Գեղամ Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղամ Բաղդասարյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 1, 1961(1961-10-01) (62 տարեկան)
ԾննդավայրՍարդարաշեն, Խոջալուի շրջան
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող

Գեղամ Նիկոլայի Բաղդասարյան (հոկտեմբերի 1, 1961(1961-10-01), Սարդարաշեն, Խոջալուի շրջան), արցախցի լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղամ Բաղդասարյանը ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 1-ին Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղում։ 1978 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 7 միջնակարգ դպրոցը։ 1982 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը։

1982-1984 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում, այնուհետև աշխատանքի է անցել «Խորհրդային Ղարաբաղ» թերթում, որտեղ աշխատել է մինչև 1991 թվականը, նախ՝ թարգմանիչ, ապա թղթակից, հետո՝ հրապարակախոսության բաժնի վարիչ։

1991 թվականին եղել է «Արցախ» հանդեսի ավագ խմբագիր, տարբեր ժամանակահատվածներում աշխատակցել «Ամարաս» ու «Արցախյան ժամանակ» թերթերին։ 1992-1993 թվականներին եղել է Արցախի Հանրապետության առաջին գումարման Ազգային Ժողովի լրատվական ծառայության ղեկավար և Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար։

1994 թվականին աշխատել է Արցախի հեռուստատեսությունում, ապա մինչև պատերազմի ավարտը ծառայել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում՝ որպես ուսումնական գնդի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ։ Նույն տարում նշանակվել է «Արցախ» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնակատար։

1995 թվականին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։

1996 թվականին ժամանակավորապես տեղափոխվել է Ռուսաստանի Կալինինգրադի մարզ, աշխատել տեղի «Սվոբոդնայա զոնա» և «Կալինինգրադսկայա պրավդա» մարզային թերթերում։ Եղել է Մոսկվայում լույսընծայվող «Նոյես Դոյչլանդ» թերթի սեփական թղթակիցը տարածաշրջանում։

1997 թվականին հաստատվել է Երևանում, որպես թողարկու խմբագիր աշխատել «Նոյյան տապան» գործակալությունում։ Նույն տարում վերադարձել է Ստեփանակերտ, նշանակվել Տեղեկատվության ու մամուլի նորաստեղծ դեպարտամենտի պետի տեղակալ։ Աշխատակցել է «Հայաստանի Հանրապետություն» թերթին։

1998 թվականից՝ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ է[1]։ 1998 թվականին նշանակվել է «Ազատ Արցախ» հանրապետական պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր։

1999 թվականին մի խումբ գործընկերների հետ հիմնադրել է «10-րդ նահանգ» հասարակական-քաղաքական թերթը, եղել նրա գլխավոր խմբագիրը։ Թերթի գործունեությունը ժամանակավոր դադարեցվելուց հետո աշխատակցել է «Հայկական ժամանակ» թերթին։ 2004-2008 թթ. խմբագրել է «Դեմո» հանրային թերթը։

2005 թվականի հունիսի 19-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է Արցախի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր[2]։

2009 թվականից «Անալիտիկոն» վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր է[3][4][5]։

Եղել է «Հարավային Կովկաս» լրագրողական միջազգային կազմակերպության համանախագահ, Ռուսաստանի լրագրողների միության Էքստրեմալ լրագրության կենտրոնի փորձագետ, մասնակցել տարածաշրջանային ու միջազգային մի շարք լրագրողական ու խաղաղարար ծրագրերի։

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ճանապարհորդություն ի Հայս» 2000 թվական

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մայրական երախտագիտություն» մեդալ 1997 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՄԱՄՈՒԼ․ամ. ««Արցախի իշխանությունը չի պատասխանում այդ հարցերին»․ Գեղամ Բաղդասարյան». ՄԱՄՈՒԼ․ամ. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
  2. «19 հունիսի 2005թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
  3. ««ԱՆԱԼԻՏԻԿՈՆ» ԱՄՍԱԳԻՐ («ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ» հասարակական կազմակերպություն)». www.spyur.am. 23.08.2023.
  4. «Գեղամ Բաղդասարյան. «Արցախը դադարել է սուբյեկտ լինելուց և վերածվել է օբյեկտի»». www.7or.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
  5. ««Շուտով գալու է այն օրը, երբ պատերազմի սպառնալիքով մեզ բերելու են…բանակցային սեղանի շուրջ». Գեղամ Բաղդասարյան». ԳԱԼԱ. 2019 թ․ մարտի 13. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]