Գեղագիտական ճաշակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանտի համար գեղեցկությունը ոչ թե ինչ-որ առարկայի սեփականություն է, այլ սուբյեկտիվ զգացողության վրա հիմնված գեղագիտական դատողություն

Գեղագիտական ճաշակ, գեղեցիկի դիրքերից արվեստի ստեղծագործությունն ու իրականությունն ընկալելու և սոցիալ-հոգեբանական գնահատական տալու մարդու հոգևոր ընդունակությունը։ Որպես գեղագիտական կատեգորիա ճաշակը, ըստ էության, կիրառվում է 17-րդ դարից։ Սկսած Ն․ Բոալոյից ճաշակի հիմնական հատկանիշներ են համարվել ճշմարտանմանությունը, բանական լինելը, հստակությունը․ Հ․ Հոմը և Ա․ Շաֆտսբհրին ճաշակին հաղորդել են նաև բարոյական իմաստ։ Ի․ Կանտը «ճաշակի անտինոմիաներում» ճաշակ ներկայացրել է որպես զգայության և բանախոհության երկընտրանք, որպես հակասություն անհատական ազատ դատողության և ճաշակի համընդհանրության միջև։ Սակայն Կանտը չկարողացավ լուծել այս անտինոմիաները։ Հեգելը ճաշակը քննարկել է հիմնականում կասված արվեստի հետ։ Սակայն գիտակցելով ճաշակի լայն բովանդակությունը՝ պնդել է, որ այն «մշակույթի ազդեցությամբ նրբացված գեղեցիկի զգացումն է։ Մարքսիստական գեղագիտությունն ընդգծում է ճաշակի հասարակական բնույթը և կախվածությունը նրա կրողի սոցիալական դրությունից, գործուն բնույթը և առարկայական պայմանավորվածությունը։ Մարքսիստական գեղագիտությունը ճաշակը դիտում է որպես կյանքի բոլոր բնագավառներում դրսևորվող պատմահասարակական մշակույթի արտահայտություն։ Ճաշակի առաջացման մեջ ելակետային գործոն է ճանաչվում արվեստը։ Բնության, մարդու և մարդկային պատմության գեղագիտական կողմի նկատմամբ ճաշակի ձևավորումը ածանցյալ է և պատմականորեն իրականացվել է արվեստի միջոցով։ Ընդհանրապես ճաշակի զարգացման պատմությունը վկայում է նրա ոլորտների ընդլայնումը։ Արվեստի մեջ գեղեցիկի ընկալումով ավելի խոր և նուրբ է ըմբռնվում նաև բնության, շրջապատի իրերի, մարդու գեղեցկությունը,։ Առօրյայում օգտագործվում է նաև «գեղարվեստական ճաշակ» հասկացությունը՝ որպես գեղագիտական ճաշակի հոմանիշ։ Այս դեպքում գեղարվեստական ճաշակը հասկացվում է որպես գեղագիտական ճաշակ, որը դրսևորվում է գեղարվեստական գործունեության ոլորտում (գեղարվեստական ստեղծագործության գնահատումը, ստեղծումը, ընկալումը)։ Գեղարվեստական ճաշակի ձևավորման վրա ազդեցություն են ունենում ինչպես անհատի սոցիալական դրությունը, այնպես էլ ժողովրդի ազգային ավանդույթները ն տեղի գեղարվեստական մշակույթի յուրահատկությունները։ Գեղագիտական ճաշակի ձևավորումը գեղագիտական դաստիարակության նպատակներից է։ Ճաշակ գործածվում է նաև սեր կամ հակում («երաժշտական ճաշակ», «գրական ճաշակ»), ինչպես և ոճ («եվրոպական ճաշակ», «18-րդ դարի ճաշակով») իմաստներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 67