning, part of a series of web pages on Guernica in Public Broadcasting Service Treasures of the World series. Accessed 16 July 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]