Գեորգի Կուտոյանի մահ
Գեորգի Կուտոյանի մահ, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահ, որը տեղի է ունեցել Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում 2020 թվականի հունվարի 17-ին[1][2][3][4][5]։
Մահացածի վերաբերյալ կենսագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացած Գեորգի Կուտոյանը 2011-2016 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնը։ 2011-2014 թվականներին եղել է Հայաստանի նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը։ 2016 թվականի փետրվարի 12-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետ՝ այդ պաշտոնում պաշտոնավարելով մինչև 2018 թվականը[2][3]։
Քրեական գործ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական վարկած և հայտարարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Հայաստանի Քննչական կոմիտեի կողմից հունվարի 17-ին տարածված տեղեկատվության՝ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու մասով[1]։ Դեպքի մասին Հայաստանի ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել հունվարի 17-ին՝ ժամը՝ 14։30-ին[3][5]։ Նույն օրը Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հայտնել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է Գլոք տեսակի ատրճանակ, որը մահացածը պարգևատրման կարգով ստացել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի կողմից, իսկ այն սենյակում, որտեղ հայտնաբերվել է Կուտոյանի դին, 3-4 տասնյակ պարկուճներ և գնդակներ են հայտնաբերվել, սենյակի պատերին եղել են կրակոցի բազմաթիվ հետքեր։ Լրագրողների հետ զրույցի ընթացքում Արթուր Մելիքյանը հայտարարել է, որ չնայած այն հանգամանքին, որ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, սակայն մահվան դեպքով բազմաթիվ վարկածներ կան։ Նա նշել է, որ կարող է լինել սպանություն՝ քողարկված ինքնասպանությամբ[1]։ Վերջինը նաև նշել է, որ արտաքին զննությամբ Կուտոյանը վնասվածք ունի քունքի շրջանում[1]։ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը[6]։
Դեպքի վայրի զննություն և հայտարարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվարի 18-ին Հայաստանի Քննչական կոմիտեի տարածած տեղեկությունների համաձայն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով[3][5], որն իրենից ներկայացնում է «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնել»[7]։
Համաձայն քննչական կոմիտեի հայտարարության՝ դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել է հյուրասենյակում գտնվող բազմոցի վրա, բազմոցի դիմաց առկա փոքր սեղանի վրա հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ և 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարևանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է ևս 3 գնդակ։ Հյուրասենյակում՝ Գ. Կուտոյանի աջ ոտքի ուղղությամբ՝ հատակին, հայտնաբերվել է Գլոք տեսակի ատրճանակ առանց փամփուշտի։ Հյուրասենյակում գտնվող բազմոցի դիմային պատին, որը հանդիսանում է հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատը, հայտնաբերվել են 41 վնասվածք, այդ թվում՝ միջանցիկ[3][5]։
Նույն հայտարարության համաձայն՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Հայաստան վերադառնալուց հետո, Գեորգի Կուտոյանը ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սևակի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարան, իսկ դեկտեմբերի վերջերին նա միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Գլոք 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին[3][5]։
Հայերեն Վիքիպեդիա և Կուտոյանի մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվարի 17-ին բազմաթիվ լրատվամիջոցներ, հղում կատարելով ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Միրզոյանի ֆեյսբուքյան էջի հրապարակմանը, տեղեկություններ տարածեցին, որ Հայերեն Վիքիպեդիայում 2020 թվականի հունվարի տարբեր օրերի Գեորգի Կուտոյան հոդվածում նույն անունով գրանցված խմբագիրը մի քանի անգամ ջնջել է հոդվածի բովանդակությունը[8][9][10][11][12]։ Համաձայն Արմեն Միրզոյանի հրապարակման՝ Գեորգի Կուտոյանի մասին հոդվածի բովանդակությունը փորձել է ջնջել «Գեորգի Կուտոյան» անունով խմբագիրը։ Այդ գործողությունները կատարվել են 2020 թվականի հունվարի 3-ին և հունվարի 16-ին[8][9][10][11][12]։
Հուղարկավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ հունվարի 20-ին Երևանում։ Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախկին և գործող պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախկին նախագահներ Գալուստ Սահակյանը, Արա Բաբլոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը[13][14]։
Քաղաքական-հասարակական հայտարարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև հասարակական գործիչներ ցավակցական հայտարարություններով են հանդես եկել։
Քաղաքական հայտարարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ ցավակցական հայտարարություններով են հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը[15], Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը[16], նախկին նախագահ Սերժ Սարգսյանը[17][18], գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը[19], Ազգային անվտանգության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն ու աշխատակազմը[20], Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը[21], Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը[21], Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը[21], պետական նախկին և ներկա այլ պաշտոնյաներ[21]։
Հասարակական գործիչների հայտարարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել մի շարք հասարակական գործիչներ։
Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ հրապարակումն է կատարել․ «Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, «գիշերը» թիրախ են փոխել... Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին...»[22]։
Հայաստանի Հանրային խորհրդի նորանշանակ անդամ, «Իրազեկ քաղաքացիներ» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գեորգի Կուտոյանը ոչ օլիգարխ էր, ոչ կերակրատաշտից լափող։ Չուներ անձնական թշնամիներ, համեստ կյանքով էր ապրում։ Բայց Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին։ Շատ-շատ բան։ Ողորմի»[22]։
«ՎԵՏՕ» հասարակական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը Գ․Կուտոյանի մահվան վերաբերյալ հայտնել է. «Գեորգի Կուտոյանը շատ կարճ պաշտոնավարեց ԱԱԾ պետի պաշտոնում։ Այդ կարճ պաշտոնավարման ընթացքում ազգային անվտանգության տեսանկյունից երկու խոշոր իրադարձություն տեղի ունեցան մեր երկրում։ 1. ՊՊԾ գնդի վրա ահաբեկչական հարձակումը։ 2. 2018թ. ապրիլյան իշխանափոխությունը։ Եթե ցանկություն ունեն այս գործը բացահայտելու իրավապահները պետք է քննության առնեն այս երկու իրադարձությունների հետ փոխկապակցված վարկածները։ Ինքնասպանության վարկածը ուղղակի բացառում եմ։ Ի դեպ, սորոսականները արդեն սկսել են ակտիվորեն կեղծ ինֆո շրջանառել այս թեմայով։ Ցավակցություններս Կուտոյանի ընտանիքին»[23][24]։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով Գ․Կուտոյանի մահվանը, նշել է․ «Մեկ բան է հիմնավորված քննադատությունը, մեկ այլ բան դրանք ցրելու, ոչնչացնելու ծրագրավորված ու հետևողական կոչերը։ Դա հակապետական գործունեություն է, պարզ չէ որտեղից ուղղորդվող և ինչ նպատակով։ Անկախ նրանից, թե ինչպես է մահացել ԱԱԾ-ի նախկին տնօրենը, դա կատարվել է պետական կառույցների դեմ ատելության մթնոլորտի ֆոնի վրա։ Դրա հեղինակները ուղղակի կամ անուղղակի կերպով այս և մյուս մահերի համար կրում են պատասխանատվություն»[25]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով․ սենյակում բազմաթիվ պարկուճներ, գնդակներ են հայտնաբերվել» (արխիվացված)։
- ↑ 2,0 2,1 «Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով» (արխիվացված)։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ» (արխիվացված)։
- ↑ «Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին» (արխիվացված)։
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «ՀՀ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հետ կապված» (արխիվացված)։
- ↑ «Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. շարունակվում է դեպքի վայրի զննությունը» (արխիվացված)։
- ↑ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, (Ընդունված է 2003 թվականի ապրիլի 18-ին)» (արխիվացված)։
- ↑ 8,0 8,1 «Ո՞վ է փորձել Վիքիպեդիայից ջնջել Գեորգի Կուտոյանի մասին հոդվածը. փորձագետ » Արխիվացված 2020-01-18 Wayback Machine ([1])։
- ↑ 9,0 9,1 «Wikipedia-ում Գեորգի Կուտոյան անունով մասնակիցը փորձել է ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի մասին հոդվածի բովանդակությունը» Արխիվացված 2020-01-18 Wayback Machine (արխիվացված)։
- ↑ 10,0 10,1 «Wikipedia-ում Գեորգի Կուտոյան անունով մասնակիցը երեկ փորձել է ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի մասին հոդվածը» (արխիվացված)։
- ↑ 11,0 11,1 «Վիքիպեդիայում շատ արագ «արձանագրեցին» Կուտոյանի մահը» (արխիվացված)։
- ↑ 12,0 12,1 «Wikipedia-ում Գեորգի Կուտոյան անունով մասնակիցը երեկ փորձել է ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի մասին հոդվածը» Արխիվացված 2020-01-18 Wayback Machine (արխիվացված)։
- ↑ «Տեղի ունեցավ Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը» (արխիվացված)։
- ↑ «Կուտոյանի հոգեհանգստին մասնակցեցին պետության նախկին ղեկավարները, ներկայիս պաշտոնյաներ» (արխիվացված)։
- ↑ «ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ և ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին» (արխիվացված)։
- ↑ «Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ» (արխիվացված)։
- ↑ «Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ» (արխիվացված)։
- ↑ «Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ» (արխիվացված)։
- ↑ «Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ» (արխիվացված)։
- ↑ «ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն և ԱԱԾ անձնակազմը ցավակցական ուղերձ են հղել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ» Արխիվացված 2020-01-18 Wayback Machine (արխիվացված)։
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 «Ցավակցություններ և արձագանքներ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ» (արխիվացված)։
- ↑ 22,0 22,1 «Ի՞նչ գիտեն Ստյոպա Սաֆարյանն ու Դանիել Իոաննիսյանը Կուտոյանի մահվան պատճառների մասին. ԶԼՄ–ներ» (արխիվացված)։
- ↑ «Ինքնասպանության վարկածն ուղղակի բացառում եմ. Նարեկ Մալյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասն » (արխիվացված)։
- ↑ «Եթե ցանկություն ունեն Գևորգ Կուտոյանի մահվան գործը բացահայտելու՝ իրավապահները պետք է քննության առնեն այս երկու իրադարձությունների հետ փոխկապակցված վարկածները» (արխիվացված)։
- ↑ ««Դա կատարվել է պետական կառույցների դեմ ատելության մթնոլորտի ֆոնի վրա». Ստ. Դանիելյանը՝ Կուտոյանի մահվան մասին» (արխիվացված)։