Գեորգի Ժիրիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Ժիրիցկի
Ծնվել էսեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1893
Կրապիվնա, Կրապիվենսկի շրջան, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 4, 1966(1966-06-04)[1] (72 տարեկան)
Կազան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[1]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մասնագիտությունճարտարագետ
Հաստատություն(ներ)Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ, Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան, Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ, ԿԲ Տոչմաշ և Կազանի Ա. Ն. Տուպոլևի անվան պետական տեխնիկական համալսարան
Գործունեության ոլորտՋերմատեխնիկա
Ալմա մատերԿիևի կայսր Ալեքսանդր II-ի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ (1915)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ

Գեորգի Սերգեևիչ Ժիրիցկի (ռուս.՝ Гео́ргий Серге́евич Жири́цкий, սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1893, Կրապիվնա, Կրապիվենսկի շրջան, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 4, 1966(1966-06-04)[1], Կազան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[1]), խորհրդային մեխանիկ և ինժեներ-կոնստրուկտոր, ջերմային տեխնիկայի և տուրբինաշինության բնագավառի մասնագետ, հայրենական ավիացիոն և հրթիռային հեղուկային շարժիչաշինության առաջամարտիկներից մեկը։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1937), պրոֆեսոր (1925)։

Դասավանդել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում, Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանում, Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտում, Կազանի ավիացիոն ինստիտուտում, աշխատել ՓԿԲ-16-ին կից ԿԲ-2-ում և ՓԿԲ-ՀՇ-ում՝ որպես գլխավոր կոնստրուկտոր Վալենտին Գլուշկոյի տեղակալ։ 1937 թվականին անհիմն ձերբակալվել է, որից հետո բանտարկվել է Ռոստովում, իսկ 1939-1944 թվականներին զբաղվել կոնստրուկտորական մշակումներով «շարաշկի»-ներում, ազատ է արձակվել 1944 թվականի օգոստոսին։ Հեղինակ է ԽՍՀՄ-ում շոգետուրբինների մասին առաջին դասագրքի, շոգեմեքենաների, գազատուրբինների, ինքնաթիռների ռեակտիվ շարժիչների մասին մենագրությունների և դասագրքերի։ Ջերմաէներգետիկայի և ջերմատեխնիկայի բնագավառում հիմնարար ինժեներական կրթության հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Սերգեևիչ Ժիրիցկին ծնվել է 1893 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8) Կրապիվնա քաղաքում (այժմ՝ Տուլայի մարզի Շչյոկինսկի շրջանի գյուղ), անտառապահ Ս. Ն. Ժիրիցկու ընտանիքում։ Նրա ծնողները շուտով բաժանվել են, Գեորգիին դաստիարակել է մայրը, ով աշխատել է որպես հաշվետար Կիևի արքունական պալատում, այնուհետև՝ Կիևի քաղաքային վարչությունում։ Արդեն 14 տարեկանից Գեորգին ինքնուրույն գումար է վաստակել՝ դասեր տալով[2][3][4]։

Կիևյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1911 թվականին Գեորգի Ժիրիցկին ոսկե մեդալով ավարտել է Կիևի առաջին գիմնազիան և նույն թվականին ընդունվել Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետ, որն ավարտել է 1915 թվականին։ Ժիրիցկու մշակած դիպլոմային աշխատանքի նախագիծը ճանաչվել է լավագույնը և արժանացել դրամական մրցանակի, մեկ տարի անց հրապարակվել է նրա առաջին գիտական հոդվածը[2][5]։

1915 թվականից աշխատանքի է անցել Նիկոլաևի «Նավալ» գործարանում։ 1918 թվականին Ժիրիցկին մրցույթով ընտրվել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս, տեղափոխվել է Կիև և սկսել աշխատել Շոգեկաթսաների ամբիոնում, որն այդ ժամանակ ղեկավարել է պրոֆեսոր Ալեքսեյ Ստուպինը։ Համատեղելով «Ֆիզիոքիմիկ» գործարանում ինժեների աշխատանքը ինստիտուտում մանկավարժական գործունեության հետ՝ դասավանդել է տեխնիկական գծագրություն, գործնական մեխանիկա, շոգեմեքենաներ և շոգետուրբիններ, ջերմային շարժիչներ։ 1925 թվականին Ուկրաինայի կրթության ժողովրդական կոմիսարիատը 32-ամյա Ժիրիցկուն հաստատել է որպես շոգեշարժիչների պրոֆեսոր, իսկ հաջորդ տարի նա նշանակվել է մեխանիկայի ֆակուլտետի դեկան և շոգեշարժիչների ամբիոնի վարիչ։ 1926 և 1927 թվականներին Գերմանիա կատարած գիտական ուղևորությունների ժամանակ Ժիրիցկին ծանոթացել է գերմանական տուրբինաշինության պրակտիկային[6][7]։

Մոսկովյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին Ժիրիցկին մասնակցել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանի (ՄԲՏՈՒ) Շոգետուրբինների ամբիոնի վարիչի պաշտոնի համար հայտարարված մրցույթին։ Ընտրվելուց հետո տեղափոխվել է Մոսկվա և 1929/1930 ուսումնական տարում աշխատել այս պաշտոնում՝ դասավանդելով շոգետուրբինների դասընթաց այն ուսանողների համար, ովքեր մասնագիտացել են այդ առարկայով, իսկ ջերմային շարժիչների դասընթաց՝ մեխանիկական ֆակուլտետի բոլոր ուսանողների համար։ Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանում այդ ժամանակ պրոֆեսոր Ժիրիցկու օգնականներն են եղել Վ. Վ. Ուվարովը և Անդրեյ Շչեգլյաևը։ Միաժամանակ, Ժիրիցկին ղեկավարել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան մեխանիկական և էլեկտրատեխնիկական ինստիտուտի շոգեմեքենաների ամբիոնը, իսկ Գ. Վ. Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտում (ԺՏԻ) դասավանդել շոգեշարժիչների և շոգետուրբինների դասընթացներ[8]։

1930 թվականի ամռանը Մոսկվայի բուհերը տարանջատելու արշավի ժամանակ ՄԲՏՈՒ-ն բաժանվել է հինգ անկախ ուսումնարանների, իսկ էլեկտրատեխնիկայի ֆակուլտետը դարձել է Բարձրագույն էներգետիկական ուսումնարան։ Նույն կերպ տարանջատման է ենթարկվել Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտը, որի էլեկտրաարդյունաբերական ֆակուլտետի հիման վրա ստեղծվել է էլեկտրատեխնիկական մասնագիտություններով անկախ ճյուղային ինստիտուտ։ 1930 թվականի աշնանից երկու ճյուղային էներգետիկ բուհերը միավորվել են մեկ Մոսկվայի էներգետիկ ինստիտուտի (ՄԷԻ) մեջ։ Քանի որ «Շոգետուրբիններ» մասնագիտությունը փակվել է Բարձրագույն մեխանիկա-մեքենաշինական ուսումնարանում, որը դարձել է Մոսկվայի «նախկին» բարձրագույն տեխնիկական ուսումնարանի իրավահաջորդը, Ժիրիցկին աշխատանքի է անցել ՄԷԻ-ում, որտեղ նախատեսված է եղել ինժեներների վերապատրաստում այդ մասնագիտությամբ[9][10]։

Նորաստեղծ ՄԷԻ-ում Ժիրիցկին դարձել է իր ղեկավարությամբ կազմակերպված շոգետուրբինային սարքավորումների ամբիոնի առաջին վարիչը (1930-1937)։ 1931 թվականին այդ ամբիոնում նա ստեղծել է շոգետուրբինային լաբորատորիա։ Ամբիոնը դարձել է ԽՍՀՄ-ում տուրբինների մասնագետների դարբնոցը[3][11][12]։

1930 թվականին ՄՊՔՎ-ն մոգոնել է «Արդյունաբերական կուսակցության» գործը, հետաքննության տվյալներով խոսքը հակասովետական ընդհատակյա կազմակերպության ստեղծման մասին է եղել, որի անդամները Ֆրանսիայի գլխավոր շտաբի հանձնարարությամբ զբաղվել են արդյունաբերության և տրանսպորտի բնագավառում վնասարարությամբ և լրտեսությամբ։ «Արդյունաբերական կուսակցության» ղեկավար է հռչակվել Համամիութենական ջերմատեխնիկական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Լեոնիդ Ռամզինը[13]։ Ընդհանուր առմամբ այդ գործով ձերբակալվեցին մի քանի հարյուր մարդ։ Ձերբակալությունները ազդեցին ջերմատեխնիկայի շատ մասնագետների վրա, Ռամզինը ղեկավարել է «Ջերմատեխնիկական համագումարների բյուրոն», որը զբաղվել է համամիութենական ջերմատեխնիկական համագումարների նախապատրաստմամբ, որն էլ ճանաչվել է որպես «վնասարարական» կազմակերպություն։ Սակայն, Ժիրիցկին (չնայած որոշ «արդյունաբերական կուսակցության անդամների» ցուցմունքներին հակահեղափոխական կազմակերպությանը պատկանելու մասին) կարողացել է խուսափել ձերբակալությունից[14]։

1932 թվականին ՄԷԻ-ում առկա ջերմատեխնիկական բոլոր մասնագիտությունները միավորվեցին Ջերմատեխնիկական ֆակուլտետում (ՋՏՖ)։ Ժիրիցկին նշանակվել է ՋՏՖ-ի առաջին դեկան, ով այդ պաշտոնում մնացել է մինչև 1936 թվականը և մեծ աշխատանք է կատարել ֆակուլտետում կրթական և գիտական աշխատանքների կազմակերպման համար։ 1933 թվականին նոր կազմակերպված ԲՈՀ-ը հաստատել է Ժիրիցկուն պրոֆեսորի կոչում շնորհելու մասին որոշումը, իսկ 1937 թվականին, առանց ատենախոսություն պաշտպանելու, նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան՝ նախկինում հրատարակված գիտական աշխատանքների հիման վրա (նրա գրքերը շոգեշարժիչների և շոգետուրբինների մասին դարձան հիմնական դասագրքեր էներգետիկայի և ջերմատեխնիկական մասնագիտությունների ուսանողների համար)[9][15]։

Ժիրիցկու գիտական, մանկավարժական և կազմակերպչական գործունեությունը ՄԷԻ-ում ավարտվել է 1937 թվականին՝ նրա չհիմնավորված ձերբակալությունից հետո։ Այդ աշխատանքով ընդամենը մի քանի տարվա ընթացքում նա հուսալի հիմք է դրել շոգետուրբինային սարքավորումների ամբիոնի հետագա զարգացման համար և ձևավորել աշխատունակ ստեղծագործական կոլեկտիվ, որն ավելի ուշ (1938-1970 թվականներին) ղեկավարել է իր ուսանող Անդրեյ Շչեգլյաևը։ 1943 թվականին ամբիոնը ՋՏՖ-ից տեղափոխվեց նորաստեղծ Էներգոմեքենաշինական ֆակուլտետ (ԷնՄՖ) և վերանվանվեց Ջերմային շարժիչների ամբիոն (1950 թվականից՝ Գոլորշու և գազային տուրբինների ամբիոն, ԳԳԱ)[12][16][17]։

Մինչև 1939 թվականը, մինչ հետաքննության ավարտը, Ժիրիցկիին պահել են Ռոստովի բանտում՝ հանցագործների հետ նույն խցում։ Գեղարվեստական գրականության լավ իմացությունը փրկել է նրան հաշվեհարդարից. նա ամեն օր իր խցակիցներին վերապատմել է Ֆենիմոր Կուպերի, Մայն Ռիդի, Ջեկ Լոնդոնի և այլ գրողների արկածային վեպերը[7]։

1939 թվականին Ժիրիցկուն տեղափոխել են Մոսկվա, որտեղ պատիժը կրելու ընթացքում աշխատել է ՆԳԺԿ 4-րդ հատուկ վարչության (այսպես կոչված՝ «շարաշկա») կոնստրուկտորական խմբում, ԱԱԺԿ Տուշինսկի ավիաշարժիչների թիվ 82 գործարանում, որը Անդրեյ Չարոմսկու ղեկավարությամբ զբաղվել է ինքնաթիռների շարժիչների նախագծմամբ։ Տուշինսկի շարաշկայում Ժիրիցկին հայտնվել է նույն սենյակում, պրոֆեսոր Բորիս Ստեչկինի, Չարոմսկու տեղակալի հետ և աստիճանաբար ընկերացել նրա հետ։ Ստեչկինը հիացրել է Ժիրիցկուն օդանավերի բազմամխոցանի դիզելային շարժիչի համար շարժակավոր կենտրոնախույս սուպերլիցքավորիչի նախագծմամբ, իսկ Ժիրիցկին, ով նախկինում դիզելային վառելիքի հետ առնչություն չի ունեցել, արագորեն դարձել է գազային պրոցեսների հիանալի մասնագետ, այդ վերաորակավորմանը նպաստել են նրա մաթեմատիկական պատրաստվածության բարձր մակարդակը և կոնստրուկտորական ակնառու հմտությունները[18]։ Տուշինոյում բանտարկության ընթացքում Ժիրիցկին նաև սերտորեն համագործակցել է Վալենտին Գլուշկոյի հետ, ով սկզբում մշակել է ГГ-3 գազային գեներատոր՝ արագընթաց սահող ծովային տորպեդի շարժիչի հաղորդակի համար, իսկ հետո՝ հեղուկային հրթիռային շարժիչի օժանդակ սարքավորման նախագիծ, որը նախատեսված է «С-100» երկշարժիչանի կործանիչ ինքնաթիռին մանևրելու համար[19][20]։

Կազանյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի աշնանը Գլուշկոյի խումբը տեղափոխվել է Կազանի թիվ 16 ավիացիոն շարժիչների գործարան, որտեղ նա շարունակել է զարգացնել օդանավերի օժանդակ համակարգերը հեղուկ վառելիքի պոմպային մատակարարմամբ հրթիռային շարժիչների համար[20][21]։ Խումբը գտնվել է թիվ 16 գործարանի տարածքում, սակայն չի ենթարկվել կոմբինատի տնօրենին, այլ ՆԳԺԿ-ի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի ղեկավար, պետական անվտանգության կապիտան Վ. Ա. Բեկետովին, ով ուներ ինժեներ-մետալուրգի դիպլոմ[19][22]։ 1941 թվականի աշնանը Կազան են տեղափոխվել Տուշինսկի շարաշկայի մնացած աշխատողները, այդ թվում Ժիրիցկին։ Սկզբում նա շարունակել է աշխատել Չարոմսկու խմբում տուրբո լիցքավորիչի ստեղծման վրա, բայց 1942 թվականի փետրվարին ՆԳԺԿ 4-րդ հատուկ վարչության ղեկավարությունը Չարոմսկուն որոշ աշխատակիցների հետ տեղափոխել է Մոսկվա, իսկ Ժիրիցկին՝ այլ բանտարկյալների և քաղաքացիական անձանց հետ, ովքեր նախկինում աշխատել են Չարոմսկու հետ, միացել են Գլուշկոյի խմբին[19][23]։

1941 թվականի աշնանից Կազանի հատուկ բանտը ստացել է «№ 16 գործարանին կից ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի 4-րդ հատուկ վարչության ՓԿԲ» (ՓԿԲ -16) պաշտոնական անվանումը և Բեկետովը դարձել է կոնստրուկտորական բյուրոյի ղեկավար։ Պաշտոնապես այս հատուկ բանտային տիպի կոնստրուկտորական բյուրոն հաստատվել է ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատի հրամանով միայն 1942 թվականի հունվարին։ Միաժամանակ, ՓԿԲ-16-ի կառուցվածքում յուրաքանչյուր թեմատիկ նախագծի համար ստեղծվել են կոնստրուկտորական բյուրոներ, որոնցից յուրաքանչյուրին հատկացվել էր աշխատողների անձնակազմ՝ ԿԲ-1 (գլխավոր կոնստրուկտոր՝ Բ. Ս. Ստեչկին) և ԿԲ-2 (գլխավոր կոնստրուկտոր Վալենտին Գլուշկո, վերջինս ստացել է գլխավոր կոնստրուկտորի պաշտոնը 1941 թվականի վերջին՝ կապված ՀՀՇ ՀՇ-1 ինքնաթիռի վրա աշխատանքների իրականացման հետ[24][25]): ԿԲ-2-ի հաստիքացուցակում եղել են գլխավոր կոնստրուկտորների երկու տեղակալներ՝ կոնստրուկտորական աշխատանքների գծով տեղակալը (Գ. Ս. Ժիրիցկի) և փորձարարական աշխատանքների գծով տեղակալը (Դոմինիկ Սևրուկ)[19][26]։

ԿԲ-2-ի կազմում ընդգրկված են եղել բարձր որակավորում ունեցող գիտնականներ, կոնստրուկտորներ, փորձարարներ, տեխնոլոգներ, մետալուրգներ և քիմիկոսներ։ Բացի վերը նշվածներից, այստեղ աշխատել են պրոֆեսորներ Կ. Ի. Ստրախովիչը, Ա. Ի. Գավրիլովը, Վ. Վ. Պազուխինը, ինժեներներ Վ. Ա. Վիտկան, Գ. Ն. Լիստը, Ն. Լ. Ումանսկին, Ն. Ս. Շնյակինը, Ա. Ա. Մեերովը, Ա. Ս. Նազարովը, Ն. Ա. Ժելտուխինը[20][27]։ 1942 թվականի նոյեմբերին Սերգեյ Կորոլյովին տեղափոխել են Կազանյան շարաշկա, որին նույնպես գրանցել են ԿԲ-2-ի կազմում (1943-1944 թվականներին նա ղեկավարել է «Ռեակտիվային կայանքի մշակման թիվ 5 խումբը», որը համեմատաբար ինքնավար կառույց է եղել ՓԿԲ-16-ի կառուցվածքում)[28][29]։ Այն փորձը և գիտելիքները, որոնք ԿԲ-2-ի աշխատակիցները բերել են գիտության և տեխնոլոգիայի տարբեր ոլորտներից, թույլ են տվել բյուրոյի կոլեկտիվին հաջողությամբ մշակել և արտադրության մեջ ներդնել ավիացիոն հեղուկային հրթիռային շարժիչների յուրահատուկ նմուշներ[20][27]։

ԽՍՀՄ ՊՊԿ-ն հաջողված է ճանաչել ՀՇ-1-ի ստեղծման աշխատանքները, և 1944 թվականի հուլիսի 16-ին Ներքին գործերի ժողովրդական կոմիսար Լավրենտի Բերիան նամակ է ուղարկել ՊՊԿ-ի նախագահ Իոսիֆ Ստալինին առաջարկելով ՓԿԲ-16-ից ազատ արձակել 35 աչքի ընկած բանտարկված մասնագետների (ցուցակը կցվել է նամակին)։ Ստալինը տվել է իր համաձայնությունը, և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը 1944 թվականի հուլիսի 27-ին որոշում է կայացրել վաղաժամկետ ազատ արձակել վերը նշված ցուցակում ընդգրկված բանտարկյալներին, հանելով նրանց դատվածությունը։ Դրանց թվում են եղել ԿԲ-2-ի 9 առաջատար աշխատակիցներ՝ Վ. Ա. Վիտկան, Վալենտին Գլուշկոն, Գեորգի Ժիրիցկին, Սերգեյ Կորոլյովը, Գ. Ն. Լիստը, Վ. Լ. Պրժեցլավսկին, Դոմինիկ Սևրուկը, Ն. Լ. Ումանսկին, Ն. Ս. Շնյակինը։ Օգոստոսի 9-ին հայտարարվել է նրանց վաղաժամկետ ազատման մասին, իսկ 3-4 օր անց տրվել են նրանց անձնագրերը[28]։

1944 թվականի օգոստոսին նախկին ԿԲ-2-ը, ԱԱԺԿ-ի հրամանով, վերափոխվեց ռեակտիվ շարժիչների փորձարարական կոնստրուկտորական բյուրոյի՝ ՀՇ-ՓԿԲ, որը հայտնի է եղել նաև ՀՇ-ՓԿԲ (հատուկ շարժիչների փորձարարական կոնստրուկտորական բյուրո) անվանումով։ Այնտեղ գրանցել են ԿԲ-2-ի քաղաքացիական և նոր ազատ արձակված աշխատակիցներին, ինչպես նաև գործուղել են բանտարկյալներից մի քանիսին, ովքեր եղել են ՆԳԺԿ-ի 4-րդ հատուկ բաժնի հատուկ անձնակազմում։ Գլուշկոն մնացել է գլխավոր կոնստրուկտոր, Ժիրիցկին և Սևրուկը՝ նրա տեղակալներ։ Հարցում ուղարկելով ԱԱԺԿ-ին իր տեղակալների հաստատման և նրանց անհատական աշխատավարձեր սահմանելու համար, Գլուշկոն նշել է, որ Ժիրիցկին մեծ փորձ է ձեռք բերել ռեակտիվ շարժիչների համար պոմպերի նախագծման մեջ և եղել է ՀՇ-ի մի շարք հիմնական հանգույցների նախագծողը, որոնք հաջողությամբ են անցել բոլոր փորձարկումները։ 1944 թվականի աշնանը գլխավոր կոնստրուկտորի մեկ այլ տեղակալ է նշանակվել Սերգեյ Կորոլյովը[28][30][31]։

1944 թվականի աշնանը պրոֆեսոր Ժիրիցկին ՀՇ- ՓԿԲ-ի աշխատանքի հետ միաժամանակ վերադարձել է մանկավարժական գործունեությանը և դասավանդել Կազանի ավիացիոն ինստիտուտում (ԿԱԻ)[23][32] ՀՇ-ՓԿԲ-ի այդ ժամանակվա մյուս առաջատար աշխատակիցները նույնպես ժամանակ են հատկացրել ռեակտիվ շարժիչների ինժեներական և տեխնիկական անձնակազմի պատրաստմանը։ ԱԱՊԿ-ի 1945 թվականի մայիսի 1-ի հրամանով առաջին անգամ Խորհրդային Միությունում ԿԱԻ-ում ստեղծվել է հրթիռային շարժիչների առաջին ամբիոնը, որը ղեկավարել է Վալենտին Գլուշկոն[33][34]։ Համաձայն ԿԱԻ-ի տնօրեն Գ. Վ. Կամենկովի 1945 թվականի հուլիսի 14-ի հրամանի, նոր ամբիոնում Ժիրիցկին զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոնը, իսկ Սերգեյ Կորոլյովը, Գ. Ն. Լիստը, Դ. Դ. Սևրուկը և Դ. Յա. Բրագինը ավագ դասախոսների պաշտոնները[28][32]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին ՓԿԲ-ՀՇ-ի աշխատակիցների քրտնաջան աշխատանքն արժանանում է պետական մրցանակի։ 1945 թվականի սեպտեմբերին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով «Նոր տեխնիկայի նախագծման և ստեղծման բնագավառում կառավարության հանձնարարականների օրինակելի կատարման համար» ավիացիոն արդյունաբերության կոնստրուկտորների մի մեծ խումբ, այդ թվում ՓԿԲ-ի աշխատակիցներ՝ Գլուշկոն և Սևրուկը ստացել են Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան, իսկ Վիտկան, Ժիրիցկին, Կորոլյովը, Լիստը, Ումանսկին և Շնյակինը՝ Պատվո նշան շքանշան[28]։

Սակայն նրանցից շատերն այդ ժամանակ ստիպված չէին լրջորեն զբաղվել մանկավարժությամբ։ 1945 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին նրանց մեծ մասին գործուղել են Գերմանիա՝ ուսումնասիրելու գերմանական A-4 («Ֆաու-2») մարտական բալիստիկ հրթիռների կառուցվածքը[35]։ Ժիրիցկին և Սևրուկը, որոնք ի սկզբանե ընդգրկված են եղել Գլուշկոյի կողմից կազմված ՓԿԲ-ՀՇ-ի աշխատակիցների ցանկում, որոնք գործուղվելու էին Գերմանիա, չեն մեկնել 1945 թվականին, նրանք որոշել են ՓԿԲ-ՀՇ-ն չթողնել առանց ղեկավարության[36]։

1946 թվականի հուլիսի 3-ին ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության նախարար Միխայիլ Խրունիչևի հրամանով ՓԿԲ-ՀՇ-ն Կազանից տեղափոխվել է մերձմոսկովյան Խիմկի, որտեղ գտնվող № 456 ավիացիոն գործարանը պետք է վերապրոֆիլավորվեր բալիստիկ հրթիռների և ինքնաթիռների հրթիռային շարժիչների արտադրության կազմակերպման համար և այդ ժամանակ էլ ՓԿԲ-ՀՇ-ն սկսել է հզոր հեղուկային հրթիռային շարժիչների նախագծման աշխատանքները և վերանվանվել ՓԿԲ -456[35]։ 1946 թվականի նոյեմբերին նախկին ՓԿԲ-ՀՇ-ի աշխատողների մեծ մասն ընտանիքների հետ միասին տեղափոխվել են Խիմկի։ Ժիրիցկին մնացել է Կազանում՝ որոշելով ամբողջությամբ կենտրոնանալ ԿԱԻ-ում ինժեներներ-շարժիչաշինարարների պատրաստման աշխատանքների վրա[37][38]։ 1947 թվականին նա ստեղծել է ԿԱԻ-ի Տուրբոմեքենաների ամբիոնը (2006 թվականից՝ Գազոտուրբինների, գոլորշու տուրբինային կայանների և շարժիչների ամբիոն), որը ղեկավարել է 18 տարի՝ մինչև 1965 թվականը։ Ամբիոնը մասնագիտացած է եղել թիակավոր մեքենաների, ավիահրթիռային շարժիչների տուրբոմեքենաների բնագավառում[39][40]։

Ժիրիցկու ջանքերով ամբիոնը հիմնադրումից մեկ տարի անց գտել է իր դեմքը և սկսել նորմալ ուսումնական գործընթաց, մեկնարկել են հետազոտական աշխատանքները, որոնք հիմնականում կենտրոնացած են եղել ավիացիոն գազատուրբինների աշխատանքային թիակների հովացման համակարգերի ուսումնասիրության վրա, որն ընդգրկված է եղել ամբիոնի դասընթացի նախագծում։ Ժիրիցկին ելել է նրանից, որ հենց նախագծման կազմակերպման և կենսագործման մեջ են դրվել օդանավերի շարժիչների բարձր որակի ինժեներների վերապատրաստման հիմքերը և նա չի հոգնում կրկնել «Առանց նախագծման նկատմամբ լուրջ, բարձր պահանջկոտության, չի կարող լինել ավիացիոն ինժեներ»[40]։ 1957 թվականին ԿԱԻ տուրբոմեքենաների ամբիոնում բացվել է պրոբլեմային լաբորատորիա, որը նոր հնարավորություններ է բացել գիտական հետազոտությունների ինտենսիվացման և կրթական գործընթացի բարելավման համար[23]։

Երկար ժամանակ Ժիրիցկին եղել է «Ավիացիոն տեխնոլոգիաներ» ամսագրի գլխավոր խմբագիրը[23]։ 1965 թվականին Ժիրիցկին ծանր հիվանդացել է, ինսուլտի պատճառով կորցրել խոսելու ունակությունը, կաթվածահար է եղել աջ ձեռքը։ Սակայն նա սովորել է գրել ձախ ձեռքով և մահից առաջ գործնականում ավարտել է աշխատանքը իր վերջին գրքի ձեռագրի վրա[41]։

Գեորգի Սերգեևիչ Ժիրիցկին մահացել է Կազանում, 1966 թվականի հունիսի 4-ին[42]։ Ժիրիցկու մահից հետո ԿԱԻ-ի տուրբոմեքենաների ամբիոնը ղեկավարել է նրա ուսանող Վ. Ի. Լոկայը, իսկ 1991 թվականից՝ Ժիրիցկու վերջին ասպիրանտներից մեկը՝ Լ. Վ. Գորյունովը[40]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիրիցկու հիմնական գիտական աշխատանքները վերաբերում են ջերմատեխնիկային, տուրբինային շինարարությանը և հրթիռային շարժիչների կառուցմանը. դրանք նվիրված են գոլորշու շարժիչների, գոլորշու և գազային տուրբինների, ռեակտիվ շարժիչների տեսությանը և նախագծմանը[5][42][43]։

1925 թվականին լույս է տեսել Ժիրիցկու «Շոգեմեքենաբեր» մենագրությունը[44], որը հրատարակվում է վեց անգամ։ 1927 թվականին նա հրատարակել է ԽՍՀՄ-ում շոգետուրբինների մասին առաջին դասագիրքը[45]՝ այդ տիպի տուրբինների տեսության և նախագծման համակարգված ներկայացմամբ[2]։ 1948 թվականին լույս է տեսել Ժիրիցկու «Գազային տուրբիններ»[46] մենագրությունը, որտեղ նա առաջին անգամ կարողացել է ամբողջությամբ նկարագրել բարձր ջերմաստիճանային գազատուրբինների նախագծման դասընթացը, ներառյալ ջերմային և գազադինամիկ հաշվարկների մեթոդները, ինժեներական մեթոդները, ամրության հաշվարկը և թիակների, սկավառակների և տուրբինների այլ մասերի կառուցվածքի նկարագրությունը։ Տրանսպորտային և ավիացիոն գազատուրբինների կառուցման հետագա զարգացման համար առանձնահատուկ նշանակություն են ունեցել մենագրության առանձին բաժինները, որոնք կապված են գազատուրբինների հովացման համակարգերի նախագծման մեթոդաբանության և հաշվարկների հետ[40][42]։

Վ. Ա. Ստրունկինի հետ համատեղ նա գրել է «Շոգետուրբինների դետալների նախագծումը և ամրության հաշվարկը» գիրքը (3-րդ հրատարակությունը[47] լույս է տեսել 1968 թվականին), որտեղ նկարագրված են հզոր շոգետուրբինների դետալների նախագծումը և ամրության հաշվարկման ինժեներական մեթոդները։ 1971 թվականին լույս է տեսել «Օդանավերի շարժիչների գազային տուրբիններ» դասագրքի 2-րդ հրատարակությունը, որը Ժիրիցկին գրել է իր ուսանողների՝ Վ. Ի. Լոկայի, Մ. Կ. Մակսուտովայի և Վ. Ա. Ստրունկինի հետ համատեղ։ Այս ձեռնարկում նրա հեղինակները, հենվելով Ժիրիցկու հսկայական մանկավարժական և նախագծային փորձի վրա, կարողացել են համատեղել մեկ ամբողջական տեսության մեջ ջերմային գործընթացի և գազի դինամիկայի ամրության հաշվարկները սառեցված գազատուրբինային կառուցվածքային տարրերի նախագծման խնդիրների հետ[42]։

Պրոֆեսոր Ժիրիցկին ոչ միայն ստեղծել է հիմնարար ինժեներական կրթության հիմքերը ջերմաէներգետիկայի և ջերմային տեխնիկայի բնագավառում, այլև պատրաստել է զգալի թվով ինժեներների և գիտնականների (միայն ԿԱԻ-ում եղել են տեխնիկական գիտությունների 16 թեկնածու, որոնցից երեքը հետագայում պաշտպանել են դոկտորական ատենախոսություններ[41]): Նա նշանակալի ներդրում է ունեցել Կազանի ավիացիոն ինստիտուտում (որտեղ նա դարձել է գազատուրբինաշինության գիտական դպրոցի հիմնադիրը[43]) և ՄԷԻ-ի ջերմատեխնիկական ֆակուլտետում[9] գիտական աշխատանքի և ուսումնական գործընթացի զարգացման գործում[9][37][48]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսնի հակառակ կողմի քարտեզի մի հատված. Ֆերմի խառնարանի շրջակայքը (ձախ կողմում՝ Ժիրիցկի խառնարանն է)[49]

ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Լուսնի հակառակ կողմում գտնվող կազմավորումների անվանակոչման հանձնաժողովը Ժիրիցկու անունով է կոչել 33,36 կմ տրամագծով խառնարանը։ 1970 թվականին այդ անվանումը հաստատվել է Միջազգային աստղագիտական միության կողմից։ Ժիրիցկի (Zhiritskiy) խառնարանը գտնվում է Լուսնի հարավային կիսագնդում, ավելի մեծ Ֆերմի խառնարանից հարավ-արևմուտք[5][42][49]։

1983 թվականին, Ժիրիցկու ծննդյան 90-ամյակի կապակցությամբ, Թաթարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է ընդունել ականավոր գիտնականի պատվին հուշատախտակ տեղադրել ԿԱԻ-ի գլխավոր շենքի վրա[41]։

Պարգևներ ևկոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան (1961)[41],
  • Պատվո նշան շքանշան (1945)[28],
  • «ԹԻԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ» (1953) պատվավոր կոչում[42],
  • «ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում (1963)[5]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жирицкий Г. С. . Паровые машины. — Киев: Изд-во Исполбюро Пролетстуда КПИ, 1925. — 434 с.
  • Жирицкий Г. С. . Паровые турбины. — Киев: Изд-во Исполбюро КПИ, 1927. — 387 с.
  • Жирицкий Г. С. . Газовые турбины. — М.: Госэнергоиздат, 1948. — 504 с.
  • Жирицкий Г. С. . Авиационные газовые турбины. — М.: Оборонгиз, 1950. — 512 с.
  • Жирицкий Г. С., Стрункин В. А. . Конструкция и расчёт на прочность деталей паровых и газовых турбин. 3-е изд. — М.: Машиностроение, 1968. — 520 с.
  • Жирицкий Г. С., Локай В. И., Максутова М. К., Стрункин В. А. . Газовые турбины двигателей летательных аппаратов. 2-е изд. — М.: Машиностроение, 1971. — 620 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абруков Н. Р., Коняхина В. И., Тарасевич С. Э. . Георгий Сергеевич Жирицкий в воспоминаниях современников и фотографиях. — Казань: Изд-во Казанского гос. техн. ун-та, 2012. — 108 с. , (Жизнь замечательных людей КАИ). — ISBN 978-5-7579-1710-8.
  • Глушко В. П. . Развитие ракетостроения и космонавтики в СССР. 3-е изд. — М.: Машиностроение, 1987. — 304 с.
  • Голованов Я. К. . Королёв: факты и мифы. — М.: Наука, 1994. — 798 с. — ISBN 5-02-000822-2.
  • Грибин В. Г. . О Георгии Сергеевиче Жирицком // МЭИ: история, люди, годы. Сборник воспоминаний. Т. 1 / Под ред. С. В. Серебрянникова. — М.: Издательский дом МЭИ, 2010. — 544 с. — (Выдающиеся деятели МЭИ). — ISBN 978-5-383-00576-7. — С. 420—430.
  • Космонавтика: Энциклопедия / Гл. ред. В. П. Глушко. — М.: Сов. энциклопедия, 1985. — 528 с.
  • Симоненков В. И. . Судьбы учёных в сталинских спецтюрьмах. — М.: Авторская книга, 2014. — 464 с. — ISBN 978-5-91945-520-2.
  • Энергомашу — 60 лет. — М.: Изд-во МЭИ, 2003. — 240 с.
  • Янбердина Ю. А. . Георгий Сергеевич Жирицкий: личность и деятельность // XXII Туполевские чтения (школа молодых учёных): Междунар. молодёжная науч. конф., 19—21 октября 2015 года: Материалы конф. Сб. докладов. Т. 5. — Казань: Фолиант, 2015. — 732 с. — ISBN 978-5-905576-52-2. — С. 510—513.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Жирицкий Георгий Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Грибин, 2010, էջ 420
  3. 3,0 3,1 Симоненков, 2014, էջ 159
  4. Янбердина, 2015, էջ 510
  5. 5,0 5,1 5,2 5,3 Энциклопедия «Космонавтика», 1985, էջ 144
  6. Грибин, 2010, էջ 420, 423—424
  7. 7,0 7,1 Янбердина, 2015, էջ 510—511
  8. Грибин, 2010, էջ 420—422
  9. 9,0 9,1 9,2 «Институт тепловой и атомной энергетики (ИТАЭ). История»։ // Официальный портал НИУ «МЭИ»։ Վերցված է 2016-12-01 
  10. Грибин, 2010, էջ 422
  11. Грибин, 2010, էջ 420, 425—426
  12. 12,0 12,1 Энергомашу — 60 лет, 2003, էջ 47
  13. «Дела «Промпартии» и «Трудовой Крестьянской Партии (ТКП)» (1930—1932)»։ // Сайт Института истории естествознания и техники им. С. И. Вавилова РАН։ Վերցված է 2016-12-01 
  14. Грибин, 2010, էջ 423
  15. Грибин, 2010, էջ 423—424
  16. Грибин, 2010, էջ 426, 428
  17. «История кафедры Паровых и газовых турбин»։ // Сайт кафедры Паровых и газовых турбин НИУ «МЭИ»։ 26.04.2012։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-26-ին։ Վերցված է 2016-12-01 
  18. Симоненков, 2014, էջ 122, 159
  19. 19,0 19,1 19,2 19,3 Рахманин В. Ф.  Тридцать три года в ракетной технике: успехи, разногласия, конфликты. Как во городе было во Казани // Двигатель. — 2015. — № 6. — С. 46—52.
  20. 20,0 20,1 20,2 20,3 Глушко, 1987, էջ 39
  21. Симоненков, 2014, էջ 138—139
  22. Голованов, 1994, էջ 305
  23. 23,0 23,1 23,2 23,3 Янбердина, 2015, էջ 512
  24. Энциклопедия «Космонавтика», 1985, էջ 78
  25. Голованов, 1994, էջ 302
  26. «Татарстан — один из арсеналов победы в Великой Отечественной войне 1941—1945 гг»։ // Сайт Госкомархива Республики Татарстан։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-26-ին։ Վերցված է 2016-12-01 
  27. 27,0 27,1 Грибин, 2010, էջ 426—427
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 28,5 Рахманин В. Ф.  Тридцать три года в ракетной технике: успехи, разногласия, конфликты. Совместная работа В. П. Глушко и С. П. Королёва в Казани // Двигатель. — 2016. — № 1. — С. 34—45.
  29. Голованов, 1994, էջ 313
  30. Энциклопедия «Космонавтика», 1985, էջ 79
  31. Глушко, 1987, էջ 39—40, 58
  32. 32,0 32,1 Грибин, 2010, էջ 427
  33. Глушко, 1987, էջ 5
  34. Дрегалин А. Ф., Глебов Г. А.  К 70-летию кафедры В. П. Глушко, С. П. Королёва: первой в стране кафедры ракетных двигателей // Актуальные проблемы авиационных и аэрокосмических систем: процессы, модели, эксперимент. — 2015. — Т. 20. — № 1 (40). — С. 161—172.
  35. 35,0 35,1 Рахманин В. Ф.  Тридцать три года в ракетной технике: успехи, разногласия, конфликты. Изучение немецкой ракетной техники и организация её воспроизводства в СССР // Двигатель. — 2016. — № 2. — С. 38—47.
  36. Рахманин В. Ф.  О «немецком следе» в истории отечественного ракетостроения. Часть 1 // Двигатель. — 2005. — № 1. — С. 52—55.
  37. 37,0 37,1 Симоненков, 2014, էջ 160
  38. Рахманин В. Ф.  О «немецком следе» в истории отечественного ракетостроения. Часть 2 // Двигатель. — 2005. — № 2. — С. 50—54.
  39. Грибин, 2010, էջ 427—428
  40. 40,0 40,1 40,2 40,3 «О кафедре»։ // Сайт кафедры Газотурбинных и паротурбинных установок и двигателей КНИТУ։ Վերցված է 2016-12-01 
  41. 41,0 41,1 41,2 41,3 Янбердина, 2015, էջ 513
  42. 42,0 42,1 42,2 42,3 42,4 42,5 Грибин, 2010, էջ 428
  43. 43,0 43,1 «Наука в Казанском авиационном институте»։ // Сайт «Высшие Учебные Заведения города Казань»։ Վերցված է 2016-12-04 
  44. Жирицкий, 1925
  45. Жирицкий, 1927
  46. Жирицкий, 1948
  47. Жирицкий, Стрункин, 1968
  48. Грибин, 2010, էջ 423—424, 428
  49. 49,0 49,1 Losiak A., Kohout T., O’Sulllivan K., Thaisen K., Weider S.  «Lunar Impact Crater Database»։ // Lunar and Planetary Institute, Lunar Exploration Intern Program, 2009; updated by T. Öhman in 2011։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-18-ին։ Վերցված է 2016-11-28