Jump to content

Բռնի տեղահանության և պահանջատիրության օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բռնի տեղահանության և պահանջատիրության օր

Տեսակպետական տոն
ԱմսաթիվՍեպտեմբերի 19
Տոնվում է Արցախ
Հաստատվածսեպտեմբերի 19, 2025
Ի հիշատակԱրցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներ

Բռնի տեղահանության և պահանջատիրության օր, Արցախի Հանրապետության հիշատակի օր, որը նշվում է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 19-ին[1][2][3]։ Այն խորհրդանշում է Արցախի հայերի բռնի տեղահանությունը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ հարձակման[1][2] և դրան նախորդած 9-ամսյա շրջափակման հետևանքով[3]։ Տեղահանության հետևանքով Արցախից բռնությամբ տեղահանվեց ավելի քան 100․000 հայ[1][2][3]։

Հիշատակի օրը սահմանվել է 2025 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում, որում ընդունված օրենքով՝ «Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարվել է լրացում[1][2][3]։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի վրա[1][2][3]: Հարձակմանը նախորդել էր Արցախի շուրջ 9 ամիս տևած շրջափակումը[3]: Ռազմական օբյեկտների և մարտական դիրքերի հետ միաժամանակ ադրբեջանական ուժերը ռմբակոծեցին նաև քաղաքացիական բնակավայրերը[3]:

Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ը անչափահաս երեխա[3]: Կրակը դադարեց սեպտեմբերի 20-ին, երբ Արցախի իշխանությունները ընդունեցին զենքերը վայր դնելու Ադրբեջանի առաջարկը, որը փոխանցվել էր Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության միջոցով[3]: Նույն օրը Ադրբեջանը հրապարակեց արցախահայերի «ինտեգրման» ծրագիր և հայտարարեց, որ պատրաստվում է հանդիպման Արցախի ներկայացուցիչների հետ[3]:

9-ամսյա շրջափակումից, 24-ժամյա ռազմական գործողությունից և Արցախի պետականության լուծարման մասին հայտարարությունից հետո ավելի քան 120.000 հայ բռնի կերպով տեղահանվեց, տեղափոխվելով հիմնականում Հայաստան[3]:

Այդ օրերին Ադրբեջանը ապօրինի ձերբակալեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ինչպես նաև երեք նախկին նախագահների[3]: Ընդհանուր առմամբ առնվազն 18 գերեվարված արցախցի ղեկավարներ ներկայումս գտնվում են Բաքվի բանտերում, որտեղ ընթանում է նրանց կեղծ դատավարությունը[3]:

Սեպտեմբերի 25-ին պայթեց Ստեփանակերտի բենզինի պահեստը[3]: Պայթյունից զոհվեց 219 մարդ, վիրավորվեց ավելի քան 290, իսկ 22 մարդ համարվում է անհետ կորած[3]:

Ադրբեջանի հարձակման ընթացքում և դրան հաջորդած օրերին Հայաստանում և սփյուռքում լայնորեն քննադատվեց Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը[3]: Հայաստանի իշխանությունները ռազմական աջակցություն չցուցաբերեցին Արցախին, ինչի հետևանքով արցախահայությունը փաստացի մնաց միայնակ Ադրբեջանի ագրեսիայի դեմ[3]:

Հիշատակի օրվա հաստատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2025 թվականի սեպտեմբերի 19-ին, Արցախի Ազգային ժողովի որոշմամբ՝ սեպտեմբերի 19-ը հայտարարվեց «Բռնի տեղահանության և պահանջատիրության օր»[1][2][3]: Այն հիշատակում է արցախահայության հայրենազրկումը և միաժամանակ ընդգծում հայության պահանջատիրական օրակարգը՝ տեղահանվածների իրավունքների վերականգման և անվտանգության միջազգային երաշխիքների անհրաժեշտությունը[1][2][3]:

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 19-ը խորհրդանշում է արցախահայության պատմական հայրենիքից բռնի տեղահանությունը և դրա հետևանքով առաջացած ազգային ողբերգությունը[1][2][3]։ Օրը միաժամանակ ծառայում է որպես հիշատակի և պահանջատիրության օր, ընդգծելով, որ արցախահայության իրավունքների վերականգնումը մնում է հայ ժողովրդի և միազգային իրավունքի կարևոր հարցերից մեկը[1][2][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Արցախի ԱԺ որոշումով՝ սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր». news.am. 2025 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Արցախի ԱԺ արտահերթ նիստում ընդունվել է օրենք, ըստ որի սեպտեմբերի 19-ը կնշվի որպես Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի տեղահանության և պահանջատիրության օր». aravot.am. 2025 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 20-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 «Սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր». detq.info. 2025 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 20-ին.