Գեորգ Մուխե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգ Մուխե
գերմ.՝ Georg Muche
Ծնվել էմայիսի 8, 1895(1895-05-08)[1][2][3][…]
ԾննդավայրՔվերֆուրտ, Քվերֆուրտ, Պրուսիա[4]
Վախճանվել էմարտի 26, 1987(1987-03-26)[1][5][6][…] (91 տարեկան)
Մահվան վայրԼինդաու
Քաղաքացիություն Գերմանիա[7]
Մասնագիտություննկարիչ, ճարտարապետ, համալսարանի դասախոս, լուսանկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, գրող, տպագրիչ, ուսուցիչ և գծանկարիչ
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներԼու Շիփեր-Բերկենկամպ
Ներշնչվել էՄարկ Շագալ
Պարգևներ
 Georg Muche Վիքիպահեստում

Գեորգ Մուխե (գերմ.՝ Georg Muche, մայիսի 8, 1895(1895-05-08)[1][2][3][…], Քվերֆուրտ, Քվերֆուրտ, Պրուսիա[4] - մարտի 26, 1987(1987-03-26)[1][5][6][…], Լինդաու), գերմանացի նկարիչ, ճարտարապետ և գրաֆիկ։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգ Մուխեն ծնվել է 1895 թվականին գերմանական Կվերֆուրտ քաղաքում։ Դեռևս պատանեկան տարիներից նա լրջորեն զբաղվել է գեղանկարչությամբ և գրաֆիկայով, կրկնօրինակել մեծ վարպետների աշխատանքները։ 17 տարեկանում Մուխեն թողել է դպրոցը` Մյունխենում գեղանկարչության մասնավոր դասեր առնելով։ 1914 թվականին նա տեղափոխվել է Բեռլին, որտեղ ընդգրկվել է Հերվարտ Վալդենի «Der Sturm» պատկերասրահը ներկայացնող նկարիչների խմբում։ 1916 թվականին Վալդենը Մաքս Էռնստի հետ կազմակերպել է երիտասարդ Մուխեի ցուցահանդեսը, որը ներկայացրել է նկարչի 22 աշխատանքները։ Չնայած նկարչական համակարգված կրթության բացակայությանը` արվեստների դպրոցը բարձր է գնահատում Մուխեի տաղանդը` 1916 թվականին նրան ընդունելով որպես դասատու։ 1917 թվականին Գեորգ Մուխեն Պաուլ Կլեեի և Ալեքսանդր Արխիպենկոյի հետ մասնակցել է «Der Sturm» պատկերասրահի ցուցահանդեսներին։

1918 թվականին նկարիչը զորակոչվում է գերմանական բանակ և մասնակցում Առաջին համաշխարհային պատերազմի վերջին մարտերին, ինչից հետո նա դառնում է երդվյալ պացիֆիստ։ 1919 թվականից հետո Մուխեն բնակություն է հաստատում Բեռլինում` դառնալով նկարիչների Նոյեմբերյան ձախ խմբի անդամ և 1927-1929 թվականներին մասնակցելով խմբի կազմակերպած ցուցահանդեսին։ 1920 թվականին Մուխեն Վալտեր Գրոպիուսի կողմից հրավիրվում է Վայմարի Բաուհաուզ դպրոց, որտեղ դասավանդում է քսիլոգրաֆիա, իսկ 1921-1927 թվականներին ղեկավարում կտավագործերի դասարանը։ 1923 թվականին Մուխեն գլխավորում է Բաուհաուզի առաջին ցուցահանդեսի կազմակերպման հանձնաժողովը։ 1925-1926 թվականներին նա ճարտարապետ Ռիխարդ Պաուլիկի հետ նախագծում է Երկաթե տունը Դեսաուում։

1927 թվականին նկարիչը վերադառնում է Բեռլին` մինչև 1930 թվականը դասավանդելով Յոհանես Իտենի մասնավոր դպրոցում. վերջինիս հետ Մուխեին կապում էին բարեկամական ու ստեղծագործական կապերը։ Բացի այդ` Իտենն ու Մուխեն մազդազնան ուսմունքի հետևորդներ էին, որը հիմնված էր զրադաշտականության արևելյան պաշտամունքի վրա։ 1931-1933 թվականներին Մուխեն եղել է Բրեսլաուի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։ Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստների իշխանության հաստատումից հետո նկարչի արվեստը համարվել է դեգեներատիվ արվեստի դրսևորում։ Գեբելսի` 1937 թվականի հուլիսի 30-ին ընդունված որոշման համաձայն` Մուխեի 13 կտավներն առգրավվում են, իսկ դրանցից երկուսը` նույն թվականին ցուցադրվում Մյունխենում կայացած դեգեներատիվ արվեստի ցուցահանդեսին։

Մինչև 1938 թվականը Մուխեն դասավանդել է Բեռլինի Արվեստ և աշխատանք դպրոցում, զբաղվել որմնանկարչությամբ։ 1939 թվականից նա տեղափոխվում է Կրեֆելդ, որտեղ Իտենը հրավիրում է Տեքսիլ վարպետության բարձրագույն մասնագիտացված դպրոց։ Այստեղ Մուխեն հիմնում և ընդհուպ 1958 թվականը ղեկավարում է կտորի նկարչության դասարանը։ 1960 թվականին նկարիչը տեղափոխվում է Լինդաու, որտեղ վարում է նկարչի ու գրողի ստեղծագործական ազատ կյանք։

1955 թվականին Գեորգ Մուխեն մասնակցում է ժամանակակից արվեստի «documenta» ցուցահանդեսին Կասելում։ 1979 թվականին նա պարգևատրվել է Լովիս Կորինտի մրցանակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Magdalena Droste: Georg Muche, Mann, Berlin, 1980, ISBN 3-7861-1301-7
  • Gisela Linder: Georg Muche: die Jahrzehnte am Bodensee, das Spätwerk, Gessler, Friedrichshafen,1983, ISBN 3-922137-20-2
  • Friedegund Weidemann: Georg Muche, Staatliche Museen, Berlin, 1985

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Մուխե» հոդվածին։