Բռնչի գերիմաստի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բռնչի գերիմաստի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Տորոնածաղկավորներ
Ընտանիք Ցախեկեռասազգիներ
Ցեղ Բռնչի
Տեսակ Բռնչի գերիմաստի
Լատիներեն անվանում
Viburnum lantana


Բռնչի գերիմաստի (լատ.՝ Viburnum lantana), ցախեկեռասազգիների ընտանիքի, բռնչի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ, փոքր ծառ է` մինչև 5 մետր բարձրությամբ, որը հաճախ թփանման տեսք է ունենում։ Ընձյուղները մոխրավուն երանգ ունեն աստղաթեփուկավոր մազմզուկների շնորհիվ։ Տարեկան ընձյուղները գորշավուն են։ Բնի առանցքների և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն է, ճաքճքված։ Տերևները ձվաձև են, երկարավուն ձվաձև կամ էլիպսաձև, կնճռոտ, 5-13 սմ երկարությամբ և 3-9 սմ լայնությամբ, կարճ սրածայր գագաթով, ոչ խոր, սրտանման կամ կլորավուն հիմքով։ Ունեն 8-13 զույգ կողմնային ջղեր, սուր փոսիկաատամնաեզր են, վերևի կողմից՝ մուգ կանաչ, այս կամ այն չափով ծածկված աստղաձև մազմզուկներով, հետագայում՝ մերկ, ներքևի կողմից սկզբում խիտ թաղիքանման, աստղաձև մազմզուկներով ծածկված, որի շնորհիվ սկզբում բաց մոխրավուն են, հետագայում մազմզուկների նոսրացման հետևանքով՝ կանաչավուն։ Տերևակոթունները ծածկված են խիտ թաղիքանման մազմզուկներով, 1-3 սմ երկարությամբ։ Ծաղկաբույլերը բազմածաղիկ, խիտ հովանոցանման հուրաններ են 6-10 սմ տրամագծով, խիտ, թաղիքանման մազմզուկներով ծածկված առանցքով։ Պսակը դեղնասպիտակ է, բաժակը՝ անիվանման, 0.6-0.8 սմ տրամագծով։ Պսակի մասերը երկարավուն են, խողովակից մեկ ու կես, երկու անգամ երկար։ Առէջները և սերմնարանը մերկ են։ Պտուղը սեղմված ձվաձև, էլիպսաձև է, մոտ 0.8 սմ երկարությամբ, հասունանալիս՝ սկզբում վառ կարմիր է, այնուհետև՝ փայլուն սև։ Կորիզը ձվաձև էլիպսաձև է կամ էլիպսաձև, տափակ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում է օգոստոս-սեպտեմբերին:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Ռուսաստանի Եվրոպական մասի հարավում, Արևմտյան Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում: Մեր հանրապետության տարածքում հանդիպում է գրեթե ամենուրեք, հյուսիսային և կենտրոնական շրջաններում, Սևանի ավազանում, Զանգեզուրում: Աճում է ծովի մակարդակից մինչև 2000 մետր բարձրությունների վրա, անտառաեզրերին, թփուտներում։ Լավ է հարմարվում աճման բոլոր տեսակի պայմաններին։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, չափազանց ցրտադիմացկուն է ու չորադիմացկուն, աճում է ինչպես ստվերում, այնպես էլ լուսավոր պայմաններում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղը մինչև 1.8 % գլյուկոզիդներ է պարունակում, իսկ տերևները՝ վիտամին E, հում կարոտին և դաբաղանյութեր։ Բավականին դեկորատիվ բույս է[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 273։