Գաբրիել Գյուրջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաբրիել Գյուրջյան
Ծնվել է ապրիլի 24 (մայիսի 6), 1892[1]
Ծննդավայր Արդվին, Թուրքիա
Վախճանվել է օգոստոսի 13, 1987(1987-08-13) (95 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Կրթություն Պենզայի գեղարվեստի ուսումնարան
Մասնագիտություն նկարիչ
Ուշագրավ աշխատանքներ «Ախթալայի տեսարանը», «Բամբակահավաք»
Ակտիվ շրջան 1923-1958
Պարգևներ Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
Զավակներ Միքայել Գյուրջյան
Գաբրիել Գյուրջյան Վիքիքաղվածքում
Գաբրիել Գյուրջյան Վիքիդարանում

Գաբրիել Միքայելի Գյուրջյան (ապրիլի 12 (24), 1892, Արդվին - օգոստոսի 13, 1987, Երևան) - հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1945)։ Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորողներից։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Միքայել Գյուրջյանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Գյուրջյանը ծնվել է 1892 թվականի ապրիլի 25-ին Բաթումի մարզի Արդվին քաղաքում, արհեստավորի ընտանիքում: 1910-1917 թթ. սովորել է Պենզայի գեղարվեստի ուսումնարանում (Պյոտր Կորովինի, Նիկոլայ Պետրովի, Իվան Գորյուշկին-Սորոկոպուդովի մոտ): 1920 թ. ավարտել է բարձրագույն գեղարվեստական արվեստանոցները։ Ուսանողական տարիներից մասնակցել է ռուս առաջադեմ նկարիչների «Բելի մեդվեդ», «Վոլժսկի սոյուզ» խմբակցությունների ցուցահանդեսներին: 1922 թվականին տեղափոխվել է Երևան, ծավալել ակտիվ ստեղծագործական, մանկավարժական, գիտական և հասարակական գործունեություն: Շուրջ 35 տարի դասավանդել է մասնագիտական նորաբաց ուսումնական հաստատություններում. 1923-1927 թթ.՝ ԵԳԱՏ-ում, 1930-1935 թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1945-1958 թթ.՝ Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1947 թվականից)։ Գյուրջյանի նախաձեռնությամբ 1939 թվականին Գյուրջյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Նկարիչների շրջիկ արվեստանոցը»: 1951-1959 թթ. և 1968-1969 թթ.՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Գյուրջյանի հուշատախտակը Աբովյան 32 շենքի պատին

Եղել է 1926 թվականին Երևանում կազմակերպված «Հեղափոխակսն Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի» (ԱԽՌՌ) հայկական բաժանմունքի նախագահ։ Գյուրջյանը ՀԽՍՀ-ում առաջին շրջիկ արվեստանոց-ցուցահանդեսի (1939) կազմակերպիչն է (տես Հայաստանի նկարիչների շրջիկ արվեստանոց)։ 1951-1959 թվականներին և 1968-1969 թվականներին եղել է ՀԽՍՀ նկարիչների միության նախագահ։ 1920-ական թվականներին ստեղծել է հայրենի երկիրը գովերգող բնանկարներ («Հրազդան գետի կամուրջը», 1923, «Ծաղկաձորի շրջակայքը», 1925, «Նավահանգիստ Սևանում», 1926)։ «Շիրակի ջրանցքի ամբարտակի կառուցումը» (1926), «Զորագէս», «Աշխատանքը թունելում» (1929), «Թունել Զորագէսում» (1930) գործերը սկզբնավորել են արդյունաբերական բնանկարի ժանրը հայ կերպարվեստում։ 1930-ական թվականներին, խորացնելով տիպականությունը բնանկարում, Գյուրջյանը հասել է բնության տեսարանների գեղարվեստական խոր ընդհանրացման՝ «Ախթալայի տեսարանը» (1933), «Սևան», «Զանգշին» (1937), «Այրիվանքի բլուրները» (1940)։ 1941-1945 թվականներին ստեղծել է հայրենասիրական թեմաներով սյուժետային պատկերներ՝ «Ֆաշիստական ռազմանավերի ոչնչացումը» (1942), «Երևանը հայրենական պատերազմի օրերին» (1942, Երևանի քաղաքայիև թանգարան), ինչպես և բնանկարներ՝ «Ջրաղացը Բյուրականում» (1941), «Գարունը Եղեգնաձորում»։ Գյուրջյանի «Ազատ գետը Գառնիի ձորում» (1945), «Արդյունաբերական բնանկար։ Ալավերդի» (1949), «Առավոտը Զանգեզուրում» (1956, Գորկի քաղաքի թանգարան), «Կոլտնտեսությունը Հայաստանի լեռներում» (1967, Հայաստանի պետական պատկերասրահ), «Զորագէսի ամբարտակը» (1930), «Բամբակահավաք» (1949, Տրետյակովյան պատկերասրահ) սովետական կերպարվեստի լավագույն գործերից են։ Գյուրջյանը հայ սովետական արվեստագիտության սկզբնավորողներից է, հոդվածների, գրքերի, արվեստագիտական ուսումնասիրությունների հեղինակ («Նկարիչ Ստեփան Աղաջանյան», 1927, «Սեդրակ Առաքելյան», 1967)։ Հետազոտություններ է կատարել նկարչական ներկերի տեխնոլոգիայի բնագավառում։ Դասավանղել է Երևանի պոլիտեխնիկական (1930-1935) և գեղարվեստա-թատերական (1945-1958, 1947 թվականից՝ պրոֆեսոր) համալսարաններում։ Եղել է ՀԽՍՀ 1, 2 և 4 գումարումների Գերագույն սովետի դեպուտատ[2][3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Գյուրջյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսի պաստառը Հայաստանի ազգային պատկերասրահում

Բնանկարներում («Արդվին։ Ինտերիեր», 1914, «Իմ ծննդավայրը», 1915, «Ղարաքիլիսայի լեռները», «Մայրամուտ», 1923, «Ժայռեր, Սևան», 1926, «Ստեփանավանի շրջակայքը», 1929, «Երեկոն Մարտունիում», 1939, «Առավոտը Գորիսում», 1954) Գաբրիել Գյուրջյանը հասել է տեսարանի գեղարվեստական ընդհանրացման։

«Շիրակի ջրանցքի ամբարտակի կառուցումը» (1926), «Արդյունաբերական բնանկար, Ալավերդի» (1949) և այլ գործերով սկզբնավորել, զարգացրել է արդյունաբերական բնանկարի ժանրը հայ կերպարվեստում։

Հեղինակ է արվեստաբանական ուսումնասիրությունների («Նկարիչ Ստեփան Աղաջանյան», 1927, «Սեդրակ Առաքելյան», 1967

Ճանաչված է նկարչության տեխնոլոգիայի գաղտնիքներին տիրապետող վարպետ[4]: Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5]:

2019 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել է Գաբրիել Գյուրջյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդես[6]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1945)
  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեմյան Ա․, ժողովրդական նկարիչ Գաբրիել Գյուրջյան, Թեհրան, 1951։
  • Айвазян М․, Г․ Гюрджян, М․, 1957․
  • Գաբրիել Գյուրջյան, Հայաստանի ազգային պատկերասրահ, 2018: ISBN 978-99941-79-29-9

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png