Գալամլակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալամլակներ
Գալամլակներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Ինֆրադաս Թևավոր միջատներ
Կարգ Երկթևանիներ
Ենթակարգ Երկարաբեղիկներ
Ինֆրակարգ Bibionomorpha
Վերնաընտանիք Sciaroidea
Ընտանիք Գալամլակներ
Լատիներեն անվանում
Cecidomyiidae Newman, 1834
Հոմանիշներ
  • Porricondylidae
  • Itonididae
  • Heteropezidae
  • Lestremiidae
  • Campylomyzidae


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 122975
NCBI 33406


Գալամլակներ (լատին․՝ Cecidomyiidae), երկարաբեղիկ երկթևանիների կարգի միջատների ընտանիք։

Տարածավածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 4300, Հայաստանում՝ մոտ 100 տեսակ։ Առավել տարածված են սալորենու բողբոջամլակը (Asphondylia pruniperda), վարդենու գալամլակը (Wachtliella rosarum), խնձորենու գալամլակը (Dasineura mali), ուռենու գալամլակը (Dasineura salicis), ուռենու վարդանման գալամլակը (Dasineura iteobia), բարդու գալամլակը (Dasineura saiicinerda) և այլն։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծամասնության թրթուրները բնակվում են գալերի մեջ (այստեղից՝ անվանումը), որոնք առաջանում են բույսի հյուսվածքների գրգռման հետևանքով։ Հասուն գալամլակները սնվում են բույսերի շաքարային արտադրություններով (կամ չեն սնվում) և ապրում են մի քանի օր։ Տարբեր տեսակների գալամլակների գալերի ձևը և կազմությունը տարբեր են։ Գալերը լինում են վայրի և մշակաբույսերի տարբեր տեսակների պտուղների, ծաղիկների, բողբոջների, տերևների, տերևակոթունների, ցողունների, կեղևի, շիվերի գագաթների, արմատների վրա։ Մանր, նուրբ մոծակներ են՝ բարեկազմ մարմնով, երկար ու բարակ ոտքերով։ Բեղիկները բազմահոդ են (8-36)։ Ջղավորումը խիստ պարզեցված է, թևի եզրին 6-ից ավելի չէ։ Թրթուրը երկարացած է, մարմինը՝ 13 հատվածից (բացի գլխից) բաղկացած։ Կրծքային հատվածի ստորին կողմում կա «թիակ» կոչվող մասը, որի ձևը մեծ նշանակություն ունի կարգաբանության մեջ։ Էգը ձվադրում է բույսերի հյուսվածքների մեջ։

Թրթուրների զարգացման փուլն ավարտվում է շատ արագ (4-15 օրում), որից հետո նրանք հարսնյակավորվում են կամ ընկնում հարաբերերական հանգստի մեջ։ Բուսակեր գալամլակների թրթուրները ձմեռում են հողում կամ բույսի վրա, որոնք հարսնյակավորվում են գարնանը, որոշ տեսակների ձմեռումն անցնում է ձվի փուլում։ 5-7 օրից հարսնյակները վերածվում են հասունի (իմագո)։ Տարվա մեջ ունենում են 1-4 սերունդ։ Թրթուրների մեծ մասը դեղին է, նարնջագույն կամ սպիտակ։ Ազատ ապրող գալամլակների թրթուրները զարգանում են հողում, սնկերում, թաղված տերևածածկում, քայքայվող բնափայտում։ Գալամլակների ընտանիքում կան նաև օգտակար ձևեր՝ աֆիդոֆագևեր, որոնք ոչնչացնում են լվիճներին և դերբիֆագներ, որոնք զարգանում են մոլախոտերի վրա՝ վնաս պատճառելով դրանց։ գալամլակների նեղ մասնագիտացված այդ տեսակները կարելի է օգտագործել որպես էկոլոգիապես անվտանգ կենսբ. պայքարի միջոց։ Սակայն գալամլակների մեծ մասը բույսերի վնասատուներ են (վնասում են բոլոր օրգանները), հատկապես՝ պտուղներում, ծաղիկներում, շիվերի գագաթնային մասում զարգացողները։ Տնտեսական մեծ վնաս են պատճառում հեսենյան ճանճը, ցորենի գալամլակը (Contarinia tritici), որոնք կարող են ամբողջովին ոչնչացնել ցորենի և այլ հացահատիկների բերքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։