Jump to content

Գանգամաշկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գանգամաշկ
անատոմիական կառուցվածքների դաս Խմբագրել Wikidata
Ենթադասօրգանների ստորաբաժանման կլաստեր, անհատական ​​անատոմիական կառուցվածք Խմբագրել Wikidata
Lymphatic drainageoccipital lymph nodes Խմբագրել Wikidata
Զարկերակային արյան մատակարարումsupratrochlear artery Խմբագրել Wikidata
Երակային դրենաժsuperficial temporal veins Խմբագրել Wikidata

Գանգամաշկ (սկալպ, գլխամաշկ), գլխի մազածածկ հատվածն ընդգրկող անատոմիական հատված[1], որը կազմված է մաշկից, շարակցական հյուսվածքի շերտերից և գանգի վերնոսկրից։ Անատոմիորեն գանգամաշկն էպիկրանիումի (գանգը ծածկող կառուցվածքների համախումբ) մաս է կազմում։ Սկալպը առջևից սահմանակից է դեմքին, իսկ կողքերից և հետևից՝ պարանոցին։ Մազերի և սկալպի գիտական ուսումնասիրությունն անվանվում է տրիխոլոգիա։

Սկալպի սխեմատիկ կտրվածք
Սկալպ ուղեղապատյան

Սկալպն ունի հինգ շերտ, որոնք կարելի է հիշել «SCALP» մնեմոնիկ հապավման միջոցով․

  • S — Skin (Մաշկ)․ Պարունակում է բազմաթիվ մազային ֆոլիկուլներ և ճարպագեղձեր։
  • C — Connective tissue (Շարակցական հյուսվածք)․ Մաշկի տակ գտնվող ճարպային և ֆիբրոզ հյուսվածքի խիտ ենթամաշկային շերտ, որը պարունակում է նյարդեր ու անոթներ։
  • A — Aponeurosis (Ապոնևրոզ)․ Վերգանգային ապոնևրոզը կամ galea aponeurotica-ն խիտ շարակցական հյուսվածքի ամուր շերտ է, որը տեղում ֆիքսում է վերոնշյալ շերտերը։ Այն ձգվում է առջևից՝ ճակատային մկանից (frontalis) մինչև ծոծրակային մկանը (occipitalis)։
  • L — Loose areolar connective tissue (Փխրուն շարակցական հյուսվածք)․ Այս շերտն ունի դոնդողանման կազմություն և թույլ է տալիս ավելի մակերեսային շերտերին շարժվել ի տարբերություն վերնոսկրի։ Այն պարունակում է I և II տիպի կոլագեն և հարուստ է գլիկոզամինոգլիկաններով (GAGs): Դիմագանգային վիրաբուժության և նեյրովիրաբուժության մեջ այս շերտը շատ հեշտ է անջատվում։ Սկալպինգի (սկալպի պոկման) ժամանակ սկալպը նույնպես պոկվում է այս շերտով։ Այս շերտը երբեմն անվանում են «վտանգավոր գոտի», քանի որ ինֆեկցիոն գործոնները դրանով կարող են հեշտությամբ տարածվել դեպի արտատար (էմիսարային) երակներ, որոնք թափվում են գանգի խոռոչ:
  • P — Pericranium (Վերնոսկր)․ Սա գանգի ոսկրերի վերնոսկրն է՝ թաղանթ, որն ապահովում է ոսկրի սնուցումը և վերականգնման (ռեգեներացիայի) ունակությունը։ Վիրահատության ժամանակ այն կարող է բարձրացվել ոսկրից՝ թույլ տալով հեռացնել ոսկրային հատվածներ (կրանիոտոմիա/գանգահատում)։

Արյունամատակարարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկալպի արյունամատակարարումն իրականացվում է հինգ զույգ զարկերակների միջոցով․ երեքը՝ արտաքին քնային զարկերակից, և երկուսը՝ ներքին քնային զարկերակից․

Ներքին քնային զարկերակի ճյուղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վերճախարակային զարկերակ․ Սնուցում է ճակատի միջային հատվածը։ Վերճախարակային զարկերակը սկսվում է ներքին քնային զարկերակի ակնային ճյուղից։
  • Վերակնակապճային զարկերակ․ Սնուցում է ճակատի կողմնային (լատերալ) հատվածը և գլխամաշկը՝ հասնելով մինչև գագաթ: Վերակնակապճային զարկերակը նույնպես սկսվում է ներքին քնային զարկերակի ակնային ճյուղից։

Արտաքին քնային զարկերակի ճյուղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քունքային մակերեսային զարկերակ՝ բաժանվում է ճակատային և գագաթային ճյուղերի՝ սնուցելով սկալպի մեծ մասը։
  • Ծոծրակային զարկերակ՝ ընթանում է դեպի հետ՝ սնուցելով գլխամաշկի հետին մակերեսի մեծ մասը։
  • Հետին ականջային զարկերակ՝ արտաքին քնային զարկերակի ճյուղն է, որը բարձրանում է ականջախեցու հետևով՝ սնուցելով ականջախեցուց վեր և հետ գտնվող գլխամաշկը։

Կլինիկական նշանակություն․ Քանի որ արյան անոթների պատերն ամուր կպած են մակերեսային փակեղային շերտի ֆիբրոզ հյուսվածքին, վնասված անոթների կտրված ծայրերն այստեղ հեշտությամբ հետ չեն քաշվում (չեն կծկվում)․ այդ պատճառով անգամ գլխամաշկի փոքր վերքը կարող է առատորեն արյունահոսել։

Երակային համակարգ

Երակներն ուղեկցում են զարկերակներին և ունեն համանման անվանումներ, օրինակ՝ վերճախարակային և վերակնակապճային երակներ, որոնք միանում են աչքի միջային (մեդիալ) անկյունում և ձևավորում անկյունային երակը, որն էլ իր հերթին շարունակվում է որպես դիմային երակ։

Քունքային մակերեսային երակը իջնում է ականջի այծիկի առջևով, մտնում հարականջային թքագեղձ, ապա միացել վերին ծնոտային երակին՝ ձևավորելով հետծնոտային երակը։ Դրա առաջային ճյուղը միանում է դիմային երակին՝ ձևավորելով ընդհանուր դիմային երակը, որը հոսում է դեպի լծային երակ, իսկ վերջինս էլ՝ դեպի անրակային երակ։ Ծոծրակային երակը ավարտվում է ենթածոծրակային հյուսակում։

Գոյություն ունեն նաև այլ երակներ, ինչպիսիք են արտատար (էմիսար) երակը և ճակատային դիպլոէտիկ երակը, որոնք նույնպես մասնակցում են երակային արտահոսքի գործընթացին[2]։

Նյարդավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխամաշկը նյարդավորվում է հետևյալ նյարդերով․

Գլխամաշկի նյարդավորումը հնարավոր է հիշել «Z-GLASS» մնեմոնիկայի (հիշօգնության) միջոցով, որը նշանակում է՝ Zygomaticotemporal nerve (այտքունքային նյարդ), Greater occipital nerve (ծոծրակային մեծ նյարդ), Lesser occipital nerve (ծոծրակային փոքր նյարդ), Auriculotemporal nerve (ականջ–քունքային նյարդ), Supratrochlear nerve (վերճախարակային նյարդ) և Supraorbital nerve (վերակնակապճային նյարդ)։

Գլխամաշկի շարժողական նյարդավորումը, մասնավորապես՝ ծոծրակ-ճակատային մկանինը, բաժանվում է երկու հիմնական հատվածի․ ճակատային փորիկը կամ ճակատային մկանը (frontalis muscle) նյարդավորվում է դիմային նյարդի քունքային ճյուղով, իսկ ծոծրակային փորիկը կամ ծոծրակային մկանը (occipitalis) նյարդավորվում է դիմային նյարդի հետին ականջային ճյուղով։

Ավշային համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխամաշկի հետին կեսի ավշային անոթներն արտահոսում են դեպի ծոծրակային և հետականջային ավշային հանգույցներ։ Առաջնային կեսի ավշային անոթներն արտահոսում են դեպի հարականջային (պարոտիդային) հանգույցներ։ Ավիշն ի վերջո հասնում է ենթածնոտային և խորանիստ պարանոցային հանգույցներին։

Կլինիկական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխամաշկի «վտանգավոր գոտին» փխրուն շարակցական հյուսվածքի շերտն է։ Պատճառն այն է, որ թարախն ու արյունը դրա միջով հեշտությամբ են տարածվում և արտատար (էմիսար) երակներով կարող են անցնել գանգի խոռոչ։ Հետևաբար, վարակը գլխամաշկից կարող է տարածվել դեպի գլխուղեղի թաղանթներ, ինչը կարող է հանգեցնել մենինգիտի (այնուամենայնիվ, լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ եզրակացնելու համար, թե արդյոք դա իսկապես «վտանգավոր գոտի» է)։

Կլինիկական տեսանկյունից կարևոր շերտը ջլոնն է (ապոնևրոզը)։ Գլխամաշկի պատռված վերքերը, որոնք անցնում են այս շերտով ավելի ծանր են ընթանցում, քանի որ կորչում է մակերեսային շերտերի «ամրացումը», և տեղի է ունենում վերքի լայնացում (բացվածք)։ Այդ դեպքերում չներծծվող նյութից պատրաստված պարզ կամ ուղղահայաց մատրասային կարեր են տեղադրում, որոնք հեռացվում են մոտավորապես 7–10-րդ օրը։

Մազերի փոխպատվաստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազերի փոխպատվաստման բոլոր ժամանակակից մեթոդներն օգտագործում են բուժառուի սեփական մազերը։ Վիրահատական միջամտության նպատակն է այդ մազերն օգտագործել հնարավորինս արդյունավետ։ Այս տեսակի վիրահատության համար հարմար թեկնածուներ են այն անհատները, որոնք դեռևս ունեն առողջ մազեր գլխի կողմնային և հետին հատվածներում, որպեսզի փոխպատվաստման համար մազերը հնարավոր լինի վերցնել այդ հատվածներից։ Ցանկալի կոսմետիկ արդյունքներ ստանալու համար կիրառվում են տարբեր մեթոդներ․ հաշվի առնվող գործոնները կարող են ներառել մազերի գույնը, կառուցվածքը (տեքստուրան), ալիքավորությունը և այլն։

Ամենաշատ կիրառվող մեթոդը հայտնի է որպես միկրոգրաֆտինգ (միկրոպատվաստում), քանի որ այն ապահովում է բնական տեսք։ Այն նման է ֆոլիկուլյար միավորների էքստրակցիային (FUE), թեև ավելի քիչ զարգացած է։ Դոնորական հատվածներից հյուսվածքը հեռացնելու համար օգտագործվում է բազմասայր դանակ։ Հեռացված հյուսվածքն այնուհետև մասնատվում է ավելի փոքր կտորների՝ տեսողական անմիջական հսկողության տակ (այսինքն՝ առանց միկրոսկոպի)։

Հիվանդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկալպում հաճախակի է հանդիպում ուռուցքներ․

Սկալպի ախտահարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գլխի թեփոտում՝ տարածված խնդիր, որն առաջանում է գլխամաշկից մահացած մաշկային բջիջների չափից ավելի թափվելու հետևանքով
  • Ոջլոտություն / Պեդիկուլյոզ
  • Էքսկորիացիոն խանգարում
  • Տրիխոտիլոմանիա
  • Սեբորեային մաշկաբորբ՝ մաշկային հիվանդություն, որն առաջացնում է թեփոտ, քոր առաջացնող, կարմիր մաշկ
  • Կաթնային կեղև / Նորածնային սեբորեա ՝ սեբորեային դերմատիտի ձև, որն ի հայտ է գալիս նորածինների մոտ
  • Տրիխոդինիա՝ գլխամաշկի այրոցի համախտանիշ
  • Գլխամաշկի տրիխոֆիտիա / Միկոզ՝ գլխամաշկի սնկային ախտահարում, և դրա ծանր ձևը՝ Ֆավուս
  • Գլխամաշկի ծալքավորություն՝ գլխամաշկի հազվադեպ հանդիպող ձևախախտում (ծալքավորություն)

Հասարակություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկալպը կարևոր դեր է խաղում դեմքի գեղագիտության հարցում։ Անդրոգենային ալոպեցիան կամ տղամարդկանց մազաթափության տիպիկ ձևը տղամարդկանց մոտ հաճախակի հանդիպող մտահոգության պատճառ է։ Այն կարող է բուժվել հաջողության տարբեր աստիճաններով՝ դեղորայքի (օրինակ՝ ֆինաստերիդ, մինոքսիդիլ) կամ մազերի փոխպատվաստման միջոցով։ Եթե գլխամաշկը ծանր է և թուլացած (ինչը ծերացմանը զուգընթաց հաճախ հանդիպող փոփոխություն է), ճակատը կարող է թվալ ցածր, ծանրացած և կնճռոտված։ Հոնքերի բարձրացման (բրոուլիֆթինգի) վիրահատական միջամտությունը լուծում է այս խնդիրները։

Սկալպինգը (գլխամաշկի հեռացումը) մարդու գլխամաշկը մազածածկույթի հետ միասին հեռացնելու միջամտություն է։ Հաճախ ասոցացվելով Հյուսիսային Ամերիկայի պատմության հետ՝ սկալպինգը միմյանցից անկախ զարգացել է բազմաթիվ աշխարհամասերում և սկիզբ է առել դեռևս հնադարից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «What is a Trichologist?».
  2. ↑ Словарь иностранных слов. — М.: «Русский язык», 1989. — 624 с. ISBN 5-200-00408-8

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանգամաշկ» հոդվածին։