Գեոմորֆոլոգիական մակարդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գեոմորֆոլոգիական մակարդակ, հասկացություն, որ 1948 թվականին առաջարկել է սովետական գեոմորֆոլոգ Կ․ Կ․ Մարկովը ռելիեֆ առաջացնող արտածին և ներծին պրոցեսների փոխազդեցությունը ըմբռնելու համար։ Սովորաբար արտածին ուժերը, ազդելով Երկրի մակերևույթի վրա, հարթեցնում են ռելիեֆը և ստեղծում որոշակի գեոմորֆոլոգիական մակարդակ։ Գոյություն ունի այնքան գեոմորֆոլոգիական մակարդակ, որքան արտածին պրոցեսներ՝ աբրազիոն-կուտակումային մակարդակ, դենուդացիոն մակարդակ, ձյան սահմանի մակարդակ, վերին դենուդացիոն մակարդակ և այլն։ Տվյալ Գեոմորֆոլոգիական մակարդակի սահմաններում համապատասխան արտածին պրոցեսը համարվում է առաջատար։ Եթե երկրակեղևը լիներ անշարժ, ապա յուրաքանչյուր գեոմագնիսական մակարդակ կունենար պատյանի բնույթ, որը համակենտրոն կերպով կշրջապատեր Երկրի մակերևույթը, սակայն երկրակեղևի շարժումները ձևափոխում են նրանց։ Այսպիսով, գեոմորֆոլոգիական մակարդակի իրական պատկերը ռելիեֆստեղծող արտածին և ներծին ուժերի փոխազդեցության արդյունքն է։ Գեոմորֆոլոգիական մակարդակի ծագման, հասակի և հետագա փոփոխությունների վերլուծությունը գեոմորֆոլոգիական ուսումնասիրությունների հիմնական մեթոդներից մեկն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 14 CC-BY-SA-icon-80x15.png