17-րդ դարում դուքսերի նստավայրը հայտնվեց անմխիթար վիճակում, իսկ 1696 թվականին այն վաճառվեց Հռոմի Պապ Ինոկենտի XI-ի եղբորորդի՝ իշխան Օդեսկալչին, որի ժառանգների ենթակայության տակ է մնում մինչ օրս։ 1971 թվականին ամրոցում նկարահանվել է «Լուչիա դի Լամերմուր» ֆիլմ-օպերան։ 2006 թվականին ամրոցում տեղի է ունեցել Թոմ Քրուզի և Քեթի Հոլմսի հարսանեկան արարողությունը։
Ամրոցի և նրա բնակիչների մասին գրել է ռուս հեղինակ Պավել Մուրատովը («Իտալիայի պատկերներում»)։ Նա նշել է, որ այն միակ տեղն է, որտեղ կարող ես զգալ Վերածննդի դարաշրջանի մարդկանց սենյակային հարմարավետությունը, քանզի այստեղ և ոչ այլուր պահպանվել են կահույքի և այլ իրերի կահավորանքները, ինչպես նաև որմնանկարներ, որոնց վրա կարելի է տեսնել Բրաչիանոյի հին տերերի կյանքը արտացոլող նկարներ՝ շախմատ խաղալիս, որսորդության, կարդալու, միրգ հավաքելով, լճում նավակով զբոսնելիս։