Գանձ (ժանր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանձ (այլ կիրառումներ)
Գանձ, հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի ժանր։
Սերել է ժամագրքային հնագույն քարոզից։ Սկզբնավորել է Գրիգոր Նարեկացին, որի այս ժանրի գործերի առաջին բառից («Գանձ լուսոյ...», «Գանձ բաղձալի...») նմանօրինակ երկերն անվանվել են «Գանձեր»։ Հետագայում այն ձեռք է բերել ժանրային իմաստ, որով ստեղծագործել են հայ միջնադարի մի շարք բանաստեղծ երաժիշտներ (Ներսես Շնորհալի, Մխիթար Այրիվանեցի, մինչև վերջին խոշոր գանձագիր Գրիգոր Խլաթեցին)։
Գանձը հնագույն եղանակավոր քարոզից ժառանգել է կրկնակը և վերջնամասը։ Երաժշտական առումով՝ գանձն ունի վանկային կառուցվածք, սաղմոսատիպ, պարզ մեղեդի և ծավալվում է պատմողական ասերգի հունով։
Գանձը ժողովրդական երգարվեստի ազդեցությամբ կրել է որոշ փոփոխություններ։ Հայտնի են զուտ ծիսական, մեռելաթաղի գանձեր, որոնք, ըստ էության, մեներգեր են՝ ոճով նման ժողովրդական ողբերին։ Մեռելաթաղի որոշ գանձեր պահպանվել են մեղեդիներով։
Գանձերն ամփոփվել են Գանձարաններում, ուշ միջնադարում՝ նաև Տաղարաններում և Մաշտոցներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |