Գաճաճ փոքրաչղջիկ (լատ.՝ Pipistrellus pygmaeus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ ՀՀ ֆաունայում, որպես ինքնուրույն տեսակ, նկարագրվել է 2002 թ. -ին։ Նախկինում համարվել են փոքրաչղջիկների ցեղի երիտասարդ առանձնյակներ։ Հանդիպում է բոլոր բնական և մարդածին տարածքներում։ Փոքրաչղջիկներից ամենափոքրն է։
Մարմնի երկարությունը 30 մմ է, պոչինը և նախաբազկինը՝ մոտ 23 մմ։ Գունավորումը մուգ շագանակագույն է կամ սև։
Ակտիվ է վաղ մթնշաղին և լուսադեմին։ Լուսավոր ժամերին թաքնվում է ապաստարաններում՝ փչակներում, ծառերի կեղևի տակ, ժայռաճեղքերում, տանիքների տակ, նկուղներում և այլն։
Բազմանում է հունիսի կեսերին, ծնում է 2 (հազվադեպ՝ 1) ձագ, որը 10-12 օր կառչում է մոր կրծքին և չի լքում ծնողին թռիչքի (որսի) ժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։