Գառնադմակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գառնադմակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Քարբեկածաղկավորներ (Saxifragales)
Ընտանիք Թանձրատերևազգիներ (Crassulaceae)
Ենթաընտանիք Գառնադմակայիններ (Sempervivoideae)
Տրիբա Semperviveae
Ցեղ Գառնադմակ (Sempervivum)
L., 1753

Գառնադմակ (լատին․՝ Sempervivum), թանձրատերևազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 50, Հայաստանում՝ 1 տեսակ՝ Գառնադմակ անդրկովկասյան լատին․՝ Տ. transcaucasicum։ Հանդիպում է Կոտայքի մարզի միջին և վերին լեռնային, գոտիներում։ Աճում է ժայռաճեղքերում և քարքարոտ լանջերին։

Բույսի ցողունը ծածկված է ներհակված սպիտակ աղվամազով։ Արմատամերձ տերևները հավաքված են կլորավուն վարդաբույլում, 3-5 սմ տրամագծով, հակադարձ տերևները լինում են ձվաձև, մերկ կամ ծածկված կարճ աղվամազով, կանաչ, սուր, եզրերը արտևունանքաձև են, 2-5 սմ երկարությամբ։ Ծաղիկները բաց մանուշակագույն են, հավաքված վահանաձև ծաղկաբույլում, 12-16 հոդերով։ Բաժակը 2-3 անգամ կարճ է պսակից և կազմված է ազատ ներհակված նշտարաձև բաժակաթերթերից։ Առէջները 24-32-ն են, հիմքի մոտ լայնացած, վարակված թելերով և կարմրավուն փոշեհատիկներով։ Պտղիկները 12-16 հատ են։ Ծաղկում է ամռան երկրորդ կեսին։

Քիմիական բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները պարունակում են ասկորբինաթթու, միկրոտարրեր, լորձանյութեր։

Օգտագործման եղանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկության մեջ օգտագործել են բույսի պտուղը, սերմը, տերևները և արմատը։ Հայկական բժշկության մեջ գառան դմակն օգտագործել են լյարդի, վարակիչ հիվանդությունների, աղիքների ուռուցքների, խրոնիկական լուծի, արգանդային արյունահոսության, այրունախխման, արևահարության, գլխացավի, կարմիր քամու, այրվածքների, պարանոցի ուռուցքների, ականջաբլթակի խոցի, սրտխփոցի, փորկապության, սրտխառնոցի, նքոցների, մակերիկամների բորբոքման, նյութափոխանակության խանգարման, լնդախտի բուժման նպատակով։

  1. 5 գ ջրային գառան դմակի պտուղը մանր ծեծել, վրան ավելացնել 200 գ սերկևիլի մզվածք և օրը երեք անգամ 100- ական գ խմել աղիքների ուռուցքների, խրոնիկական լուծի, արգանդի արյունահոսության բուժման համար։ Այդ նույն պատրաստուկին ավելացնել 100 գ գինի և օրը երկու անգամ 100- ական գ խմել այրունախխման, լուծի և արևահարության համար։
  2. Գառան դմակը վարդի յուղով շաղախել և քսել այրվածքներին, կարմիր քամու դեպքում՝ կարմրած տեղերին։
  3. Գառան դմակի տերևներն աղալ և դնել ականջաբլթակի խոցին։
  4. Գառան դմակը եփել և ուտել՝ փորկապության, նքոցի, սրտխառնոցի, նյութափոխանակության խանգարման, գերթթվայնության, մակերիկամների բոբոքման բուժման համար։