Բրունո Վեսպա
| Բրունո Վեսպա իտալ.՝ Bruno Vespa | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 27, 1944 (81 տարեկան) |
| Ծննդավայր | Լ'Աքվիլա, Իտալիայի թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Հռոմի Սապիենզա համալսարան |
| Մասնագիտություն | լրագրող, հեռուստահաղորդավար, գրող, սցենարիստ և ակնարկագիր |
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Բրունո Պաոլո Վեսպա (իտալ.՝ Bruno Paolo Vespa, մայիսի 27, 1944, Լ'Աքվիլա, Իտալիայի թագավորություն), իտալացի լրագրող, հեռուստառադիոհաղորդավար, հեռուստատեսային հաորդումների հեղինակ, սցենարիստ և գրող։ 1990-1993 թվականներին տեղեկատվական TG1 հեռուստածրագրի տնօրեն, 1996 թվականից Rai 1 ալիքով ցուցադրվող «Porta a Porta» հեռուստահաղորդաշարի հեղինակ և վարող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1944 թվականի մայիսի 27-ին Աբրուցոյի մարզկենտրոն Լ’Աքվիլա քաղաքում[1]։
Նրա աշխատանքային առաջին փորձը եղել է տասնվեցամյա հասակում որպես Աբրուցոյի տեղական մամուլի աշխատակից՝ Il Tempo թերթի Aquila բաժնում, որտեղ գրել է սպորտային հոդվածներ[1]։
1962 թվականին, տասնութ տարեկան հասակում, նա դարձել է Rai-ի ռադիոլրագրող։
1968 թվականին Հռոմի Սապիենցա համալսարանում ստացել է իրավաբանի աստիճան (պաշտպանելով դիպլոմային աշխատանքը՝ «Տեղեկատվության իրավունք» թեմայով)[2]։
Նույն տարում առաջին տեղն է զբաղեցրել ռադիոմեկնաբանների ազգային մրցույթում[1]։
Այնուհետև նա ընդունվել է միացյալ հեռուստալուրերի խմբագրություն, իսկ 1976 թվականից սկսել է աշխատել TG1 լրատվական հեռուստահանդեսում՝ որպես հատուկ թղթակից[1]։
Նա հարցազրույցներ է վարել 20-րդ դարի յոթանասունական և ութսունական թվականների շատ գլխավոր քաղաքական գործիչների հետ: 1975 թվականի մարտի 10-ին նա հարցազրույց է վարել Խոսե Սանչես Օսորիոյի՝ քրիստոնյա դեմոկրատների (PDC) քարտուղարի հետ՝ Պորտուգալիայում նրա կողմից ծրագրված և ձախողված պետական հեղաշրջման նախօրեին:
1977 թվականին նա հարցազրույց է վարել Կրակովի արքեպիսկոպոս, կարդինալ Կարոլ Վոյտիլայի՝ ապագա Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի հետ: Հետագայում կարդինալը, որը դարձել էր Պապ, զանգահարել է նրան ուղիղ եթերում 1998 թվականին «Porta a Porta» հաղորդման ժամանակ, որը նվիրված էր Պապի կառավարման քսաներորդ տարեդարձին: 1977 թվականին Վեսպան Առիգո Պետակոյի հետ միասին վարում էր «Tam Tam» հեռուստահաղորդումը, որը նվիրված էր ընթացիկ իրադարձություններին:
1978 թվականի մայիսի 9-ին TG1-ի արտահերթ թողարկման ուղիղ եթերում նա հաղորդեց Ալդո Մորոյի սպանության մասին. նույն թվականին նա վարել է «Ping Pong» լրատվական ծրագիրը, որին մասնակցում էին ստուդիա հրավիրված հյուրեր, և որը «Porta a porta»-ի յուրատեսակ նախորդն էր: 1980 թվականի օգոստոսի 2-ի երեկոյան նա առաջինն էր, ով ուղիղ եթերում հայտնեց, որ Բոլոնիայի կայարանում տեղի ունեցածը ոչ թե դժբախտ պատահար էր, ինչպես նախկինում էր համարվում, այլ ահաբեկչություն էր՝ ռումբի պայթյունի արդյունք: Վեսպան առաջինն էր, ով ցույց տվեց ռումբի պայթյունից առաջացած փոսը:
1984 թվականի հունիսին նա TG1 լրատվական հեռուստահանդեսի պաշտոնական մեկնաբանն էր իտալական կոմունիստական կուսակցության քարտուղար Էնրիկո Բերլինգուերի թաղման արարողության ուղիղ հեռարձակման ժամանակ՝ Հռոմի Սան Ջովաննի հրապարակից: Պարսից ծոցի պատերազմի ընթացքում (1990 թվականի օգոստոսից մինչև 1991 թվականի հունվար) նա միակ իտալացի լրագրողն էր, ով հարցազրույց վարեց Սադամ Հուսեյնի հետ՝ չնայած իտալական կառավարության պաշտոնական առարկությանը:
1990-1993 թվականներին եղել է TG1 լրատվական հեռուստահանդեսի տնօրենը: 1996 թվականից վարում է «Porta a porta» մշակութային, քաղաքական ժամանակակից ծրագիրը, որը համարվում է իտալական քաղաքական բանավեճերի գլխավոր հարթակներից մեկը, որտեղ Իտալիայի նախկին վարչապետ և ցմահ սենատոր Ջուլիո Անդրեոտիին հեգնանքով անվանել է «Իտալիայի խորհրդարանի երրորդ պալատ»: Հենց այստեղ՝ 2001 թվականի Իտալիայի համընդհանուր ընտրություններից հինգ օր առաջ՝ 2001 թվականի մայիսի 8-ին, Սիլվիո Բեռլուսկոնին՝ այն ժամանակվա ընդդիմության առաջնորդը, ստորագրեց այսպես կոչված «Պայմանագիր իտալացիների հետ»:
2006 թվականի ապրիլի 3-ին Վեսպան եղել է ձախակենտրոն առաջնորդ Ռոմանո Պրոդիի և հեռացող վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի միջև երկրորդ հեռուստատեսային նախընտրական բանավեճերի մոդերատորը: 2009 թվականի ապրիլի 6-ին նա վարել է Porta a porta-ի հատուկ թողարկում, որը նվիրված էր 2009 թվականին Աբրուցոյում տեղի ունեցած երկրաշարժին: Ծրագիրը սկսվեց հենց Վեսպայի ելույթով, ով իր սեփական տեսանկյունից պատմեց Լ'Աքվիլայում՝ իր հարազատ քաղաքում երկրաշարժի պատճառած վնասների մասին:
2009 թվականի սեպտեմբերի 15-ին Վեսպան վարել է «Porta a porta»-ի հատուկ թողարկումը՝ նվիրված Աբրուցոյի երկրաշարժից տուժածներին նոր բնակարանների բանալիների հանձնմանը, ինչը առաջացրել է ձախակենտրոն ընդդիմության զայրույթը, որը լրագրողին մեղադրել է Բեռլուսկոնիի կառավարության «քարոզչության» մեջ։ 2009, 2010 և 2011 թվականներին եղել է Կամպիելո մրցանակաբաշխության վարողը։ 2011 թվականին Պիպո Բաուդոյի հետ միասին վարել է Centocinquanta վարիետեն՝ նվիրված Իտալիայի միավորման 150-ամյակին։ Նույն թվականին նա ստացել է Սեն-Վենսանի լրագրության մրցանակը՝ մասնագիտական ձեռքբերումների համար, երկու անգամ (1978 և 2000) հեռուստատեսության ոլորտում այն շահելուց հետո։ Նա նաև ստացել է Estense Lifetime Achievement մրցանակը։
2007-2020 թվականներին որդու՝ Ֆեդերիկոյի հետ միասին RTL 102.5 ազգային մասնավոր ռադիոկայանում վարել է առավոտյան Non Stop News: Tell me ռադիոհաղորդումը, որը եթեր է հեռարձակվել ամեն ուրբաթ առավոտյան՝ ժամը 8:00-ին։
2014-2019 թվականներին եղել է QN-Quotidiano Nazionale-ի տնօրենը (La Nazione, Il Giorno և Il Resto del Carlino երեք թերթերի միավորում)։ Նա շարունակել է գրել այս երեք հրատարակությունների համար և նաև Il Mattino և Il Gazzettino թերթերում սյունակ է վարել։ Վեսպան նաև հայտնի էսսեագիր է, ով ավելի քան հիսուն տարի տպագրվել է Mondadori հրատարակչությունում։
2021 թվականի դեկտեմբերի 7-ին Միլի Կառլուչիի հետ միասին վարել է Միլանի Լա Սկալա թատրոնում կայացած երեկոն՝ նվիրված Ջուզեպպե Վերդիի «Մակբեթ» օպերայի պրեմիերային, որը ներկայացվել է Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային։
2023 թվականից վարում է «Հինգ րոպե» հաղորդումը։
Ապրում է Հռոմում, Իսպանիայի հրապարակում[1]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը՝ Ավգուստա Յանինին, դատավոր է, Արդարադատության նախարարության օրենսդրական վարչության նախկին ղեկավար և Խորհրդապահական երաշխիքի վարչության նախկին անդամ[2]։ Ամուսնացել են 1975 թվականի հունիսի 15-ին։
Երեխաներ․
- Ֆեդերիկո, լրագրող
- Ալեսանդրո, գործարար-իրավաբան
Ընտանիքի հետ միասին Ապուլիայի Մանդուրիա քաղաքում գտնվող «Masseria Li Reni» ագարակի սեփականատերն է[3]։
Չորս հեկտար տարածքով խաղողի սեփական այգում աճեցնում է Պրիմիտիվո սորտի խաղող, որը տարածաշրջանի հիմնական գինեգործական սորտերից է: Ընտանեկան Futura 14 գինետան հիմնադիրն է[1]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստաֆիլմեր
- 2022 ─ Վինչենցո Մալիկոնիկո, անհաջողակ փաստաբանը, կամեո[5] (հեռուստասերիալ)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978 ─ Սեն-Վենսան մրցանակ լրագրության բնագավառում ձեռքբերումների համար (շնորհվել է հանրապետության նախագահ Սանդրո Պերտինիի կողմից)
- 1995 ─ Գվիդարելլո մրցանակ լրագրության նվաճումների համար
- 1999 ─ Գրան-պրի միջազգային մրցանակ ընթացիկ և մշակութային իրադարձությունների լավագույն զվարճալի ծրագրի համար
- 2000 ─ Սեն-Վենսան մրցանակ լրագրության ոլորտում ձեռքբերումների համար (շնորհվել է հանրապետության նախագահ Կառլո Ազելիո Չամպիի կողմից)
- 2004 ─ Բանկարելլա մրցանակ, «Ասպետը և պրոֆեսորը» գրքի համար / Il cavaliere e il professore[6]
- 2018 ─ Միներվայի շքանշան[7]
- 2023 — «Վաստակի համար» 3-րդ աստիճանի շքանշան (2023 թվական, սեպտեմբերի 4, Ուկրաինա), պետությունների միջև համագործակցության ամրապնդման, Ուկրաինայի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման, աշխարհում Ուկրաինական պետության հանրահռչակման գործում նշանակալի ներդրման համար[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Bruno Vespa, dove e quando è nato, età, moglie, figli, vita privata, la passione per il vino». Blitz quotidiano (իտալերեն). 2021 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 25-ին.
- ↑ 2,0 2,1 Furfaro, Maria Carmela (2022 թ․ մարտի 9). «Bruno Vespa: chi è e come ha fatto ad essere apprezzato dagli italiani?». DonnaPOP (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Bruno Vespa diventa ristoratore: cucina di mare a Manduria». la Repubblica (իտալերեն). 2021 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Paolo Bonolis, Sergio Rubini, Margherita Buy (2006 թ․ դեկտեմբերի 15). «Commediasexi». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Vincenzo Malinconico, avvocato d'insuccesso» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Albo d'Oro». Premio Bancarella - Pontremoli - Lunigiana (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Lambertini, di Pietro (2018 թ․ հոկտեմբերի 10). «L'Ordine della Minerva va a Mogol e Bruno Vespa». Il Centro (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Указ Президента Украины от 4 сентября 2023 года № 556/2023 «О награждении государственными наградами Украины»». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրունո Վեսպան IMBd կայքում(իտալ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Վեսպա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||