Գալիփ Բալքարի սպանություն
Գալիփ Բալքարի սպանություն | |
---|---|
![]() Գալիփ Բալքարի գերեզմանը | |
Տեսակ | քաղաքական սպանություն |
Երկիր | ![]() |
Տեղադրանք | Բելգրադ |
Գրոհի նպատակ | Գալիփ Բալքար |
Տարեթիվ | մարտի 9, 1983 |
Զոհվածներ | 2 մարդ |
Գալիփ Բալքարի սպանություն (թուրքերեն՝ Galip Balkar Suikastı), Հարավսալվիայում Թուրքիայի դեսպան Գալիփ Բալքարի սպանությունը, որը տեղի է ունեցել 1983 թվականի մարտի 9-ին Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի կենտրոնում[1]։ Թուրք դիվանագետը մահացել է դեպքից երկու օր անց։ Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ զինված խմբավորումը։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայազգի երկու մարտիկ փոքր տրամաչափ հրազենային զենքերից կրակ էին բացել թուրք դեսպանի մեքենայի ուղղությամբ[2], որը կարմիր լույսի տակ կանգնել էր Բելգրադի կենտրոնական խաչմերուկներից մեկում[2]։ Հարձակման հետևանքով 47-ամյա Բալքարը և նրա վարորդը՝ Քայա Նեջեթը վիրավորվեցին։ Դեսպանի վիճակը գնահատվում էր կրիտիկական[2]։ Հարձակում գործած երկու անձինք կրակոցներից հետո փորձեցին փախչել դեպքի վայրից՝ այդ ընթացքում սպանելով հարավսլավացի ուսանող Ժելկո Միլիվոևիչին, որը փորձում էր կանխել նրանց փախուստը[3]։ Տարածքում գործող հարավսլավացի անվտանգության երկու աշխատակիցները հետապնդեցի նրանց, ինչի հետևանքով փոխհրաձգություն սկսվեց[2]։ Զինված տղամարդիկ վիրավորեցին անվտանգության աշխատակիցներից մեկին՝ Սլոբոդան Բրաժևիչին։ Բրաժևիչին ուղղված մյուս կրակոցը կպավ պատին ու թեթևակի վիրավորեց մոտակայքում գտնվող գրասենյակային աշխատակից Զորիցա Սոլոտիչին[4]։
Հարձակում գործած անձինք ձերբակալվում են։ Պարզվում է նաև նրանց ինքնությունը. Հարություն Լևոնյան և Ալեքսանդր Էլպեքյան[3]։ Նրանք մարտի 6-7-ը Հարավսլավիա էին ժամանել Բեյրութից և երկուսն էլ ունեին Լիբանանի քաղաքացիություն[4]։ Լևոնյանը ծանր վիրավորում էր ստացել, ձերբակալվել հարձակումից շատ չանցած, իսկ Էլպեքյանը՝ մոտ 8 ժամ անց։ Նույն օրը Աթենքում տեղակայված The Associated Press-ի խմբագրություն է զանգահարում անհայտ մի անձ, որը նշում է, որ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ խմբավորումը։ Վերջինս զինված կազմակերպություն էր, որը 1975-1987 թվականներին մեղադրվել է թուրք դիվանագետների և այլ պաշտոնյաների վրա տասնյակ հարձակումներ կազմակերպելու մեջ[2]։ Փարիզում և Բեյրութում տեղակայված մյուս լրատվամիջոցներին զանգահարած անձինք ևս պնդում էին, որ հենց այս կազմակերպությունն է կանգնած հարձակման հետևում։ Զանգահարողները պնդում էին, որ զինված հարձակումն իրականացվել է Հայկական հարցի վրա համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռելու համար[2]։
Գալիփ Բալքարը մահացավ մարտի 11-ին Բելգրադի նյարդավիրաբուժական կլինիկայում[5]։ Այնտեղ նրան ենթարկել էին անհապաղ վիրահատության, ինչից հետո նրա վիճակը գնահատվում էր կրիտիկական։ Փամփուշտներից մեկը հայտնվել էր նրա գլխում, ևս մեկն էլ՝ աջի ուսի մոտով անցել էր դեպի ողնաշար։ Բալքարի մահվան լուրի տարածումից հետո, Հարավսլավիայի նախագահության ղեկավար Պետար Ստամբոլիչը ցավակցական հեռագիր ուղարկեց Թուրքիայի նախագահ Քենան Էվրենին։ Հարավսլավիայի վարչապետ Միլկա Պլանինցն ու արտաքին գործերի քարտուղար Լազար Մոյսովը ևս ցավակցական հեռագրեր ուղարկեցին իրենց թուրք գործընկերներին[4]։ Բալքարի մարմինն այդ նպատակով հատուկ Բելգրադ ժամանած օդանավով տեղափոխվեց Անկարա, իսկ թաղման պաշտոնական արարողությունը կայացավ մարտի 15-ին[4]։ Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ հարավսլավական Танјуг լրատվական գործակալությունը ընդգծեց Հարավսլավիայի ողջ տարածքում քաղաքական այս սպանության փորձի հետևանքով առաջացած խորը վրդովմունքը և Հարավսլավիայի կողմից ահաբեկչության դատապարտումը[4]։
Գալիփ Բալքարը դարձավ 26-րդ թուրք պաշտոնյան, որը վերջին 10 տարիներին սպանվել էր հայկական զինված խմբավորումների կողմից։ 1970-ական թվականների կեսերից ի վեր վիրավորվել էր ավելի քան 300 և սպանվել 35 թուրք պաշտոնյա։ Այս սպանությունից ընդամենը մի քանի օր առաջ Աթենքում հրատարակվող «Ակրոպոլիս» թերթը գրել էր մի քանի հունահայերի մասին, որոնք պնդում էին, որ «մենք պատրաստվում ենք ծնկի բերել Թուրքիային՝ սպանելով նրանց լավագույն դիվանագետներին»։ Թուրքիան կոչ արեց արևմտյան երկրների իշխանություններին օգնել կանխարգելել հայ արմատական խմբերի հարձակումները թուրք դիվանագետների ուղղությամբ[6]։ 1983 թվականի ապրիլի 14-ին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը կոչ արեց աշխարհասփյուռ հայությանը պայքարելու «բոլոր այն հայերի դեմ, ովքեր սև բիծ են թողել մեր ազգի վրա»։ Պատրիարք Շնորհք արք. Գալուստյանը և հայազգի մյուս կրոնական ու հասարակական գործիչները մասնակցեցին դեպի կենտրոնական Թաքսիմ հրապարակ քայլերթին, որտեղ մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված թուրք 26 դիվանագետների հիշատակը, որոնք նախորդ տասնամյակի ընթացքում սպանվել էին հայ մարտիկների կողմից[6]։
1983 թվականի մարտի 17-ին Հարավսլավիայի նախագահի հրամանագրով Գալիփ Բալքարը հետմահու պարգևատրվեց «Հարավսլավիայի դրոշը ժապավենով» անունը կրող շքանշանով։ Պարգևատրման որոշման նախագծում նշված էր, որ «դեսպան Բալքարը, Հարավսլավիայում իր կարճաժամկետ դիվանագիտական առաքելության ընթացքում, կարևոր ներդրում է ունեցել Թուրքիայի և Հարավսլավիայի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և առաջմղման գործում[7]։
Դատական գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելգրադի գլխավոր դատախազը ծնունդով Բեյրութից 23-ամյա Հարություն Լևոնյանին և 21-ամյա Ալեքսանդր Էլպեքյանին մեղադրեց Գալիփ Բալքարի սպանության և Քայա Նեջեթի սպանության փորձի մեջ։ Ի հավելումն սրա, մեղադրական եզրակացություն մեջ նաև նշվում էր, որ թուրք դիվանագետի սպանությունից հետո Լևոնյանը փորձել է սպանել նաև Հարավսլավիայի ժողովրդական բանակի պաշտոնաթող գնդապետ Բրաժևիչին, որը փորձում էր կանխել նրանց փախուստը։ Էլպեքյանն էլ նաև մեղադրվում էր ուսանող Ժելկո Միլիվոևիչին սպանելու մեջ, որը փորձում էր բռնել հարձակում գործած անձանց։ Դատավարության ընթացքում նաև հաստատվեց այն հանգամանքը, որ Լևոնյանը և Էլպեքյանը Բելգրադ էին ժամանել Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ կազմակերպությն հատուկ առաջադրանքը կատարելու համար։ Քանի որ Լևոնյանն ուներ հատուկ առողջական խնդիրներ, որը ձեռք էր բերել վիրավորվելուց հետո, իսկ Էլպեքյանը նոր էր դարձել չափահաս, դատարանը նրանց մահապատժի չդատապարտեց։ Նրանց պաշտպանությամբ զբաղվում էր հարավսլավացի հայտնի փաստաբան Սրդա Պոպովիչը, որն այդ տարիներին աշխատում էր Բելգրադում[3]։
1984 թվականի մարտի 9-ին՝ հարձակումից ուղիղ մեկ տարի անց, Լևոնյանն ու Էլպեքյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։ Դատարանը նաև որոշեց, որ պատիժը կրելու ժամկետի ավարտից հետո նրանք կարտաքսվեն Հարավսլավիայից։ Դատարանը որոշեց, որ Լևոնյանը սպանել է դեսպանին և մարմնական լուրջ վնասվածքներ հասցրել Բրաժևիչին, մինչդեռ Էլպեքյանը մարմնական ծանր վնասվածք է հասցրել վարորդին ու փորձելով փախչել դեպքի վայրից՝ սպանել է Միլիվոևիչին։ Սերբիայի սոցիալիստական հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ստոյան Միլետիչն ընդգծեց, որ դատավճիռների խստությունը համապատասխանում է հանցավոր արարքների ծանրությանը[7]։
Աթենքում գործող «Հայ բանտարկյալների հետ համերաշխության կենտրոնական կոմիտե» հայտարարության համաձայն՝ Հարություն Լևոնյանը 1987 թվականի հունիսին հարավսլավական իշխանությունների որոշմամբ ազատ է արձակվել բանտից։ Չնայած հայտարարության մեջ չի նշվում ազատ արձակման պատճառների մասին, որոշ աղբյուրներ պնդում են, որ նա կարող էր ազատ արձակվել առողջական խնդիրների պատճառով. նա վիրավորվել էր անվտանգության աշխատակցի պատասխան կրակի հետևանքով ու կաթվածից հետո դարձել պարալիզացված[7]։ Ներկայումս բնակվում է Երևանում՝ Անդրանիկ Պողոսյան անվան ներքո[8][9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Terrorist Group Profiles. 1-56806-864-6. Aug 1989, p. 53
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Gunmen Wound Turkish Envoy to Belgrade. The Washington Post. March 10, 1983, Thursday, Final Edition
- ↑ 3,0 3,1 3,2 Assassins of Turkish ambassador indicted. Yuqoslav News Agency. September 14, 1983, Wednesday
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Assassination of Turkish Ambassador to Yugoslavia. BBC Summary of World Broadcasts. March 14, 1983, Saturday
- ↑ Turk Dies in Belgrade; Two Gunmen Held Արխիվացված 2019-04-25 Wayback Machine The New York Times. March 12, 1983
- ↑ 6,0 6,1 Turks Ask for Help in Fighting Armenian Attacks Արխիվացված 2019-04-25 Wayback Machine. The New York Times. April 17, 1983, Sunday, Late City Final Edition
- ↑ 7,0 7,1 7,2 Yugoslavia's posthumous award for Turkish Ambassador. BBC Summary of World Broadcasts. March 19, 1983, Saturday
- ↑ De Waal, Thomas (2015). Great catastrophe: Armenians and Turks in the shadow of genocide. Oxford: Oxford University Press. էջեր 156–157. ISBN 978-0190904784.
- ↑ Civilnet (2017-04-26). «Ոչ թե ողբալ, այլ դասեր քաղել․ Անդրանիկ Պողոսյան». CIVILNET. Վերցված է 2025-01-05-ին.