Jump to content

Գաբչիկովո-Նադմարոշի ամբարտակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբչիկովո ամբարտակի տեսքն ինքնաթիռից

Գաբչիկովո-Նադմարոշի ամբարտակներ, Դանուբի վրա ամբարտակների կառուցման մասշտաբային նախագիծ։ Համաձայնեցվել է 1977 թվականի սեպտեմբերի 16-ի՝ Բուդապեշտի պայմանագրով Չեխոսլովակիայի սոցիալիստական հանրապետության և Հունգարիայի ժողովրդական հանրապետության միջև։ Նախագիծը նպատակաուղղված է եղել տարերային հեղեղումները կանխելուն, գետերով նավագնացությունը բարելավելուն և էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիա արտադրելուն։

Ավարտին է հասցվել ծրագրի միայն մի մասը Սլովակիայում, որը ստացել է Գաբչիկովոյի ամբարտակ անունը։ Հունգարիան նախ դադարեցրել, այնուհետև ընդհանրապես կասեցրել է նախագիծը՝ պայմանավորված բնապահպանական ու տնտեսական խնդիրներով[1]։ Սլովակիան անցել է այլընտրանքային տարբերակին, որը կոչվել է Տարբերակ C․ դրանով նախատեսվում էր Դանուբ գետի սահմանային վտակի հունի փոխումը։ Դա միջազգային վեճի առիթ է դարձել Սլովակիայի ու Հունգարիայի միջև։ Երկու կողմերն էլ դիմել են ՄԱԿ-ի Միջազգային դատարան։

Բուդապեշտի պայմանագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարա-չեխոսլովայան համատեղ ծրագիրը համաձայնեցվել է 1977 թվականի սեպտեմբերի 16-ին Բուդապեշտի պայմանագրով։ Պայմանագիրը նախատեսել է ամբարտակների տրանսսահմանային համակարգ Չեխոսլովակիայի Գաբչիկովո (ներկայումս գտնվում է Սլովակիայում) և Հունգարիայի ժողովրդական հանրապետության (ներկայումս՝ Հունգարիա) Նադմարոշ քաղաքների միջև։ Ամբարտակները պետք է կանխեին կանոնավոր հեղեղումները (1954 և 1965 թվականներին ավերիչ հեղեղումներ են եղել) և ապահովեին էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի ստացումը։ Նրանք պետք է նաև տարվա ընթացքում ապահովեին գետերով նավագնացությունը և դառնային ներքին նավագնացության Ռեյն-Մայն-Դանուբ համակարգի մի մասը։

Ծրագրով գետի ջրի հոսքի մի մասը պետք է Դունակիլիտի (գյուղ Հունգարիայում) արհեստական ջրանցքով մղվեր Գաբչիկովոյի մերձակայքում գտնվող հիդրոէլեկտրակայան (ութ տուրբին, 720 ՄՎտ)։ Ջրանցքը պետք է վերդարձներ ջուրը գետի սկզբնական, ավելի խորացված հուն, իսկ Նադմարոշում ենթադրվում էր կառուցել ավելի փոքր ամբարտակ և էլեկտրակայան (158 ՄՎտ)։ Գաբչիկովո կայանը պետք է դառնար պիկային էլեկտրակայան, իսկ Նադմարոշ ամբարտակը, որը հոսանքով մոտ 100 կմ ցածր էր, պետք է սահմանափակեր ջրի մակարդակի տատանումները։

Քանի որ շինարարության մեծ մասը ծրագրվում էր իրականացնել Սլովակիայի տարածքում, Հունգարիայի կառավարությունը պարտավորվում էր մասնակցել Սլովակիայում շինարարական որոշ աշխատանքների, որպեսզի ապահովվեին երկու պետությունների կողմից հավասար ներդրումները։

Պայմանագրի կարևոր կետերից էր 15,1 հոդվածը, որում նշվում էր․ «Պայմանավորվող կողմերը համատեղ պայմանագրի նախագծում նշված միջոցների օգնությամբ ապահովում են, որ Դանուբի ջրի որակը շինարարության արդյունքում չվատանա և անցախցերի համակարգի անխափան շահագործվի»[2]։

Նախագծի դադարեցում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծրագրի դեմ բողոքի ցույցեր Հունգարիայում

1981 թվականին երկու երկրները համաձայնություն են ձեռք բերել ծրագրի իրականացումը դանդաղեցնելու մասին՝ պայմանավորված տնտեսական խնդիրներով[3]։ 1984 թվականին Հունգարիայում սկսվել է շարժում՝ «Դանուբյան շրջան» (հունգ.՝ Duna Kör), որը հանդես է եկել ամբարտակների շահագործման դեմ։ Այն հետագայում արժանացել է Առողջ կենսակերպի համար[4] և Գոլդմանի բնապահպանական մրցանակներին՝ Դանուբի պաշտպանության համար[5]։ Շարժումը դեմ է արտահայտվել ծրագրի մասին տեղեկությունները հասարակությունից թաքցնելուն, քանի որ կառավարությունը խուսափել է ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության մասին քննարկումներից։ Կենսաբաններն անհանգստացել են այն բանից, որ ամբարտակները կարող են վնաս հասցնել Դանուբի գետագալարներին և ստորջրյա ջրերի պաշարին, որից կախում ունեն միլիոնավոր հունգարացիներ։՝ հատկապես Բուդապեշտի շրջանում[6]։ Ինտենսիվ քարոզչության արդյունքում մեծացել է բացասական վերաբերմունքը ծրագրի հանդեպ՝ դառնալով նախկին ռեժիմի խորհրդանիշ։ Սլովակիայում ամբարտակի և հիդրոէլեկտրակայանի շինարարությունը շարունակվել է։ Հունգարիայի կառավարությունը վերջնական արդյունքում որոշել է դադարեցնել աշխատանքը մինչև ծրագրի՝ շրջակա բնության վրա ունեցած ազդեցության ամբողջական գնահատականի տալը։ Դրանից հետո սլովակյան իշխանությունները որոշել են միակողմանի անցնել Տարբերակ C-ին։ Դա փաստորեն Դանուբի հունը տեղափոխում էր Սլովակիայի տարածք։ Այդ որոշումը զգալիորեն կրճատել է Հունգարիա հասնող ջրի քանակությունը՝ ազդելով ջրամատակարարման ու երկրի շրջակա միջավայրի վրա[7]։ Արդյունքում հունգարական կառավարությունը փորձել է դադարեցնել 1977 թվականի համաձայնագիրը։

1992 թվականին չեխոսլովակյան մասնագետների առաջ քաշած սկզբնական առաջարկները եղել են հետևյալը․

  • Տարբերակ A։ Ավարտել 1977 թվականին Հունգարիայի հետ համատեղ հաստատած պլանը։ Սա եղել է սլովակյան կողմի նախընտրությունը։
  • Տարբերակ B։ Ավարտին հասցնել հիդրոտեխնիկական կառույցների չեխոսլովակյան մասը միայն։
  • Տարբերակ C։ Փոքրացնել ջրամբարը, հիդորոտեխնիկական կառույցները կառուցել միայն Սլովակիայում, իսկ Նադմարոշի շինարարությունը թողնել Հունգարիային։ Ջրամբարն ամբարտակի օգնությամբ բաժանել երկու մասի և Դունակիլիտի ամբարտակի փոխարեն ամբարտակ կառուցել Չունովոյում (Բրատիսլավա)։ Այս տարբերակը համարվել է ժամանակավոր, քանի որ հնարավոր է եղել կառուցել Դունակիլիտի ամբարտակը և ջրի տակ առնել Չունովոյի ամբարտակը, որպեսզի ծրագիրն իրականացվի 1977 թվականի համաձայնագրով։
  • Տարբերակ D։ Ավարտին հասցնել միայն ամբարտակի վերին մասի շինարարությունը և ավարտել Դունակիլիտի ամբարտակը։
  • Տարբերակ E։ Հիդրոտեխնիկական կառույցներն օգտագործել միայն հեղեղումների և նավարկությունն ապահովելու ժամանակ։
  • Տարբերակ F։ Դադարեցնել շինարարությունը և պահպանել կառույցները ներկայիս տեսքով։
  • Տարբերակ G։ Ապամոնտաժել բոլոր կառույցները և գետը վերադարձնել նախնական դրության։ Սա հունգարական կողմի նախընտրությունն է եղել։

Ի վերջո այլընտրանքային որոշում է կայացվել Տարբերակ C-ի փոքր մասշտաբով։ Արհեստական ջրանցքն ուղղվել է Չունովո, իսկ Գաբչիկովոյի էլեկտրակայանն աշխատում է հունային էլեկտրակայանի ռեժիմով՝ առանց ջրի մակարդակի կարգավորման։ Շինարարությունը սկսվել է 1992 թվականի նոյեմբերին։ 1992 թվականի հոկտեմբերին սկսվել է ջրի մի մասի ուղղումը ջրանցք, և Չունովոյի ջրամբարը լցվել է։ Երկրորդական կառույցները, օրինակ՝ էլեկտրակայանը, ավարտին են հասցվել և շահագործվել 1996 թվականին։

Հիդրոտեխնիկական կառույցների մասեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիդրոէլեկտրակայան Գաբչիկովոյի ամբարտակի

Կառուցված օբյեկտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չունովոյի ամբարտակի սնուցման ջրանցք։ Բրատիսլավայից ջուրը հասցնում է 10 կմ հեռավորության վրա գտնվող Չունովո։
  • Չունովոյի ամբարտակ։ Հիդրոտեխնիկական կառույցների առաջին մակարդակն է, որն արտադրում է 24 ՄՎտ էլեկտրաէներգիա։ Կա լրացուցիչ փոքր էլեկտրակայան՝ 1 ՄՎտ հզորությամբ։ Համալիրը ներառում է Չունովոյի Ջրային մարզաձևերի կենտրոնը, որտեղ անցկացվում են ջրային մարզաձևերի առաջնություններ։
  • Գրուշևոյի ջրամբար։ Փոխարինել է սլովակա-հունգարական համատեղ Դունակիլիտինի ջրամբարին։ Ջուր է ամբարում Գաբչիկովոյի գլխավոր էլեկտրակայանի համար, նաև կարգավորում է ջրի մակարդակը։ Ունի 16 մ երկարություն, 1-4 կմ լայնություն։ Տարողունակությունը կազմում է 196 միլիոն մ³։ Տարբերակ C-ի վերափոխման արդյունքում ջրամբարը փոքրացվել է և Հունգարիայի տարածքից առանձնացվել 10,5 կմ երկարությամբ ողունով։
  • Գաբչիկովոյի ամբարտակ։ Հիդրոտեխնիկական կառույցների հիմնական օբյեկտն է։ Կազմված է երկու կառույցի՝ հիդրոէլեկտակայանից և շլյուզային երկու խցից։ Հիդրոտեխնիկական կառույցի այս մակարդակն այնպես է նախագծված եղել, որ ջրի մակարդակի փոփոխությունն օգտագործվի էլեկտրաէներգիա ստանալու համար, իսկ նավերը կարողանան անվտանգ անցնել շլյուզով։ Խցերը գտնվում են Դանուբի ձախ ափին։ Ջրի մակարդակի տատանումը կազմում է 20 մ։ Գետի աջ ափին գտնվող էլեկտրակայանը նախատեսված է 2,560 ԳՎտ էներգիա արտադրելու համար։ Համալիրով անցնում է 10 մ լայնությամբ կամուրջ։ Էլեկտրակայանի աշխատանքն ամբողջովին ավտոմատացված է։ 2012 թվականին 20 տարի աշխատելուց հետո շլյուզներով անցել է մոտ 300,000 նավ, որոնք տեղափոխել են 5 միլիոն ուղևոր[8]։
  • Ելքային ջրանցք։ Ջուրը հետ է տանում գետի հուն, նաև օգնում է հեղեղումներից պաշտպանվելուն։ Ջրանցքն ունի 185 մ լայնություն ստորին հատվածում և 8,2 կմ երկարություն։ Դանուբ է թափվում Սալ գյուղի շրջակայքում։

Դանուբի վրա հիդրոտեխնիկական կառույցները ծրագրվել են այնպես կառուցել, որ համալիրի մի մասը գտնվի Նադմարոշում։ Դրա մասն էին կազմելու 95 կմ երկարությամբ ջրամբարը և Նադմարոշի էլեկտրակայանը։ Համալիրը պետք է գտնվեր հունգարական Վիշեգրադ և Նադմարոշ քաղաքների միջև, և նրա նպատակը պետք է լիներ ջրամբարի թեքվածքի կիրառումը էլեկտրաէներգիա ստանալու համար, ինչպես նաև նավարկման համար հարմար պայմաններ ապահովելը։ Գաբչիկովոյի կառույցները նախատեսված են եղել ջրի մակարդակի կարգավորման և էլեկտրակայանի աշխատանքի համար, իսկ Նադմարոշում պետք է աշխատեր հավասարեցնող պահեստարանը, որով նախատեսվում էր լավագույն պայմաններ ապահովել նավարկության համար և կարգավորել Գաբչիկովոյից եկող ջրի հոսքը։ Քանի որ Նադմարոշի աշխատանքներն ավարտին չեն հասցվել, Գաբչիկովոյի էլեկտրակայանը չի կարող աշխատել առավելագույն արդյունավետությամբ, ինչը տնտեսական զգալի վնաս է հասցնում։ Նադմարոշի ամբարտակի բացակայությունը Դանուբի ընդհանուր եվրոպական միջանցքով (2,400 կմ երկարություն) նավարկության գլխավոր խոչընդոտն է ջրի ցածր մակարդակի պատճառով։ Հունգարիան Սլովակիային խնդրում է աշխատանքներ իրականացնել Դանուբի խնդրահարույց հատվածի կարգավորման ուղղությամբ, ինչը պետք է կարգավորվի Նադմարոշի ամբարտակի կառուցմամբ։ Տնտեսապես վնասաբեր է նաև Սլովակիայի Վագ գետի ջրային տարածքի մոդեռնիզացման բացակայությունը[9]։

Դատական գործընթաց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ 1993 թվականին Չեխոսլովակիան կազմալուծվել է, Սլովակիայի Հանրապետությունը շարունակել է ծրագրի իրագործումը։ 1989 թվականին Հունգարիան դադարեցրել է ծրագրի իրականացումն այն բանից հետո, երբ երկու երկրների գիտնականները բնապահպանական վատ հետևանքների վտանգ են նկատել[10]։ Երբ 1992 թվականի մայիսին Հունգարիան փորձել է խզել 1977 թվականի պայմանագիրը, երկու կողմերն էլ՝ Հունգարիան և Սլովակիան, համաձայնել են գործը հանձնել ՄԱԿ-ի Միջազգային դատարան, որը գտնվում է Հաագայում[6]։ Գործն առանձնահատուկ է նրանով, որ առաջին անգամ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը բնապահպանական խնդրով գործ էր ընդունում։ 1997 թվականի մարտի 3-ից ապրիլի 15-ը կատարվել են լսումներ հարցի շուրջ, և առաջին անգամ իր պատմության մեջ դատարանն այցելել է վեճի վայր։ Բացի այլ հարցերից՝ հունգարական կողմը ցանկանում էր, որ դատարանը որոշի, թե արդյոք Սլովակիայի կողմը իրավունք է ունեցել իրականացնելու Տարբերակ C-ն։ Հունգարիայի ներկայացուցիչները նաև ցանկացել են, որ 1977 թվականի պայմանագիրը ոչ պարտադիր ճանաչվի Սլովակիայի ու Հունգարիայի համար։

Դատարանն իր վճիռը կայացրել է 1997 թվականին։ Դատարանը սահմանել է, որ Հունգարիան խախտել է իր պայմանագրային պարտավորությունները գրեթե բոլոր կետերով։ Նա պարտադրել է Հունգարիային ավարտին հասցնել Նադմարոշի հիդրոտեխնիկական կառույցի շինրարարության մի մասը։ Դատարանի վճռով Չեխոսլովակիան (հետագայում՝ Սլովակիան) իրավունք է ունեցել այլընտրանքային շրջանցող ճանապարհ ստեղծել այն բանից հետո, երբ Հունգարիան դադարեցրել է իր աշխատանքները։ Սակայն Սլովակիան մեկ խախտում է թույլ տվել․ նա չպետք է սկսեր ժամանակավոր տարբերակի (Տարբերակ C) կիրառումը մինչև դատական գործընթացի ավարտը։ Դատարանը կոչ է արել երկու կողմերին բարեխղճորեն բանակացություններ վարել 1977 թվականի Բուդապեշտի պայմանագրով ստանձնած պարտավորություններն ավարտին հասցնելու համար, քանի որ ըստ դատարանի՝ դրանք դեռևս ուժի մեջ են այն փաստացի պայմաններում, որոնք ստեղծվել են 1989 թվականից հետո[11]։ Յուրաքանչյուր կողմ պետք է փոխհատուցի մյուս կողմի վնասները, որ հասցվել են իր գործողությունների արդյունքում[12][13]։

Սլովակիայի ու Հունգարիայի միջև քառամսյա բանակցություններից հետո արդյունքը եղել է երկու կողմերի պայմանավորվածությունը ՄԱԿ-ի դատարանի վճռի շուրջ։ 1998 թվականի մարտին Սովակիայի կառավարությունն ընդունել է այդ պայմանագիրը, սակայն Հունգարիայի կառավարությունը, որը պետք է կառուցեր Նադմարոշի հիդրոտեխնիկական կառույցները, հրաժարվել է պայմանագրի հաստատումից և հայտարարել է նոր նախագծի մրցույթ։ Հունգարիայում ընտրություններից հետո նոր կառավարությունը չեղարկել է նաև այս մրցույթը[13]։ 1998 թվականին Սլովակիայի կառավարությունը երկու անգամ Հունգարիայի կառավարությանը դիմելու հետո դիմել է Միջազգային դատարան՝ պահանջելով Հունգարիային ստիպել կատարելու իր պարտավորությունները Նադմարոշի ամբարտակի հարցով[14]։

Սլովակիայի ներկայացուցիչը 2017 թվականի հունիսի 30-ի նամակ-խնդրանքով դիմել է Միջազգային դատարան «պաշտոնապես գրանցելու գործի դադարեցում և ապահովելու լրացուցիչ որոշում հարցի լուծման համար»։ 2017 թվականի հուլիսի 12-ի նամակով Հունգարիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ իր կառավարությունը «դեմ չէ հետաքննության դադարեցմանը, որի միջնորդությունը ներկայացրել է Սլովակիան 1998 թվականի սեպտեմբերի 3-ին լրացուցիչ որոշում կայացնելու մասին»[15]։

Տեխնիկական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաբչիկովոյի ամբարտակի դիտաշտարակ
  • Չուկովոյի ջրամբարի մակերեսը 40 կմ² է։ Այն գտնվում է բացառապես Սլովակիայի տարածքում (սկզբում նախատեսված էր, որ Գրուշովո-Դունակիլիտի ջրամբարը պետք է կազմի 60 կմ²)։ Ջրի աշխատանքային մակարդակը 131,1 մ բարձր է ծովի մակարդակից (առավելագույն և նվազագույն բարձրությունները համապատասխանաբար 131,5 և 129 մ են)։
  • Էլեկտրակայանն ունի ուղղահայաց ութ դարձաթիակավոր հիդրոտուրբին՝ 9,3 մ տրամագծով և յուրաքանչյուրը 90 ԿՎտ առավելագույն հզորությամբ։ Ընդհանուր հզորությունը 720 ՄՎտ է ջրի աշխատանքային 4,000 մ³/վ ծախսի ժամանակ։ Ջրի մակարդակի անկումը 24 և 12,88 մ է։
  • Գետի սկզբնական հունն ունի 250-600 մ³/վ ծախս։
  • Կառուցվել են երկու շլյուզներ։ Շրջանցիկ ջրանցքը պետք է կանխեր հեղեղումները։
  • 1996 թվականին գետի կղզիներից մեկում՝ շրջանցիկ ջրանցքի սկզբին, կառուցվել է Եվրոպայում թիավարության խոշորագույն ջրանցքը՝ Չունովոյի ջրային մարզաձևերի կենտրոնը։ Առավելագույն հզորությամբ աշխատելու դեպքում նրա արտադրողականությունը կազմում է 22 մ³/վ ծավալի ջուր դեպի շրջանցիկ ջրանցք։
  • Գաբչիկովոյի հիդրոէլեկտրակայնը արտադրում է տարեկան 2,600 ՀՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Այն խոշորագույնն է Սլովակիայում։ Էլեկտրակայանն ապահովում է երկրի էներգետիկ պահանջարկի 8 %-ը։

Բնապահպանական հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շլյուզներ

1996-2002 թվականներին երեք գիտնականներ՝ Կ․ Գոլուբովը, Զ․ Կապեկովը և Ժ․ Շոլհայը, հետազոտություն են անցկացրել ամբարտակի կառույցների թողած հետևանքների մասին։ Արդյունքը եղել է հետևյալը․ Դանուբի հունի հետընթացը հոսանքով ցած՝ հատկապես Հին Դանուբի հունում, պայմանավորված է Նադմարոշի հիդրոտեխնիկական կառույցներով։ Իջել է ջրի մակարդակը, ավելացել է նստվածքի մակարդակը, ավելացել է պոմպերի քանակը, նվազել է ջրի հոսքի հզորությունը, նվազել է ջրանցքի կայունությունը[16]։

Սլովակա-հունգարական համատեղ ամենամյա հետազոտությունները հաստատում են, որ ստորգետնյա ջրերի հոսքը կայունացել է, գրանցվել է դրանց որակի տեղային բարելավում[17][18][19], կայունացել է Հին Դանուբի հունը[18][19][20], լավացել են Հին Դանուբի շրջանի ջրային ու անտառային շրջանների կենդանական աշխարհի կենասապայմանները[20]։

2002 թվականի հետազոտությունների տարբերությունները նոր շրջանում կատարված հետազոտություններից կարող են կապված լինել ուսումնասիրվող տարածքի ընդգրկումից։ 1996-2002 թվականներին ուսումնասիրություն է կատարվել Վիեննայի հատվածից մինչև սլովակա-հունգարական Դանուբի վերջին հատվածը։ Կառավարական ուսումնասիրությունները նպատակուղղված են միայն Գաբչիկովոյի ջրամբարին ու նրա շրջակայքին։

Գրունտային ջրերի մակարդակը կախված է ջրերի հորդացումից, ինչպես 2002 թվականին, երբ դրա արդյունքում գետի հատակի տիղմը լվացվել է ու թույլ է տվել մեծացնել ֆիլտրացումը։ Դրանից հետո գրունտային ջրերի մակարդակը շատ տեղերում հասել է ջրամբարի լցման մակարդակին, իսկ որոշ տեղերում էլ՝ նույնիսկ ավելի բարձր[21]։ Ամբարտակը բարելավել է գրունտային ջրերի որակը Ռուսովեցում ու Չունովոյում, որոնք գտնվում են Դանուբի աջ ափին[22]։ Դա կապված է եղել ֆիլտրացիայի պայմանների փոփոխության և գրունտային ջրերի հոսքի ուղղությունը փոխելու հետ (նախկինում հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք էր, իսկ հետագայում՝ հյուսիսից հարավ)[23]։ Ջրամատակարարման աղբյուրներում գրունտային ջրերի որակի վրա ազդեցությունն այնքան զգալի չի եղել, ինչքան աջ կողմում։

Առաջ քաշված խնդիրներից է եղել նստվածքի ավելացումը հոսանքի ուղղությամբ վերև և գետի հունի էրոզիան ջրամբարի հոսանքից ներքև, ինչը ջրամբարներին բնորոշ խնդիր է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Aaron Schwabach, Diverting the Danube: The Gabcikovo-Nagymaros Dispute and International Freshwater Law, 1996, p. 7
  2. P. K. Rao: International Environmental Law and Economics, Blackwell Publishers Ltd., 2002, page 230
  3. [1]
  4. «Duna Kör / Janos Vargha (Hungary)». Right Livelihood Award. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
  5. «Europe 1990. János Vargha. Hungary. Rivers & Dams». Goldman Environmental Prize. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  6. 6,0 6,1 New scientist, Volume 143, Issues 73-74, page 28
  7. Owen McIntyre: Gabčíkovo — Nagymaros Project: A Test Case for International Water Law?, In: Anton Earle, Anders Jagerskog and Joakim Öjendal (editors): Transboundary Water Management: Principles and Practice, Stockholm International Water Institute, 2010, page 228
  8. [2]
  9. [3]
  10. New Scientist (mis) // New Scientist. — 1994. — Т. 143. — № 73—74. — С. 28.
  11. Report of the International Court of Justice, 1 August 2005 – 31 July 2006 (Report). United Nations Publications. 2006. էջ 25.(չաշխատող հղում)
  12. Summaries of Judgments, Advisory Opinions and Orders of the International Court of Justice: 1972–2002 (Report). United Nations International Court of Justice.(չաշխատող հղում)
  13. 13,0 13,1 «ROZSUDOK MEDZINÁRODNÉHO SÚDNEHO DVORA Z 25.SEPTEMBRA 1997». gabcikovo.gov.sk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  14. «Slovakia again discussing completion of Gabčíkovo-Nagymaros». The Slovak Spectator. 2006 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 23-ին.
  15. «The Court places on record the discontinuance by Slovakia of the procedure begun by means of its Request for an additional judgment» (PDF). International Court of Justice. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  16. Massimo Greco, Armando Carravetta, Renata Della Morte, River Flow 2004, Volume 1, Taylor & Francis, 2004, pp. 138—141
  17. «Environmental monitoring». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  18. 18,0 18,1 «Groundwater quality processes after the bank infiltration from the Danube at Čunovo». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  19. 19,0 19,1 «Monitoring of influence of Gabčíkovo waterworks on environment, 2008 report». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  20. 20,0 20,1 «Joint annual report on the environment monitoring in 2010». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  21. «Monitoring of the natural environment in the area of influence Gabčíkovo» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  22. Slovak — Hungarian Environmental Monitoring on the Danube(չաշխատող հղում), 2006
  23. «Ground water regime monitoring» (PDF).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում), page 5

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Chmelár, V.: Dunaj energetický, vyd. Electra Žilina, 1992

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբչիկովո-Նադմարոշի ամբարտակներ» հոդվածին։