Գառնիի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գառնիի ճակատամարտ
Zakarid Armenia 1200 map-fr.svg
Զաքարյան Հայաստանը նախքան ճակատամարտը
Թվական օգոստոսի 8, 1225 թ.
Վայր Զաքարյան Հայաստան, Այրարատ, Ոստան Հայոց գավառ, Գառնու ամրոցի մոտ
##Գառնիի ճակատամարտ (Մեծ Հայք)
Miecze.svg
Գառնիի ճակատամարտի տեղադրությունը
Արդյունք Հայ-վրաց ուժերի պարտություն
Հակառակորդներ
Զաքարյան ՀայաստանՎրաստանի թագավորություն Խորեզմշահերի պետություն
Հրամանատարներ
Իվանե Զաքարյան Ջալալ ադ-Դին
Կողմերի ուժեր
70.000[1], որից 20.000-ը ղփչակներ 180.000
Կորուստներ
20.000 6.000

Գառնիի ճակատամարտ, (վրաց.՝ გარნისის ბრძოლა), ճակատամարտ Զաքարյան Հայաստանի ու Վրաց թագավորության զորքերի[2], և Խորեզմշահերի պետության վերջին տիրակալ Ջալալադնի միջև` կայացած 1225 թվականին[3]։

Մոնղոլների կողմից իր հողերից վտարված Խորեզմի վերջին շահը ցանկանում էր վերադարձնել իր տարածքներն ու դաշնակիցներ էր փնտրում։ Դրա համար նա դիմում է Զաքարյաններին ու վրացիներին, որոնք, սակայն, մերժում են օգնություն տրամադրել։ Այդ ժամանակ շահը որոշում է ուժով տիրանալ թագավորությանը։ Նա մեծ զորքով հարձակվում է և հասնում մինչև Զաքարյան Հայաստանի Գառնի բերդը[4]։ Վրաց Ռուսուդան թագուհին գլխավոր հրամանատար է նշանակում Իվանե Զաքարյանին: Ըստ Կիրակոս Գանձակեցու հաղորդման, Իվանե Զաքարյանը և վրաց «մեծամեծները» նախքան ճակատամարտը ուխտ էին արել, որ եթե հաղթեն Ջալալադնին, ապա «իրենց իշխանության ներքո գտնվող ամեն հայի կդարձնեն վրաց դավանանքին, իսկ դիմադրողներին սրով կվերացնեն»[5]։ Սակայն ճակատամարտում դաշնակիցները պարտվում են` կորցնելով 20000 զինվոր։ Հաղթանակից հետո շահը գրավում է Դվինն ու Թիֆլիսը և կազմակերպում խաղաղ բնակչության ջարդ։

Պատերազմի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացական թագավորությունև ը վասալական կալվածքները 1225 թ.-ին

Վրացական թագավորության և նրա կազմում գտնվող հայ մարտիկների (այդ թվում իշխանների իշխան Վաչե Վաչությանը, սպարապետ Պռոշ Խիզախ Խաղբակյանը, Լիպարիտ Իվանի և Լիպարիտ Էլիկումի Օրբելյանները, Մարզպան Մամիկոնյանը, Գրիգոր Դոփյանը և այլք) միավորված զորքը, հայկական Լոռի թագավորությունը` Գուրգեն 4-րդի առաջնորդությամբ, Խաչենի իշխանությունը` իշխան Հասան Ջալալ Մեծի առաջնորդությամբ, ամիրսպալար-աթաբեկ Իվանե Զաքարյանի ընդհանուր ղեկավարությամբ, Վահրամը և Թախիադենտ Թմկաբերդցին շարժվեցին դեպի հարավ և զբաղեցրին լավ ամրացված դիրքեր Գառնո ամրոցի մոտ[Ն 1]: Ընդ որում հայերի, հետևաբար նաև ողջ զորքի ռազմունակության վրա լրջորեն ազդեց այն հանգամանքը, որ հենց ճակատամարտից առաջ բանակում տարածվեց լուր, թե վրաց թագուհի Մխարգրդձելին պատրաստվում է բոլոր իր ենթակա հայերին դարձնել ուղղափառության[Ն 2]:

Այդ ընթացքում Խորեզեմյան սուլթանի բանակը Ջալալադնի գլխավորությամբ օգոստոսի 7-րդ օրվա[Ն 1] ավարտին մոտեցավ քրիստոնյաների դիրքերին ու դասավորեց իր զորքը: Լավագույն ուժերը տեղավորվեցին ձախ թևում, իսկ աջ թևում հիմնականում տեղավորվեցին նետաձիգները[Ն 3]:

Օգոստոսի 8-ին, առավոտյան, Խորեզմյան սուլթանի բանակը բերվեց մարտական դիրքի և պատրաստվեց հարձակման` ծրագրելով գլխավոր հարվածը հասցնել իր ձախ թևին ու հատկապես` կենտրոնին: Միաժամանակ սուլթանին հաջողվեց բանակցություններ սկսել ղփչակների հետ և համոզել նրանց մարտի ժամանակ անցնել իր կողմը[Ն 4]:

Վրացական բանակը նույնպես ընդունեց մարտական դիրք: Առաջին շարքում լայն բարձունքի աջ գծում Շալվեի և Իվանե Ախալցխելիի[Ն 5], ինչպես նաև Գրիգոր Ավետաբերի ղեկավարությամբ տեղավորվեցին Մխարգրձեելիի բանակն ու ղփչաղների ուժերը[Ն 4]: Իսկ երկրորդ գծում, առաջինից բավականին ցած և հետ տեղավորվեց Վրաստանի թագավորության բանակի մնացած մասը[Ն 6] Իվանե Զաքարյանի (Մխարգրձելի) ղեկավարությամբ[Ն 7]: Քրիստոնյաները ծրագրում էին առաջատար մարտերով բորբոքել թշնամում, գայթակղել նրան գրոհի իրենց ուժեղացված դիրքերին, ինչից հետո հզոր հակագրոհով ջախջախել վերջինիս ջլատված ուժերը:

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին էտապ - Խորեզմի սուլթանի բանակը ողջ ճակատով հանկարծ[Ն 8] անցավ հարձակման[Ն 3] և մոտեցավ հակառակորդի մարտական դիրքին: Իմանալով թշնամու զորքի հարձակման մասին և տեսնելով խորեզմյան բանակի ձախ թևի համեմատաբար փոքրաթիվ առաջապահը[Ն 8] Ախալցիխելի և Գրիգորի եղբայրները, խախտելով[Ն 9] նախապես իրենց տված հրամանը, առաջ տարան իրենց կենտրոնական և աջ կողմերը, անցան հարձակման` հարվածելով սուլթանի բանակի ձախ թևին[Ն 10]: Վերջինս չպահելով վերևից հասցված ծանր հեծելազորի հարվածը տապալվեց ու հետ շպրտվեց[Ն 11]:
2-րդ էտապ - Երկրորդ շարքի մարտիկները, որոնք հնարավորություն չունեին տեսնելու մարտի ընթացքը, հաղթական կանչերը ընկալեցին որպես պարտության ազդանշան[Ն 12] և թողնելով մարտի դաշտը` ամբողջ կազմով խուճապահար փախուստի մատնվեցին[Ն 13]: Միևնույն ժամանակ մարտի դաշտը թողեցին նաև ղփչակները[Ն 4], որոնք այնուհետև անցան Ջալալադնի կողմը:
3-րդ էտապ - Խորեզմյան բանակի կենտրոնը անցավ նպատակասլաց հակահարվածի և անցավ հայկական բանակի թիկունք: Միաժամանակ, օգնություն ստանալով կենտրոնից, սուլթանի բանակի ձախ թևը դադարեցրեց նահանջը և նույնպես անցավ հակահարձակման: Արդյունքում հայկական բանակը շրջափակվեց: Սկսվեց համառ, արյունոտ ու ծայրահեղ անհավասար գոտեմարտ[Ն 14], որի արդյունքում, ի վերջո, գերի վերցվեց խիզախորեն մարտնչող Շալվեն, իսկ նրա եղբայր Իվանեն և 4.000 ռազմիկներ զոհվեցին[Ն 3]:

4-րդ էտապ - Հայկական բանակի մնացած պահեստայինները անձամբ Լիպարիտ Օրբելյանի ղեկավարությամբ օղակի դրսից հարվածեց խորեզմի բանակին[Ն 8]: Գրեթե նույն ժամանակ ներսի մասից հարված հասցրեց հայկական բանակի շրջափակված մասը: Արդյունքում շրջափակման օղակը հաջողությամբ ընդհատվեց:
5-րդ էտապ - Խորեզմի սուլթանի բանակը սկսեց հետապնդել նահանջող վրացական բանակին: Ընդ որում, հատկապես ծանր կորուստներ ունեցավ վրացական հեծելազորը, որի զինվորների մեծ մասը վատ կողմնորոշվելով տեղանքում, ձիերի վայրի սրընթացից գլորվեց Գառնիի կիրճը և զոհվեց[Ն 15]: Դրան հակառակ, հայկական բանակին հաջողվեց համեմատաբար քիչ զոհերով պատսպարվել Սյունիքի լեռներում[Ն 12]:
Վրացիները կորցրեցին 16.000, հայերը` 4.000-ից փոքր-ինչ շատ[Ն 16], իսկ թշնամու բանակը` մոտ 6.000 զինվոր: Գերի ընկած Շալվեին հետագայում սպանեցին, իսկ Իվանե Զաքարյանը պատսպարվեց Բջնիի ամրոցում[Ն 17]:

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտությունը Գառնիի մոտ բացարձակապես բացասական ազդեցություն ունեցավ Վրացական թագավորության վրա: Շուտով, Գառնիի ճակատամարտից հետո, Ջալալադնի զորքը գրավեց հին հայկական մայրաքաղաք Դվինը[1] և սկսեց առաջանալ դեպի Վրաց թագավորության մայրաքաղաք Թբիլիսին: Ռուսուդան թագուհին կայազորը Մեմնի եղբայրների և Բոցո Ջաքելիի հրամանատարությամբ թողեց քաղաքում, իսկ ինքը ընտանիքի և արքունիքի հետ փոխադրվեց Քութայիս:

Թբիլիսյան մուսուլմանների դավաճանությունից հետո Ջալալադինը գրավեց քաղաքն ու դաժան հաշվեհարդար տեսավ ոչ միայն քրիստոնյանիերի հետ, այլ հետագայում` նաև մուսուլման բնակչության հետ: Մայրաքաղաքը հրկիզվեց և ավերվեց: Խորեզմցիների արշավանքից հետո երկիրը անզոր գտնվեց դիմակայելու հարձակվող մոնղոլական զորքին, ինչը 1235 թվականին բերեց մոնղոլների կողմից թագավորության գրավմանը:/

Գառնիի ճակատամարտում Ջալալ ադ-Դինի հաղթանակը ոչ այնքան նրա զորքերի խիզախությամ էր պայմանավորված[Ն 18], այլ հակառակորդների զարմանալի թույլ դիմադրությամբ[6]:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Այդ մասին հայտնում է Ան-Նասիվին և ակնարկում է Ստեփանոս Օրբելյանը։
  2. Այդ անհեռատես որոշումների մասին, հասկանալի պատճառներով, չգիտեն Ան Նասիվին, Ռաշիդ Էդ Դինը, Իբն Ալ Ասիրը և Ալ Ջուվեյնը, և նախընտրում է լռել վրացական տարեգրությունը, սակայն այդ մասին ուղիղ ասում է Կիրակոս Գանձակեցին, ինչպես նաև ակնարկում են Վարդանը, Ստեփանոս Օրբելյանը և Ստեփանոս եպիսկոպոսը:
  3. 3,0 3,1 3,2 Այդ մասին հաղորդում է Ան Նասիվին:
  4. 4,0 4,1 4,2 Այդ մասին հաղորդում է Ռաշիդ Էդ Դինը:
  5. Համաձայն վրաց պատմագրի, Շալվե և Իվանե Զաքարյանները գտնվում էին քրիստոնյաների բանակի առաջին շարքում և գլխավորում էին այն: Շալվեի մասին ասում է նաև Ստեփանոս Օրբելյանը: Այդ ամենի մասին ակնարկում է նաև Կիրակոս Գանձակեցին: Հարցը վերջնականապես պարզաբանում է Ան Նասիվին, ըստ որի Զաքարյան եղբայրները գտնվում էին առաջին գծի առաջին ֆլանգում, բայց ղեկավարում էին ամբողջ առաջին գիծը:
  6. Այդ մասին բաց տեքստով ասում է Կիրակոս Գանձակեցին, ըստ որի, ճակատամարտի ժամանակ, ընդհանուր ղեկավարությունից բացի, Իվանե Զաքարյանը անմիջականորեն գլխավորում էր նաև վրացական բանակի մի մասին: Դրա մասին ակնարկում է նաև անանուն հեղինակը, ըստ որի Գառնիի կիրճում հիմնականում տապալվել է վրացական զորքը, ինչպես նաև Ստեփանոս Օրբելյանն ու Վարդանը: Եվ հիրավի, վրացիների մեջ իրեն ավելի անվտանգ ու մոտիկ զգալով, Իվանեն պետք է որ առաջին շարքում տեղավորեր հայերի անկոտրում զորքը, որոնք ընդվզում էին հայրական հավատքը փոխելու դեմ: Այդ բոլորի մասին անուղղակիորեն կարող է վկայել երկրորդ գծի անտարբեր վերաբուրմունքը առաջին գծի զորքի նկատմամբ:
  7. Այդ մասին ուղիղ ասում է Վրաց տարեգիրը և ակնարկում են Կիրակոս Գանձակեցին, Ստեփանոս Օրբելյանը, Ստեփանոս եպիսկոպոսը, Իբն Ալ Ասիրը և Ալ Ջուվեյնը:
  8. 8,0 8,1 8,2 Այդ մասին ակնարկում է Ստեփանոս Օրբելյանը:
  9. Այդ մասին ակնարկում են Կիրակոս Գանձակեցին, Ստեփանոս Օրբելյանը և Վրաց տարեգիրը:
  10. Այդ մասին հաղորդում է Ան Նասիվին և Ստեփանոս Օրբելյանը:
  11. Այդ մասին հաղորդում են Կիրակոս Գանձակեցին և Ստեփանոս Օրբելյանը:
  12. 12,0 12,1 Այդ մասին պատմում է Ստեփանոս Օրբելյանը:
  13. Այդ մասին ասում են որոշ հակավրացական դիրքորոշմամբ Կիրակոս Գանձակեցին և Ստեփանոս Օրբելյանը, ինչպես նաև հասկանալի շահադիտական նկատառումներով` Ան Նասիվին և Իբն Ալ Ասիրը: Նշանակալի է, որ Վրաց տարեգիրը նախընտրում է շեշտը չդնել այդ էպիզոդին, իսկ Վարդանը, Անանուն Սեբաստացին, Ստեփանոս եպիսկոպոսը և Մխիթար Այրիվանցին շեշտն ավելի շատ դնում են հայերի զորքի ճակատագրի և ճակատամարտի ընդհանուր ելքի վրա:
  14. Այդ մասին հաղորդում են Ան Նասիվին և Իբն Ալ Ասիրը:
  15. Այդ աղետալի էպիզոդի մասին պատմում են Կիրակոս Գանձակեցին, Վարդանը, Ստեփանոս Օրբելյանը, Ստեփանոս եպիսկոպոսը, Մխիթար Այրիվանցին և Անանուն հեղինակը: Աղոտ ակնարկներ են այդ մասին պահպանվել Ռաշիդ Էդ Դինի մոտ, որը, սակայն, հենց ճակատամարտի մասին տալիս է բավականին անճիշտ տվյալներ:
  16. Համաձայն Իբն Ալ Ասիրի, քրիստոնյաները կորցրել են ավելի քան 20.000 զինվոր: Ան Նասիվին իր հերթին, նկատի ունենալով առաջին շարքի քրիստոնյաների ջախջախումը, մեզ փոխանցում է մարտի դաշտում ցիրուցան եղած (հիմնականում հայ) 4000 դիակների մասին:
  17. Համաձայն Ռաշիդ Էդ Դինի, Իվանե Զաքարյանը գերվել է Շալվեի հետ և նրա հետագա ճակատագիրը անհայտ է: Դրան որպես հակակշիռ` Ան Նասիվին, Ալ Ջուվեյնը և Իբն Ալ Ասիրը հաղորդում են, որ Իվանեին հաջողվել է փախչել գերությունից և պատսպարվել Բջնիի ամրոցում: Իվանեի գերության փաստի մասին չգիտեն նաև հայ հեղինակները և վրաց պատմագիրը:
  18. Խորեզմշահը դժգոհ էր մնացել իր բանակի աջ թևի գործողություններից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The Cambridge History of Iran: The Saljuq and Mongol periods By J. A. Boyle, page 327
  2. Д.М. Тимохин "Арабо-персидские и армяно-грузхинские историки о деятельности Джала ад-Дина Манкбурны на Кавказе"
  3. «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ: Հայաստանը Մոնղոլական Տիրապետության Ժամանակաշրջանում»։ norsahag.blogspot.am։ Վերցված է 2016-08-07 
  4. Ստեփանոս Օրբելյան (1910)։ Պատմութիւն նահանգին Սիսական, արարէալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնյաց։ Վենետիկ։ էջ 399 
  5. Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Եր, 1982, էջ 163:
  6. «Գառնիի ճակատամարտի պատմութեան շուրջ»։ www.digilib.am։ Վերցված է 2016-08-08