Գևորգ Բ Գառնեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գեորգ Գ Գառնեցիից)
Գևորգ Բ Գառնեցի
Գևորգ Բ Գառնեցի
Կառավարում
Տիտղոս Կաթողիկոս Հայոց (53-րդ)
Ժամանակամիջոց (877-897)
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Ծնվել է (ծ․թ․անհայտ – 897)
Ծննդավայր Գառնի, Այրարատ
Արմինիա կուսակալություն
Զաքարիա Ա        Մաշտոց Ա

Գևորգ Բ Գառնեցի (ծ. թ. անհայտ – 897 թ, Վասպուրական, թաղվել է Ձորավանքում, Կոխպանք գ. մոտ), Ամենայն հայոց կաթողիկոս 877 թվականից։ Նրան նախորդել է Զաքարիա Ա Ձագեցին, հաջորդել՝ Մաշտոց Ա Եղվարդեցին։

Գևորգ Գառնեցին եղել է ժամանակի ամենանշանավոր հոգևորականներից։ Հովհաննես Դրասխանակերտցին նրան ներկայացնում է որպես կաթողիկոսական տան պատվական այր։ Կաթողիկոս կարգվելով Հայոց Աշոտ Բագրատունի Իշխանաց իշխանի աջակցությամբ, իր հերթին սատարել է Աշոտ Բագրատունուն հայոց պետականության վերականգնման ջանքերին։ Ձեռնադրությունը կատարվել է մեծ շուքով Աստվածահայտնության ութերորդ օրը՝ հունվարի 13–ին, կիրակի օրը (ահեկան ամսի 28–ին)։ Գևորգ Բ Գառնեցու կաթողկոսության առաջին կեսը՝ 877–885 թվականները, անցել է խաղաղ և հանդարտ։ Կարգավորել է Արծրունյաց Գրիգոր–Դերենիկ իշխանի և Տարոնի Աշոտ Կյուրոպաղատի հարաբերությունները։ Այս շրջանում քաղկեդոնականության հետ կապված անհամաձայնության խնդիրներ են ծագում Գևորգ Բ Գառնեցու և Մաշտոց վարդապետի միջև, որն ավարտվում է կաթողիկոսի կողմից սպառնացող նզովքով։ Գևորգ Բ Գառնեցին, սատարելով Աշոտ Բագրատունուն, մի քանի նախարարների նախաձեռնությամբ Արաբական խալիֆայության առջև բարձրացրել է հայկական պետականության վերականգման հարցը։ 885 թվականին Երազգավորսում Հայոց թագավոր է օծել Աշոտ Բագրատունուն (Աշոտ Ա)։ Օրհնել է նաև Բյուզանդիայի կայսր Բարսեղ l–ի ուղարկած թագը։

Աշոտ l–ի մահվան նախօրյակին, նրա իսկ հանձնարարությամբ, Գևորգ Բ Գառնեցուն են հանձնվում արծաթ և ոսկի՝ տնանկներին և աղքատներին բաժանելու համար։ ՝ 890 թվականին թագավոր է օծել նրա որդուն՝ Սմբատ Ա Բագրատունուն։ 894 թվականին Դվինում տեղի է ունենում ավերիչ երկրաշարժ, և հայրապետանոցը ժամանակավորապես տեղափոխվել է Զվարթնոց։ Նույն թվականին Դողսի ճակատամարտի նախօրյակին՝ Ատրպատականի ամիրա Աֆշինը ձերբակալել է հաշտության առաջարկով իր մոտ եկած Գևորգ Բ Գառնեցուն։ Երկու ամիս Փայտակարանում մնալուց հետո Աղվանից իշխան Համամի միջնորդությամբ ազատվել է՝ փրկագին վճարելով։ Գևորգ Բ Գառնեցին պահպանել է Հայաստանի ներքին խաղաղությունը՝ վերջ տալով խառնակություններին։ Նա կարգավորել է Վասպուրականի Արծրունիների ու Տարոնի Բագրատունիների գժտությունները, ինչպես նաև Սմբատ Ա Բագրատունու և նրա հորեղբայր Աբասի միջև վեճերը։ Թաղվել է Ձորովանքում (հետագայում Սալնապատի Ս. Գրիգորի վանք), որտեղ պահվում էին Գրիգոր Լուսավորչի գավազանը և շարժական սեղանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Բ Գառնեցու մասին Լուսամուտի կայքում Արխիվացված 2010-11-26 Wayback Machine

Նախորդող
Զաքարիա Ա Ձագեցի
Հայոց կաթողիկոս
Գևորգ Բ Գառնեցի

877-897
Հաջորդող
Մաշտոց Ա Եղվարդեցի

ծ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 15