Բույսերի սննդառություն
Բույսերի սննդառություն, կյանքի համար անհրաժեշտ քիմիական տարրերի կլանման և յուրացման պրոցեսը բույսերում։ Կլանումը, վերափոխումը և էներգիայի կուտակումը (անաբոլիզմ) նյութերի քայքայման, արտազատման և էներգիայի անջատման (կատաբոլիզմ) հետ կազմում են նյութափոխանակությունը (մետաբոլիզմ)՝ օրգանիզմի կենսագործունեության հիմքը։
Սննդառության համար անհրաժեշտ տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույսերի բջիջներում պարունակվում են երկրի վրա գոյություն ունեցող համարյա բոլոր քիմիական տարրերը։ Սակայն սննդառության համար անհրաժեշտ են դրանց միայն մի մասը։Բույսերի չոր զանգվածի 95%-ը օրգանածին տարրերն են (ածխածին՝ 45%, թթվածին` 42%, ջրածին՝ 6—7%, ազոտ՝ 1,5%), իսկ մնացած 5%-ը՝ ոչ օրգանածինները։ Ածխածինը, թթվածինը և ջրածինը կազմում են օրգանական մոլեկուլների հիմքը, իսկ դրանցից կազմված նյութերը (հատկապես շաքարները)՝ շնչառության հիմնական սուբստրատը։
Բույսերի սննդառության տարրերը չեն կարող փոխարինվել միմյանցով և դրանցից մեկի բացակայությունը կամ գերավելցուկը կարող է հանգեցնել բույսի ոչնչացման։
Միկրոտարրեր | Մակրոտարրեր |
---|---|
նատրիում, կալիում, ծծումբ | ազոտ, թթվածին |
ֆոսֆոր, քլոր, երկաթ | ածխածին, ջրածին |
կալցիում, մագնեզիում |
Սննդառության տիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ օգտագործվող ածխածնի աղբյուրի տարբերում են սնընդառության հետևյալ տիպերը՝
- Տարասուն սննդառություն, երբ օգտագործվում է օրգանակն միացությունների վերականգնըված ածխածինը, հատուկ է ստորակարգ բույսերի մի մասին (բակտերիաների մեծ մասը, սնկեր)։ Վերջիններս ստորաբաժանվում են սապրոֆիտների (փըտման սնկեր և բակտերիաներ) և մակաբույծների։ Տարասուն սննդառության ձևերից է սիմբիոզը՝ կարգաբանորեն միմյանցից հեռու բույսերի միջև տեղի ունեցող նյութափոխանակությունը։
- Ինքնասուն սննդառություն, երբ ածխածինը յուրացվում է մթնոլորտի ածխաթթու գազից և վերափոխվում օրգանական միացությունների (բարձրակարգ քլորոֆիլակիր բույսեր, ջրիմուռներ, որոշ բակտերիաներ)։ Պահանջում է էներգիայի մեծ ծախս, որը լրացվում է արևի լույսի կլանման (ֆոտոսինթեզ) կամ տարբեր անօրգանական և օրգանական միացությունների օքսիդացման (քեմոսինթեզ) հաշվին։
Այսպիսով ինքնասուն բույսերը սկսում, իսկ սապրոֆիտները եզրափակում են նյութերի շրջապտույտը բնության մեջ։ Ֆոտոսինթեզի պրոցեսում կուտակված արևի էներգիան (սինթեզված շաքարի մոլեկուլների ձևով) կարող է փոխադրվել բույսերի ոչ ֆոտոսինթեզող օրգանները (արմատներ և այլն) և օգտագործվել բջիջների կենսագործունեության և նոր նյութերի սինթեզման համար։ Այդ էներգիան են օգտագործում իրենց կենսագործունեության մեջ նաև տարասուն օրգանիզմները։ Չնայած ֆոտոսինթեզի պրոցեսին անմիջականորեն մասնակցում են միայն CO2-ը H2O-ն, բայց դրա իրականացման և սկզբնանյութերի հետագա փոխակերպումների համար անհրաժեշտ են նաև բույսերի սննդառությանը մասնակցող բոլոր քիմիական տարրերը։
Սննդառության ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրգանական նյութերը տերևներից թափանցում են ֆլոեմի մազանման (ցանցանման) անոթները և վայրէջ հոսանքով մուտք գործում արմատները։ Ջուրը և հանքային աղերը կլանվելով արմատի մակերեսով և ապա անցնելով բջջաթաղանթով՝ տերևներից եկող սկզբնական օրգանական արգասիքների հետ մտնում են նյութափոխանակության մեջ և սկիզբ դնում կենսական կարևոր նյութերի։ Արմատային սննդառության տարրերը արմատահյութի ձևով ջրի հետ մտնում են նյութերի վերելակ հոսանքն իրականացնող մյուս փոխադրական համակարգի՝ քսիլեմի անոթները և տերևներում թափանցում ֆոտոսինթեզող բջիջներ, որտեղ կրկին փոխազդում են ֆոտոսինթեզի սկզբնական արգասիքների հետ և առաջացնում տարբեր օրգանական, օրգանա-անօրգանական նոր միացություններ։ Այսպիսով բույսերի տարբեր օրգաններում տեղի ունեցող սննդանյութերի փոխակերպման պրոցեսներն ընթանում են իրար հետ փոխադարձորեն կապակցված և մտնում են բուսական օրգանիզմի նյութերի անընդհատ շրջապտույտի մեջ։ Անընդառությունը պահպանում է բույսերի կենսագործունեության անհրաժեշտ մակարդակը, լրացնում շնչառության ընթացքում ծախսված, ինչպես նաև արտազատված միացությունների պակասը, ապահովում աճումը, նյութերի պահեստավորումը և սերնդի վերարտադրությունը։ Սննդանյութերի պակասի դեպքում դադարում է բույսերի աճումը, իսկ եղած նյութերը հիմնականում ծախսվում են սերնդի վերարտադրությունն ապահովելու համար։
Սննդառության ճիշտ կազմակերպումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույսերի սննդառության ճիշտ կազմակերպումը (առաջավոր ագրոտեխնիկայի կիրառում, պարարտանյութերի ճիշտ օգտագործում, կանոնավոր ջրում, աէրացիայի բարելավում) բուսաբուծության կարևոր խնդիրներից է և հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով ղեկավարել գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 484)։ ![]() |
|