Գաճաճ շիմպանզե

Գաճաճ շիմպանզե կամ բոնոբո (լատիներեն՝ Pan paniscus), պրիմատների ընտանիքին պատկանող կաթնասունների տեսակ է[1][2][3]։
Բոնոբոյի արտաքին տարբերությունները սովորական շիմպանզեից
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած իր անվանմանը՝ բոնոբոն չափերով փոքր չէ սովորական շիմպանզեից, սակայն նրա մարմինն այդքան ուժեղ կամ զանգվածային չէ։ Կենդանու մաշկը սև է, ի տարբերություն սովորական շիմպանզեների՝ որոնք ունեն վարդագույն մաշկ։ Բոնոբոն ունի ավելի երկար ոտքեր և նեղ, թեք ուսեր՝ ի տարբերություն սովորական շիմպանզեների։
Գաճաճ շիմպանզեների ձայնային ազդանշանները կտրուկ են, բարձր ու հաչոցանման։ Նրանց շուրթերը կարմիր են սև դեմքի վրա, ականջները՝ փոքր, ճակատը բարձր է (բայց ցածր, քան մարդու մոտ), մազերը՝ երկար, սև և բաժանված կենտրոնում ճախարակի։ Արու բոնոբոյի միջին քաշը մոտ 43 կգ է, իսկ էգերինը՝ 33 կգ։

Բնակավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաճաճ շիմպանզեները բնակվում են Կենտրոնական Աֆրիկայի արևադարձային անտառներում՝ Կոնգո և Լուալաբա գետերի միջև ընկած մի փոքր տարածքում:
Պոպուլյացիան կազմում է 29,500-ից մինչև 50,000 անհատ: Կենդանին լայնորեն հայտնի է դարձել գիտությանը 1960-ական թվականներին, բայց դեռևս մնում է թերի ուսումնասիրված տեսակ:
Հայտնաբերման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկացիներին բոնոբոն հայտնի էր հնագույն ժամանակներից։ Այս կենդանիները հիշատակվում են նաև Սև մայրցամաքի՝ Աֆրիկայի ժողովուրդների հին լեգենդներում։ Մեկն այդ լեգենդներից ասում է, որ հենց բոնոբոն է սովորեցրել մարդուն տարբերել՝ թե որ մթերքները կարելի է ուտել առանց վախենալու։
Եվրոպացի գիտնականներն արդեն ծանոթ էին գաճաճ շիմպանզեի դեռ այն ժամանակ, երբ այն առանձին տեսակ չէր համարվում։ Որպես առանձին տեսակ այն նկարագրվեց միայն 20-րդ դարի 1920-ականների վերջին։ Գերմանացի կենդանաբան Էռնստ Շվարցը 1929 թվականին, ուսումնասիրելով հազվագյուտ մի կապիկի կմախք, որն պահպանվում էր Բելգիայի գաղութային թանգարանում (ներկայում՝ Կենտրոնական Աֆրիկայի թագավորական թանգարան), հասկացավ, որ իր առջև դրված գանգը պատկանում է ոչ թե ձագի, այլ չափահաս շիմպանզեի։ Այդ իսկ պատճառով նա հայտարարեց նոր ենթատեսակի հայտնաբերման մասին։ Ավելի ուշ գիտնականները ապացուցեցին, որ խոսքը մարդանման կապիկի նոր տեսակի մասին է։
1954 թվականին ավստրիացի պրիմատոլոգ Էդուարդ Տրացը և գերմանացի գործընկեր՝ Հայնց Հեկը, ներկայացրին իրենց դիտարկումները բոնոբոյի զուգավորման վարքագծի վերաբերյալ, այդ թվում՝ զուգավորման այն դիրքի մասին, երբ արուն վերևից է, իսկ էգը՝ ներքևից՝ մեջքով։ Գերմաներենով հրատարակված նրանց աշխատանքները լայն հանրությանը գրեթե հասանելի չդարձան։ Միայն 1970-ականներին, երբ հասարակական բարքերում ավելի հանդուրժող վերաբերմունք ձևավորվեց սեռական թեմաների նկատմամբ, գիտնականները սկսեցին կենդանուն առավել լուրջ ուշադրություն դարձնել։

Վարքագծի առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիդերլանդացի պրիմատոլոգ և էթոլոգ Ֆրանս դե Վաալը պնդում է, որ բոնոբոները ունակ են ալտրուիզմի՝ ինքնազոհաբերման, կարեկցանքի, համակրանքի, բարության, համբերության և հուզականության[4]։ Սակայն բոնոբոների խաղաղասեր բնավորությունը վիճարկվում է[5]։
Սոցիալական վարքագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոնոբոները չունեն սովորական շիմպանզեի վարքային առանձնահատկությունները, նրանք միասին չեն որսում, հաճախ չեն օգտագործում ագրեսիա իրերը կարգավորելու համար և չեն մասնակցում պարզունակ պատերազմների, իսկ գերության մեջ բոնոբոները հեշտությամբ են տիրապետում տարբեր առարկաների:
Բոնոբոների առանձնահատկությունն այն է, որ էգը ղեկավարում է համայնքը: Նույն սեռի ներկայացուցիչների միջև ագրեսիվ բախումները հազվադեպ են, արուները հանդուրժող են երիտասարդ և դեռահաս բոնոբոների նկատմամբ: Արուի կարգավիճակը կախված է նրա մոր կարգավիճակից[6]։
Չնայած սեռական շփումների բարձր հաճախականությանը, նրանց պոպուլյացիաներում վերարտադրության մակարդակը ցածր է: Էգը ծնում է մեկ ձագ 5-6 տարվա ընդմիջումով: Էգերը սեռական հասունանում են 13-14 տարեկանում: Վայրի բնության մեջ բոնոբոները ապրում են մինչև քառասուն տարի, իսկ կենդանաբանական այգիներում՝ մինչև 60[7]:
գաճաճ շիմպանզեները անընդհատ, նույնիսկ ուտելիս, շփվում են միմյանց հետ՝ օգտագործելով դեռևս չվերծանված ձայների համակարգ: Նրանց ուղեղը բավականաչափ զարգացած է այլ նշանների համակարգերը ընկալելու համար: Գերության մեջ մարդ-փորձարարը թույլ է տալիս նրանց հիշել մի քանի տասնյակ նշաններ և դրանց հնչյունային համարժեքները: Այնուհետ, պրիմատը հիշում է այս լեզվով տարբեր հրահանգներ և վերջում, երբ լսում է նոր, նախկինում չլսված հրահանգներ, կատարում է որոշ գործողություններ՝ օրինակ՝ «Փայլեցրու գնդակը», «Հանիր X-ը սենյակից»: Ավելին, նկարագրվել է մի դեպք, երբ ժեստերի լեզվով մարզված էգը սովորեցրել է իր ձագին մարդկային փորձարարի փոխարեն։
Մեծ կապիկների հետազոտական հիմնադրամի (ԱՄՆ) կողմից անցկացված փորձի ժամանակ հայտնի արու Կանզիին սովորեցրել են լսելով հասկանալ մոտ 3000 անգլերեն բառ և ակտիվորեն օգտագործել ավելի քան 500 բառ՝ օգտագործելով լեքսիգրամներով՝ (երկրաչափական նշաններով)[8]: Սա թույլ է տալիս մեզ խոսել բոնոբոների մասին՝ որպես մարդկանցից հետո ամենախելացի պրիմատների տեսակ։
Բոնոբոյի վարքագծի առանձնահատկություններն ու մի շարք այլ հատկանիշներ կարող են բացատրվել այս տեսակին բնորոշ էվոլյուցիոն զարգացմամբ։ Մի շարք կենսաբաններ կարծում են, որ այս կենդանատեսակի էվոլյուցիայում (ինչպես նաև մարդու էվոլյուցիայում) կարևոր դեր է խաղացել նեոտենիան կամ երիտասարդացումը՝ որոշ հատկանիշների զարգացման ուշացում, որը հանգեցնում է մանկական հատկությունների պահպանմանը չափահաս կենդանիների մոտ[9]։
Նրանց սննդակարգը հիմնականում բաղկացած է մրգերից, երբեմն՝ խոտաբույսերից, անողնաշարավորներից և այլ կենդանիներից: Բոնոբոները, ինչպես սովորական շիմպանզեները, կարող են հմտորեն որսալ կապիկներին, բայց սովորաբար չեն սպանում կամ ուտում նրանց: Նրանք ժամերով խաղում են կապիկների ձագերի հետ, ապա բաց են թողնում նրանց վայրի բնություն: Այնուամենայնիվ, բոնոբոների առնվազն մեկ պոպուլյացիա կարող է սպանել և ուտել այլ կապիկների ձագերին, և Կոնգոյում անցկացված ուսումնասիրությունը վերլուծել է կենդանիների մի քանի համայնքներ:
Կանիբալիզմ է նկատվել այն բոնոբոների մոտ, որոնք բնակվում են Լոկորո գետի հովտում (Կոնգոյի վտակ)։ Այս վայրերում երաշտի ամանակահատվածներն ավելի երկարատև են, բուսականությունը՝ շատ ավելի սակավ, և արդյունքում անտառը տալիս է քիչ սնունդ։ Ծառերի պտղաբերությունն անկանոն է, և այստեղ ի տարբերություն այլ վայրերի՝ չկա բերքահավաքի հստակ սեզոն։ Այդ պատճառով տարբեր կենդանիների խմբերի վարքագծի մոդելները ենթարկվում են փոփոխությունների։ Օրինակ՝ Լիլունգու շրջանում բոնոբոները որսում են կոլոբուսներ, բայց չեն ուտում, մինչդեռ Վամբեում բոնոբոներն ու գուսար մապիները փոխադարձ հոգատարություն են ցուցաբերում միմյանց նկատմամբ[10]։
Գաճաճ շիմպանզեների մոտ դիտվում է նաև «մխիթարելու ֆենոմենը»՝ բարեկամական շփում, որը հարձակման ենթարկվածի նկատմամբ նախաձեռնվում է խմբի այլ անդամի կողմից (ոչ թե հարձակվողի), սովորաբար կոնֆլիկտից հետո։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մխիթարող վարքագիծը նվազեցնում է զոհի սթրեսը և համարվում է կարեկցանքի հիմք[11]։

Ժամանակակից հետազոտությունների ընթացքում, որոնք իրականացվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ Ուամբա ճամբարում, բացահայտվել են բոնոբոների մասին մի շարք ուշագրավ մանրամասներ։ Ուամբա ճամբարը հիմնադրվել է ճապոնացի պրիմատոլոգ Տակայոսի Կանոյի կողմից 1974 թվականին։ Ներկայումս այդտեղ հետազոտությունները շարունակվում են այլ պրիմատոլոգների կողմից։
Արձանագրվել են դեպքեր, երբ բոնոբոները կազմավորում են կազմակերպված խմբեր՝ պաշտպանվելու համար սրապոչ ագամաների ընտանիքի ներկայացուցիչներից։ Այս սողունները կարողանում են հմտորեն բարձրանալ ծառեր, ինչը նրանց դարձնում է վտանգավոր անգամ բոնոբոների համար այն վայրերում, որտեղ վերջիններս սովորաբար ապահով են զգում իրենց։
Այսպիսի կազմակերպված պաշտպանական վարքագիծը հակասում է նախկինում տարածված կարծիքին, թե բոնոբոները, ի տարբերություն շիմպանզեների, որսի կամ պայքարի խմբային վարքագիծ չունեն։ Բոնոբոների «ընդհանուր խաղաղասեր» բնույթի վերաբերյալ եզրակացությունները հիմնված էին կենդանաբանական այգիներում նրանց վարքի դիտարկումների վրա։ Սակայն վայրի բնության պայմաններում, որոնք շատ ավելի խիստ են, բոնոբոների վարքը այլ կերպ է դրսևորվում։
Բրիտանացի պրիմատոլոգ Ռիչարդ Ռանգեմի մի հիպոթեզի համաձայն՝ բոնոբոների արտասովոր սեռական վարքագիծը և նրանց համեմատաբար ցածր ագրեսիվությունը կարելի է բացատրել սննդակարգով[12]։
Պեղումների և ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերջին 2 միլիոն տարվա ընթացքում Կոնգո գետի ձախ ափին (որտեղ ապրում են բոնոբոները) գորիլաներ չեն եղել։ Նրանց անհետացման պատճառներն անհայտ են, բայց հետևանքներն ակնհայտ են։ Գորիլաների բացակայությունը բոնոբոներին ապահովել է էականորեն ավելի հարուստ բուսական սննդային ռեսուրս։ Գորիլաները հիմնականում սնվում են գետնին աճող բուսականությամբ և բնականաբար գրավում են այդ սննդային միջավայրը՝ սահմանափակելով մյուս տեսակների մուտքը։
Ի տարբերություն դրա՝ Կոնգո գետի աջ ափին՝ այնտեղ, որտեղ ապրում են շիմպանզեները և դեռ կան գորիլաներ։ Նրանց ներկայությունը սահմանափակում է շիմպանզեների մուտքը որոշ սննդային տարածքներ։ Շիմպանզեները սնվում են հիմնականում ծառերի մրգերով և տերևներով, ինչպես նաև փոքր քանակությամբ մսով։ Սակայն գորիլաների պատճառով չեն կարող օգտվել գետնային կերերից՝ ինչպիսիք են արմատներն ու ցողունները։ Արդյունքում՝ շիմպանզեների մոտ հաճախ են առաջանում սուր մրցակցային իրավիճակներ։ կապված բերքատվության սեզոնայնությամբ, էգերի սեռական ակտիվության շրջանները կարճ են, ինչը հանգեցնում է ուժեղ մրցակցության արուների միջև՝ զուգավորման համար։ Սննդի պակասի և ավելացման պարբերաբար փոփոխությունները խստացնում են կենսապայմանները։
Բոնոբոները, ընդհակառակը, Կոնգոյի ձախ ափին ապրելով՝ հայտնվել են գրեթե իդեալական պայմաններում։ Նրանք չունեն բուսակեր մրցակիցներ՝ ո՛չ ծառերի վրա, ո՛չ գետնին, և ամբողջ տարվա ընթացքում կարողանում են օգտվել բուսական սննդից։ Նրանք սնվում են նաև չոր սեզոններին՝ օգտագործելով սննդարար արմատներ և ցողունների միջուկներ, որոնք հարուստ են սպիտակուցներով և շաքարով։ Այդ պատճառով էգերի սեռական ցիկլերը կապված չեն բերքատվության հետ, ինչը հանում է լարվածությունը նրանց համայնքներում։ Արուները ստիպված չեն լինում մրցել միմյանց հետ՝ էգի հետ զուգավորման համար, քանի որ զուգավորման շրջանները շարունակվում են ամբողջ տարվա ընթացքում։ Բոնոբոները սովի խնդրին չեն ենթարկվում և շատ ավելի քիչ ագրեսիվ են։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գտնվող Սալոնգա ազգային պարկում գաճաճ շիմպանզեները մոտավորապես երկու շաբաթը մեկ այցելում են լճակներ և ճահճային տարածքներ, որտեղ սնվում են ջրում աճող՝ յոդով հարուստ երկու բուսական ցեղերի՝ ջրաշուշան (լատիներեն՝ Nymphaea lotus)-ի և տարբեր տեսակների կնյունի (լատիներեն՝ Júncus) ցողուններով[13]։

Սեռական վարքագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուգավորումը, որը կենտրոնական դեր է խաղում բոնոբոների սոցիալական կյանքում, փոխարինում և դուրս է մղում ագրեսիան նրանց համայնքում։ Սեռական ակտը կարևոր դեր ունի բոնոբոների հասարակության մեջ, հատկապես նրանք, ովքեր գտնվում են գերության մեջ, այն օգտագործվում է որպես ողջույնի միջոց, սոցիալական կապերի ձևավորման միջոց, կոնֆլիկտների լուծման և կոնֆլիկտից հետո հաշտեցման միջոց[14]։
Բոնոբոները միակ պրիմատներն են, որոնք ներգրավվում են սեռական հարաբերությունների բոլոր դիրքերում ու ձևերով՝ դեմք առ դեմ դիրքով զուգավորում (չնայած արձանագրվել է, որ նման դիրքով նկարվել են նաև մի զույգ արևմտյան գորիլաներ), լեզվով համբույրներ, օրալ սեքս, և միասեռական հարաբերություններ[15][16][17]։
Գիտական գրականության մեջ երկու էգ բոնոբոների միջև սեռական վարքը, երբ նրանք շփվում են միմյանց սեռական օրգաններով, հայտնի է որպես GG շփում (գենիտալ-գենիտալ շփում)։ Սեռական ակտիվությունն իրականացվում է ինչպես խմբի ներկայությամբ, այնպես էլ երբեմն նրանից դուրս։ Բոնոբոները մշտական մոնոգամ զուգընկեր չեն ընտրում։ Բացի այդ, նրանք կարծես չեն տարբերակում սեռը կամ տարիքային պատկանելությունը՝ սեռական վարքագծի տեսանկյունից, բացառությամբ մայրերի և իրենց չափահաս որդիների միջև սեռական հարաբերություններից զերծ մնալու։ Երբ բոնոբոները գտնում են սննդի նոր աղբյուր, այդ դրական հուզմունքը սովորաբար հանգեցնում է համընդհանուր սեռական ակտիվության, որը, կարծես թե, նվազեցնում է լարվածությունը և նպաստում խաղաղ համատեղ սնվելուն[18]։
Բոնոբո արուները ժամանակ առ ժամանակ մասնակցում են սեռական վարքագծի տարբեր ձևերի։ Մի ձևով երկու արու կախված էին ծառի ճյուղից՝ դեմքով իրար նայելով և «մականախաղ» էին ցուցադրում արական սեռական օրգանների միջոցով։ Նկատվել են նաև դեպքեր, երբ երկու արու՝ դեմքով իրար ուղղված, առնանդամներով շփվում էին[19][20][18][18]։ Սեռական փոխազդեցության մեկ այլ ձև՝ (հետևով շփումը), դիտվում է հաշտեցման ձևի տեսքով երկու արուների միջև կոնֆլիկտից հետո, երբ նրանք կանգնում են մեջքով իրար և շփում են իրենց ամորձապարկերը։ Տակայոսի Կանոն նման վարքագիծ է դիտարկել գաճաճ շիմպանզեների մոտ բնական միջավայրում։ Էգերը նույնպես սեռական հարաբերություններ են ունենում միմյանց հետ, հավանաբար՝ սոցիալական կապերը ամրապնդելու նպատակով։ Այդ կապերն են ձևավորում բոնոբոների համայնքի հիմքը։ Էգերի միջև ստեղծված ամուր կապերն իրենց հնարավորություն են տալիս գերիշխել բոնոբոների հասարակության մեջ։ Չնայած նրան, որ արու բոնոբոները անհատապես ուժեղ են, նրանք չեն կարող առանձին դիմակայել խմբված էգերին։ Դեռահաս էգերը հաճախ լքում են իրենց ծննդավայր համայնքը՝ միանալու նոր խմբի։ Սեռական կապը նոր էգերի և տեղական էգերի միջև հաստատում է նրանց որպես նոր խմբի լիիրավ անդամներ։ Այս միգրացիան խառնում է բոնոբոների գենոֆոնդը և ապահովում գենետիկական բազմազանություն։
Կենսաբանական հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս ապրող կենդանիներից մարդուն ամենամոտն են համարվում գաճաճ շիմպանզեները։ Բացի այդ, նրանք են ավելի շատ մարդու վարքաբանական հատկանիշները ցուցաբերում, քան սովորական շիմպանզեները։ Շիմպանզեների և հոմինիդների (մարդակերպերի) ճյուղավորումը տեղի է ունեցել մոտ 5.5 միլիոն տարի առաջ։ Բոնոբոները մասնագիտացվել են (էվոլյուցիայի ընթացքում փոփոխվել) ավելի դանդաղ, քան սովորական շիմպանզեները, և այդ պատճառով նրանք պահպանել են ավելի շատ արխայիկ (հնագույն) հատկանիշներ, որոնք ընդհանուր են մարդու և շիմպանզեի համար։
Որոշ գիտնականներ այս հիմնավորմամբ առաջարկում են վերանայել հոմինիդների ծագումնաբանական ծառը։ 2018 թվականի տվյալներով՝ մարդու և բոնոբոյի գենոմների տարբերությունը կազմում է 6.4%, այսինքն՝ դրանց համապատասխանությունը՝ 93.6%[21][22][23]։ Գաճաճ շիմպանզեի գենոմի վերծանումը, որն իրականացվել է 2012 թվականին, գիտնականներին թույլ տվեց ենթադրել, որ (լատիներեն՝ Pan) ցեղի երկու տեսակների բաժանումը (բոնոբո և սովորական շիմպանզե) տեղի է ունեցել ոչ թե 2 միլիոն, այլ՝ մոտ 1 միլիոն տարի առաջ[24]։

Հետագա ուսումնասիրությունների հիման վրա հավանական է համարվում, որ բոնոբոների նախնիները շիմպանզեների նախնիներից առանձնացել են մոտ 1.7 միլիոն տարի առաջ, երբ սառցադարային ժամանակաշրջանի ընթացքում Կոնգո գետը ժամանակավորապես ցամաքել էր, և այդ գետը հատելով՝ ձևավորվել է առանձնացված բնակչություն։
Բացի այդ, գենետիկ վերլուծությունները ցույց են տվել, որ շուրջ 200 000 տարի առաջ հնարավոր է եղել հին գենային հոսք բոնոբոների և շիմպանզեների միջև։ Ներկայումս բոնոբոյի գենոմի մինչև 4.8%-ը համարվում է եկած մի «բութ» կամ անհետացած գենետիկ պոպուլացիայից՝ այսպես կոչված «հայելային» (լատիներեն՝ ghost population) խմբից[25]։ Բոնոբոյի մոտ «Y-քրոմոսոմային Ադամի» տարիքը գնահատվում է ավելի քան 300,000 տարի[26][27]։ 2020 թվականին Փենսիլվանիայի նահանգային համալսարանի գիտնականների խումբը հրապարակեց ուսումնասիրություն, որը վերաբերում էր բոնոբոյի (լատիներեն՝ Pan paniscus) և սումատրյան օրանգուտանի (լատիներեն՝ Pongo abelii) Y-քրոմոսոմների հաջորդականության վերծանմանը[28][29].։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Жизнь животных. В 7 т. / гл. ред. В. Е. Соколов. — 2‑е изд., перераб. — М. : Просвещение, 1989. — Т. 7 : Млекопитающие / под ред. В. Е. Соколова. — С. 160. — 558 с. : ил. — ISBN 5-09-001434-5.
- ↑ https://obuchalka.org/20201105126572/jizn-jivotnih-tom-7-mlekopitauschie-sokolov-v-e-1989.html
- ↑ Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Латинский, русский, английский, немецкий, французский. 5391 назв. Млекопитающие. — М.: Русский язык, 1984. — С. 93. — 10 000 экз. — ISBN 5-200-00232-X.
- ↑ Frans, de Waal. Bonobo: The Forgotten Ape (англ.) // University of California Press.
- ↑ Parker, Ian. Swingers: bonobos are celebrated as peace-loving, matriarchal, and sexually liberated. Are they? Our Far-Flung Correspondents. The New Yorker (30 июля 2007). Дата обращения: 8 декабря 2011. Архивировано 3 июня 2012 года.
- ↑ White F., 1996. Comparative socio-ecology of Pan paniscus // W. C. McGrew, L. F, Marchant, T. Nishida, editors. Great ape societies. — Cambridge, England: Cambridge Univ. Pr., 1996. — P. 29—41.
- ↑ Генис, Александр. (2000 թ․ հունվարի 1). «Бонобо — сексуальный сюрприз эволюции». Радио «Свобода» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ GreatApeTrust.org | Apes & Pets Արխիվացված 2008-06-30 Wayback Machine
- ↑ «Бонобо ведут себя по-детски». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Surbeck, Martin; Hohmann, Gottfried. Primate hunting by bonobos at LuiKotale, Salonga National Park(անգլ.) // Current Biology : Journal. — 2008.
- ↑ Palagi E., Norscia I. Bonobos Protect and Console Friends and Kin(անգլ.) // PLOS One. — Public Library of Science, 2013. — Т. 8(11). — С. e79290. —
- ↑ «Бонобо выбирают любовь, а не войну». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Fishing for iodine: what aquatic foraging by bonobos tells us about human evolution Արխիվացված 2019-07-05 Wayback Machine, 2019.
- ↑ Aggression topics Արխիվացված 2013-01-21 Wayback Machine from the University of New Hampshire.
- ↑ Tuan C. Nguyen. Gorillas Caught in Very Human Act // Live Science (13 февраля 2008) http://www.livescience.com/2298-gorillas-caught-human-act.html Արխիվացված 2012-07-04 Wayback Machine.
- ↑ Manson J. H., Perry S., Parish, A. R. Nonconceptive Sexual Behavior in Bonobos and Capuchins(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — Springer, 1997. — Т. 18. — № 5. — С. 767—786. —
- ↑ Де Вааль, 2021, էջ 144
- 1 2 3 De Waal, Frans B. M. Bonobo Sex and Society(անգլ.) // Scientific American. — Springer Nature, 1995. — Т. 272. — № 3. — С. 58—64. Архивировано из первоисточника 27 հունվարի 2012. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Laird, Courtney. (2004). «Social Organization». Bio.davidson.edu. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ De Waal, Frans B. M. Bonobos and Fig Leaves // The ape and the sushi master : cultural reflections by a primatologist. — Basic Books, 2001. — ISBN 8449313252
- ↑ Demuth, Jeffery; P.; De Bie, Tijl; Stajich, Jason E.; Cristianini, Nello; Hahn, Matthew W. The Evolution of Mammalian Gene Families(անգլ.) // PLOS One. — Public Library of Science, 2006-12-20. — В. 1. — Т. 1. — С. e85. — ISSN 1932-6203. —
- ↑ «Relative Differences: The Myth of 1% [Относительные различия (между геномами человека и шимпанзе): Миф об «одном проценте»]» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Divergence between samples of chimpanzee and human DNA sequences is 5%, counting indels». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Prüfer, Kay; Pääbo, Svante; et al. The bonobo genome compared with the chimpanzee and human genomes Արխիվացված 2014-04-16 Wayback Machine // Nature, published online 13 June 2012.
- ↑ Kuhlwilm, Martin; et al. Ancient admixture from an extinct ape lineage into bonobos Արխիվացված 2019-05-03 Wayback Machine, 29 April 2019.
- ↑ Hallast, Pille; et al. Great-ape Y-Chromosome and mitochondrial DNA phylogenies reflect sub-species structure and patterns of mating and dispersal Արխիվացված 2021-02-14 Wayback Machine, Genome Research (2016).
- ↑ Ancient chimpanzee 'Adam' lived over one million years ago, research reveals Արխիվացված 2016-05-02 Wayback Machine, 2016
- ↑ Cechova, Monika; et al. Dynamic evolution of great ape Y chromosomes Արխիվացված 2020-10-09 Wayback Machine. PNAS, published online October 5, 2020.
- ↑ Researchers Sequence Y Chromosomes of Bonobos and Orangutans Արխիվացված 2020-10-10 Wayback Machine, Oct 7, 2020.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գաճաճ շիմպանզե կատեգորիայում։ |