Գառնու հեթանոսական տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գառնի (այլ կիրառումներ)
Հեթանոսական տաճար
Գառնու հեթանոսական տաճար
Գառնու հեթանոսական տաճարը 2018 թվականին
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունԿոտայքի մարզ
Գառնի գյուղ
Շինության տեսակհեթանոսական տաճար
Շինարարանհայտ
ՀիմնադիրՏրդատ Ա
ԿարգավիճակԲնության հատուկ պահպանվող տարածք
ՎիճակՎերականգնվել է 1966-1976 թվականներին
Քարտեզ
Քարտեզ
Գառնու հեթանոսական տաճարը Վիքիպահեստում

Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական արևապաշտական տաճար Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է[1]։

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։

․․․ շինում է մի դաստակերտ և անունը դնում է Գեղամի, որ հետո նրա թոռան՝ Գառնիկի անունով կոչվեց Գառնի։
- Մովսես Խորենացի, Հայոց պատմություն[2]

2011 թվականի ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է Մելինա Մերկուրիի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Հունաստան 2011 մրցանակից[3]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում

Տրդատ Ա
Գառնու տաճարին նվիրված ՀՀ հուշադրամի դարձերեսը, 1994

Տրդատ Ա-ն մ. թ. 65 թվականին մեկնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ՝ թագադրվելու։ Մինչ այդ Հայաստանում Հռոմի ազդեցությունը վերականգնելու նպատակով պատերազմ սկսվեց (54-63 թվականներ) Պարթևստանի դեմ, որն ավարտվեց հայ-պարթևական ուժերի հաղթանակով։ Հռանդեայի պայմանագրով (64 թվական) որոշվեց, որ հայոց արքա Տրդատ Ա-ն իր թագը ստանալու է Ներոնից։

Հռոմեական զորքերը 59 թվականին գրավել, ավերել ու հրկիզել են Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը։ Ներոնի ցուցումով Կորբուլոնը Տրդատ Ա-ի հետ 64 թվականին ստորագրել է Հռենադայի հաշտության պայմանագիրը, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը, իսկ Տրդատին՝ Հայաստանի թագավոր, պայմանով, որ նա մեկնի Հռոմ և թագադրվի Ներոնի ձեռքով։ 65 թվականին Տրդատ Ա-ն իր ընտանիքով՝ կնոջ ու երեխաների, եղբորորդիների, ինչպես և 3 հազար հայ ու պարթև հեծելազորի, շքախմբի և հռոմեական մի հատուկ զորամասի ուղեկցությամբ ցամաքային ճանապարհով ուղևորվում է Հռոմ։ Նրանց ամենուր հանդիսավոր ու փառահեղ ընդունելություն են ցույց տալիս։ Ուղևորության ամբողջ ծախսը (օրական մոտ 200 000 դինար-դրաքմե) վճարում էր Հռոմեական կայսրությունը։

Ներոն կայսրը Տրդատին ընդունում է սիրալիր։ Ներապոլիս և Հռոմ քաղաքներում նրա պատվին կազմակերպվել են շքեղ հանդեսներ ու մրցախաղեր։ Տրդատ Ա-ին Ներոնը թագադրել է Հռոմի ֆորումում՝ բազմության և զորքի ներկայությամբ։ Այդ իրադարձությունը նկարագրում է Դիոն Կասիոսը. այդ օրը Տրդատը, բռնադատելով իր հպարտությունը, պատեհության և անհրաժեշտության առաջ դարձավ ծառայամիտ, առանց ուշադրություն դարձնելու, թե ստորացուցիչ ինչ խոսքեր էր բարբառելու իր ստանալիք պարգևի հույսով։ Նա խոսեց այսպես.

Ես, ո՛վ վեհապետ, Արսակեսի հետնորդն եմ, Վոլոգեսոս և Պակորոս թագավորների եղբայրը, իսկ քո ծառան։ Ու եկել եմ ես դեպի քեզ, իմ աստծուն, երկրպագելու քեզ, ինչպես Միթրային, և թող ինձ համար կատարվի այն, ինչ դու ինքդ կամենաս. քանզի դու ես իմ վիճակը և իմ բախտը[4]։

Իսկ Ներոնը նրան պատասխանեց.

Եվ դու լավ արեցիր անձամբ գալով այստեղ, որպեսզի քո ներկայությամբ իմ ներկայությունը վայելես. և այն ամենը, ինչ ոչ քո հայրը քեզ ժառանգություն թողեց, ոչ ևս քո եղբայրները քեզ տալուց հետո պահպանեցին, ես բոլորը քեզ պարգևում եմ և դարձնում Հայաստանի թագավոր, որպեսզի թե՛ դու և թե՛ նրանք հասկանաք, թե ես կարող եմ թագավորություններ և՛ վերցնել, և՛ պարգևել[5]։

Թե ինչու պետք է Ներոնի ուղարկած զորքին Հռանդեայի ճակատամարտում ծանր պարտության մատնած և խայտառակած (հռոմեական զորքին ստիպեցին անցնել նիզակների տակով) Տրդատը այսպես դիմեր կայսրին, մնում է անհասկանալի։ Նամանանավանդ, որ Տրդատին հաճոյեցնելու համար, որպեսզի վերջինս գա և ստանա գահ Հռոմում, Ներոնը վճարեց արքայի ողջ շքախմբի ճանապարհորդության համար դեպի Հռոմ և վճարեց Արտաշատի վերականգման համար։  Հայտնի է նաև, որ հռոմեական պատմիչը երբևիցե ականատես չէր եղել այդ իրադարձություններին, քանի որ ապրել էր 100 տարի հետո։  Կարելի է եզրակացնել, որ սա հռոմեական պատմիչի կողմից պարզապես հորինված պատմություն է, պարտություն կրած կայսրության դեմքը պատմության առաջ փրկերու համար։

Կորբուլոնի ավերած Արտաշատը վերաշինելու համար Ներոնը Տրդատին նվիրում է 50 միլիոն դինար-դրաքմե, ինչպես նաև Արտաշատը վերականգնելու համար՝ հռոմեացի բազմաթիվ արհեստավորներ։ Տրդատն ուներ շինարարական աշխատանքների ընդարձակ ծրագիր։ Նա չի բավարարվում Ներոնի տված արհեստավորներով և «… մեծ դրամ խոստանալով, ձգտում է իր հետ Հայաստան տանել այլ վարպետներ և արհեստավորներ, բայց Կորբուլոնը արգելք է հանդիսանում, թույլ տալով թագավորին տանել միայն նրանց, որոնց տվել էր կայսրը»[5]։ Տրդատ Ա-ն 66 թվականին իր ուղեկիցներով վերադարձել է Հայաստան և, օգտվելով խաղաղ ու բարենպաստ պայմաններից, զբաղվել շինարարական աշխատանքներով՝ վերաշինել է ավերված Արտաշատը՝ «Հայոց Կարթագենը» և այլ բնակավայրեր։ Նա վերակառուցում է նաև Գառնու բերդը և նրա ներսում կառուցում նոր շենքեր, այդ թվում՝ Գառնու տաճարը։ հ

Պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին[6]։ Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին[7]։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցլի (խավարի) դեմ մենամարտելիս։

Ա. Կ. Տրևերը գրում է․

․․․ Գառնու հեթանոսական տաճարը նվիրված է եղել Արևի աստծու պաշտամունքին, հնարավոր է, որ այդ աստվածությունը ժողովրդի մեջ դեռևս կրում էր Արեգ անունը, իսկ Արշակունիների թագավորական առօրյա կենցաղում կոչվում էր Միհր, այսինքն՝ Միթրա[8]։

Բարենորոգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

7-րդ դարի Սուրբ Սիոն եկեղեցու փլատակները։

4-րդ դարի առաջին տարիներին տաճարի ներսում և դրսում կատարվել են բարենորոգման աշխատանքներ. այն վերափոխվում էր իբրև «տուն հովանոց»։ Վերացվել են դրսի զոհասեղանները, ներսի կուռքը, ծածկվել է երդիկի բացվածքը, վերացվել երդիկից թափվող ջրերի հեռացման համար հատակի վրա ստեղծված քարակերտ հարմարանքը, և այդ մասը սալահատակվել, վերափոխվել է տաճարի մուտքը՝ այն հարմարացնելով բնակության համար[9]։

Գառնու պեղումների ընթացքում հայտնաբերված որոշ բեկորների ուսումնասիրությունը Մառին բերեցին այն եզրակացության, որ քրիստոնեական կրոնի ընդունումից հետո հեթանոսական տաճարը վերակառուցվել է և նրա ցելլայի մեջ ստեղծվել է եկեղեցի։ Այդ տեսակետին են Խաչատուր Դադայանը, Յա. Սմիռնովը, Կ. Վ. Տրևերը։ Դրան համակարծիք չէ Ալեքսանդր Սահինյանը[10]։ Ըստ նրա՝ եկեղեցին եղել է, բայց այն կառուցված է եղել անտիկ տաճարի արևմտյան կողմում։ Այդ քառաբսիդ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, որի ավերակները ցարդ նույն տեղում են[11]։

Երկրաշարժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի փլատակները 20-րդ դարի սկզբին (հրատարակված 1918 թվականին)[12]։

1679 թվականին Գառնու տաճարը խոնարհվեց ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորները և պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը. դա հնարավոր դարձրեց տաճարի վերակազմությունն իր նախնական տեսքով։ Մինչ այդ, հարկ է հիշատակել այն փաստը, որ տաճարի վերականգնման հարցը բարձրացվել է դեռևս 1880-ական թվականներին, երբ հնագետ կոմս Ա. Ա. Ուվարովի առաջարկությամբ նախատեսվում էր տաճարի քարերը տեղափոխել Թիֆլիս և վերականգնել այնտեղ։ Քարերի տեղափոխումը հանձնարարված էր Երևանի նահանգապետին, որը, բարեբախտաբար, չկատարեց այդ հանձնարարականը՝ հիմնավորելով տեխնիկական անհնարինությամբ[13]։

Գառնու տաճարի հետազոտությամբ զբաղվել են Նիկողայոս Բունիաթյանը[14], Բաբկեն Առաքելյանը[15], Ն. Տոկարսկին և այլ հեղինակներ[16]։

Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայց մինչ այդ՝ 1909-1911 թվականներին, Նիկողայոս Մառի արշավախումբն առաջինն է պեղել ու բացել Գառնու նախաքրիստոնեական տաճարի, այնուհետև ՀՀ Գիտությունների ակադեմիայի 1948 թվականից գործող արշավախումբը (ղեկ. Բաբկեն ԱռաքելյանԳառնու ամրոցի ճարտարապետական ամբողջ համալիրի (ամրաշինական ու քաղաքաշինական կառույցների) մնացորդները։ 1930-ականներին Նիկողայոս Բունիաթյանը փորձել է վերականգնել տաճարը։

1949 թվականին ԳԱ հնագիտական արշավախումբը ձեռնարկեց Գառնու կանոնավոր պեղումները Բաբկեն Առաքելյանի ղեկավարությամբ։ Հենց այդ արշավախմբի հետ էլ Գառնու ճարտարապետական կառույցի իր ուսումնասիրությունը սկսեց Ալեքսանդր Սահինյանը։

Գառնի տաճարի վերականգնման նախագիծը կառավարությունը հաստատեց 1968 թվականի դեկտեմբերի 10-ին։ 1969 թվականի հունվարին սկսվեցին վերականգնման աշխատանքները։ Այստեղ ևս աշխատանքները ղեկավարում էր Ալեքսանդր Սահինյանը։ Վերականգնումն ավարտվեց 1975 թվականին՝ տաճարի կառուցումից ուղիղ 19 դար և կործանումից շուրջ երեք դար անց։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնու տաճարի քիվից հատված
Տաճարի հատակագիծը

Տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր տիպի կառույց է (պերիպտեր՝ չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ)։ Կանգնած է բարձր պատվանդանի վրա, որի գլխավոր մուտքի առաջ ունի ինն աստիճանից բաղկացած քարե սանդուղք։ Եռանկյուն ճակտոնը (հյուսիսային ճակատ) եզերված է ատամնաշարի և բուսական ու երկրաչափական քանդակների հարուստ համադրությամբ։ Երկթեք տանիքը ծածկված է բազալտե սալիկներով՝ միացված արճճով ամրացված գամերով։ Վիմագրական, մատենագիտական ու հնագիտական նյութերի համատեղումով արդեն պարզված է, որ տաճարը կառուցել է Տրդատ Ա թագավորն իր թագավորության 11-րդ տարում, այսինքն՝ մ. թ. 77 թվականին։

Մասնագետների մեծագույն մասը տաճարը համարում է «հռոմեական», «հունահռոմեական» հուշարձան կամ նրա ճարտարապետությունը կապում հելլենիստական ընդհանուր արվեստի հետ՝ գրեթե միշտ ընդգծելով (ավելի կամ պակաս չափով) հուշարձանի ճարտարապետական-կառուցողական արվեստում դրսևորվող տեսակի առանձնահատկությունները[17]։

Մի մասը հուշարձանը դիտում է իբրև հայկական-հելլենիստական կառուցվածք, իսկ որոշ հեղինակներ, ճիշտ հակառակը, այն համարում են միանգամայն «պատահական», «օտար մարմին» հայկական հողի վրա։ Մառը, խոսելով հայ մշակույթի, մասնավորապես ճարտարապետության մասին, դրանք չի համարում օտար երկրներից բերած բույս, այլ նշում է, որ դրանք միշտ եղել են իրենց «ինքնուրույն դրոշակակիրը»[18]։ Հայկական ճարտարապետության մեջ նա տեսնում էր երկու ուղղություն՝ առաջինը տեղական, երկրորդը՝ կազմավորված հունահռոմեական ճարտարապետության ազդեցության ներքո[19]։ Մառը գրում է.

… այլ ժողովուրդներից կրած ազդեցություններն էլ այնպես է յուրացրել, որ այդ ստացածի վրա դրոշմել է իր սեփական ազգային կնիքը[20]։

Ալեքսանդր Սահինյանն այն կարծիքին է, որ Գառնու տաճարը հունահռոմեական, ընդհանուր հելլենիստական ու տեղում գոյություն ունեցող ճարտարապետական-կառուցողական արվեստի յուրահատուկ մի սինթեզ է, որ այն հայկական-հելլենիստական մշակույթի հուշարձան է[21]։

Տաճարի սյուներ

Գառնու ամրոցն Արարատյան դաշտի հյուսիսարևելյան մատույցների պաշտպանական համակարգի հենակետն էր։ Անտիկ շրջանում հրվանդանի եռանկյան գագաթը կազմող բնական անանցանելի ժայռի շարունակության վրա ստեղծվել է ժամանակի համար անառիկ ամրաշինական հզոր կառուցվածք։ Ամրոցի եռանկյունաձև տարածքը, հարավից, հարավ- արևմուտքից, մասամբ արևելքից երիզված լինելով մինչև 300 մ բարձրություն ունեցող ժայռերով, հյուսիսից, հյուսիս-արևմուտքից և արևելքից շրջապատված է 14 աշտարակների հաջորդականությամբ ստեղծված պարսպապատով, որի ամբողջ պարագիծը (աշտարակների հետ) 314, 28 մ է։

Տաճարի խոյակներ

Մեծ ուշադրություն է դարձվել տաճարի հարդարանքին։ Քանդակազարդման արվեստի հիմքում ընկած է միասնական հորինվածքում բազմազան մոտիվների կիրառման սկզբունքը՝ բազմազանությունը միասնության մեջ։ Միմյանց չեն կրկնում տաճարի մյուս մասերի ու մանրամասների՝ խոյակների բարձիկների, արխիտրավների՝ սոֆիտների, սյունասրահների առաստաղի սալերի զարդաքանդակները։ Տարբեր մշակումներ ունեն նույնիսկ գլխավոր քիվի առանձին քարերի վրա փորագրված առյուծի գլուխների քանդակները։

Ն. Տոկարսկին բարձր է գնահատում կառույցում որձաքարի տաշի և քանդակման նուրբ տեխնիկան, որին, ըստ նրա, ի վիճակի էին հասնել միայն տեղական վարպետները, քան դյուրամշակ մարմարի հետ գործ ունեցող դրսից եկած հռոմեացիները։ Բայց միաժամանակ նշում է, որ Գառնու հեթանոսական տաճարը լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես տեղական վարպետները հմտորեն միահյուսեցին հռոմեական ճարտարապետության առանձին հատկանիշներ, գծեր հելլենիստական հիմքի մեջ[22]։

Հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավաշից պատրաստված Գառնու հեթանոսակա տաճարի մանրաքանդակը

Գառնու ամրոցի պաշտպանական անառիկ համակարգը, մասնավորապես անտիկ շրջանի տաճարի կառուցվածքը՝ «թախտն Տրդատայ», դարեր ի վեր հիշատակվում է հայ մատենագրության մեջ (Մովսես Խորենացի, Եղիշե, Փավստոս Բուզանդ, Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ, Կիրակոս Գանձակեցի, Վարդան Աշխարհագիր, Միքայել Ասորի, Գրիգոր Դարանաղցի և այլն)։

Բանաստեղծ Սիմոն Ապարանցին, 1593 թվականին այցելելով Գառնի, ի դեմս այնտեղ դեռ կանգուն մնացած տաճարի, վերապրում է հայ ժողովրդի անցած ուղին, կորցրած պետականությունը, մշակույթը և գրում հուշարձանին նվիրված իր «Ողբանք ի վերայ թախտին Տրդատայ թագաւորին» նշանավոր պոեմը[23]։ Գառնու անտիկ նախաքրիստոնեական տաճարը Ալեքսանդր Սահինյանը համարել է «ճարտարապետական արվեստի կատարյալ մի ստեղծագործություն»[24], Թորոս Թորամանյանը՝ «հայ գեղարվեստի թագուհի»[25], իսկ Հակոբ Մանանդյանը նշում է, որ «Հայկական մեծ անցյալի այս փառահեղ մնացորդը հայ ժողովուրդը պետք է պահպանի ամենամեծ խնամքով»[26]։

Սրճարանի կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերին ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը հայտարարեց, որ իրենք են Գառնու ամրոցում՝ Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան կառուցելու թույլատվություն են տվել, և շինարարությունը կավարտվի 2014 թվականի գարնանը[27][28]։

Հայտարարությունից հետո հասարակության տարբեր շրջանակներ՝ գիտնականներ, ճարտարապետներ, հուշարձանագետներ, ակտիվ քաղաքացիներ դատապարտեցին ՀՀ Կառավարության այդ որոշումը[29][30][31]։ Հասարակության ընդվզումը օրըստօրե քննադատական խոսքից վերածվեց ֆիզիկական առճակատման։ Մասնավորապես, մի քանի տասնյակ քաղաքացիներ Գառնու ամրոցից դուրս բերեցին սրճարանի համար նախատեսված շինանյութը և շինարարական տեխնիկան, տեղափոխեցին Երևան և թողեցին ՀՀ Մշակույթի նախարարության շենքի դիմաց «Հասմիկինը՝ Հասմիկին» մակագրությամբ[32][33]։

Հասարակական աճող բողոքը կանխելու նպատակով, այնուամենայնիվ, ՀՀ Մշակույթի նախարարությունը նահանջեց և 2014 թվականի մարտի 8–ին հայտարարեց, որ հրաժարվում է սրճարան կառուցելու որոշումից[34]։

Հուշակոթող նվիրված Գառնու տաճարի վերականգնմանը և ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանին 1978 թ.՝ տաճարի հյուսիսարևելյան կողմում։ Հեղինակ՝ ճարտարապետ Ռոբերտ Այդինյան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը հաստատելու մասին։». Arlis.am. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10։-ին.
  2. Մովսես Խորենացի (1991). Հայոց պատմություն. Երևան. էջ 77.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Գառնի տաճարին շնորհվել է Մելինա Մերկուրի միջազգային մրցանակը». Panorama.am. 2011 թ․ ապրիլի 28. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. Հովսեպոս Փլավիոս (1976). Դիոն Կասիոս.– Հին հունական աղբյուրներ. Երևան. էջեր 203:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  5. 5,0 5,1 Հովսեպոս Փլավիոս (1976). Դիոն Կասիոս.– Հին հունական աղբյուրներ. Երևան. էջեր 204:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  6. К. В. Тревер (1953). Очерки по истории культуры древней Армении. Москва. էջեր 77–95.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Մովսես Խորենացի. Հայոց պատմություն. էջեր 188:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  8. К. В. Тревер (1953). Очерки по истории культуры древней Армении. Москва. էջեր 42–59.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. Հակոբ Մանանդյան (1946). Գառնու հունարեն արձանագրությունը և Գառնու հեթանոսական տաճարի կառուցման ժամանակը. Երևան. էջեր 134–135:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  10. Ալեքսանդր Սահինյան (1983). Գառնու անտիկ կառույցների ճարտարապետությունը. Երևան. էջեր 24:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  11. Հակոբ Մանանդյան (1946). Գառնու հունարեն արձանագրությունը և Գառնու հեթանոսական տաճարի կառուցման ժամանակը. Երևան. էջ 104.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. Josef Strzygowski. 13 Die Baukunst der Armenier und Europa [The Architecture of the Armenians and of Europe] Volume 1. Kunstverlag Anton Schroll & Co. {{cite book}}: Check |url= value (օգնություն)
  13. Ալեքսանդր Սահինյան (1983). Գառնու անտիկ կառույցների ճարտարապետությունը. Երևան. էջեր 11:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  14. Նիկողայոս Բունիաթյան (1933). Հեթանոսական տաճար Տրդատի պալատին կից Գառնի ամրոցում. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  15. Б. Аракелян (1952). Гарни. Ереван.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  16. Н. М. Токарский (1961). Архитектура Армении IV–XIV вв. Ереван.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  17. Ալեքսանդր Սահինյան (1983). Գառնու անտիկ կառույցների ճարտարապետությունը. Երևան. էջեր 213:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  18. Նիկողայոս Մառ (1989). Հայկական մշակույթ. Երևան. էջեր 21:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  19. Ս. Խ. Մնացականյան (1985). Հայկական ճարտարապետության հարցերը Նիկողայոս Մառի աշխատություններում. Երևան: Պատմաբանասիրական հանդես. էջեր 23:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  20. Նիկողայոս Մառ (1989). Հայկական մշակույթ. Երևան. էջեր 16:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  21. Ս. Խ. Մնացականյան (1985). Հայկական ճարտարապետության հարցերը Նիկողայոս Մառի աշխատություններում. Երևան: Պատմաբանասիրական հանդես. էջեր 30:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  22. Н. М. Токарский (1961). Архитектура Армении IV–XIV вв. Ереван. էջեր 26–27.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  23. Ղևոնդ Ալիշան (1890). Այրարատ բնաշխարհի Հայաստանյայց. Վենետիկ, Սբ․ Ղազար կղզի. էջեր 367:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  24. Ալեքսանդր Սահինյան (1983). Գառնու անտիկ կառույցների ճարտարապետությունը. Երևան. էջեր 12:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  25. Թորոս Թորամանյան (1942). Նյութեր հայկական ճարտարապետության պատմության. Երևան. էջեր 174:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  26. Թորոս Թորամանյան (1942). Նյութեր հայկական ճարտարապետության պատմության. Երևան. էջեր 38:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  27. «Գառնու տաճարի տարածքում սրճարան կբացվի. մշակույթի նախարարություն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
  28. Գառնու տաճարի մոտ սրճարան է կառուցվելու
  29. Մշակույթի նախարարությունը հետ կկանգնի՞ Գառնու տաճարի մերձակայքում սրճարան կառուցելու՝ իր մտադրությունից:
  30. Ֆերդինանտ Առաքելյանը՝ Գալուստ Սահակյանը մասին. «Կուսակցականը չի կարող լինել մտավորական»:
  31. Մշակույթի նախարարությունը մշակութասպան նախարարություն է. արորդիները Գառնու տաճարի մոտ սրճարան կառուցելու մասին(չաշխատող հղում)
  32. Շինարարական աղբը «ուղևորվեց» մշակույթի նախարարություն
  33. Տեսանյութ
  34. «Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան չի կառուցվի». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]