Գասպար Իփեկյան թատերախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գասպար Իփեկյան թատերախումբ
Տեսակթատերախումբ
Երկիր Լիբանան
Հիմնադրման ամսաթիվ1941

«Գասպար Իփեկյան թատերախումբ», Համազգային մշակութային միության թատերախումբ։ Կազմակերպվել է 1941 թվականին, դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Գասպար Իփեկյանի նախաձեռնությամբ, առաջին ներկայացումը՝ Շանթի «Ինկած բերդի իշխանուհին», տեղի է ունեցել 1942 թվականին։

1952 թվականից կոչվել է հիմնադրի՝ Գասպար Իփեկյանի անունով։ 1960-ական թվականներից թատերախումբը ներկայացումներ է տալիս Բուրջ Համուդ հայաշատ թաղամասի կենտրոնում կառուցված «Հակոբ Տեր-Մեյքոնյան» թատերասրահում (500 տեղանոց)։ Բեմադրվել են ազգային և թարգմանական պիեսներ՝ Լևոն Շանթի «Հին Աստվածներ», «Կայսր», «Քաղաքավարության վնասները» (ըստ Հակոբ Պարոնյանի), Սունդուկյանի «Պեպո», Շիրվանզադեի «Քաոս», Գոգոլի «Քննիչը», Իբսենի «ժողովրդի թշնամին», Պանյոլի «Փառքի վաշխառուները» են։ Թատերախումբը ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրներում։

Թատերախմբում գործել են Ժորժ Սարգիսյանը (պարգևատրվել է Լիբանանի պետական, Համազգայինի, Կիլիկիո կաթողիկոսության շքանշաններով), դերասան֊դերասանուհիներ՝ Զ. Շանթը, Ն. Մինասյանը, Գեղամ Տեր-Կարապետյանը, Մ. Սարգիսյանը, Պ. Գարագաշյանը, ժ. Շահապյանը, Հ. Պոպյանը, Հ. Թորիկյանը, Դ. Պոյաճյանը, Ա. Խաչատուրյանը, Վ. Վարդապետյանը, Խ. Արարատյանը և այլք։

1982-1985 թվականներին թատերախումբը ղեկավարել է Բաբկեն Փափազյանը, բեմադրել է Շանթի «Օշին Պայլ» և Մուշեղ Իշխանի «Պարույր Հայկազն և Մովսես Խորենացի» պիեսները։ 1987-2002 թվականներին Վարուժան Խտշյանի բեմադրությամբ թատերախումբը ներկայացրել է Շանթի «Հին Աստվածներ», «Եսի մարդը», «Կայսր», Հակոբ Օշականի «Երկնքի ճամփով», Ա. Միլլերի «Բոլոր զավակներս», «Գինը», Կ. Մանյեի «Օսկարը», Ն. Սայմոնի «Երկրորդ պողոտայի բանտարկյալը», ժ. Շեհադեի «Բրիզբանի գաղթականը» և այլ պիեսներ։ 2003-ին Զ. Ցագուպյանի բեմադրությամբ թատերախումբը ներկայացրել է Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքան» պիեսը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։