Բջջի կենսական ցիկլ

Բջջի կենսական ցիկլ, բջջի առաջացումից մինչև նրա մահը կամ նոր բաժանումն ընկած ժամանակահատված: Այս ընթացքում բջիջը իրականացնում է յուրահատուկ գործառույթներ՝ բաժանվում կամ մահանում է:
Նախակորիզավոր(պրոկարիոտ) օրգանիզմների բջիջները բաժանվում են ուղղակի կիսմամբ, իսկ կորիզավոր (էուկարիոտ) բջիջներում ուղղակի բաժանումը հանդիպում է ծերացած կամ վերացման ենթակա բջիջներում (սաղմնային թաղանթների բջիջներ), ինչպես նաև քաղցկեղային բջիջներում:
Օրգանիզմի մարմնական բջիջները սովորաբար բաժանվում են անուղղակի՝ միտոզով, որն ընթանում է հատուկ՝ միտոտիկ ապարատի ձևավորմամբ: Բջջի երկու բաժանումների միջև ընկած ժամանակաշրջանը կոչվում է միտոտիկ ցիկլ, որը կազմված է նախապատրաստական փուլից՝ ինտերֆազից, և բաժանման փուլից՝ միտոզից: Կան բջիջներ, որոնց կենսական ցիկլը ներառում է միայն միտոտիկ ցիկլ (օրինակ` սաղմի բջիջները): Կան նաև բջիջներ, որոնք միտոտիկ ցիկլ չունեն, այսինքն` երբեք չեն բաժանվում (ծայրամասային արյան էրիթրոցիտներ և լեյկոցիտներ): Այդպիսի բջիջները կոչվում են G0 բջիջներ:
Կենդանի օրգանիզմների բջիջները շատ բազմազան են իրենց կառուցվածքով ու ֆունկցիաներով, նրանց մի մասը կազմելով հյուսվածքներ՝ նաև որոշակիորեն մասնագիտացված է։ Տարբեր բջիջների կյանքի տևողությունը նույնը չէ։[1]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, Հ.Շ; ԵՆԳԻԲԱՐՅԱՆ, Ա.Ա (2014). ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԵՐԵՎԱՆ: ԵՊԲՀ. էջեր՝ 48–49. ISBN: 978-9939-65-086-9.
- ↑ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, Հ.Շ; ԵՆԳԻԲԱՐՅԱՆ, Ա.Ա (2014). ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԵՐԵՎԱՆ: ԵՊԲՀ. էջեր 48–49. ISBN 978-9939-65-086-9.