Գեյշայի հուշերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գեյշայի հուշերը
Memoirs of a Geisha
Memoirs of a geisha poster.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of the People's Republic of China.svg Չինաստան
Ժանրդրամա, ռոմանտիկ ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքԳեյշայի հուշերը[1]
Թվականնոյեմբերի 29, 2005[2] և հունվարի 19, 2006[3]
Լեզուանգլերեն և ճապոներեն
ՌեժիսորՌոբ Մարշալ
ՊրոդյուսերՍթիվեն Սփիլբերգ, Գարի Բարբեր, Ռոջեր Բիրնբաում, Դուգլաս Ուիք և Լյուսի Ֆիշեր[2]
Սցենարի հեղինակՌոբին Սվայկորդ, Արթուր Գոլդեն, Դագ Ռայթ, Ակիվա Գոլդսման և Ռոնալդ Բես
ԴերակատարներՉժան Ցզիի, Ken Watanabe, Կոձի Յակուսյո, Սուձուկա Օգո, Գուն Լի, Միշել Յեո, Կաորի Մոմոի, Տսաի Չին, Քերի-Հիրոյուկի Տագավա, Թեդ Լևայն, Փոլ Ադելշտեյն, Կարլ Յուն, Նոբու Մատսուհիսա, Մակո Իվամացու, Ռենդալ Դուկ Քիմ, Սամանտա Ֆուտերման, Տոգո Իգավա, Յուկի Կուդո, Էլիզաբեթ Սանգ, Եվգենիա Յուան, Կեննետ Ցզեն, Նավիա Նգույեն, Zoe Weizenbaum, Յոկո Նարահաշի, Diane Mizota, Takayo Fischer, Shizuko Hoshi, Tohoru Masamune, Մինե Նոջի, Masakazu Yoshizawa, Julia Ling, Cathy Shim և Սոֆի Օդա
ՕպերատորԴիոն Բիբի
ԵրաժշտությունՋոն Ուիլյամս
ՄոնտաժՊիետրո Սկալիա
Պատմվածքի վայրԿիոտո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո և Ճապոնիա
ԿինոընկերությունSpyglass Entertainment, Amblin Entertainment և Red Wagon Entertainment
Տևողություն145 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Գեյշայի հուշերը» (անգլ.՝ Memoirs of a Geisha), 2005 թվականի ամերիկյան դրամա, որ նկարահանվել է Արթուր Գոլդենի համանուն բեսթսելլերի հիման վրա։ Որպես պրոդյուսեր հանդես են եկել Սթիվեն Սփիլբերգի Amblin Entertainment, Spyglass Entertainmen և Դուգլաս Ուիկի Red Wagon Productions ընկերությունները։ Ռեժիսորը Ռոբ Մարշալն է։ Ֆիլմը Միացյալ Նահանգներում թողարկվել է 2005 թվականի դեկտեմբերի 9-ին Columbia Pictures և DreamWorks Pictures կինոընկերությունների կողմից։ Ֆիլմը, որում հանդես են գալիս Չժան Ցզիին, Քեն Վատանաբեն, Միշել Եոն, Գուն Լին, Յուկի Կուդոն, Կոձի Յակուսյոն, Քերի-Հիրոյուկի Տագավան, Սուձուկա Օգոն, նկարահանվել է հարավային և հյուսիսային Կալիֆոռնիայում և Կյոտոյի մի քանի վայրերում՝ ներառյալ Կիյոմիզու տաճարն ու Ֆուշիմի Ինարի սրբավայրը։ Ֆիլմում պատմվում է ճապոնացի մի աղջկա՝ Չիյո Սակամոտոյի մասին, որին իր աղքատացած ընտանիքը վաճառում է գեյշաների տանը, որ կոչվում է օկիյա։ Արդյունքում Չիյոն վերանվանվում է Սայուրի և դառնում իր ժամանակի ամենահայտնի գեյշաներից մեկը։ Սակայն հաջողության հետ միաժամանակ Սայուրին բացահայտում է գեյշաների գաղտնիքներն ու ճաշակում է նրանց կենսակերպի դժվարությունները։ Ֆիլմն ստացել է խառը արձագանքներ արևմտյան քննադատներից, սակայն դարձել է հիթ շահույթի տեսանկյունից, ինչպես նաև ներկայացվել և արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Օսկարի վեց անվանակարգ, որոնցից հաղթել է երեքում՝ օպերատորի, բեմադրող նկարչի լավագույն աշխատանք և հագուստների լավագույն դիզայն։ Դերասանական խաղը, վիզուալ էֆեկտները, հագուստները և երաժշտությունը բարձր են գնահատվել, սակայն ֆիլմը քննադատվել է ճապոնացի կանանց դերում չինուհիների նկարահանված լինելու, ինչպես նաև նրա համար, որ ձևը գերադասվել է բովանդակությունից։ Ճապոնիայում ֆիլմը թողարկվել է «Սայուրի» վերնագրով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողություններն սկսվում են 1930-ական թվականներին։ Ճապոնացիների աղքատ ընտանիքի հայրը վաճառում է իր երկու դուստրերին։ Նրանցից մեկին՝ Չիյոյին, տալիս են գեյշաների տանը որպես ծառա, իսկ ավագը՝ Սացուն, ընկնում է մարմնավաճառների մոտ։ Որոշ ժամանակ անց քույրերին հաջողվում է հանդիպել, և Սացուն Չիյոյին համոզում է փախչել։ Սակայն Չիյոն չի կարողանում փախչել, և Սացուն միայնակ է հեռանում քաղաքից։ Նրանք այլևս երբեք չեն հանդիպում։

Չիյոն արժանանում է գեյշաներից մեկը զայրույթին, որն ամեն կերպ փորձում է վնաս հասցնել աղջկան։ Նրա, ինչպես նաև փախչելու անհաջող փորձի պատճառով Չիյոն ապագա գեյշաների խմբից տեղափոխվում է ծառաների խումբ և ստիպված է աշխատել այնքան, որ փոխհատուցի իր համար կատարված ծախսերը։

Մի անգամ փողոցում անծանոթ մի տղամարդ, որին իրեն ուղեկցող գեյշաները կոչում են Նախագահ, տասներկուամյա Չիյոյին հյուրասիրում է պաղպաղակ։ Այդ դեպքն այնքան է ազդում Չիյոյի վրա, որ նա անծանոթի տված ողջ գումարը նվիրաբերում է տաճարին ու երազանք պահում, որ ինքը դառնա գեյշա և նորից տեսնի նրան։

Մի քանի տարի անց գեյշաների տանը հայտնվում է հայտնի գեյշա Մամեհան և Չիյոյին վերցնում իր մոտ սովորելու։ Նա մի քանի ամսվա ընթացքում Չիյոյին սովորեցնում է այն ամենը, ինչ ուրիշները յուրացնում են տարիների ընթացքում։ Աղջիկն ստանում է նոր անում՝ Սայուրի։ Նա հաջողության է հասնում իր գործում, սակայն վերջնական նպատակը գեյշաների տան տիրուհու ժառանգը դառնալն է, իսկ դրա համար նա պետք է դառնա քաղաքի ամենահայտնի գեյշան։

Սայուրիի կուսության աճուրդի (միձուագե) արդյունքում հավաքվում է ռեկորդային գումար՝ 15000 յեն, ինչը փոխհատուցում է նրա բոլոր ծախսերը։ Գեյշաների տան տիրուհին հայտարարում է, որ որդեգրում է Սայուրիին՝ իր ժառանգը դարձնելով նրան և ոչ թե Փամփկինին (թարգմանաբար՝ Դդում), որը մեծացել է գեյշաների տանը Սայուրիի հետ միասին և դարձել այդ տան ավելի փորձառու գեյշայի՝ Հացումոմոյի «կրտսեր քույրը»։

Գեյշա դառնալուց հետո Սայուրին մի քանի անգամ տեսնում է նույն երիտասարդ տղամարդուն, սակայն ոչնչով ցույց չի տալիս, որ հիշում է նրան։ Սայուրիի առջև բացվում են հիանալի հեռանկարներ, սակայն սկսված պատերազմի պատճառով նա ստիպված է լինում հեռանալ լեռները, որտեղ բրինձ է աճեցնում, շոր կվանում և այլն։

Մի քանի տարի անց Սայուրիի մոտ է գնում Նոբուն՝ ծանոթ ճապոնացի գործարարը, և խնդրում օգնել մի գործում. պետք էր Սայուրիի հմայքը, որպեսզի ազդեն ամերիկացիների վրա, որոնցից կախված էր շահավետ պայմանագրի կնքումը։ Իմանալով, որ հանդիպմանը պետք է ներկա գտնվի նաև Նախագահը, Սայուրին համաձայնում է։ Նա գտնում է Փամփկինին, որը պատերազմի ընթացքում և դրանից հետո զվարճացնում էր ամերիկացի զինվորներին, և նրանք գնում են միասին։

Ամերիկացին շատ է հետաքրքրվում Սայուրիով, սակայն Նոբուն ասում է, թե եթե նա աղջկան տեսնի ամերիկացու հետ, նա ընդմիշտ կանհետանա իր համար։ Ապա նա Սայուրիին առաջարկում է դառնալ նրա դաննան՝ հովանավորը։ Սայուրին չի ուզում Նոբուին տեսնել այդ դերում, քանի որ այդ դեպքում ինքն այլևս չի կարողանա սիրել Նախագահին, քանի որ վերջինս Նոբուի գործընկերն է։ Այդ պատճառով էլ նա գնում է ամերիկացու հետ և Փամփկինի խնդրում բերել Նոբույին։ Սակայն Փամփկինը Նոբուի փոխարեն բերում է Նախագահին, որը, տեսնելով Սայուրիին ամերիկացու հետ, հեռանում է։ Սայուրիի հարցին, թե ինչու նա այդպես վարվեց, Փամփկինը պատասխանում է, թե դրանով ինքը վրեժ լուծեց անցյալի համար։

Այդ դեպքից հետո Սայուրին մտածում է, թե ընդմիշտ կորցրել է Նախագահին։ Նա մեկնում է իր հայրենիք՝ Յորոյդո, որտեղ Նախագահի նվիրած թաշկինակը նետում է ծովը։ Նա շարունակում է աշխատել որպես գեյշա։ Նոբուի կազմակերպած հանդիպման ժամանակ նա կրկին տեսնում է Նախագահին։ Վերջինս պատմում է, որ Նոբուն իմացել է ամերիկացու հետ պատահած դեպքի մասին և այլևս չի ցանկանում տեսնել Սայուրիին։ Սայուրին ասում է, թե իրեն ներում չկա, սակայն Նախագահը կարծում է, թե ինքը պետք է ներողություն խնդրի և պատմում է Սայուրիին, որ ինքն է Մամեհային ուղարկել, որ իր հովանու տակ վերցնի աղջկան։ Նա խոստովանում է, որ հանուն Նոբուի, որին դուր էր գալիս Սայուրին, ինքը լռել է իր զգացմունքների մասին։ Սայուրին խոստովանում է, որ գեյշա դարձել է նրա կողքին լինելու համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Չժան Ցզիի Չիյո Սակամոտո / Սայուրի Նիտա Չիյո Սակամոտո / Սայուրի Նիտա
Քեն վատանաբե Նախագահ / Քեն Իվամուրա Նախագահ / Քեն Իվամուրա
Միշել Եո Մամեհա Մամեհա
Գուն Լի Հացումոմո Հացումոմո
Յուկի Կուդո Փամփկին Փամփկին
Կոձի Յակուսյո Նոբու Նոբու
Քերի-Հիրոյուկի Տագավա Բարոն Բարոն
Սուձուկա Օգո Չիյո Սակամոտո պատանի Չիյո Սակամոտո

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է մեծ մասամբ բացասական արձագանքների։ Չինաստանում և Ճապոնիայում այն ենթարկվել է խիստ քննադատության փաստացի սխալների և դերասանական կազմի համար։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը կազմել է 35 %[4], Metacritic կայքում՝ 54/100[5]։

Արևմտյան մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանիայում ֆիլմն ստացել է տարբեր գնահատականներ։ New Statesman-ը քննադատել է սցենարը նրա համար, որ «Հացումոմոյի հեռանալուց հետո ֆիլմը կորցնում է իմպուլսն ու վերածվում փոխվող պատկերների շարքի», ինչպես նաև նրա հաամր, որ ֆիլմը «չի հետևում գրքին, այլ վերածվում է օճառային օպերայի»[6]։ The Journal-ը գովել է Ցզիին «անմեղության ու անպաշտպանության ստեղծած կերպարի համար», սակայն նշում է, որ «չափազանց շատ զգացմունքներ են հերոսները թաքցնում սպիտակ ներկի ու դիմակի տակ»[7]։ Լոնդոնյան The Evening Standard-ը «Գեյշայի հուշերը» ֆիլմը համեմատում է «Մոխրոտի» հետ և նշում, որ «Գուն Լին կարող է լինել անհաջողակ սյուժեում, սակայն հենց նա է փրկում ֆիլմը»[8]։ Տասնութ օր անց The Evening Standard-ը ֆիլմն ընդգրկել է լավագույնների ցանկում[9]։

Դերասանական կազմի քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատներն ընդգծում են, որ գլխավոր դերերը կատարելու, մասնավորապես գեյշաներին մարմնավորելու համար ընտրվել են չինացի դերասանուհիներ։ Ֆիլմն ստեղծողներն ասել են, որ դերասաններին ընտրել են ըստ իրենց տաղանդի ու հայտնիության, իսկ Ռոբ Մարշալը նշել է, որ Էնթոնի Քուինն ունի իռլանդա-մեքսիկական արմատներ, սակայն «Հույն Զոռբան» ֆիլմում կատարել է հույնի դեր[10]։

Ասիայում նույնպես կարծիքները տարբեր են եղել։ Չինացիներն իրենց վիրավորված են զգացել այն բանի համար, որ չինուհիները մարմնավորել են «մարմնավաճառների», իսկ Չինաստանի կառավարությունն արգելել է ֆիլմը նմանատիպ ասոցացումների պատճառով[11]։ Սխալի պատճառը, ի թիվս այլոց, եղել է ճապոներեն «գեյգի» (芸妓) բառը, որ Կանսայում նշանակում է գեյշա։ Երկրորդ հիերոգլիֆը ճապոներենում կարող է նշանակել ինչպես գեյշա, այնպես էլ յուդզյո՝ մարմնավաճառ, սակայն չինարենում ունի միայն երկրորդ նշանակությունը։ Թարգմանիչները պահպանել են ճապոներեն անվանումը և չեն թարգմանել այն չինարեն (艺伎 կամ 藝伎 բառը չինարեն նշանակում է գեյշա)։ Ճապոնացիները կամ բացասաբար են արտահայտվել ֆիլմում չինուհիների նկարահանելու վերաբերյալ, կամ էլ պաշտպանել են Քեն Վատանաբեի տեսակետը. «Տաղանդն ավելի կարևոր է ազգությունից»[12]։

Չժան Ցզիին ասել է.

Aquote1.png Անկախ այն բանից, թե դերասանները եղել են ճապոնացիներ, չինացիներ կամ կորեացիներ, նրանք պատկերացում չեն ունեցել գեյշայի աշխատանքի մասին։

«Գեյշայի հուշերը» չի նախատեսվել որպես վավերագրական ֆիլմ։ Չինական թերթը գրել է, թե նախապատրաստման համար վեց շաբաթը ոչ հարգալից վերաբերմունք է մշակույթի նկատմամբ։ Դա նույնն է, եթե պնդենք, թե իբր գողի դեր կատարելու համար պետք է թալանել մի քանի մարդու։ Ինձ թվում է, որ Ճապոնիայի ու Չինաստանի միջև եղած պատմական լարվածությունն է բացասական արձագանքների իրական պատճառներից մեկը[13]։

Aquote2.png


Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Կատեգորիա Ներկայացված Արդյունք
Օսկար[14] Լավագույն օպերատորական աշխատանք Դիոն Բիբի Հաղթանակ
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք Ջոն Միր, Գրետչեն Ռաու Հաղթանակ
Հագուստի լավագույն դիզայն Քոլին Էտվուդ Հաղթանակ
Ֆիլմի լավագույն երաժշտություն Ջոն Ուիլյամս Առաջադրված
Լավագույն ձայն Քևին Օ’Քոննել, Գրեգ Օ. Ռասել, Ռիկ Քլայն, Ջոն Պրիտչետ Առաջադրված
Ձայնի լավագույն մոնտաժ Ուայլի Սթեյթման Առաջադրված
BAFTA Կնոջ լավագույն դերակատարում Չժան Ցզիի Առաջադրված
Լավագույն օպերատորական աշխատանք Դիոն Բիբի Հաղթանակ
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք Ջոն Միր Առաջադրված
Հագուստի լավագույն դիզայն Քոլին Էտվուդ Հաղթանակ
Լավագույն գրիմ Նորիկո Վատանաբո, Քեյթ Բիսկո, Լինդել Քիյոու, Կելվին Ռ. Թրեն Առաջադրված
Ֆիլմի լավագույն երաժշտություն Ջոն Ուիլյամս Հաղթանակ
Ոսկե գլոբուս Կնոջ լավագույն դերակատարում դրամայում Չժան Ցզիի Առաջադրված
Ֆիլմի լավագույն երաժշտություն Ջոն Ուիլյամս Հաղթանակ
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Կնոջ լավագույն դերակատարում Չժան Ցզիի Առաջադրված
Գրեմմի 2007 Լավագույն ալբոմ, որ կինոյի և TV սաունդթրեք է Ջոն Ուիլյամս Հաղթանակ
2009 Լավագույն գործիքային կոմպոզիցիա Ջոն Ուիլյամս («Sayuri's Theme and End Credits») Առաջադրված

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գեյշայի հուշերը» սաունդթրեքի պաշտոնական ալբոմը ձայնագրվել է Յո Յո Մայի (թավջութակ) և Իցհակ Պերլմանի (ջութակ) մասնակցությամբ։ Երաժշտությունը հեղինակել է Ջոն Ուիլյամսը, ով դրա համար ստացել է իր չորրորդ «Ոսկե գլոբուսը» ֆիլմի լավագույն օրիգինալ երաժշտություն անվանակարգում։

  1. "Sayuri's Theme" – 1:31
  2. "The Journey to the Hanamachi" – 4:06
  3. "Going to School" – 2:42
  4. "Brush on Silk" – 2:31
  5. "Chiyo's Prayer" – 3:36
  6. "Becoming a Geisha" – 4:32
  7. "Finding Satsu" – 3:44
  8. "The Chairman's Waltz" – 2:39
  9. "The Rooftops of the Hanamachi" – 3:49
  10. "The Garden Meeting" – 2:44
  11. "Dr. Crab's Prize" – 2:18
  12. "Destiny's Path" – 3:20
  13. "A New Name... A New Life" – 3:33
  14. "The Fire Scene and the Coming of War" – 6:48
  15. "As the Water..." – 2:01
  16. "Confluence" – 3:42
  17. "A Dream Discarded" – 2:00
  18. "Sayuri's Theme and End Credits" – 5:06

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆիլմերի շվեդական շտեմարան
  2. 2,0 2,1 Freebase Data DumpsGoogle.
  3. Person Profile // Internet Movie Database — 1990.
  4. «Memoirs of a Geisha (2005)»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2007-02-25 
  5. «Memoirs of a Geisha (2005)»։ Metacritic։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-08-ին։ Վերցված է 2007-04-15 
  6. Lyttle, John. «The Eastern Affront: This Depiction of Oppression Is Decorously Polite.» New Statesman 16 Jan. 2006: 47.
  7. «Memoirs of a Geisha.» The Journal (Newcastle, England) 13 Jan. 2006: 20.
  8. «Dazzled by the Tricks of an Exotic Trade.» The Evening Standard (London, England) 12 Jan. 2006: 34.
  9. «Critic’s Choice; Top Ten Films.» The Evening Standard (London, England) 30 Jan. 2006: 40.
  10. «Geisha film-makers defend casting»։ BBC News։ December 8, 2005։ Վերցված է May 12, 2010 
  11. «China cancels release of 'Memoirs of a Geisha'»։ USA Today։ February 1, 2006։ Վերցված է May 12, 2010 
  12. «Watanabe defends casting in 'Geisha' - Boston.com»։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-12-21-ին 
  13. Zhang Ziyi at HelloZiyi.us - Interview magazine July 2006
  14. «The 78th Academy Awards (2006) Nominees and Winners»։ oscars.org։ Վերցված է 2011-11-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են