Jump to content

Գազգոլդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գազգոլդեր, գազհոլդեր (< գազ և անգլ․ holder – այստեղ՝ ամբար), պողպատե ստացիոնար կառուցվածք, որտեղ գազը հավաքվում, պահվում ու տրվում է բաշխիչ գազամուղներին կամ գազի վերամշակման ու կիրառման կայանքներին։ Կան փոփոխական (թաց) և հաստատուն (չոր) ծավալով գազգոլդերներ։

Փոփոխական ծավալով գազգոլդերը բաղկացած է ջրով լցված ուղղաձիգ գլանաձև ամբարից (ջրավազան) և զանգից (ուղղաձիգ գլանաձև ամբար առանց հատակի)։ Գազգոլդերը գազով լցվելիս զանգը բարձրանում է, դատարկվելիս՝ իջնում։

Թաց գազգոլդերները լինում են 10–50 հզ․ մ³ տարողությամբ։ Թաց գազգոլդերների հիմնական թերություններն են՝ մետաղի մեծ ծախսը, գազի խոնավացումը, ճնշման փոփոխական ռեժիմը, ձմռանը շահագործման դժվարությունները։ Այս թերություններից զուրկ են մինչև 100 հզ․մ³ և ավելի տարողություն ունեցող չոր (մխոցավոր) գազգոլդերները, որոնք բաղկացած են անշարժ իրանից և մխոցից։ Թերություններն են մոնտաժման բարդությունը և իրանի ու մխոցի միջև հերմետիկության ապահովման դժվարությունը։

Կիրառում են հաստատուն ծավալի (բարձր ճնշման) գազգոլդերներ, որոնք գնդաձև հատակով գլանաձև ամբարներ են կամ էլ մինչև 1,8 Մն/մ² (18 կգ/սմ²) ճնշման համար հաշվարկված գնդեր։ Գլանաձև գազգոլդերները տեղադրվում են հորիզոնական կամ ուղղաձիգ դիրքով։ Բարձր ճնշման գազգոլդերները լայն տարածում են գտել քաղաքների գազամատակարարման գործում։ Գազգոլդերային կայաններում տեղադրվում են բաց երկնքի տակ, հատուկ հենարանների վրա։ Արևմտյան Եվրոպայի երկրներում, որտեղ գազամատակարարումը կատարվում է արհեստական գազով, տարածված են ցածր ճնշման գազգոլդերները։ ԱՄՆ–ում կիրառվում են հաստատուն ծավալով գազգոլդերներ և ցածր ճնշման չոր գազգոլդերներ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Веревкин С․ И․, Корчагин В․ А․, Газгольдеры, М․, 1966․

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազգոլդեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 646