Բռնագանձում
Բռնագանձում (լատին․՝ confiscatio, այսինքն՝ «փոխանցել գանձարան»), կառավարության կամ այլ պետական իշխանության կողմից օտարման օրինական ձև: Բառը լայնորեն օգտագործվում է նաև օրենքով սահմանված դեպքերում որպես պատիժ գույքի ցանկացած տեսակի բռնագրավման տեսքով[1]:
Շրջանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բռնագանձումը տուգանքից տարբերվում է նրանով, որ տուգանքի չափը սովորաբար համարժեք է կատարված հանցագործությանը, իսկ բռնագանձման դեպքում նպատակը միայն դա չէ. այն ուղղված է հանցագործի՝ անօրինական ճանապարհով ստացած շահույթի ամբողջությամբ օտարելուն: Այսինքն՝ կարևոր է, որ հանցագործը չպահպանի այն, ինչ անարդար ձևով վերցրել է (հաճախ որպես լրացում բուն հանցանքի համար իրական պատժին) համայնքից։ Բռնագանձումը երբեմն անգամ նպատակ ունի հանցագործությունը կատարած անձին զրկել իր սոցիալ-տնտեսական կարգավիճակից, ծայրահեղ դեպքում նրան հասցնել աղքատության։ Հազվադեպ դեպքերից է բռնագանձման կիրառումը մահապատժի ենթարկված հանցագործի նկատմամբ, որպեսզի նրան զրկեն մահից հետո ժառանգությունը կտակելու իրավունքից։
Միևնույն ժամանակ, սահմանափակ բռնագանձումը հաճախ կիրառվող պրակտիկա է, և դրա նպատակն այն է, որ հանցագործը չկարողանա օգտվել իր գործած անօրինականության պտուղներից։ Բայց դրան զուգահեռ, հանցագործությունն ինքնին պատժվում է այլ՝ բռնագանձումից անկախ ձևով, օրինակ՝ ազատազրկմամբ և այլն։ Հաճախ ոստիկանությունը նաև աճուրդի է հանում գույքի բռնագանձման միջոցով առգրավված իրերը և պահում հասույթը:
Օդանավակայաններում պոտենցիալ վտանգավոր իրերը (օրինակ՝ վտանգավոր քիմիական նյութերը, զենքերը և սուր առարկաները) սովորաբար առգրավվում են ստուգումների ժամանակ: Այլ ապրանքներ, օրինակ՝ որոշակի սննդամթերք, նույնպես կարող են առգրավվել՝ կախված մաքսային օրենսդրությունից: Օրինակ՝ մի անգամ հայտնի երաժշտական կատակերգու Աննա Ռասելից ԱՄՆ-ի մաքսային ծառայությունն առգրավել էր իռլանդական տավիղ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական իրավունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական իրավունքում ի սկզբանե կայսրի կողմից մասնավոր սեփականության առգրավումն էր ու փոխանցումը ֆիսկուսին՝ գանձարանին, ուստի՝ պետության կողմից մասնավոր սեփականության յուրացումն էր պետության կողմից[1]։
Անգլիական իրավունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից անգլիական օրենսդրությամբ՝ բռնագանձումը ներառում է հանցագործության կամ ժառանգների բացակայության պատճառով գույքի առգրավումը՝ ապրանքների դեպքում, և գույքի անցումը պետությանը՝ հողերի դեպքում[1]։ Ապրանքները պետության կողմից կարող են բռնագանձվել նաև մաքսային, ակցիզային կամ պայթուցիկ նյութերի հետ կապված կանոնների խախտման պատճառով[1]։ Միացյալ Թագավորությունում բռնագանձման որոշումը դատարանի որոշում է, որը դատապարտվածից պահանջում է որոշակի ժամկետում սահմանված չափով գումար վճարել պետությանը։
Ամերիկյան հեղափոխության ժամանակ մաքսային ռեկետը լուրջ խնդիր դարձավ։ Կոռումպացված մաքսային ծառայողները, խստորեն կիրառելով մաքսային օրենքները (հատկապես առավել անհասկանալի շարադրվածները), կարող էին գրեթե անպատիժ տիրանալ սեփականությանը[3]։ Սա զգալի տարաձայնություններ առաջացրեց ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև[4]։
ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակ «պատերազմական միջոցառումների» շարքում 1861 և 1862 թվականներին ընդունվեցին ակտեր, որոնց համաձայն առգրավվում էին «ապստամբության նպատակներով» օգտագործվող գույքը և, ընդհանրապես, ապստամբությամբ զբաղվողների ունեցվածքը[1]։
Ժամանանակից միտումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ականների վերջից նկատվում էր բռնագանձման՝ որպես հանցագործության կանխարգելման գործիքի նկատմամբ հետաքրքրության վերածնունդ, որը պայմանավորված էր փողերի լվացման քրեականացման նկատմամբ հետաքրքրությամբ։ Մի շարք միջազգային փաստաթղթեր՝ սկսած 1988 թվականի Վիեննայի կոնվենցիայից, վճռականորեն առաջարկել են օրենսդրական դրույթներ ընդունել, որոնք հնարավորություն են տալիս բռնագանձել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները: Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի (FATF) 40 առաջարկությունները նույնպես նշել են դրա կարևորությունը որպես հանցագործության կանխարգելման գործիք:
Աjժմյան միտումները տանում են դեպի բռնագանձումը դյուրինացնելու նպատակով ապացուցման բեռի հակադարձում, այսինքն՝ գույքի սեփականատերը պետք է ապացուցի իր գույքի ծագման կամ ձեռքբերման օրինականությունը։ Ի զարմանս շատերի՝ իրավապահ մարմինների համար իրականում միանգամայն օրինական է հանցագործության համար դեռևս չդատապարտված մարդկանցից գույք բռնագրավելը։ Սա գործելակերպ է, որը տարեկան միլիոնավոր դոլարների եկամուտներ է բերում՝ անհամաչափորեն ազդելովֆինանսական միջոցներ կամ փաստաբան չունեցող մարդկանց վրա[5]։
Կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բռնագանձումը կարևոր գործիք է կոռուպցիայի դեմ պայքարում, քանի որ այն ուղղված է ապօրինի ճանապարհով ստացված գույքի և եկամուտների վերադարձմանը պետությանը կամ հանրությանը: Կոռուպցիոն գործողություններով ձեռք բերված միջոցների բռնագանձումը թույլ է տալիս նվազեցնել կոռուպցիոն գործարքների ֆինանսական շահութաբերությունը, կանխարգելել ապօրինի հարստացման դեպքերը և վերականգնել հանրային ռեսուրսների կառավարման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Այս գործընթացը, որը հաճախ ներառում է ապօրինի ճանապարհով ստացված գույքի օրինականացման նպատակով ապացուցման բեռի տեղափոխումը կասկածյալի վրա, ապահովում է կոռուպցիոն մեխանիզմների բացահայտումն ու վնասների նվազեցումը: Բռնագանձման արդյունավետ մեխանիզմները կարևոր նշանակություն ունեն պետական ինստիտուտների հանդեպ հանրային վստահության բարձրացման գործում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «1911 Encyclopædia Britannica/Confiscation - Wikisource, the free online library». en.wikisource.org (անգլերեն). Վերցված է 2024-12-29-ին.
- ↑ «The Age - Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2024-12-29-ին.
- ↑ Alexander, John K. (2004). Samuel Adams: America's Revolutionary Politician. American Profiles. Lanham: Rowman & Littlefield Publishers. էջ 56. ISBN 978-1-4616-4278-7.
- ↑ Leamon, James S. (1995). Revolution Downeast: the War for American independence in Maine. Amberst (Mass.): the University of Massachusetts press. ISBN 978-0-87023-959-5.
- ↑ Sullivan, Laura (2014-11-10). «Police Can Seize And Sell Assets Even When The Owner Broke No Law». NPR.