Գազլայթինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգրիդ Բերգմանը «Գազային լույս» ֆիլմում (1944)

Գազլայթինգ («Գազային լույս» պիեսի անգլերեն անվանումից[1][2], անգլ.՝ Gas Light), հոգեբանական բռնության և սոցիալական մակաբուծության ձև, որոշակի հոգեբանական մանիպուլյացիաներ, որոնք կատարվում են զոհին «թերի», աննորմալ ներկայացնելու կամ նրան տանջելու և շրջապատող իրականության ընկալման համարժեքությունը կասկածի տակ դնելու նպատակով[3][4]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գազլայթինգ» հասկացությունը սկիզբ է առել 1938 թվականի «Գազային լույս» պիեսի վերնագրից (ԱՄՆ-ում հայտնի է որպես «Հրեշտակի փողոց», Angel Street) և դրա 1940 թվականի «Գազային լույս» և 1944 թվականի «Գազային լույս» ֆիլմերի էկրանավորումները, որտեղ մոդելավորվում է կայուն հոգեբանական մանիպուլյացիան, որը կիրառվում է գլխավոր հերոսի կողմից իր զոհի նկատմամբ[5]։ Սյուժեի համաձայն՝ երիտասարդ կնոջ ամուսինը վերադասավորում է տան փոքրիկ կահավորանքը և թաքցնում իրերը, որպեսզի կնոջ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվի, որ նա կորցնում է հիշողությունն ու բանականությունը։ Ֆիլմի անվանումը մատնանշում է Վիկտորյական դարաշրջանում տներում օգտագործվող լուսատու գազը։ Գլխավոր հերոսը նկատում է, որ երեկոյան տան լույսը փոքր-ինչ մարում է, մինչդեռ ամուսինը համառորեն կրկնում է, որ դա միայն իրեն է թվում, մինչդեռ լուսավորությունն իրականում փոխվում է այն պատճառով, որ ամուսինը վառում է գազի լույսը տան մեկ այլ հատվածում, որտեղ նա փնտրում է թաքնված ակնեղեն։

Հենց «գազլայթինգ» հասկացությունն ինքնին շրջանառության մեջ է դրվել 1960-ական թվականներին[6]՝ անդրադառնալու ինչ-որ մեկի կողմից իրականացվող հոգեբանական մանիպուլյացիաներին՝ զոհի մեջ կասկած սերմանելու իրականության իր օբյեկտիվ ընկալման վերաբերյալ։ 1980 թվականին ամերիկացի ֆեմինիստ և սոցիալական աշխատող Ֆլորենս Ռաշը իր «Ամենախիստ առեղծվածը. երեխաների սեռական բռնության մասին» գրքում, ամփոփել է հոգեբանական մանիպուլյացիայի վերաբերյալ եզրակացությունները, որոնք ներկայացված են Ջորջ Քյուկորի 1944 թվականի ֆիլմի տարբերակում՝ նշելով, որ «նույնիսկ այսօր. բառը [gaslighting] օգտագործվում է նկարագրելու ինչ-որ մեկի փորձը՝ ոչնչացնելու ուրիշի իրականության զգացումը»[7]։

Գազլայթինգի հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազլայթինգը ներառում է առնվազն երկու մարդ՝ հոգեկան բռնություն գործադրողին կամ հետապնդողին և երկրորդ անձին՝ զոհին։ Այն կարող է լինել գիտակցված կամ անգիտակից և իրականացվում է գաղտնի, որպեսզի արդյունքում առաջացող հուզական չարաշահումը բացահայտ չլինի[8]։

Գազլայթինգ նախաձեռնողը․

  • ստիպում է իր «զոհին» կասկածի տակ դնել իր հիշողությունը,
  • ստիպում է մտածել հուզական կայունության և ադեկվատության մասին,
  • «զոհին» ներկայացնում է որպես հիմար, մտավոր թույլ մարդ,
  • ընդգծում է երևակայական տարիքային, գենդերային և ֆիզիոլոգիական անկարողությունը,
  • հերքում է զոհի համար կարևոր նշանակություն ունեցող զգացմունքներն ու փաստերը։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազլայթինգը հաճախ օգտագործվում է սոցիոպաթների և նարցիսիստների կողմից։ Առաջինները հետևողականորեն խախտում են հասարակության մեջ ընդունված նորմերը, խախտում են կանոնները և օգտվում այլ մարդկանցից, բայց համոզիչ ստախոսներ են, որոնք ունակ են հմայել ինչ-որ մեկին և հետևողականորեն հերքում են իրենց սխալ արարքները։ Այսպիսով՝ ինչ-որ մեկը, ով զոհ է դարձել սոցիոպաթի կողմից, կարող է կասկածի տակ դնել իրականության իր ընկալմանը[9]։

Որոշ ամուսիններ, որոնք ֆիզիկական բռնություն են գործադրում իրենց զուգընկերոջ նկատմամբ, բռնի գործողությունից հետո կարող են դիմել գազլայթինգի՝ կտրականապես հերքելով, որ իրենք դաժան վերաբերմունք են ցուցաբերել[2]։

Գազլայթինգը կարող է դրսևորվել ծնողի և երեխայի միջև, երբ ծնողը ստում է երեխային՝ փորձելով խեղաթյուրել նրա ընկալումը աշխարհի վերաբերյալ[10]։

Գազլայթինգ կարող է առաջանալ, երբ խոսքը վերաբերում է դավաճանությանը. «Թերապևտները կարող են սրել տուժածի տառապանքը՝ սխալ բնութագրելով կանանց ռեակցիաները։ [...] Ամուսնու գազլայթինգային վարքագիծը կարող է հանգեցնել որոշ կանանց նյարդային խանգարման [և] ինքնասպանության՝ վատագույն դեպքում»[11][12]։

Հոգեթերապևտի (կամ հոգեբույժի) և հիվանդի միջև կարող է առաջանալ գազլայթինգի փոխհարաբերություն։ Բուժվողի համար այս դեպքում բժիշկը հանդես է գալիս որպես «ամենագետ միտք» (այսինքն՝ փորձագետ)։ Միանգամայն հնարավոր է, որ դա հանգեցնի կոնֆլիկտի, երբ հիվանդը ի վիճակի չէ հասկանալու իր ներքին փորձառությունները այլ կերպ, քան բժշկի ներկայացրած մեկնաբանությունների, և դա, իր հերթին, կարող է հանգեցնել նրան, որ հիվանդը ընկնի կասկածի և թերահավատության մեջ իր իսկ գնահատականներում ու շրջապատող աշխարհի ընկալումներում[13]։ Ավելին, գազլայթինգային հարաբերություններ հնարավոր են հիվանդների և ստացիոնար հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների միջև[14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dorpat, Theodore L. Gaslighting, the Double Whammy, Interrogation, and Other Methods of Covert Control in Psychotherapy and Psychoanalysis. — Jason Aronson, 1996. — ISBN 978-1-56821-828-1
  2. 2,0 2,1 Jacobson, Neil S.; Gottman, John M. When Men Batter Women: New Insights into Ending Abusive Relationships. — Simon and Schuster, 1998. — С. 129—132. — ISBN 978-0-684-81447-6
  3. «Oxford Dictionary definition of 'gaslighting'». Oxford Dictionaries. Oxford University Press. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.
  4. Dorpat, T.L. On the double whammy and gaslighting (und) // Psychoanalysis & Psychotherapy. — 1994. — Т. 11. — № 1. — С. 91—96. Архивировано из первоисточника 7 Ապրիլի 2016.subscription
  5. «What Is Gaslighting? | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. 1969 S. C. Plog Changing Perspectives in Mental Illness 83 It is also popularly believed to be possible to ‘gaslight’ a perfectly healthy person into psychosis by interpreting his own behavior to him as symptomatic of serious mental illness. — «gaslight». Oxford English Dictionary (3rd ed.). Oxford University Press. September 2005. (Subscription or UK public library membership required Արխիվացված 2013-04-29 Wayback Machine.)
  7. Rush, Florence The Best-kept Secret: Sexual Abuse of Children. — Human Services Institute, 1992. — С. 81. — ISBN 978-0-8306-3907-6
  8. Dorpat, Theodore L. Crimes of punishment America's culture of violence. — Algora Pub, 2007. — С. 118—130.
  9. Stout, Martha The Sociopath Next Door. — Random House Digital, 2006. — С. 94—95. — ISBN 978-0-7679-1582-3
  10. O'Brian G., Hassanyeh F.; Cawthra, R. 'Imposed Psychosis': A Case Variant of the Gaslight Phenomenon(անգլ.) // British Journal of Psychiatry : journal. — Royal College of Psychiatrists, 1987. — Т. 150. — № 4. — С. 553—556. — doi:10.1192/bjp.150.4.553 — PMID 3664141.
  11. Gass G. Z., Nichols W. C. Gaslighting: A Marital Syndrome (und) // Journal of Contemporary Family Therapy. — 1988. — Т. 10. — № 1. — С. 3—16. — doi:10.1007/BF00922429 subscription
  12. Cawthra R., O'Brian G., Hassanyeh F. 'Imposed Psychosis': A Case Variant of the Gaslight Phenomenon(անգլ.) // British Journal of Psychiatry : journal. — Royal College of Psychiatrists, 1987. — Т. 150. — № 4. — С. 553—556. — doi:10.1192/bjp.150.4.553 — PMID 3664141.
  13. Loftus E. F. Creating False Memories Արխիվացված 2018-07-26 Wayback Machine Scientific American September 1997, vol. 277. № 3. pages 70-75
  14. Lund C. A., Gardiner A. Q. The Gaslight Phenomenon: An Institutional Variant(անգլ.) // British Journal of Psychiatry : journal. — Royal College of Psychiatrists, 1977. — Т. 131. — № 5. — С. 533—534. — doi:10.1192/bjp.131.5.533 — PMID 588872. subscription

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]