Գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիա
Տեսակակադեմիա, նկարիչների միություն և ազգային ակադեմիա
Երկիր Ֆրանսիա
ԿարգախոսLibertas artibus restituta
ՀաջորդողԳեղեցիկ արվեստների ակադեմիա
Հիմնադրվածհունվարի 20, 1648
Լուծարվածօգոստոսի 8, 1793
ՀիմնադիրՋուլիո Մազարինի

Գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիա (ֆր.՝ Académie royale de peinture et de sculpture), Ֆրանսիայում գործող թագավորական կառույց ֆրանսիացի ազատ նկարիչների համար, որը հիմնադրվել է Փարիզում 1648 թվականին՝ Լյուդովիկոս XIV թագավորի գեղանկարիչ Շառլ լը Բրենի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XVII դարի առաջին կեսին Ֆրանսիայում՝ Լյուդովիկոս XIV - ի կառավարման ժամանակաշրջանում, այսպես կոչված «բարձր ոճի» ժամանակաշրջանն էր, որը միավորել էր դասական և Բարոկկո արվեստի տարատեսակ տարրերը շքեղ և արտահայտիչ ձևերի մեջ։ Այս դարաշրջանն անվանել են ֆրանսիական արվեստի «ոսկեդար»։ Այս ժամանակաշրջանը նաև ակադեմիզմի գաղափարի կազմավորման շրջանն էր, որի նպատակը ոչ միայն կանոններին հետևելն էր, այլև բոլոր նկարիչներին արքայական գահի շուրջ համախմբելը՝ փառաբանելու արքայական իշխանության բացարձակությունը[1]։

Այս կարևոր գաղափարախոսական խնդրի լուծումը բարդացել էր ազատ արհեստավորական գիլդիաների, գեղանկարիչների ու քանդակագործների կազմակերպությունների մրցակցության պատճառով։ Այս արվեստագետները՝ որպես Սուրբ Ղուկասի գիլդիայի անդամ, օգտվում էին շատ արտոնություններից։ Ֆրանսիացի նկարիչները Շառլ լը Բրենի գլխավորությամբ հովանավորչություն են խնդրում արքայամայր Աննա Ավստրիացուց։ Ի դեմս կանցլեր Պիեռ Սեգյեի՝ նկարիչները գտան իրենց հովանավորին։

1648 թվականի հունվարի 20-ին հրապարակվել է արքայի հրամանը, որով սահմանվել է 2000 լիվր տուգանք նկարիչների միության աշխատանքներին միջամտելու համար։ Նկարիչների միությունը ստացել էր նոր անվանում՝ Գեղանկարչության և քանդակագործության ակադեմիա՝ արքայական տիտղոսով։ Ակադեմիա կարող էին ընդունվել բոլոր ցանկացողները, եթե տասներկու ավագների խորհուրդը (ֆր.՝ anciens) թեկնածուին համարում էր արվեստի գիտակ։ Նույն 1648 թվականին Ակադեմիայում բացվել է նաև արվեստի հասարակական ուսուցումը, որը շարունակվել է մինչև հեղափոխական 1793 թվականը։

Ֆրանսիական Ակադեմիան ստեղծվել է Իտալական ակադեմիայի օրինակով, սակայն տարբերվում է իտալացի նկարիչների խիստ կանոնակարգով և հիերարխայով առաջնորդվող ազատ կազմակերպություններից։ 1671 թվականին Փարիզում հիմնադրվել է Ճարտարապետության արքայական ակադեմիան, որի տնօրենը Ֆրանսուա Բլոնդելն էր, իսկ քարտուղարը՝ Ա․ Ֆելիբիենը։ 1663 թվականին Ժան Բատիստ Կոլբերը Փարիզում հիմնել է «Արձանագրությունների արքայական ակադեմիան», որը զբաղվել է արքայի գործունեությունը փառաբանող հուշարձանների և շքանշանների արձանագրությունների մակագրությամբ։ Ակադեմիայի վարման տիրույթում էին նաև պատմությունը, հնագիտությունը, բանասիրությունը։ Արձանագրությունների ակադեմիան լուծարվել է 1793 թվականին[2]։

Ֆրանսիական հեղափոխության օրերին ակադեմիայի աշխատանքը դադարել է, ապա վերանվանվել է Գեղանկարչության և քանդակագործության ակադեմիա (Academie de Peinture et de Sculpture)։ 1816 թվականին այն միավորվել է արվեստի երկու այլ կազմակերպությունների՝ Երաժշտական ակադեմիայի (հիմնադրված1669 թվականին) և Ճարտարապետության ակադեմիայի (իմնադրված 1671 թվականին) հետ, ինչի արդյունքում ստեղծվել է Գեղարվեստի ակադեմիան։ 1817 թվականից այն անվանվել է Կերպարվեստի ազգային բարձրագույն դպրոց (École Nationale Supérieure des Beaux-Arts ENSBA), իսկ ավելի պարզ՝ Փարիզի արվեստի ակադեմիա[3]։

Առաջին 12 անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1648 թվականին Ակադեմիայի հիմնադիրները (ավագներ) եղել են․

  1. Շառլ լը Բրեն (1619—1690) — գեղանկարիչ
  2. Ֆիլիպ դը Շամպան (1602—1674) — գեղանկարիչ Բրյուսելից
  3. Սեբաստիան Բուրդոն (1616—1671) — գեղանկարիչ և փորագրող
  4. Լուի Բուլոն Ավագ (1609—1674) — գեղանկարիչ և փորագրող
  5. Յուստուս վան Էգմոնտ] (1601—1674) — ֆլամանդացի գեղանկարիչ.
  6. Ժերար վան Օպստալ(1594—1668) — քանդակագործ Բրյուսելից
  7. Լորան դը լա Գիր (1606—1656) — գեղանկարիչ, գծանկարիչ և փորագրող
  8. Էստաշ Լեսյուեր (1616—1655) — ֆրանսիացի նկարիչ, գեղանկարիչ և փորագրող, անվանել են «ֆրանսիական Ռաֆայել».
  9. Ժակ Սարազեն (1592—1660) — քանդակագործ, դեկորատոր, գծանկարիչ և գեղանկարիչ, 1654—1660 թվականներին եղել է Ակադեմիայի տնօրեն
  10. Աբրահամ Բոս (1604—1676) — փորագրող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mémoires pour servir à l'histoire de l'Académie royale de peinture et de sculpture depuis 1648 jusqu'en 1664. Tome 1 / [Henry Testelin] ; publiés par M. Anatole de Montaiglon,...» (ռուսերեն). 1853. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  2. Власов В. Г. Академии художеств, академизм // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. I, 2004. — С. 105—107
  3. Landois (biography), Paul (2003 թ․ հոկտեմբերի 1). «Academy of Painting». Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]