Jump to content

Բրենդա Վիլյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրենդա Վիլյա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացումջրագնդորդ, water polo coach և լողորդ
Երկիր ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվապրիլի 18, 1980(1980-04-18) (46 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԱկումբStanford Cardinal women's water polo?
Հասակ՝162 սանտիմետր

Բրենդա Վիլյա (անգլ.՝ Brenda Villa, ապրիլի 18, 1980(1980-04-18), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ջրագնդորդուհի, որը հանդես է եկել Ստենֆորդի համալսարանի թիմում և նվաճել արծաթե մեդալ 2000 թվականի Սիդնեյի օլիմպիական խաղերում, բրոնզե մեդալ՝ 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերում, արծաթե մեդալ՝ 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերում և ոսկե մեդալ՝ 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում։ Նա կանանց ջրագնդակի աշխարհի ամենատիտղոսակիր մարզիկներից մեկն է[1]։ «ՖԻՆԱ ջրային մարզաձևերի աշխարհ» ամսագրի կողմից Վիլյան ճանաչվել է 2000-2009 թվականների տասնամյակի լավագույն ջրագնդորդուհի[2][3]։ Վիլյան այն չորս մարզուհիներից մեկն է, ովքեր մասնակցել են չորս օլիմպիական խաղերի ջրագնդակի մրցաշարերին[4], և այն երկու մարզուհիներից մեկը, ովքեր ջրագնդակում նվաճել են օլիմպիական չորս մեդալ[5]։ 31 գոլով Վիլյան օլիմպիական խաղերի ջրագնդակի պատմության լավագույն ռմբարկուներից է[6]։ 2018 թվականին նա ընդգրկվել է լողի միջազգային փառքի սրահում[4] և ԱՄՆ-ի ջրագնդակի փառքի սրահում[7][8]։

Բրենդա Վիլյան ծնվել է 1980 թվականի ապրիլի 18-ին Մեծ Լոս Անջելեսում, մեծացել է Կալիֆոռնիայի Քոմերս քաղաքում, որտեղ վեց տարեկանում սկսել է լողով զբաղվել «Քոմերսի ջրային մարզաձևեր» ակումբային թիմում[9], իսկ ութ տարեկանում եղբոր օրինակով անցել է ջրագնդակին: Ավագ դպրոցում սովորելիս ընդգրկվել է աղջիկների պատանեկան օլիմպիական հավաքականում[10]։ Բել Գարդենս ավագ դպրոցում Վիլյան խաղացել է տղաների ջրագնդակի թիմում, քանի որ իր դպրոցը չուներ աղջիկների թիմ, և 4 անգամ ընդգրկվել է «Լիգայի բոլոր աստղերի» 1-ին թիմում, 4 անգամ՝ «Կալիֆոռնիայի դպրոցական ֆեդերացիայի բոլոր աստղերի» 1-ին թիմում և 4 անգամ ճանաչվել «ԱՄՆ-ի բոլոր աստղերի» հավաքականի անդամ: 1997 թվականին Բել Գարդենս ավագ դպրոցի կազմում ընդգրկվել է «Հարավային շրջանի բոլոր աստղերի» ջրագնդակի թիմում[10][11]:

Սթենֆորդի համալսարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Վիլյան Ստենֆորդ է ընդունվել որպես ծրագրի ամենախոստումնալից նորեկը՝ խաղալու կանանց ջրագնդակի գլխավոր մարզիչ Ջոն Թաների ղեկավարությամբ, ով 1998 թվականին մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո ձևավորեց ազգային մակարդակով առաջատար թիմ, թեև Ստենֆորդի կանանց ջրագնդակի ծրագրի մեկնարկային տարին 1993 թվականն էր[12]: Մինչև 2026 թվականը Ջոն Թաների սաներից տասը ջրագնդորդուհի և լողորդուհի նվաճել են օլիմպիական 17 ոսկե մեդալ, որոնցից 15-ը՝ ջրագնդակում, իսկ կանանց թիմը նվաճել է ազգային քոլեջային մարզական ասոցիացիայի 10 ազգային տիտղոս[13]։ Վիլյան բաց է թողել 1999 և 2000 թվականների համալսարանական մրցաշրջանները՝ օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար, իսկ 2001 թվականին՝ առաջին կուրսում, 69 գոլ խփելուց հետո ճանաչվեց ազգային քոլեջային մարզական ասոցիացիայի կանանց ջրագնդակի տարվա լավագույն խաղացող[7][10]։

Ստենֆորդի համալսարանում ջրագնդակ խաղացած երեք մրցաշրջանների ընթացքում Վիլյան խփել է 172 գոլ։ Հիմնականում հանդես գալով ուժեղ դրայվերի դիրքում և տեղակայվելով դարպասաձողերի մոտ՝ դարպասի ծայրամասերում, նա հաճախակի հարվածներ է կատարել, ճեղքել պաշտպանների դիմադրությունը և գոլային պահեր ստեղծել թիմակիցների համար։ 2002 թվականին նա 60 գոլով առաջնորդել է Ստենֆորդի թիմին՝ նվաճելով ազգային քոլեջային մարզական ասոցիացիայի կանանց ջրագնդակի առաջնության չեմպիոնի տիտղոսը. նախորդ մրցաշրջանում՝ մրցաշարի անցկացման առաջին իսկ տարում, թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Վիլյան արժանացել է 2002 թվականի Փիթեր Ջ․ Կուտինոյի մրցանակին՝ որպես ԱՄՆ-ի քոլեջային լավագույն ջրագնդորդուհի։ Ստենֆորդում եռակի «ԱՄՆ-ի բոլոր աստղերի» պատվավոր տիտղոսին արժանանալուց հետո Վիլյան 2003 թվականին ավարտել է համալսարանը՝ ստանալով քաղաքագիտության բակալավրի աստիճան[7][10]։

Միջազգային մրցումների կարևորագույն նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականից Բրենդա Վիլյան ԱՄՆ-ի հավաքականի կազմում է։ Չնայած այն հանգամանքին, որ նա Միացյալ Նահանգների կանանց ազգային հավաքականի ամենացածրահասակ խաղացողն էր՝ 163 սմ հասակով, Վիլյան միջազգային մակարդակում աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ։ Վիլյան 2003 թվականի Համաամերիկյան խաղերում ԱՄՆ-ի հավաքականի կազմում խփեց 10 գոլ՝ ապահովելով թիմի ուղեգիրը 2004 թվականի ամառային օլիմպիական խաղերին: 2004 թվականի հունիսին ջրագնդակի կանանց լիգայի աշխարհի սուպերֆինալում Վիլյան խփեց առաջին գոլը լրացուցիչ ժամանակում (իր երրորդ գոլը խաղում) և իրացրեց ևս մեկը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում՝ օգնելով ԱՄՆ-ի թիմին հաղթել Հունգարիային և նվաճել ոսկե մեդալը[7][12]։

Բրենդա Վիլյան եղել է ԱՄՆ-ի 2005 թվականի ազգային հավաքականի ավագը, որը մարզում էր օլիմպիական խաղերի երկակի մրցանակակիր Հեզեր Մուդին, և Մոնրեալում անցկացված ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։ 2007 թվականի մարտին Ավստրալիայի Մելբուռն քաղաքում անցկացված ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի ջրագնդակի աշխարհի առաջնությունում Վիլյան առաջնորդել է ԱՄՆ-ի կանանց ազգային հավաքականը։ Բրենդա Վիլյան ամբողջ մրցաշարի ընթացքում խփել է ընդհանուր առմամբ 11 գոլ՝ օգնելով ԱՄՆ-ի թիմին գրավել առաջին տեղը և հռչակվել 2007 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի աշխարհի չեմպիոն։ 2009 թվականի հունիսին Վիլյան ընդգրկվել է ԱՄՆ-ի ջրագնդակի կանանց մեծահասակների ազգային հավաքականի կազմում՝ 2009 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար[7]։

Մեդալ բոլոր չորս օլիմպիական խաղերում (2000–2012)

[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի օլիմպիական խաղերի մարզիչ Ադամ Գրիգորյան։

Բրենդան Վիլյան 20 տարեկանում Սիդնեյի օլիմպիական խաղերում խփած 9 գոլով դարձավ Միացյալ Նահանգների հավաքականի լավագույն ռմբարկուն և օգնեց թիմին նվաճել արծաթե մեդալ։ 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերում Վիլյան ԱՄՆ-ի հավաքականի լավագույն ռմբարկուն էր՝ 5 խաղում խփած 7 գոլով՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Մինչև 2008 թվականը օլիմպիական խաղերում նրա գլխավոր մարզիչն է եղել Գայ Բեյքերը։ 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերում ամերիկյան թիմը եզրափակիչում 8-9 հաշվով պարտվեց Նիդեռլանդներին՝ արժանանալով արծաթե մեդալի, իսկ 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում թիմը եզրափակիչում 8-5 հաշվով հաղթեց Իսպանիային և նվաճեց ոսկե մեդալը, որն ԱՄՆ-ի ջրագնդակի կանանց հավաքականի առաջին օլիմպիական ոսկին էր։ Վիլյան եղել է հավաքականի ավագը 2008 և 2012 թվականների օլիմպիական խաղերում։ Վիլյաի օլիմպիական գլխավոր մարզիչներն են եղել Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի մարզիչ Գայ Բեյքերը՝ 2004 թվականին, և նույն համալսարանի մարզիչ Ադամ Գրիգորյանը՝ 2012 թվականին[14]։

Մարզչական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Բրենդա Վիլյան դարձել է Կալիֆոռնիայի Նորվոլք քաղաքում գտնվող Սերիտոս քոլեջի կանանց ջրագնդակի թիմի օգնական մարզիչ։ «Ֆալքոնս» թիմը մրցաշրջանն ավարտել է 21 հաղթանակ և 11 պարտություն արդյունքով՝ սահմանելով ուսումնական հաստատության նոր ռեկորդ մեկ մրցաշրջանում ամենաշատ հաղթանակների քանակով։ Վիլյան հինգ տարի աշխատել է «Ֆալքոնս» թիմում և օգնել է, որ 2005-2009 թվականներին թիմն ունենա ընդհանուր 145 հաղթանակ և 26 պարտություն արդյունքը, այդ թվում՝ 2008 թվականին նվաճելով Կալիֆոռնիայի համայնքային քոլեջների մարզական ասոցիացիայի պետական առաջնության իր պատմության միակ չեմպիոնական տիտղոսը։ Վիլյանը պրոֆեսիոնալ մակարդակով հանդես է եկել Սիցիլիայի Կատանիա քաղաքի իտալական հզոր «Գեյմոնատ Օրիզոնտե» թիմում, որը 2005 և 2006 թվականներին նվաճել է Եվրոպայի լողի լիգայի կանանց չեմպիոնների գավաթը։ 2010 թվականին Վիլյան դարձավ Կալիֆոռնիայի Պալո Ալտո քաղաքի Կաստիլեխա աղջիկների ավագ դպրոցի ջրագնդակի թիմի գլխավոր մարզիչը։ 2012 թվականին ջրագնդակից հեռանալուց հետո Վիլյան ստանձնեց ջրագնդակի և լողի մարզչի պաշտոնը մասնավոր աղջիկների ավագ դպրոցում[15]։

Միջազգային մրցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1995 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի աշխարհի երիտասարդական առաջնություն, Սենտ-Ֆուա, Կանադա, 3-րդ տեղ
  • 1997 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի աշխարհի երիտասարդական առաջնություն, Պրահա, Չեխիա, 3-րդ տեղ
  • 1998 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի աշխարհի առաջնություն, Պերթ, Ավստրալիա, 8-րդ տեղ
  • 1998 թվականի Հոլիդեյ գավաթ, Լոս Ալամիտոս, Կալիֆոռնիա, 2-րդ տեղ
  • 1999 թվականի Հոլիդեյ գավաթ, Լոս Ալամիտոս, Կալիֆոռնիա, 3-րդ տեղ
  • 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղեր, Սիդնեյ, Ավստրալիա, 2-րդ տեղ
  • 2001 թվականի Հոլիդեյ գավաթ, Լոս Ալամիտոս, Կալիֆոռնիա, 1-ին տեղ
  • 2001 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի աշխարհի առաջնություն, Ֆուկուոկա, Ճապոնիա, 4-րդ տեղ
  • 2002 թվականի Հոլիդեյ գավաթ, Պալո Ալտո, Կալիֆոռնիա, 1-ին տեղ
  • 2002 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի աշխարհի գավաթ, Պերթ, Ավստրալիա, 2-րդ տեղ
  • 2003 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի աշխարհի առաջնություն, Բարսելոնա, Իսպանիա, 1-ին տեղ
  • 2003 թվականի Համաամերիկյան խաղեր, Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն, 1-ին տեղ
  • 2003 թվականի Հոլիդեյ գավաթ, Լոս Ալամիտոս, Կալիֆոռնիա, 1-ին տեղ
  • 2004 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային լիգա, Լոնգ Բիչ, ԱՄՆ, 1-ին տեղ
  • 2004 թվականի Հոլիդեյ գավաթ, Լա Խոյա, Կալիֆոռնիա, 1-ին տեղ
  • 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղեր, Աթենք, Հունաստան, 3-րդ տեղ
  • 2005 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային լիգա, Կիրիշի, Ռուսաստան, 5-րդ տեղ
  • 2005 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի աշխարհի առաջնություն, Մոնրեալ, Կանադա, 2-րդ տեղ
  • 2006 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային լիգա, Կոզենցա, Իտալիա, 1-ին տեղ
  • 2006 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի աշխարհի գավաթ, Տյանցզին, Չինաստան, 4-րդ տեղ
  • 2006 թվականի Հոլիդեյ գավաթ, Լոս Ալամիտոս, Կալիֆոռնիա, 1-ին տեղ
  • 2007 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի աշխարհի առաջնություն, Մելբուռն, Ավստրալիա, 1-ին տեղ
  • 2007 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային լիգա, Մոնրեալ, Կանադա, 1-ին տեղ
  • 2007 թվականի Հոլիդեյ գավաթ, Լոնգ Բիչ, Կալիֆոռնիա, 3-րդ տեղ
  • 2007 թվականի Համաամերիկյան խաղեր, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա, 1-ին տեղ
  • 2008 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային լիգա, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Իսպանիա, 2-րդ տեղ
  • 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղեր, Պեկին, Չինաստան, 2-րդ տեղ
  • 2009 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային լիգա, Կիրիշի, Ռուսաստան, 1-ին տեղ
  • 2009 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի աշխարհի առաջնություն, Հռոմ, Իտալիա, 1-ին տեղ
  • 2009 թվականի Հոլիդեյ գավաթ, Նյուպորտ Բիչ, Կալիֆոռնիա, 2-րդ տեղ
  • 2010 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային լիգա, Լա Խոյա, ԱՄՆ, 1-ին տեղ
  • 2010 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի աշխարհի գավաթ, Քրայսթչերչ, Նոր Զելանդիա, 1-ին տեղ
  • 2011 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային լիգա, Տյանցզին, Չինաստան, 1-ին տեղ
  • 2011 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի աշխարհի առաջնություն, Շանհայ, Չինաստան, 6-րդ տեղ
  • 2011 թվականի Համաամերիկյան խաղեր, Գվադալախարա, Մեքսիկա, 1-ին տեղ
  • 2012 թվականի ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային լիգա, Չանշու, Չինաստան, 1-ին տեղ
  • 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղեր, Լոնդոն, Միացյալ Թագավորություն, 1-ին տեղ[12]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ "Brenda Villa" National Team water polo profile at teamUSA.org
  2. ↑ "Brenda Villa Named FINA Aquatics World Magazine Female Water Polo Player of the Decade" usawaterpolo.org March 18, 2010
  3. ↑ "Athletes of the Decade: Brenda Villa" Արխիվացված 2014-10-06 Wayback Machine fina.org
  4. 1 2 «Brenda Villa (USA)». ISHOF.org. International Swimming Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  5. ↑ «Water Polo | Olympics at Sports-Reference.com». Olympics at Sports-Reference.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008-12-05-ին. Վերցված է 2026-07-31-ին.
  6. ↑ «Brenda Villa Bio, Stats, and Results». Olympics at Sports-Reference.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-04-17-ին. Վերցված է 2026-07-31-ին.
  7. 1 2 3 4 5 «Hall of Fame Inductees». usawaterpolo.org. USA Water Polo. Արխիվացված օրիգինալից 2019-05-31-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  8. ↑ «Brenda Villa (2018)». usawaterpolo.org. USA Water Polo. Արխիվացված օրիգինալից 2020-04-04-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. ↑ Commerce Aquatics
  10. 1 2 3 4 «Brenda Villa: Olympic Women's Water Polo Gold Medalist». Արխիվացված է օրիգինալից 2023-12-07-ին. Վերցված է 2026-07-31-ին.
  11. ↑ «"Women's Water Polo Players", The Los Angeles Times, Los Angeles, California, July 4, 2000, pg. 213». newspapers.com. Վերցված է 2025 թ․ մարտի 15-ին.
  12. 1 2 3 «Swimming World Magazine, Brenda Villa, Hall of Fame Water Polo Player». Վերցված է 2025 թ․ մարտի 15-ին.
  13. ↑ «Stanford Sports, John Tanner, Director of Women's Water Polo». gostanford.com. Վերցված է 2025 թ․ մարտի 15-ին.
  14. ↑ «Olympedia Biography, Brenda Villa». Վերցված է 2025 թ․ մարտի 14-ին.
  15. ↑ «Brenda Villa». Athletes Soul (անգլերեն). Վերցված է 2023-03-28-ին. (չաշխատող հղում)

Արտքաին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրենդա Վիլյա» հոդվածին։