Գենդերային ինքնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գենդեր տերմինը առաջին անգամ սեռականության ոլորտում գործածել է հոգեբան Ռոբերտ Ստոլերն իր «Սեռ և գենդեր»[1] անունով աշխատությունում (Ստոլլեր 1968)։ «Գենդեր» բառի գործածման իմաստը «տղամարդկայնության» և «կանացիության» սոցիոմշակութային իմաստները կենսաբանականից առանձնացնելն էր։

Գենդերը մարդկանց առնականության և կանացիության ներքին ընկալումն է և փորձը, նաև հասարակական կառուցվածքը, որտեղ սահմանվում են որոշակի վարքագծեր տղամարդկանց և կանանց դերերի համար` կախված պատմությունից, հասարակություններից, մշակույթներից և դասակարգերից։ Գենդերը կապված է հասարակության ակնկալիքների հետ և լոկ կենսաբանական հարց չէ:

Գենդերը սահմանվում է մշակույթով։ Որոշ մշակույթներում տղամարդուց ակնկալվում է, որ նա պետք է լինի զուսպ, ոչ շատախոս, լուրջ, ոչ թեթևաբարո, իսկ այլ մշակույթներում տղամարդուց ակնկալվում է, որ նա, ընդհակառակը, պետք է լինի կրքոտ, վառ արտահայտի իր զգացմունքներն ու հույզերը, խոսելիս շատ ժեստեր գործածի և այլն։ Նույնը և կանանց նկատմամբ։ Եթե որոշ մշակույթներում կնոջը վերագրվում է միայն ընտանիքի պահպանման և վերատադրման գործառույթը և չի խրախուսվում կարիերա ունենալը, ապա այլ մշակույթներում կնոջ և տղամարդու իրավունքները հավասար են, կանանց վերարտադրողական և սեռական իրավունքները հիմնականում ևս պաշտպանվում են։ Ուստի, կնոջ և տղամարդու գենդերները համընհանուր չեն, դրանք դիտարկվում են յուրաքանչյուր մշակույթի համատեքստում։ Գենդերային ինքնությունը[2] այն է, ինչ մենք ունենք մեր մտքում հասարակության մեջ մեր դերի մասին` կին, տղամարդ կամ այլ գենդեր։

Գենդերային ինքնությունն անհատի կողմից իր իսկ գենդերի ընկալումն է և անհատական փորձը, որը կարող է համապատասխանել կամ չհամապատասխանել ծննդյան ժամանակ տրված սեռին։ Այն սոցիալական ինքնության կատեգորիա է և վերաբերում է անհատի նույնականացմանը որպես տղամարդ, կին կամ այլ գենդեր։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]