Գեղարքունիքի մարզն Արցախյան ազատամարտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գեղարքունիքի մարզն Արցախյան ազատագրական պատերազմում, Ղարաբաղյան շարժման և Ղարաբաղյան պատերազմի սկզբից մարզն ուղղակիորեն ներքաշվել է հակամարտության մեջ։

Սումգայիթի ցեղասպանությունից հետո անվստահության և թշնամանքի մթնոլորտ է ստեղծվել Սևանի ավազանի հայ և ադրբեջանցի բնակչության միջև։ Հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ (146 կմ) տեղաբաշխված ադրբեջանաբնակ գյուղերը, տասնյակ հազարների հասնող բնակչությամբ (դրանց մի մասը զինված էին), զբաղեցնելով ռազմավարական նշանակության դիրքեր, լուրջ վտանգ էին ներկայացնում հայ բնակչության համար։ Դա հատկապես ակնառու էր Ճամբարակի և Վարդենիսի շրջաններում։ Վտանգավոր զարգացումները և ազգամիջյան բախումները կանխելու նպատակով 1988 թ.-ի ամռանը խորհրդային բանակի մի զորաջոկատ երկու ամսից ավելի բանակել է Մարտունիի շրջանում։ 1988 թ.նոյեմբերին մարզեն տեղափոխվել է Շամխուից, Կիրովաբադից, Դաշքեսանից և Ադրբեջանի այլ շրջաններից բռնագաղթածներ, նոյեմբերի 25-ին ադրբեջանաբնակ Շաֆակ և Տուֆավան գյուղերի մի խումբ զինյալներ կրակ են բացել Վարդենիսից Մարտունի ուղևորվող բեռնատար ավտոմեքենաների վրա։

Հետագա արյունալի բախումները կանխվել են խորհրդային բանակի ուժերով։ 1989 թ.-ի հունվարից ադրբեջանցիները հեռացել են Սևանի ավազանի բնակավայրերից՝ առանց լուրջ բախումների։ Ազատված գյուղերը բնակեցվել են բռնագաղթածներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։