Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն
Изображение логотипа
Տեսակկազմակերպություն և գիտական ընկերություն
Երկիր Միացյալ Թագավորություն
ՆախորդողSpitalfields Mathematical Society?
Հիմնադրված1820[1]
Գլխադասային գրասենյակԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Անձնակազմ23 մարդ (2020)
Կայքras.org.uk(անգլ.)

Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն (անգլ.՝ Royal Astronomical Society), Մեծ Բրիտանիայի գիտական ընկերություն` հիմնադրված 1820 թվականին, Լոնդոնի Աստղագիտական ընկերություն անվանումով (Astronomical Society of London)` աստղագիտական հետազոտություններին օժանդակելու համար, որոնք նախապես, հիմնականում կազմակերպվում էին սիրողական-աստղագետների կողմից։ 1831 թվականին ընկերությունը Վիլհելմ IV-ից ստացել է թագավորական արտոնություններ և ներկայիս անվանումը։ 1915 թվականից հասարակություն մուտք գործելու իրավունք են ստացել կանայք։ Ընկերությունը Մեծ Բրիտանիան ներկայացնում է Միջազգային աստղագիտական միության կազմում։ Նրա խնդիրներից են համարվում համագործակցության զարգացումն աստղագիտության, գեոֆիզիկայի, Արեգակնային համակարգի ուսումնասիրության և հարակից գիտական ճյուղերի բնագավառում[2]։

Ընկերության նիստերը կայանում են Լոնդոնում, Փիքադիլի փողոցի Բյորլինգտոն հաուսում, ինչպես նաև ամբողջ Միացյալ Թագավորությունում։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության գործունեության կարևորագույն ուղղություններից մեկն է համարվում շարադրողական ամսագրերի հրատարակումը, որոնցից երկուսը համարվում են համաշխարհային ճանաչում ունեցող «Թագավորական աստղագիտական ընկերության գրառումներ » (Monthly Notices of the Royal Astronomical Society (MNRAS), լույս է տեսնում 1827 թվականից) և 1989 թվականից հրատարակվող «Միջազգային գեոֆիզիկական ամսագիր » (անգլ.՝ Geophysical Journal International (GeoJI)), Գերմանական Գեոֆիզիկական ընկերության հետ համատեղ), ինչպես նաև, 1997 թվականից հրատարակվող «Աստղագիտություն և գեոֆիզիկա » ամսագիրը (անգլ.՝ Astronomy & Geophysics (A&G)):

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունում անդամակցությունը համարվում է ֆիքսված, և նրա անդամները հաղորդակցության ժամանակ կարող են պաշտոնապես հիմնվել FRAS-ի (Fellow of the Royal Astronomical Society) կարգավիճակի վրա։ Ընկերության անդամ կարող է լինել 18 տարեկանը լրացած ցանկացած անձնավորություն, ով համապատասխանում է նրա պահանջներին։ Քանի որ ընկերությունը հիմնադրվել է այն ժամանակ, երբ պրոֆեսիոնալ աստղագետները սակավաթիվ էին, ընդունելության հաստատման համար չէր պահանջվում մասնագիտական իրազեկություն, այնուամենայնիվ ընկերության անդամների երեք քառորդը համարվում են պրոֆեսիոնալ աստղագետներ և գեոֆիզիկներ։ 2003 թվականին ընկերության անդամների թիվն անցնում էր 3000-ից , որոնցից շուրջ 1000-ը բնակվում են Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս[2]։

Ընկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականից աստղագիտությամբ և գեոֆիզիկայով հետաքրքրվող, բայց այդ բնագավառում պրոֆեսիոնալ որակավորում չունեցող անձանց համար սահմանվեց նոր կարգավիճակ։ նրանք կարող են դառնալ Թագավորական աստղագիտական ընկերության Ընկերներ (անգլ. Friends of the RAS)[3]:

Ժողովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերից մինչև հունիս Ընկերությունն անցկացնում է ամենամսյա ժողովներ, որոնք տեղի են ունենում ամսվա երկրորդ հինգշաբթի օրերին։ Ժողովներում քննարկվում են գեոֆիզիկայի և աստղագիտության արդիական պրոբլեմները։ Բացի այդ ընկերությունն ամեն տարի անցկացնում է Ազգային աստղագիտական համագումար և առանձին միջոցառումներ Մեծ Բրիտանիայի տարբեր մասերում։

Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության գրադարանը կանոնավոր կերպով ստանում է 300-ից ավելի պարբերական հրատարակություններ աստղագիտության և գեոֆիզիկայի վերաբերյալ, ինչպես նաև իր տրամադրության տակ ունի 10 հազարից ավելի տարբեր տեսակի գրքեր, սկսած հանրամատչելի հրատարակություններից մինչև գիտական կոնֆերանսների աշխատություններ։ Աստղագիտության վերաբերյալ ընկերության գրադարանի գրքերի հազվագյուտ հավաքածուն իր հարստությամբ զիջում է միայն Էդինբուրգի թագավորական աստղադիտարանի հավաքածուին։ Ընկերության անդամների հետ հավասարապես գրադարանից օգտվում են աստղագետների, գեոֆիզիկների և պատմաբանների լայն շրջանակ[4]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը ընդգրկված է նաև բնակչության, ուսանողության, ուսուցչության և մասսայական ինֆորմացիայի միջոցների շրջանում աստղագիտության մասսայականացման միջոցառումների մեջ։ Ընկերությունը խորհրդատվություն է մատուցում Մեծ Բրիտանիայի այնպիսի քննական համակարգերի համար, ինչպիսիք են դպրոցական ավարտական քննությունները և A-level (անգլ.՝ GCE Advanced Level) մակարդակի քննությունները։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը մի շարք մրցանակներ է շնորհում, որոնցից են`

  • Ընկերության բարձրագույն պարգևը, Ոսկե մեդալն ամեն տարի շնորհվում է գեոֆիզիկայի, արևային ֆիզիկայի, արևա-երկրային ֆիզիկայի, կամ երկրի վերաբերյալ գիտությունների («G-պարգև»), կամ աստղագիտության, տիեզերագիտության, աստղաֆիզիկայի, աստղաքիմիայի և այլ («А-պարգև») գիտությունների բնագավառում բացառիկ նվաճումների համար։
  • Էդդինգտոնի մեդալ — երկու տարին մեկ շնորհվում է տեսական աստղաֆիզիկայի բնագավառում ակնառու հետազոտությունների համար։
  • Գերշելի մեդալ — ամեն տարի շնորհվում է դիտողական ասղաֆիզիկայի բնագավառում ակնառու հետազոտությունների համար։
  • Չեպմանի մեդալ — ամեն տարի շնորհվում է արևա-երկրային ֆիզիկայի, գեոմագնետիզմի և աերոնոմիայի բնագավառում ակնառու հետազոտությունների համար։
  • Պրայս մեդալ — ամեն տարի շնորհվում է գեոֆիզիկայի, օվկիանագիտության և երկրագիտության բնագավառում ակնառու հետազոտությունների համար։
  • Ջեկսոն-Գվիլտի մեդալ — շնորհվում է աստղագիտական գործիքների և մեթոդների հայտնագործման, կատարելագործման, կամ զարգացման, դիտողական աստղագիտության և աստղագիտության պատմության բնագավառում ձեռքբերումների համար[5]։

Ասոցիացված ընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը ֆինանսավորում է թեմատիկ խմբակցությունների աշխատանքները, որոնց մեծ մասը կրում են միջկարգապահական բնույթ և համաֆինանսավորվում են այլ կազմակերպությունների կողմից, այդ թվում`

  • Բրիտանական Աստղակենսաբանական ընկերություն
  • Աստղաֆիզիկական խումբ
  • Աստղաքիմիական խումբ
  • Բրիտանական Գեոֆիզիկական ասոցիացիա
  • Մագնիտոսֆերայի, իոնոսֆերայի և արևա-երկրային ֆիզկայի խումբ
  • Միացյալ Թագավորության Մոլորակային ֆորում
  • Միացյալ Թագավորության Արեգակի ֆիզիկայի խումբ

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված` Թագավորական աստղագիտական ընկերության նախագահ։ 2017 թվականի նոյեմբերի դրությամբ ընկերության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 90 մարդ[6]։ Առաջին նախագահը եղել է Ուիլյամ Հերշելը, որը ընտրվել է 1821 թվականին, չնայած նա ոչ մի անգամ չի նախագահել ընկերության նիստերին։ Առանձին նախագահներ մինչև լիազորությունների ժամկետի լրանալը հրաժարական են տվել (որպես կանոն, առողջական վիճակի հետ կապված)։ Ֆրենսիս Բեյլին և Ջորջ Էյրին նախագահի պաշտոնում ընտրվել են չորսական անգամ։ Ֆ. Բեյլին նախագահի պաշտոնում ընդհանուր առմամբ աշխատել է 8 տարի, Էյրին՝ 7 տարի։ 1903 թվականից ոչ մի նախագահ այդ պաշտոնում երկրորդ անգամ չի ընտրվել։ 2016 թվականի մայիսից նախագահի պաշտոնը զբաղեցնում է պրոֆեսոր Ջոն Զարնեցկին[7]։

Դեյվիդ Սաուտվուդ, Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերության նախագահը 2012-2014 թթ.

Ընկերության նախագահների ցուցակը սկսած 1992 թվականից`

  • 1992 — Մարտին Ջոն Ռիս
  • 1994 — Քերոլ Ջորդան, Թագավորության աստղագիտական ընկերության առաջին կին նախագահը
  • 1996 — Մալկոլմ Լոնգեյր
  • 1998 — Դեվիդ Ուիլյամս
  • 2000 — Նայջել Ուեյս
  • 2002 — Ջոսելին Բելլ Բեռնել
  • 2004 — Կետրին Ուելեր
  • 2006 — Մայքլ Ռոուեն-Ռոբինսոն
  • 2008 — Էնդրյու Ֆաբիան
  • 2010 — Ռոջեր Դեվիս
  • 2012 — Դեյվիդ Սաուտվուդ
  • 2014 — Մարտին Բարստոու
  • 2016 — մինչ օրս Ջոն Զարնեցկի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. 2,0 2,1 Веб-сайт Королевского астрономического общества
  3. «Friends of the Royal Astronomical Society». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. RAS Website "RAS Library and archives;
  5. Awards, medals & prizes
  6. LIST OF PRESIDENTS AND DATES OF OFFICE
  7. «Election results 2015: new President and Council». Royal Astronomical Society. 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն» հոդվածին։