Արայի (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գառնըյարըխ (լեռ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արայի (այլ կիրառումներ)
Արայի
Արա լեռը հարավ-արևմուտքից (տեսարան երկնքից)
Տեսակհրաբուխ և լեռ
ԵրկիրՀայաստան
Վարչատարածքային միավորԿոտայքի մարզ և Արագածոտնի մարզ
ԼեռնաշղթաՀայկական լեռնաշխարհ
Բարձրությունը ծովի մակարդակից2577 մետր
Արայի (լեռ) (Հայաստան)##
Արայի (լեռ) (Հայաստան)
Արայի (լեռ) (Արագածոտնի մարզ)##
Արայի (լեռ) (Արագածոտնի մարզ)

Արայի, հանգած հրաբուխ Հայաստանի Կոտայքի և Արագածոտնու մարզերի սահմանագոտում, Արագածից հարավ–արևելք, Քասաղ և Հրազդան գետերի միջև[1]։ Արայի լեռը վերին երրորդական ժամանակաշրջանի հանգած հրաբուխ է։ Բարձրությունը՝ 2577 մետր։ Արայի լեռը կազմված է անդեզիտներից, անդեզիաներից և դացիաներից։ Լանջերը ծածկված են էլուվիալ նստվածքներով և մասնատված են ձորակներով։ Կլիման ցամաքային է, տեղումները՝ 300—400 մմ։ Ստորոտներում տարածված են գորշահողերով ծածկված օշինդթային կիսաանապատները, բարձրադիր մասերում՝ տափաստանները։ Հյուսիսային լանջին հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ։ Արայի լեռան վրա է գտնվում Ծաղկեվանքը։ Ըստ հայկական ավանդության՝ լեռը այդպես է կոչվել ի հիշատակ առասպելական Արա Գեղեցիկի, ով Շամիրամի դեմ կռվելու համար իր զորքերը տեղավորել էր այս ստորոտում[2]։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից (օր.՝ Երևանից) նայելիս՝ նմանվում են պառկած մի մարդու՝ Արային, ով ըստ հայկական դիցաբանության իր ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր տենչացող թագուհու՝ Շամիրամի հետ։ Այստեղ է ընկել իր կնոջը՝ Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու՝ Շամիրամի հրամանով, դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան[3][4]։ Արայի լեռան փեշին գտնվող Եղվարդ քաղաքի բնակիչներն Արայի քիթը ներկայացնող գագաթնաքարը անվանում են Աքլորաքար, քանի որ այն լեռան ամենաբարձր գագաթն է։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայի լեռը գտնվում է Հայաստանի Կոտայքի և Արագածոտնի մարզերում` մայրաքաղաք Երևանից 33կմ հյուսիս, Երևան-Գյումրի ավտոճանապարհի աջ կողմում[3][5]։ Մոտակա բնակավայրերից են Նոր Երզնկա, Զորավան, Սարալանջ, Երնջատափ, Հարթավան, Արտաշավան, Սաղմոսավանք, Հովհաննավանք, Կարբի և Մուղնի գյուղերն ու Եղվարդ քաղաքը[3][6]։ Լեռան արևմտահայաց լանջի ստորոտում են գտնվում «Դեմիրճյան խնձորի» այգիները։ Արևմուտքից սահմանակից է Քասաղ գետի կիրճին[7]։

Բնաշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայի լեռը մյուս լեռնաշղթաներից համեմատաբար մեկուսի է գտնվում և հետաքրքիր է երկրամորֆոլոգիական տեսակետից։ Նա պարունակում է բնաշխարհի մի հարուստ գենետիկ ավազան։

Լեռան վրա գրանցված են 650 տեսակ անոթային բույսեր, որոնք Հայաստանի բուսականության 20%-ն են կազմում։

Այս փոքր տարածքում կարելի է տեսնել Հայաստանի բուսականության գլխավոր տիպերը՝ կիսանապատ, տափաստան, մարգագետնային տափաստան, անտառ և մարգագետին, բարձր խոտազգի մասեր, ժայռի և թմբի բուսականություն, տափաստանի թփուտներ։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա լեռան տարածքը հարուստ է կենդանական աշխարհով։ Այստեղ բնակվում են բազմաթիվ թռչնատեսակներ, սողուններ, կրծողներ, ինչպես նաև արջեր, գայլեր, աղվեսներ և այլն։

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի ետին պլանում երևում է 28.01.2018 թվականին լեռան վրա տեղի ունեցած դժբախտ պատահարի վայրը դեպքից կարճ ժամանակ անց

Արա լեռան վրա ամառային բավականին շոգ եղանակային պայմանների հետևանքով երբեմն առաջանում են հրդեհներ։

Չնայած լեռնագնացության տեսակետից Արա լեռը հեշտ հաղթահարելի բարձունք է՝ այնուամենայնիվ այն երբեմն տհաճ անակնկալներ է մատուցում։

2018 թվականի պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 28-ի կեսօրին հայ լեռնագնացների խումբը բարձունքից իջնելիս հայտնվել է խառնարանից դեպի Ծաղկեվանք սրբատեղի տանող ժայռապատ սարալանջին տեղի ունեցած ձնահոսքի շրջանում։ Համաձայն Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած տեղեկությունների՝ քաղաքացու կորելու և մեկ այլ լեռնագնացի վնասվելու մասին ահազանգը ստացվել է ժամը 16:10-ին[8][9][10]։ Ավելի ուշ պատահարների մասին հաղորդագրություններ տարածող լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ խումբը կազմված է եղել 18 անձից, որից 36-ամյա Նաիրուհի Սիմոնյանը ձնահոսքի հետևանքով զոհվել է, իսկ 38-ամյա էդգար Նավասարդյանն ու 22-ամյա Հրաչյա Հարությունյանը ստացել մարմնական վնասվածքներ[11]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 16 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 389 — 992 էջ։
  3. 3,0 3,1 3,2 «Արայի լեռ (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ. ապրիլի 26-ին.
  4. «Արա Գեղեցիկի հետքերով». Վերցված է 2009 թ. ապրիլի 26-ին.(չաշխատող հղում)
  5. «Կոտայք». Վերցված է 2009 թ. ապրիլի 26-ին.(չաշխատող հղում)
  6. «Արայի լեռ (անգլերեն)». Վերցված է 2009 թ. ապրիլի 26-ին.
  7. «Արայի լեռ՝ Շարմիրամի բարձրանալը (անգլերեն)». Վերցված է 2009 թ. ապրիլի 26-ին.(չաշխատող հղում)
  8. «ՀՀ ԱԻՆ, պատահարներ 28.01.2018, «Կորել է քաղաքացի»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  9. Արայի լեռան վրա արաշավախումբը հայտնվել է ձնաբքի մեջ. կա մեկ զոհ:
  10. Արայի լեռան վրա կորած քաղաքացիներից մեկը կենդանության նշաններ ցույց չի տալիս. կան այլ տուժածներ:
  11. Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. 18 հոգուց բաղկացած արշավախումբը հայտնվել է ձնաբքի տակ. կա 1 զոհ, 1 վիրավոր:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 688