Բրիտանական ներխուժում (անգլ.՝ British Invasion), տերմին, որը վերաբերում է վաթսունականների երկրորդ կեսի երաժշտական երևույթին, երբ բրիտանական ռոք երաժշտությունը սկսել է գերիշխել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային (հիմնականում ամերիկյան) չարթերում[1][2]։ Երևույթի սկիզբը համարվում է The Beatles-ի «I Want To Hold Your Hand» սինգլի ամերիկյան հաջողությունը և խմբի հետագա այցն Ամերիկա (այդ թվում՝ մասնակցությունն Էդ Սալիվանի շոուին)։ «Բրիտանական ներխուժման» վերջը կարելի է համարել պսիխոդելիկ ռոքի ժողովրդականության աճը 1966-1967 թվականներին, երբ ամերիկյան խոշորագույն պսիխոդելիկ խմբերը՝ The Byrds-ը, The Doors-ը, Grateful Dead-ը, Jefferson Airplane-ը կարողացել են արժանի մրցակցություն ցուցաբերել բրիտանացիներին։
The Beatles՝ 1960-ական թվականների գլխավոր խումբ, որի ազդեցությունն անչափ է ռոք երաժշտության վրա, «բրիտանական ներխուժման» ժամանակ ձայնագրում էին մերսիբիթ և փոփ ռոք։
The Zombies՝ կարողացել է բրիտանական բիթի ագրեսիվությունը, որը ներկայացվել է նույն ժամանակներում Beatles-ի կողմից, վերածել գեղեցիկ մեղեդիների և գրգռող նվագակցումների։ Երաժշտական քննադատ Ռ. Մելթցերի խոսքով՝ նրանք եղել են «անցումային փուլ Beatles-ի և Doors-ի միջև»։
The Who՝ 1960-ական թվականների կեսերին «ամենածանր» խմբերից մեկը, տասնամյակի վերջին նրանք մոտեցել են դասական ռոքին՝ ձայնագրելով «Tommy» ռոք օպերան։
The Kinks՝ առաջին երկու հարդ ռոք (կամ պրոթո հարդ ռոք) հիթերի հեղինակներ, ստեղծագործական հասուն շրջանում՝ բրիտփոփի հիմնադիրները։
The Small Faces՝ մոդ գաղափարախոսության հիմնադիրները՝ The Who-ի և The Kinks-ի հետ միասին։
The Pretty Things՝ սկսելով սուր սոցիալական ռիթմ ընդ բլյուզից և մոդ գաղափարախոսությունից, 1960-ական թվականների վերջին անցել են պսիխոդելիային՝ ձայնագրելով նաև առաջին ռոք օպերան։
The Yardbirds՝ 1960-ական թվականների առանցքային կիթառային խմբերից մեկը, որից դուրս են եկել խոշորագույն կիթառահարներ՝ Էրիկ Կլեպտոնը, Ջեֆ Բեքը և Ջիմի Փեյջը։
Cream՝ The Yardbirds-ի հետ միասին, որտեղից Cream-ը փոխառնել է Էրիկ Կլեպտոնին, նրանք համարվում են հևի մետալի (հարդ ռոքի) հիմնադիրներից մեկը։
The Searchers՝ «ներխուժման» սկզբում համարվում էին երկրորդ մերսիբիթ խումբը՝ The Beatles-ից հետո։
The Hollies՝ մերսիբիթի ևս մեկ ներկայացուցիչներ։
The Animals՝ ռիթմ ընդ բլյուզ հնչողությամբ խումբ, որը 1964 թվականի ամռանը (The Beatles-ից հետո) բարձրացել է ԱՄՆ-ի առաջին հորիզոնականին «The House of the Rising Sun» երգի իր տարբերակով։