Գանգլիոն
Գանգլիոն | |
---|---|
![]() Ձախ դաստակի թիկնային գանգլիոն | |
Բժշկական մասնագիտություն | Ձեռքի վիրաբուժություն |
ՀՄԴ-9 | 727.4 |
ՀՄԴ-10 | M67.4 |
Անվանվել է | հիգրոմա (սխալ՝ գիգրոմա), հանգուցային կիստա, սինովիալ կիստա (ձուսպաբուշտ), Գեդեոնի հիվանդություն, Օլամիդի կիստա, Աստվածաշնչյան բուշտ, Կտակարանի կոն |
Ganglion cysts Վիքիպահեստում |
Գանգլիոն կամ հիգրոմա (սխալ՝ գիգրոմա), փափուկ հյուսվածքային կոնանման գոյացություն, որն ամենից հաճախ հայտնվում է ձեռքերի կամ ոտքերի հոդերի և ջլերի շուրջ կամ մոտակայքում[1]: Այս բշտերը (կիստաները) առաջանում են դեպի հոդի հարակից հյուսվածքները հոդախոռոչի հեղուկի արտահոսքի հետևանքով և հաճախ դիտարկվում են որպես «հոդի ճողվածք»[2]:
Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գանգլիոնները ձեռքի և դաստակի ամենահաճախ հանդիպող փափուկ հյուսվածքային ուռուցքներն են: Դրանք 3 անգամ ավելի հաճախ լինում են կանանց, քան տղամարդկանց մոտ, հատկապես երիտասարդ տարիքում[3]: Իսկ հեռադիր միջմատոսկրային հոդերի գանգլիոնները (մուկոզ կիստա), որպես կանոն, հանդիպում են օստեոարթրոզի ժամանակ և, հետևաբար, ավելի շատ լինում են ավելի մեծահասակների մոտ[4]:
Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս բշտերի միջին չափը կազմում է 2.0 սմ, բայց նկարագրվել են ավելի քան 5 սմ-անոց գանգլիոններ[5]: Գանգլիոնի չափը կարող է տատանվել ժամանակի ընթացքում և կարող է մեծանալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ վնասվածքից հետո:
Տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գանգլիոններն ամենից հաճախ հանդիպում են դաստակի և մատների թիկնային մակերեսին: Ամենատարածված տեղակայումը թերևս դաստակի կարճ ճաճանչային տարածչի ջլի վրա է՝ դաստակի թիկունքում՝ նավակ-կիսալուսնաձևային հոդի շրջանում (բոլոր գանգլիոնների 80%-ը): Սակայն կարող են հանդիպել նաև ոտնաթաթի գանգլիոններ[6]:
88% դեպքերում գանգլիոնները հանդիպում են ձեռքերի, իսկ 11%՝ ոտքերի վրա: 2007 թվականին Գլազգոյում կատարված մի հետազոտության ժամանակ պարզվել է, որ ոտնաթաթի «կոների» կապակցությամբ վիրահատված 101 դեպքերից միայն 39-ն են եղել գանգլիոններ: Այդ հետազոտությունը վերահաստատեց ավելի վաղ տվյալներն առ այն, որ ոտնաթաթի ներբանի կամ կրունկի վրա գանգլիոններ չեն լինում: Հեղինակները շեշտում են, որ «չնայած այդ հատվածներում առկա գոյացությունները կարող են լինել գանգլիոններ, սակայն վիրաբույժը հավանաբար նախևառաջ պիտի դիտարկի այլ ախտորոշումներ»: Նրանք նաև նշել են, որ գանգլիոնն ավելի շատ հանդիպում է կանանց շրջանում (85%) և 11 այլ դեպքեր սխալմամբ ախտորոշվել էին որպես գանգլիոն նախքան վիրահատությունը[7]:
Ինչևէ, գանգլիոնները չեն սահմանափակվում ձեռքերով և ոտքերով: Դրանք կարող են ի հայտ գալ նաև ծնկահոդի մոտակայքում՝ սովորաբար խաչաձև կապանների մոտ, բայց կարող են լինել նաև ձկնամկանի ջլի ծագման տեղում, ինչպես նաև Հոֆայի ենթածնկոսկրային ճարպագնդի վրա: Ուսահոդի մոտակայքում գանգլիոնները, որպես կանոն, ի հայտ են գալիս թիակ-անրակային հոդում կամ բազկի երկգլխանի մկանի ջլի երկայնքով[8]:
Հոդային կամ ջլային ծագումից բացի, գանգլիոնները կարող են ունենալ նաև այլ տեղակայում: Օրինակ, հազվագյուտ լինում են ներոսկրային գանգլիոններ, երբեմն հարակից փափուկ հյուսվածքային բշտի հետ համատեղ[9]: Արձանագրվել են նաև ձկնամկանի ներմկանային գանգլիոններ[10][11]: Հնարավոր է, որ կիստան զգալիորեն տեղաշարժվի («գաղթի») իր նախնական հոդային դիրքից: Նույնիսկ նկարագրվել է դեպք, երբ գանգլիոնը ընդհանուր նրբոլոքային նյարդի երկայնքով բարձրացել է դեպի ազդր[12]: Բուշտերը կարող են ներխուժել ողնաշարային խողովակ, ինչը կարող է հանգեցնել ցավի և վերջույթներում զգացողության խանգարումների[13]:
Վերջերս առաջարկվել է մի վարկած, ըստ որի կիստոզ ադվենտիցիալ հիվանդությունը, որի դեպքում կիստա է առաջանում ծնկափոսային զարկերակում, կարող է զարգանալ հոդային մեխանիզմով՝ ծնկահոդից եկող խողովակով՝ վերևում նշված նրբոլոքային նյարդի գանգլիոնի նման[14]:
Նկարագրվել են նաև ուսահոդի գանգլիոններ, որոնք հանդիսացել են մեկ կամ մի քանի նյարդի ճզմման և ոսկրային էրոզիայի պատճառ[15]:
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գանգլիոնի զարգացման առավել տարածված պատճառը «ճողվածքային վարկածն» է, ըստ որի ենթադրվում է, որ այն զարգանում է որպես «հոդաշապիկի կամ ջլաբունոցի թուլացած հատվածի արտափքում կամ ընդարձակում»: Տվյալ նկարագրությունը հիմնված է այն դիտարկումների վրա, որ գանգլիոններն առաջանում են ջլերի և հոդերի մերձակայքում, կիստայի մանրադիտակային անատոմիան թողնում է ջլաձուսպային հյուսվածքի տպավորություն, պարունակությունը կազմով մոտ է ձուսպահեղուկին և հոդաշապիկի մեջ ներարկված ներկանյութը հաճախ հայտնվում է գանգլիոնի ներսում, որը կարող է մեծանալ ֆիզիկական ակտիվությունից հետո: Գանգլիոնի մեջ ներարկված ներկանյութը հազվադեպ է անցնում հոդախոռոչ, ինչը բացատրվում է միակողմանի «փականային» մեխանիզմով, ինչը թույլ է տալիս հեղուկին արտահոսել հոդախոռաչից, բայց ոչ՝ հակառակը: Որպես պատճառներ են դիտարկվել նաև սինովիալ կիստաները (ձուսպաբշտեր), շարակցական հյուսվածքի հետվնասվածքային դեգեներացիան և բորբոքումը։ Գանգլիոնների զարգացման այլ հնարավոր մեխանիզմներ են հաճախակի կրկնվող մեխանիկական լարումը, ֆասետային արթրոզը, քրոնիկ վնասման հետևանքով հարհոդային ֆիբրոզ հյուսվածքների լորձանման (միքսոիդ) դեգեներացիան ու հեղուկացումը, ֆիբրոբլաստների կողմից հիալուրոնաթթվի գերարտադրությունը և մեզենքիմալ բջիջների բազմացումը: Գանգլիոններ կարող են զարգանալ նաև հոդից անկախ[16]:
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գանգլիոնների ախտորոշումը բավականին դյուրին է, քանի որ հիմնականում տեսանելի ու շոշափելի են:
Ավելի լուրջ պաթոլոգիա բացառելու համար պետք է կատարել առաջահետին և կողմնային ռենտգենագրություն[17]: Ախտորոշման հուսալիությունը բարձրացնելու համար կարելի է կատարել ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ) կլինիկորեն կասկածելի դեպքերում կամ թաքնված գանգլիոնները նկարագրելու համար, քանզի ներջլային գանգլիոններն արտաջլայիններից բավականին հեշտ է տարբերակել դինամիկ ՈւՁՀ-ի միջոցով:
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հսկողություն, օրթեզավորում
Հաճախ, երբ հիվանդի միակ անհանգստությունը լինում է միայն կոսմետիկ տեսքը, և գանգլիոնը որևէ ֆունկցիոնալ սահմանափակում կամ ցավ չի պատճառում, ապա խորհուրդ է տրվում դինամիկ հսկողություն, երբեմն հոդի ժամանակավոր անշարժացումով (օրթեզով կամ ֆիքսատորով): Երբեմն գանգլիոնը կարող է ինքնուրույն անհետանալ (ընդմիշտ կամ ժամանակավորապես), եթե ժամանակին դադարեցվի կամ սահմանափակվի ախտահարված հոդի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Լինում են նաև դեպքեր, երբ հիգրոման «պայթում» է (օրինակ, այդ շրջանում ուժեղ հարվածի դեպքում, տե՛ս նաև ստորև «Ավանդական, հնացած» եղանակը) և այլևս ի հայտ չի գալիս:
Վիրահատություն
Ցավերի կամ ֆունկցիոնալ սահմանափակման դեպքում խորհուրդ է տրվում վիրահատություն՝ գանգլիոնի պատիճի ամբողջական հեռացմամբ: Գանգլիոնի ոտիկը պետք է կապել և հեռացման տեղն ամրացնել տեղային հյուսվածքներով ստեղծված «դուպլիկատուրայով»: Վիրահատությունը կարելի է կատարել ինչպես բաց, այնպես էլ «մինի-բաց» և արթրոսկոպիկ եղանակներով, տեղային, ռեգիոնար, իսկ բարդ դեպքերում նաև ընդհանուր անզգայացմամբ[18]:
Արտածծում-ներարկում
Որպես այլընտրանք կատարվում է նաև գանգլիոնի ասեղնային ասպիրացիա (արտածծում) և արդեն դատարկ բշտի մեջ կորտիկոստերոիդի ներարկում: Սակայն, եթե գանգլիոնի պարունակությունը թանձրացած ու կոշտացած է լինում, բուժման այս տարբերակը ոչ միշտ է արդյունավետ լինում. կրկնության հաճախականությունը կազմում է շուրջ 60%[19]։
Ավանդական, հնացած
Գանգլիոնի ավանդական բուժման ամենատարածված եղանակներից մեկը եղել է այդ «կոնին» մի մեծ ծանր գրքով հարվածելը, ինչի հետևանքով բուշտը պատռվում-պայթում էր, և պարունակությունը արտահոսում էր շրջակա հյուսվածքներ: Պատմականորեն տներում Աստվածաշունչն է եղել ամենամեծ կամ միակ գիրքը և հաճախ հենց այդ գիրքն էր օգտագործվում «բուժման» համար: Այդ է պատճառը, որ հնում գանգլիոնը կոչել են «Աստվածաշնչյան բուշտ» կամ «Կտակարանի կոն» կամ «Գեդեոնի հիվանդություն»[20]։ Նմանատիպ «բուժումը» կարող է վնասել հիվանդին:
Բարդությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիրահատական բուժման բարդությունները կարող են ներառել հոդի կարկամությունը և կոպիտ սպիի ձևավորումը: Ռեցիդիվ (կրկնություն) ավելի հաճախ դիտվում է դաստակի ափային գանգլիոնի վիրահատական հեռացումից հետո: Գանգլիոնի ոտիկի թերի հեռացումը կամ կտրվածքի անբավարար շերտ առ շերտ փակումը նույնպես կարող են հանգեցնել ռեցիդիվի[21]։
Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեցիդիվի հաճախականությունն ավելի բարձր է արտածծված, քան հեռացված գանգլիոնների դեպքում: Վիրահատությունից հետո գանգլիոնները կրկնվում են 12%-ից[22] մինչև 41%[23] հիվանդների մոտ:
Վեցամյա արդյունքների ամփոփման մի հետազոտության ընթացքում համեմատել են դաստակի թիկնային (հետին) գանգլիոնների բուժման վիրահատական, ասպիրացիոն և սպասողական (առանց բուժման) եղանակները: Հատկանշական է, որ ո՛չ հեռացումը, ո՛չ էլ արտածծումը երկարաժամկետ առումով առավել չեն եղել սպասողական եղանակից: Չբուժված գանգլիոնները 58%-ն ինքնուրույն լուծվել-անհետացել է, մինչդեռ վիրահատությունից հետո ռեցիդիվն այս հետազոտության ժամանակ կազմել է 39%[24]։ Դաստակի ափային (առաջային) գանգլիոնների վրա կատարված նմանատիպ մի հետազոտություն էլ պարզել է, որ «կլինիկական քննության 2-րդ և 5-րդ տարիներին, անկախ բուժման տարբերակից, որևէ տարբերություն ախտանիշների առումով չի հայտնաբերվել»[25]:
2015 թվականին կատարված լայնածավալ մետավերլուծության արդյունքում պարզվել է, որ գանգլիոնի ռեցիդիվի հաճախականությունը արտածծումից, բաց հեռացումից և արթրոսկոպիկ հեռացումից հետո կազմել է, համապատասխանաբար 59%, 21% և 6%, իսկ բարդությունների միջին հաճախականությունը, համապատասխանաբար՝ 3%, 14% և 4%[19]: Այսինքն, չնայած գանգլիոնի արտածծումն ուղեկցվում է ավելի քիչ բարդություններով, այնուամենայնիվ դրանից հետո գանգլիոնի կրկին ի հայտ գալու հավանականությունն ավելի մեծ է, քան վիրահատական (բաց կամ էնդոսկոպիկ) հեռացումից հետո: Պետք է նաև նշել, որ ներկայումս դեռ բավարար ապացույցներ չկան, որպեսզի կարելի լինի պնդել, որ գանգլիոնի արթրոսկոպիկ հեռացումն ավելի գերադասելի է, քան բաց հեռացումը[19]:
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մնալով սխալ անվանում (թյուրանվանում) մեր օրերում ևս՝ գանգլիոնը որևէ առնչություն չունի նյարդային «գանգլիոնի» (հանգույցի) կամ «գանգլիոնային բջիջների» հետ: Գանգլիոնի ստուգաբանությունը կապված է հին հունական γάγγλιον-ի՝ «հանգույցի» կամ «ենթամաշկային ուռածության» հետ[26], ինչը տարածվել է նյարդային զանգվածների վրա համանմանության կարգով: Ընդունված է, որ Հիպոկրատն է առաջինը նկարագրել այս բշտերը[27]: Ռուսական գրականության մեջ գանգլիոնն ավելի հաճախ անվանում են հիգրոմա, որը կրկին ունի հունական ծագում (ὑγρός՝ հեղուկ և -ōma՝ ուռուցք) և շեշտում է այն փաստը, որ գանգլինն իրենից ներկայացնում է մածուցիկ դոնդողանման հեղուկով լցված բուշտ:
«Աստվածաշնչյան բուշտ» (կամ «Կտակարանային կոն») եզրույթը ծագել է նախկինում ընդունված բուժումից, երբ բշտին հարվածում էին Աստվածաշնչով կամ համանման մեծ գրքով[28]:
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ McDonald RE, Mullens DJ (May 2013)։ «Ganglion cyst treatment using the ganglion suture technique»։ Osteopathic Family Physician 5 (3): 123–127։ doi:10.1016/j.osfp.2013.01.006
- ↑ Lawrence C (December 2005)։ «Skin excision and osteophyte removal is not required in the surgical treatment of digital myxoid cysts»։ Archives of dermatology 141 (12): 1560–4։ PMID 16365258։ doi:10.1001/archderm.141.12.1560։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-24-ին։ Վերցված է 2008-10-13
- ↑ «Ganglion Cyst: Background, Anatomy, Pathophysiology»։ 2016-08-24
- ↑ Thornburg L. E. (1999-07-01)։ «Ganglions of the hand and wrist»։ The Journal of the American Academy of Orthopaedic Surgeons 7 (4): 231–238։ ISSN 1067-151X։ PMID 10434077
- ↑ Craig A. Camasta, DPM (1993)։ «excision of the ganglion cyst»։ Podiatry Institute
- ↑ McNabb, J. W. (2005). Practical Guide to Joint and Soft Tissue Injection and Aspiration. Lippincott Williams & Wilkins. pp. 62–65, ISBN 9780781753630։
- ↑ Duncan JM Macdonald (August 2007)։ «The Differential Diagnosis of Foot Lumps: 101 Cases Treated Surgically in North Glasgow Over 4 Years»։ Annals of the Royal College of Surgeons of England 89 (3): 272–275։ PMC 1964714։ PMID 17394713։ doi:10.1308/003588407x168235
- ↑ Arend CF. Ultrasound of the Shoulder. Master Medical Books, 2013. Sample chapter available on acromioclavicular joint ganglion
- ↑ «Intraosseous ganglion cyst of the humeral head in a competitive flat water paddler: case report»։ J Can Chiropr Assoc 55: 294–301։ December 2011։ PMC 3222705։ PMID 22131566
- ↑ Jae Jeong Park (2010)։ «Case Report : Intramuscular Ganglion Cyst of the Gastrocnemius Muscle»։ Korean Journal of Dermatology
- ↑ «Ruptured intramuscular ganglion cyst in the gastrocnemius medialis muscle: Sonographic appearance»։ Journal of Clinical Ultrasound 37 (8): 478–481։ October 2009։ doi:10.1002/jcu.20609
- ↑ Robert J. Spinner (2012)։ «Re: Pure Peroneal Intraneural Ganglion Cyst: Hindsight is 20/20»։ Turkish Neurosurgery։ էջեր 527–528
- ↑ Tai Po-An, Li Tin-Chou (2016-04-01)։ «Lumbar Intradural Ganglion Cyst»։ World Neurosurgery 88: 691.e1–4։ ISSN 1878-8769։ PMID 26724636։ doi:10.1016/j.wneu.2015.11.088
- ↑ R. J. Spinner (2012-08-29)։ «Evidence to support that adventitial cysts, analogous to intraneural ganglion cysts, are also joint-connected.»։ Clin Anat. 26 (2): 267–81։ PMID 22933403։ doi:10.1002/ca.22152
- ↑ Field, Larry D. (2003). MasterCases: Shoulder and Elbow Surgery. Thieme. p. 241, ISBN 9780865778733։
- ↑ Sang Woo Kim (April 2011)։ «A Ganglion Cyst in the Second Lumbar Intervertebral Foramen»։ J Korean Neurosurg Soc. 49 (4): 237–240։ PMC 3098430։ PMID 21607185։ doi:10.3340/jkns.2011.49.4.237
- ↑ Pocket Guide to Musculoskeletal Diagnosis. Springer. 2005. p. 63. ISBN 9781597450096:
- ↑ Bismil MSK, Bismil QMK. The wide awake approach to hand and wrist ganglia: Ten-year experience, technical tips and review of macroscopic pathology and outcomes of 300 cases. OA Case Reports 2013 Nov 15;2(13):129.
- ↑ 19,0 19,1 19,2 Head Linden, Gencarelli John Robert, Allen Murray, Boyd Kirsty Usher (2015-03-01)։ «Wrist ganglion treatment: systematic review and meta-analysis»։ The Journal of Hand Surgery 40 (3): 546–553.e8։ ISSN 1531-6564։ PMID 25708437։ doi:10.1016/j.jhsa.2014.12.014
- ↑ Dacombe PJ, Robinson, J (Mar 27, 2012)։ «Falling Up the Stairs: the Equivalent of 'Bashing it with a Bible' for an ACL Ganglion Cyst of the Knee»։ BMJ Case Reports 2012։ PMC 3316796։ PMID 22605799։ doi:10.1136/bcr.01.2012.5591
- ↑ Camasta, Craig A., DPM, Excision of the Ganglion Cyst, podiatryinstitute.com, update 1993, 1993 33 pdf, pages 181–5
- ↑ «Arthroscopic resection of dorsal wrist ganglia: 114 cases with minimum follow-up of 2 years»։ Arthroscopy 26 (12): 1675–1682։ 2010։ PMID 20952152։ doi:10.1016/j.arthro.2010.05.008
- ↑ «Surgical excision of wrist ganglia; literature review and nine-year retrospective study of recurrence and patient satisfaction»։ Orthop Rev 1 (1): e5։ 2009։ PMC 3143961։ PMID 21808669։ doi:10.4081/or.2009.e5
- ↑ «The natural history of untreated dorsal wrist ganglia and patient reported outcome 6 years after intervention»։ J Hand Surg Eur 32 (5): 502–8։ Oct 2007։ doi:10.1016/j.jhse.2007.05.007
- ↑ «Palmar wrist ganglion: does intervention improve outcome? A prospective study of the natural history and patient-reported treatment outcomes»։ J Hand Surg Br. 28 (2): 172–6։ Apr 2003։ doi:10.1016/s0266-7681(02)00365-0
- ↑ «Etymology of the Greek word ganglion (γάγγλιον)»
- ↑ See Hippocrates' "On the Articulations" (part 40) at Wikisource
- ↑ http://www.eatonhand.com/hw/hw013.htm
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՄՌՇ-ն ցույց է տալիս ծնկահոդի գանգլիոն
- Օրթոպեդիկ վիրաբույժների ամերիկյան ակադեմիա՝ Դաստակի գանգլիոններ (անգլ.)
- eMedicine - Գանգլիոն (անգլ.)
- Medscape - Գանգլիոն (անգլ.)
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |