Բույսերի պատշպանությունը Հայաստանում
Բույսերի պաշտպանությունը Հայաստանում, Գյուղատնտեսական ու անտառային բույսերի վնասատուների և հիվանդությունների ուսումնասիրությունն ու դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների մշակումը հանրապետությունում սկսվել են 1920-1930-ական թվականներից։ 1924 թվականին ՀԽՍՀ հողժողկոմատին կից կազմակերպվել է բույսերի պաշտպանության բաժին, 1929 թվականին՝ բամբակենու վնասատուների ու հիվանդությունների Հայաստանի և Նախիջևանի գիտահետազոտական կայանը, 1933 թվականին՝ Բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտն (1998 թվականից՝ Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն), 1980 թվականին՝ «Հայգյուղքիմիա» արտադրագիտական հանրապետական միավորումը։ Ուսումնասիրվել են բամբակենու, շաքարի, ճակնդեղի, առվույտի, խնձորենու, խաղողի վազի, ամբարային վնասատուների, սեխի ճանճի, բանջարանոցային և այլ բույսերի վնասատուների տեսակային կազմը, կենսակերպը, զարգացման առանձնահատկությունները, միաժամանակ մշակվել են դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցներ (Մ. Մակարյան, Գ. Մարջանյան, Ա. Բաբայան և ուրիշներ)։ Հետազոտվել են նաև բամբակենու, շաքարի ճակնդեղի, ծխախոտի, ցորենի, պտղատու ծառերի, խաղողի վազի, ինչպես նաև բանջարաբոստանային բույսերի, թիթեռնածաղկավոր ցանովի խոտաբույսերի տարբեր հիվանդություններ, դրանց տարածվածությունը, վնասակարարության աստիճանը, մշակվել դրանց դեմ պայքարի միջոցներ (Ա. Բաբայան, Ն. Քեչեկ, է. Աֆրիկյան, Ռ. Բատիկյան, Վ. Գուլքանյան, Յու. Սենեքերիմյան և ուրիշներ)։ Մոլախոտերի դեմ քիմիական քաղհանի համար հետազոտվել են տարբեր հերբիցիդներ, ընտրվել դրանցից առավել արդյունավետները (Գ. Դարբինյան, Ա. Քալանթարյան և ուրիշներ), սինթեզվել են նոր հերբիցիդներ (Վ. Դովլաթյան), դրանց անվտանգ օգտագործման համար ստեղծվել հարմարանքներ (Ռ. Սարգսյան)։ Ուսումնասիրվել են պտղատուների, կորիզավորների, խաղողի վազի, մորմազգի բանջարային բույսերի վնասատուների տեսակային կազմը, կենսակերպը, տարածվածությունը, կենսաէկոլոգ առանձնահատկությունները, մշակվել դրանց դեմ պայքարի միջոցներ (Հրանտ Թերլեմեգյան, Ալֆրեդ Գրիգորյան, Արմենակ Տեր-Գրիգորյան, Արա Մանվելյան և ուրիշներ), բուսանողի մեջ պեստիցիդների մնացորդների որոշման մատչելի մեթոդներ, որոնց օգնությամբ ճշտվել են սպասվելիք անվտանգության ժամկետները (Լևոն Աճեմյան և ուրիշներ)։ Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի էնդոմոտոլոգիայի, ֆիտոպաթոլոգիայի ու պեստիցիդների մնացորդների ուսումնասիրության բաժիններում և լաբորատորիաներում հետազոտվում են մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի ժամանակակից մեթոդներ ու արտադրության մեջ դրանց ներդրման խնդիրները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |