Գենտամիցին
Գենտամիցին | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | C₂₁H₄₃N₅O₇ |
Մոլային զանգված | 7,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Դասակարգում | |
CAS համար | 1403-66-3 |
PubChem | 3467 |
EINECS համար | 215-765-8 |
SMILES | CC(C1CCC(C(O1)OC2C(CC(C(C2O)OC3C(C(C(CO3)(C)O)NC)O)N)N)N)NC |
ЕС | 215-765-8 |
ChEBI | 3348 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Գենտամիցին, վաճառքային անունը Գարամիցին, հակամանրէային դեղորայք, կիրառվում է որոշ բակտերիալ հիվանդությունների բուժման համար[2]։ Դրանք են՝ ոսկրի վարակները, էնդոկարդիտը, կոնքի բորբոքային հիվանդությունները, մենինգիտը, թոքաբորբը, միզային ուղիների վարակը և սեպսիսը[2]:Այն արդյունավետ չէ գոնորեայի կամ խլամիդիայի դեմ[2]։ Գենտամիցինը տրվում է ներերակային, միջմկանային կամ տեղային եղանակով[2]։ Տեղային դեղաձևերը կարող են կիրառվել այրվածքների կամ աչքի արտաքին վնասվածքների ժամանակ[3]։ Զարգացած երկրներում այն հաճախ տրվում է միայն երկու օր, քանի դեռ բակտերիալ կուլտուրայի պատասխանը չկա և յուրահատուկ մանրէն որոշված չէ[4]։ Դեղաչափը պետք է հսկվի արյան հետազոտությամբ[2]։
Գենտամիցինը կարող է առաջացնել ներքին ականջի և երիկամների վնասում[2]։ Ներքին ականջի ախտահարումը ներառում է հավասարակշռության հետ կապված խնդիրներ և լսողության կորուստ[2]։ Այս խնդիրները հնարավոր է անդարձելի լինեն[2]։ Հղիության ժամանակ կիրառելիս լինում է պտղի վնասում[2]։ Այնուամենայնիվ, այն անվտանգ է կերակրող մայրերի համար[5]։ Գենտամիցինը ամինոգլիկոզիդների խմբին է պատկանում[2]։ Խանգարում է մանրէի սպիտակուցի սինթեզը և ի վերջո բերում է մանրէի ոչնչացմանը[2]։
Գենտամիցինը հայտնաբերվել է 1962 թվականին և բժշկական կիրառման համար հաստատվել է 1964 թվականին[6]։ Այն ստացվել է Micromonospora purpurea բակտերիայից[2]։ Գենտամիցինը ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում[7]։ Առկա է նաև ջեներիկ տարբերակը[8]։ Զարգացող երկրներում դեղի 1մլ-ի արժեքը 2014 թվականին կազմել է 0,05-0,58 ԱՄՆ դոլլար[9]։
Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գենտամիցինը ունի ազդեցության լայն ոլորտ, հիմնականում գրամ բացասական մանրէներ՝ կապտաթարախային ցուպիկ, պրոտեուս, աղիքային ցուպիկ, Klebsiella pneumoniae, Enterobacter aerogenes, Serratia և գրամ դրական ստաֆիլակոկ[10]։ Այն կիրառվում է շնչառական, միզային համակարգերի, արյան, ոսկրերի և փափուկ հյուսվածքների վարակների ժամանակ[11]։
Բավարար ապացույցներ չկան Neisseria gonorrhea -ով հարուցված վարակի ժամանակ գենտամիցինի որպես առաջին գծի դեղորայք կիրառելու մասին[12]։ Գենտամիցինը չի կիրառվում Neisseria meningitidis կամ Legionella pneumophila բակտերիալ վարակների ժամանակ, քանի որ բարձր է որոշ գրամ բացասական մանրէների էնդոտոքսին լիպիդ A-ով հարուցված շոկի ռիսկը։ Այն օգտակար է նաև Yersinia pestis-ի և Francisella tularensis-ի դեմ՝ տուլարեմիա առաջացնող հարուցիչ, որը հանդիպում է որսորդների մոտ[13]։
Որոշ Enterobacteriaceae, Pseudomonas spp., Enterococcus spp., Staphylococcus aureus և այլ ստաֆիլոկոկեր ունեն գենտամիցինի նկատմամբ շատ տարբեր կայունության աստիճաններ[14]։
Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կողմնակի ազդեցություններից են՝ թույլ արտահայտված սրտխառնոցը, փսխումը և ավելի ծանր[10]՝
- Արյան բջիջների ցածր քանակը
- Ալերգիկ ռեակցիաները
- Նյարդամկանային խնդիրներ
- Նյարդի վնասում՝ նեյրոպաթիա
- Երիկամների վնասում՝ նեֆրոտոքսիկություն
- Ականջի վնասում՝ օտոտոքսիկություն
Նեֆրոտոքսիկությունը և օտօտոքսիկությունը դեղաչափ կախյալ են[10]։ Այս երկու բարդությունները կարող են ունենալ ուշացած դրսևորում, երբեմն առաջանում են բուժման կուրսը ավարտելուց հետո[10]։
Երկամների վնասում[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիկամների վնասումը առաջանում է ամինոգլիկոզիդներ և հատկապես գենտամիցին ստացող 10-25% հիվանդների մոտ[15]։ Շատ անգամ սուր նեֆրոտոքսիկությունը դարձելի է, բայց երբեմն կարող է լինել մահացու[10]։ Նեֆրոտոքսիկության ռիսկը կախված է դեղաչափից, հաճախականությունից, բուժման տևողությունից և որոշ դեղերի միաժամանակյա կիրառումից՝ ՈՍՀԴ, միզամուղներ, ցիսպլատին, ցիկլոսպորին, ցեֆալոսպորիններ, ամֆոտերիցին, յոդի պարունակող կոնտրաստ նյութեր և վանկոմիցին[15]։
Նեֆրոտոքսիկությունը բարձրացնող ռիսկի գործոններն են[15]՝
- Մեծ տարիք
- Երիկամի գործառույթի խանգարում
- Հղիություն
- Հիպոթիրեոզ
- Լյարդի դիսֆունկցիա
- Ջրազրկում
- Նյութափոխանակային ացիդոզ
- Նատրիումի կորուստ
Երկամների վնասումը հսկվում է արյան մեջ կրեատինինի, էլեկտրոլիտների մակարդակով և միզաթթվի առկայությամբ, մեզի քանակով, մեզում սպիտակուցի առկայությամբ[15]։
Ներքին ականջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամինոգլիկոզիդներ ստացողների մոտ 11%-ի մոտ առաջանում է ներքին ականջի վնասում[16]։ Հաճախ հանդիպող ախտանշաններից է տինիտը՝ ականջներում աղմուկի զգացում, լսողության կորուստը, գլխապտույտը և հավասարակշռության խանգարումը[17]։ Գենտամիցինի խրոնիկական կիրառումը կարող է վնասել ներքին ականջի մազմզուկավոր բջիջները, որը բերում է լսողության անդարձելի կորստի, իսկ վեստիբուլար ապարատի վնասումը կբերի հավասարակշռության խանգարման[17]։ Օտոտոքսիկության ռիսկի նվազեցման համար խորհուրդ է տրվում շատ ջուր խմել[10]։
Ներքին ականջի վնասում առաջացնող ռիսկի գործոններն են[10][11]՝
- Մեծ տարիք
- Միզաթթվի բարձր քանակ արյան մեջ
- Երիկամների դիսֆունկցիա
- Լյարդի վնասում
- Բարձր դեղաչափեր
- Երկարատև բուժման կուրս
- Հզոր միզամուղներ, օրինակ՝ ֆուրոսեմիդ
Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գենտամիցինը համարվում է բակտերիասպան հակամանրէային դեղորայք, որը անդարձելիորեն կապվում է ռիբոսոմի 30S ենթամիավորին և խաթարում սպիտակուցի սինթեզը։ Ազդեցության առաջնային մեխանիզմը համարվում է փոխադրիչ և տեղեկատվական ՌՆԹ-ի փոխազդեցության խանգարումը[18]։ Երբ անհամապատասխան փոխադրիչ ՌՆԹ-ն միանում է տեղեկատվական ՌՆԹ-ի ամինոացիլ խմբի հետ, 1492 և 1493 ադենոզինները դուրս են մնում փոխազդեցությունից, որը համարվում է ազդանշան և ռիբոսոմը մերժում է ամինոացիլացված փոխադրիչ ՌՆԹ և էլոնգացիայի գործոն ջերմազգայուն համալիրը[19]։ Այնուամենայնիվ, երբ գենտամիցինը կապվում է 16S ռիբոսոմային ՌՆԹ-ի 44-րդ պարույրին, ադենոզինը մնում է իր ճիշտ դիրքում և ռիբոսոմը ճանաչում է փոխադրիչ ՌՆԹ-ին[20]։ Սա բերում է սխալ ամինոացիլ-փոխադրիչ ՌՆԹ-ի ընդունմանը և ռիբոսոմը սինթեզում է ամինաթթուների ոչ ճիշտ հաջորդականությամբ սպիտակուցներ[21]։ Ոչ ֆունկցիոնալ, սխալ տրանսլյացիայի ենթարկված սպիտակուցները ենթարկվում են միսֆոլդինգի, ագրեգացվում են և բակտերիան ոչնչանում է։ Երկրորդային ազդման մեխանիզմը կախված է գենտամիցինի բյուրեղային կառուցվածքի՝ 23S ռիբոսոմային ՌՆԹ-ի 69-րդ պարույրի երկրորդային հատվածի և 44-րդ պարույրի փոխզդեցությունից, ինչպես նաև ստոպ կոդոն պարունակող ամինաթթվային հաջորդականություններից։ Այս երկրորդային հատվածում գենտամիցինը խանգարում է ռիբոսոմի և դրա վերամշակող գործոնների փոխազդեցությունը, որը պատճառ է դառնում ռիբոսոմի երկու ենթամիավորների միացած մնալուն, նույնիսկ տրանսլյացիայից հետո։ Այս ամենի հետևանքով առաջանում են բազմաթիվ ինակտիվ ռիբոսոմներ, որոնք այլևս չեն կարող սինթեզել նոր սպիտակուցներ[22]։
Բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գենտամիցինը պարունակում է բազմաթիվ բաղադրիչներ, որոնք ունեն հակամանրէային տարբեր ակտիվություն[23]։ Հիմնական բաղադրիչը գենտամիցին C համալիրն է ՝ գենտամիցին C1, գենտամիցին C1a և գենտամիցին C2 մասերից կազմված, կազմում է մոտ 80% և ունի ամենամեծ հակամանրէային ակտիվությունը։ Գենտամիցին A, B, X և մի քանի այլ գործոններ կազմում են մնացած 20%-ը և ունեն ավելի ցածր հակամանրէային ակտիվություն[24]։ Բերված տոկոսային հարաբերությունները կարող են տատանվել կախված արտադրող կազմակեպությունից։ Այս բազմազանության պատճառով դժվար է որոշել գենտամիցինի և՛ ֆարմակոկինետիկան, և՛ միկրոօրգանիզմի զգայունությունը[25]։
Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գենտամիցինը կամ այլ ամինոգլիկոզիդները չպետք է կիրառվեն, եթե հիվանդը դեղի ընդունումից հետո ունեցել է գերզգայունության, անաֆիլաքսիայի դեպքեր կամ այլ լուրջ տոքսիկ ռեակցիաներ[11]։
Հատուկ խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղիություն և կերակրող մայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գենտամիցինը խորհուրդ չի տրվում հղիության ժամանակ մինչև օգուտը չգերազանցի ռիսկը։ Այն անցնում է ընկերքով և առկա են անդարձելի երկկողմանի բնածին խլության առաջացման դեպքեր։ Մայրերի միջմկանային ներարկումը առաջացնում է մկանային թուլություն նորածինների մոտ[11]։
Ստնտուների մոտ գենտամիցինի կիրառումը հաստատված չէ։ Գենտամիցինի որոշակի մակարդակ հայտնաբերվել է կրծքի կաթում[11]։
Ծերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծերի մոտ ինչպես նախքան բուժումը, այնպես էլ բուժման ընթացքում պետք է ստուգել երիկամների ֆունկցիան։ Այս տարիքի մարդկանց մոտ գենտամիցինի մակարդակը արյան մեջ կարող է լինել բարձր երկար ժամանակ։ Այն պետք է կիրառել զգուշությամբ երիկամների, լսողական, հավասարակշռության և նյարդամկանային խնդիրներ ունեցողների մոտ[10]։
Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գենտամիցինը նպատակահարմար չէ նշանակել երեխաներին, հատկապես նորածիններին։ Հետազոտությունները պարզել են, որ այս խմբի ներկայացուցիչները ունեն դեղի կիսադուրսբերման մեծ պարբերություն և արյան մեջ բարձր մակարդակ։ Բուժման ընթացքում պարբերաբար պետք է ստուգել երիկամների ֆունկցիան։ Գենտամիցինի ներարկումից հետո նկարագրվել են հիպոկալցեմիայի, հիպոկալեմիայի և մկանային թուլության դեպքեր[10]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գենտամիցինը ստացվել է Micromonospora purpurea ֆերմենտացիայի արդյունքում։ Այն հայտնաբերվել է 1963 թվականին Վեյնշտեյնի, Վագմանի և այլոց կողմից Ռիկո Վոյչեզի կողմից ստացված նյութի վրա աշխատելիս Նյու Ջերսիի Բլումֆիլդ քաղաքի Շերինգ կազմակերպությունում[26]։ Հետագայում այն պուրինացվեց և իր երեք բաղադրիչները հայտնաբերվեցին Կուպերի և այլոց կողմից նույն ընկերությունում։ Այն ի սկզբանե կիրառվել է այրվածքների ժամանակ, որպես տեղային դեղորայք Ատլանտայում և Սան Անտոնիոյում, իսկ ներերակային ընդունման տարբերակը ստեղծվել է 1971 թվականին։ Սեպսիսի ժամանակ բուժան հիմնաքարը մնում է գենտամիցինը։
Այն սինթեզվել է միջավայրում (հողում և ջրում) , բավականին տարածված Գրամ դրական Micromonospora-ից։ Գենտամիցինի և խմբի այլ ներկայացուցիչների՝ գենուսվերդամիցին, մուտամիցին, սիսոմիցին, նետիլմիցին և ռետիմիցին, կենսաբանական ծագումը ընդգծելու համար տրվել է յուրահատուկ վերջավորություն՝ ~micin, այլ ոչ ~mycin:
Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գենտամիցինը կիրառվում է նաև մոլեկուլային կենսաբանության հետազոտություններում ստերիլ միջավայրի վարակումը կանխելու համար, որպես հակամանրէային պրեպարատ։ Այն պատկանում է ջերմակայուն հակամանրէային դեղերի խմբին, որը մնում է ակտիվ նույնիսկ ավտոկլավի մեջ, և այս հատկությունը իրեն դարձնում է բավականին օգտակար կենսաբանական աճի միջավայրերի համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 gentamicin
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 «Gentamicin sulfate»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 2015-08-16-ին։ Վերցված է Aug 15, 2015
- ↑ Bartlett Jimmy (2013)։ Clinical Ocular Pharmacology (s ed.)։ Elsevier։ էջ 214։ ISBN 9781483193915։ Արխիվացված օրիգինալից 2015-12-22-ին
- ↑ Moulds, Robert, Jeyasingham, Melanie (October 2010)։ «Gentamicin: a great way to start»։ Australian Prescriber (33): 134–135։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-13-ին
- ↑ «Gentamicin use while breastfeeding»։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 6, 2015-ին։ Վերցված է օգոստոսի 15, 2015
- ↑ Fischer Jnos, Ganellin C. Robin (2006)։ Analogue-based Drug Discovery (անգլերեն)։ John Wiley & Sons։ էջ 507։ ISBN 9783527607495
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ Burchum Jacqueline (2014)։ Lehne's pharmacology for nursing care։ Elsevier Health Sciences։ էջ 1051։ ISBN 9780323340267։ Արխիվացված օրիգինալից 2016-03-11-ին
- ↑ «Gentamicin sulfate»։ International Drug Price Indicator Guide։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 22, 2018-ին։ Վերցված է օգոստոսի 15, 2015
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 «Gentamicin»։ Baxter Corporation։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է նոյեմբերի 2, 2015
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Product Monograph»։ Sandoz Canada Inc։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-12-ին։ Վերցված է նոյեմբերի 2, 2015
- ↑ Emma Hathorn, Divya Dhasmana, Lelia Duley, Jonathan DC Ross (2014)։ «The effectiveness of gentamicin in the treatment of Neisseria gonorrhoeae: a systematic review»։ Systematic Review 3: 104։ PMC 4188483։ PMID 25239090։ doi:10.1186/2046-4053-3-104
- ↑ Goljan Edward F. (2011)։ Rapid Review Pathology (3rd ed.)։ Philadelphia, Pennsylvania: Elsevier։ էջ 241։ ISBN 978-0-323-08438-3
- ↑ «Gentamicin spectrum of bacterial susceptibility and Resistance»։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 20, 2015-ին։ Վերցված է մայիսի 15, 2012
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 Lopez-Novoa Jose M, Quiros Yaremi, Vicente Laura, Morales Ana I, Lopez-Hernandez Francisco J (Jan 2011)։ «New insights into the mechanism of aminoglycoside nephrotoxicity: an integrative point of view»։ Kidney International 79 (1): 33–45։ PMID 20861826։ doi:10.1038/ki.2010.337
- ↑ East J E, Foweraker J E, Murgatroyd F D (2005-05-01)։ «Gentamicin induced ototoxicity during treatment of enterococcal endocarditis: resolution with substitution by netilmicin»։ Heart 91 (5): e32։ ISSN 1355-6037։ PMC 1768868։ PMID 15831617։ doi:10.1136/hrt.2003.028308
- ↑ 17,0 17,1 Selimoglu Erol (2007-01-01)։ «Aminoglycoside-induced ototoxicity»։ Current Pharmaceutical Design 13 (1): 119–126։ ISSN 1873-4286։ PMID 17266591։ doi:10.2174/138161207779313731
- ↑ «DrugBank-Gentamicin»։ Արխիվացված օրիգինալից 2013-10-04-ին
- ↑ Dao E. Han (08/23/2018)։ «Structure of the 30S ribosomal decoding complex at ambient temperature»։ RNA 24 (24): 1667–1676։ PMC 6239188 ։ PMID 30139800 ։ doi:10.1261/rna.067660.118։ Վերցված է 02/08/2019
- ↑ Wilson Daniel (12/16/2013)։ «Ribosome-targeting antibiotics and mechanisms of bacterial resistance.»։ Nature Reviews Microbiology 12 (1): 34–48։ PMID 24336183։ doi:10.1038/nrmicro3155։ Վերցված է 02/08/2019
- ↑ Garrett Roger, Douthwaite Stephen, Liljas Andres, Matheson Alistair, Moore Peter, Harry Noller (2000)։ The Ribosome։ ASM Press։ էջեր 419–429։ ISBN 978-1-55581-184-6
- ↑ Borovinskaya MA, Pai RD, Zhang W, Schuwirth BS, Holton JM, Hirokawa G, Kaji H, Cate JH (07/29/2007)։ «Structural basis for aminoglycoside inhibition of bacterial ribosome recycling.»։ Nature Structural Molecular Biology 8 (8): 727–32։ PMID 17660832։ doi:10.1038/nsmb1271
- ↑ Weinstein Marvin J. (1967)։ «Biological Activity of the Antibiotic Components of the Gentamicin Complex»։ Journal of Bacteriology 94.3: 789–790
- ↑ Vydrin A. F. (2003)։ «Component Composition of Gentamicin Sulfate Preparations»։ Pharmaceutical Chemistry Journal 37 (8): 448–449։ doi:10.1023/a:1027372416983
- ↑ Isoherranen Nina, Eran Lavy (2000)։ «Pharmacokinetics of Gentamicin C1, C1a, and C2 in Beagles after a Single Intravenous Dose»։ Antimicrobial Agents and Chemotherapy 44.6 (6): 1443–1447։ PMC 89894։ PMID 10817690։ doi:10.1128/aac.44.6.1443-1447.2000
- ↑ Weinstein Marvin, Wagman (1963)։ «Gentamicin, A New Antimicrobial Complex from Micromonospora»։ J Med Chem 6 (4): 463–464։ doi:10.1021/jm00340a034
Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ի Ազգային կենսատեխնոլոգիաների տեղեկատվական կենտրոն՝ Medical Genetics Summaries - Gentamicin Therapy and MT-RNR1 Genotype
|