Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գաբալայի ՌՏԿից)
«Դարյալ» տիպի կայանի պատկերը ամերիկյան մասնագետների կատարմամբ

Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայան կամ Գաբալայի ՌՏԿ (ռուս.՝ Габалинская радиолокационная станция), «Դարյալ» տիպի ռադիոտեղորոշիչ կայան, հրթռրային հարձակման կանխման համակարգի բաղադրիչ մաս, որը գտնվում է ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Գաբալա (Կուտկաշեն) քաղաքի մոտ, տվյալ դիպի ԽՍՀՄ-ում կառուցված ինը կայանների մեկը[1][2]։

2012 թվականի դեկտեմբերի 10-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանը դադարեցրել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) գործունեությունը, քանի որ 2012 թվականի դեկտեմբերի 9-ին լրացել է «Ռուսաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև Գաբալայի ՌՏԿ-ի կարգավիճակի, շահագործման սկզբունքների ու պայմանների վերաբերյալ» համաձայնագրի ժամկետը, ռուսական կողմը նոտա է հղել՝ այս տարվա դեկտեմբերի 10-ից Գաբալայի ՌՏԿ-ի շահագործման դադարեցման մասին[3]։

Ռուսաստանը Գաբալայի ՌՏԿ-ն 10 տարով վարձակալել էր 2002 թվականի դեկտեմբերին։ Եվ քանի որ սպառվում էր դրա վարձակալության ժամկետը, վերջինս մտադիր էր պայմանագիրը երկարաձգել մինչև 2025 թվականը։ Սակայն Ադրբեջանը պահանջել էր 43 անգամ ավելացնել տարեկան վարձավճարի չափը՝ 7 միլիոն դոլարից հասցնելով մինչև 300 միլիոն դոլարի[3]։

Կառուցման աշխատանքները ընթացել են 1976 թվականից, ռազմական հերթապահության է անցել 1985 թվականից։ Տեխնիկական ռեսուրս ապահովում է ՌՏԿ-ի աշխատունակությունը մինչև 2012 թվականը[4]։ Այս կառույցը ԽՍՀՄ հակահրթիռային պաշտպանության կարևորագույն մասն էր կազմում և նախատեսված էր խորհրդային պետության հարավային սահմանների պաշտպանության համար։ Կայանի աշխատելու էֆեկտիվ շառավիղը կազմում է 8 հազար կմ։ Դա հերիք էր Հնդկական օվկիանոսի ջրատարածությունից արձակված հրթիռները նկատելու համար, ընդ որում ՌՏԿ-ի տեսադաշտում են ամբողջությամբ Թուրքիայի, Իրաքի, Իրանի, Հնդկաստանի և Մերձավոր Արևելքի բոլոր պետությունների տարածքները։ Գաբալայի կայանի օգնությամբ կարելի է նկատել ոչ թե միայն հրթիռների արձակումները, այլ նաև հետևել դրանց հետագծին, ինչը հնարավորություն է տալիս չեզոքացնել սպառնալիքը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]