Հայերը Բուլղարիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուլղարահայեր
Հայ ժողովրդի կանգնեցրած հուշարձանը՝ նվիրված բուլղարացիների ջարդերին Բատակում
Ընդհանուր քանակ

22.000

Բնակեցում
Բուլղարիա Բուլղարիա 5.306
Լեզու(ներ)
Հայերեն, Բուլղարերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի, Հայ ավետարանական եկեղեցի

Հայերը Բուլղարիայում բնակություն են հաստատել Բուլղարական առաջին կայսրությունից (681-1018) շատ առաջ, երբ երկրամասը «Թրակիա» անվանումով մտնում էր Հռոմեական կայսրության մեջ[1]։ Ներկայումս բուլղարահայ համայնքը թվաքանակով հինգերորդն է ազգային փոքրամասնությունների շարքում՝ ռուսներից հետո։ Հատկանշական է, որ հայերի տեսակարար կշիռը կրկնակի նվազել է 2001 թվականի մարդահամարից հետո, որի համաձայն թվաքանակը եղել է 10.832[2]։ Ըստ հայկական կազմակերպությունների՝ Բուլղարիայում ապրում է 22.000 հայ[3], իսկ առավելագույն թիվը հայոց ցեղասպանությունից հետո կազմել է շուրջ հիսուն հազար՝ կազմելով երկրի բնակչության մեկ տոկոսը[4]։

Հայ համայնքի հիմնական կենտրոնները գտնվում են երկրի խոշորագույն քաղաքներում՝ Պլովդիվում, Պազարջիկում, Վառնայում, Սոֆիայում և Բուրգասում, ինչպես նաև Սիլիստրայում և նախկին Պազարջիկում (այժմ՝ Դոբրիչ, որը տարբերվում է ժամանակակից Պազարջիկ քաղաքից), որոնք մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը կազմում էր ռումինահայ գաղութի մաս։ Ներկայումս Բուլղարիայում կան մի շարք աշխարհագրական անուններ՝ հիմնականում բնակավայրեր կամ թաղամասեր, որոնք կապված են հայերի հետ (Արմենիցա, Արմյանսկա, Երմյանկա, Երմենլի, Երմենիքյոյ, Արմեն, Արձան, Արմենկա, Թոռնևո, Թորոս և այլն)։

21-րդ դարի սկզբից բուլղարացիների և ռումինացիների շարքում տեղացի հայերը զանգվածաբար լքում են իրենց գաղթօջախները՝ հիմնականում տեղափոխվելով Արևմտյան Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա։ 2021 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով հայերի թիվը եղել է 5.306 անձ, որից առաքելական՝ 5.002-ը[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ միջնադարում ժամանակակից Բուլղարիայի տարածքում հիմնվել էր հայկական գաղութ, որն աշխույժ կապ էր պահպանում Կոստանդնուպոլսի և Հունաստանի հյուսիսային շրջանների հետ։ Հայաստանի առաջին բաժանումից (387), ինչպես նաև Արշակունիների թագավորության անկումից (428) հետո շատ հայեր տեղափոխվում են Թրակիա[1]։ Հյուսիսից ներխուժող թյուրքալեզու նախաբուլղարական ցեղերի դեմ բյուզանդահպատակ հայերը ի սկզբանե թշնական տրամադրվածություն ունեին։ Պահպանվել են տեղեկություններ այն մասին, որ 6-րդ դարի վերջում, հայազգի Մուշեղ Մամիկոնյան զորավարը բյուզանդական մեծ բանակով արշավում է Թրակիա՝ հպատակեցնելու բուլղարներին։ Մուշեղ Մամիկոնյանը մի քանի հաղթանակներ է տանում, բայցևայնպես՝ բուլղարները կարողանում են վճռական ճակատամարտում հաղթել[1]։ Հայաստանի երկրորդ բաժանումից հետո (591) զգալի թվով հայ ասպետներ (Մամիկոնյաններ, Անձևացիներ, Կամսարականներ) ուղարկվում են Բալկանյան թերակղզի, մասնավորապես՝ Թրակիա՝ բուլղարների դեմ բյուզանդացիների հետ պատերազմելու համար[6]։ Զարգացած միջնադարում Փիլիպպիկոս ամրոցը (Պլովդիվ) դարձել էր հայ զինվորականության կենտրոնը[7]։ 9-րդ դարում բյուզանդական բանակում ծառայող հայ զորավարներից, բուլղարների դեմ պատերազմներում հայտնի էր Տաճատ Անձևացին[1]։ Դրան հակառակ, Բուլղարական առաջին կայսրության (681-1018) վերջին ներկայացուցիչներից Սամուելը (977-1014) մոր կողմից հայ էր (Հռիփսիմե Բագրատունի՝ Աշոտ Երկաթի դուստրը)[8]։ Այլ տվյալներով, ըստ Ստեփանոս Ասողիկ պատմիչի ու Նիկողայոս Ադոնցի՝ Կոմսաձագերի տոհմը ևս ուներ հայկական ծագում։ Այդ ընթացքում Բյուզանդիայում գահ էր բարձրացել հայկական ծագմամբ կայսերական դինաստիա (867-1056)։ Սամուել թագավորի բազմաթիվ պարտություններից մեկի պատճառը իր հայազգի փեսա Աշոտի դավաճանությունն էր։ Վերջինս հանդիսանում էր Գրիգոր Տարոնիտեսի որդին, որը իշխան Աշոտ Բագրատունու մահից հետո հանձնել էր Տարոնի իշխանությունը Բյուզանդիային և հաստատվել Թրակիայում։ 1014 թվական Բյուզանդիայի Վասիլ Բ կայսրը հաղթեց բուլղարացիներին և իր դաժանությունների համար ստացավ «Բուլղարասպան» մականունը։ Դառնալով բյուզանդահպատակ՝ բուլղարացիներն անցան բյուզանդական բանակում ծառայության։ 1042 թվականին Բագրատունիների մայրաքաղաք Անի արշաված բյուզանդական բանակի զորահրամանատարներից էր Նիկոլա բուլղարը[1]։

Ուշ միջնադարում Օսմանյան կայսրությունը հպատակեցրեց Բալկանյան և Փոքր Ասիա թերակղզիները, նվաճեց Բուլղարական երկրորդ կայսրությունը (1185-1396)։ 1453 թվականի Կոստանդնուպոլսի անկումից հետո հարյուրավոր հայեր դուրս եկան Հայկական լեռնաշխարհից և հիմնեցին արևելաեվրոպական գաղթավայրեր կամ դարձրին դրանք առավել բազմամարդ (Բուլղարիա, Հունգարիա, Ղրիմ, Ռումինիա և Մոլդովա, Լեհաստան և ՈւկրաինաՕսմանյան տիրապետության տարիներին Բուլղարիայի հայերը զբաղվում էին արհեստներով ու առևտրով և կապված էին մայրաքաղաք Կոստանդնուպոլսին։ Ժամանակակից Բուլղարիայի հյուսիսում բնակություն հաստատող հայերի առկայությունը պայմանավորված էր ռումինահայ գաղութի ընդլայնմամբ։ Առաջին քաղաքները, որտեղ բնակվեցին հայերը և որոշ ժամանակ անց հիմնեցին եկեղեցիներ, Սիլիստրան ու Պազարջիկն էին (Դոբրիչ

Ռումինիային սահմանակից, Դանուբ գետի ափին գտնվող Ռուսե (Ռուսչուկ) քաղաքում հայերն սկսել են բնակություն հաստատել 15-րդ դարի կեսից։ 16-րդ դարում և հատկապես 17-րդ դարի սկզբին գաղութը համալրել են Արևելյան Հայաստանից եկած գաղթականները։ 19-րդ դարի սկզբին տեղի հայերը (մոտ 150 ընտանիք) ունեցել են եկեղեցի՝ սուրբ Աստվածածին։ 20-րդ դարի սկգբին հայերի թիվը շուրջ 2 հազար էր։ Զբաղվել են հիմնականում սուետրով (մասնավորապես հարևան Ռումինիայի հետ) և արհեստներով։ Հայերը որոշակի դեր ունեին նաև նորանկախ երկրի տնտեսության զարգացման հարցում[9]։ Գործել են հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, հասարակական, մշակութային միություններ[7]։

Գարեգին Նժդեհ

1878 թվականին Բուլղարիայում և Արևելյան Ռումելիայի ինքնավար մարզում կար 5.300 հայ, իսկ համիդյան ջարդերից հետո այս թիվը ավելացավ գրեթե 20 հազարով[10]։ Հայերը ակտիվորեն մասնակցեցին Օսմանյան կայսրության դեմ բուլղար ժողովրդի անկախության հաղթաան պայքարին, որը Բալկանյան պատերազմների (1912-1913) մաս էր կազմում։ Թեև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բուլղարիան դաշնակցել էր օսմանցիներին Բեռլին-Բաղդադ առանցքում, սատարել օսմանյան կառավարությանը՝ այդ թվում բուլղարահայերի բանակ զորակոչվելու հարցում[11], սակայն և քննադատել էր օսմանցիներին Հայոց ցեղասպանության համար։ Վերջինիս արդյունքում Բուլղարիայում ապաստան գտավ ևս 22.000 հայ, որոնք ապրում էին «նանսենյան անձնագրերով» և հաճախ չէին գրանցվում պաշտոնական մարդահամարում։ Նրանք Բուլղարիայի քաղաքացիություն ստացան Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և ընթացքում[10][12]։

Բուլղարիայի ժողովրդական Հանրապետության ստեղծումից հետո՝ 1946-1948 թվականների մեծ հայրենադարձության տարիներին, հայերի մի զգալի հատված հաստատվեց Խորհրդային Հայաստանում, բազմաթիվ հայեր էլ տասնամյակներ շարունակ արտագաղթեցին արևմտաեվրոպական և հյուսիսամերիկյան երկրներ։ 1990-ական թվականներին՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանի ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական դրությամբ պայմանավորված հազարավոր (տարբեր տվյալներով՝ ավելի քան երեսուն հազար) հայեր արտագաղթեցին Բուլղարիա կամ Բուլղարիայի տարածքով հեռացան դեպի Արևմտյան Եվրոպա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նոր հաստատված հայերը կապեր հաստատվեցին Խորհրդային Միությունից այստեղ հաստատված այլ ազգերի՝ ռուսների, ուկրաինացիների հետ։ Բուլղարիայում հայերի թիվը շարունակաբար նվազում է արտագաղթի և ուծացման պատճառով[13]։ Թվաքանակի կրճատումը բացատրվում է նաև այն հանգամանքով, որ մեծ քանակ են կազմում խառն ամուսնությունները[14]։

Ստորև ներկայացվում է հայ բնակչության շարժը՝ ըստ պաշտոնական տվյալների՝

Թվական 1900 1905 1910 1920 1926 1934 1946 1956 1965 1975 1992 2001 2011 2021
Հայեր 14581 14178 12932 11509 27332 25963 21637 21954 20282 14526 13677 10832 6552 5306

Հոգևոր-մշակութային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական խալիֆայության ենթակայության տակ գտնվող Արմինիա կուսակալությունում սկիզբ էին առնում աղանդավորական տարբեր շարժումներ, որոնցից առավել հայտնի էին պավլիկյանները։ Որոշ ժամանակ անց հալածվելով հայ եկեղեցու կողմից՝ նրանք լքում են Հայաստանը և 8-րդ դարում հայտնվում բյուզանդահպատակ Թրակիայի տարածքում։ Պավլիկյան հայերի հիմնած բնակավայրերից (Պավլիկենի, Գոռնո Պավլիկենի, Դոլնո Պավլիկենի, Թորոս, Կալինիկ, Արմենոխոր, Արմենիցա, Էրմենլի, Էրմենսկա) մինչև այժմ հայտնի է Թորոս գյուղը։ Աղանդավորական հաջորդ հոսքը կապված էր թոնդրակյանների հետ։

Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդանիստ Սոֆիայի սուրբ Աստվածածին եկեղեցին

Դեպի Թրակիա հայերի գաղթն ուժեղավավ հատկապես Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կողմից աղանդավորական մեկ այլ՝ թոնդրակյանների և արևորդիների համայնքների դեմ ձեռնարկած պատժիչ գործողությունների պատճառով։ Արդյունքում՝ հայերի միջոցով Բուլղարիայի տարածք թափանցեցին աղանդավորական շարժումներ և սկիզբ առավ բոգոմիլների շարժումը[15]։ Պավլիկյան և թոնդրակյան աղանդավորները, որոնց մեջ կային նաև մեծաքանակ հայեր, հետագայում ձուլվեցին շարժմանը, բուլղարացվեցին և ավելի ուշ ընդունվեցին կաթոլիկություն կամ իսլամ (պոմակներ)[16]։

Դրան զուգահեռ Բուլղարիայում բնակվող առաքելական հայերը կառուցում են առաջին եկեղեցիները։ 12-րդ դարում Ֆիլիպոպոլսում (Պլովդիվ) գործել է հայկական վանք՝ Հովհաննես Ութմանի վանահայրությամբ[17]։ Այս ժամանակաշրջանում է հիշատակվում նաև Ֆիլիպոպոլսի հոգևոր առաջնորդ Գրիգոր եպիսկոպոսը, որին Գրիգոր Դ Տղա կաթողիկոսը նշանակել էր Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական բանագնաց։ Ներկայիս Բուլղարիայի տարածքում գոյություն ունեցող առաջին հայկական քարաշեն եկեղեցին Սիլիստրայի սուրբ Աստվածածինն է, որը թվագրվում է 1620 թվականին, երբ դեռ այդ քաղաքը ռումինահպատակ էր։ Նախքան այդ կառուցվել էր նույնանուն փայտաշեն եկեղեցի Ռուսե քաղաքում՝ Դանուբ գետի ափին։ 1675 թվականին կառուցվել և 1828 թվականին վերակառուցվել է Պլովդիվի սուրբ Գևորգ եկեղեցին, որը գործում է ցայսօր։ Սոֆիայում հայկական առաջին եկեղեցին կառուցվել է 1673 թվականին՝ հայ վաճառական Ապրո Չելեբիի միջոցներով[17]։ Վելիկո Տիռնովո քաղաքում կառուցվում է սուրբ Աստվածածին անունով մեկ այլ եկեղեցի (1685)[18]։

Արդեն 19-րդ դարում կառուցվում են Դոբրիչի սուրբ Հովհաննես (1830), Շումենի սուրբ Աստվածածին (1834), Վառնայի սուրբ Սարգիս (1846), Բուրգասի սուրբ Խաչ (1853) եկեղեցիները, վերակառուցվում և թարմեցվում են նախորդ դարերում կառուցվածները։ 1877-1878 թվականների պատերազմից հետո բուլղարական կառավարությունը տվեց իր համաձայնությունը Բուլղարիայում ստեղծելու հայկական թեմ և առաջնորդարան, որի առաջնորդանիստն այժմ մայրաքաղաք Սոֆիայի սուրբ Աստվածածին եկեղեցին է (1936)[17]։ Եկեղեցիներին կից գործել են արական դպրոցներ, իսկ 1903 թվականից հետո բուլղարահայ աղջիկները ևս սկսեցին հաճախել հայկական դպրոցներ[7]։

Սուրբ Խաչ եկեղեցին ծովափնյա Բուրգաս քաղաքում

Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հետ կապված Բուլղարիայում կազմակերպվել են տոնակատարություններ, որի համար ստեղծված հանձնաժողովտ ղեկավարել է փոխնախագահ Թոդոր Կավալջիևը։ 2011 թվականին Վառնա քաղաքում բացվել է Զորավար Անդրանիկի հրապարակը, որում ներգրավված էին քաղաքային իշխանությունները[19]։ Ներկայումս Բուլղարիայում կան հայ առաքելական գործող 10 եկեղեցի և 2 մատուռ, ինչպես նաև չորս հայ ավետարանական եկեղեցիներ (Պլովդիվ, Ռուսե, Վառնա, Սոֆիա) և երեք եղբայրություններ (Բուրգաս, Շումեն, Սոֆիա)[1]։ Վերջին երկու նորակառույց եկեղեցիներն են Սոֆիայի առաջնորդանիստ սուրբ Աստվածածինը և Յամբոլի սուրբ Հակոբը[20]։ Հայ ավետարանականները, ինչպես նաև փոքրաթիվ հայ կաթոլիկները չունեն թեմ Բուլղարիայի տարածքում՝ ի տարբերություն հայ առաքելականների։

Մշակույթ, արվեստներ և մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղար և հայ ժողովուրդները մոտ են ինչպես պատմությամբ, այնպես էլ մշակույթով ու արվեստով՝ չնայած որոշ հարցերում սկզբունքային տարբերություններին[21]։ Բուլղարիայում հայ գրչության կենտրոններ են գործել. հայտնաբերված հնագույն ձեռագիրը, որ գրվել է Բուլղարիայի տարածքում, վերագրվում է 11-րդ դարին[7]։

19-րդ դարավերջից բուլղարահայ երաժշտությունը ներկայացել է երգչախմբերով, որոնցից հայտնի են Պլովդիվի «Գրասիրաց եղբայրություն» միության «Դայլայլիկ» և «Մեղեդի» (1883 թվականից), նույն համայնքի Վահան Մանուելյանի (1904 թվականից), Վառնայի հայ համայնքի Բարսեղ Կանաչյանի (1920 թվականից), Սոֆիայի «Քնար» (1927 թվականից), Ռուսեի «Կոմիտաս» (1932 թվականից) և Սոֆիայի «Երևան» (1932-1937) երգչախմբերը։ Հետագա տարիներին երգչախմբեր են գործել «Երևան» մշակութային միության մի շարք մասնաճյուղերին կից։ Համերգներով հանդես են եկել նաև բուլղարահայ երգի-պարի համույթները։ Ներկայումս գործում է «Երևան» մշակութային միության «Գրիգոր Գրիգորով» երգչախումբը։ Երաժշտության բնագավառում աչքի են ընկել մի շարք հայ գործիչներ։ Հայտնի երաժիշտ Նաթան Ամիրխանյանը (1872-1949) Սոֆիայի օպերային թատրոնի, Վառնայի «Գուսլա» երաժշտական ընկերության հիմնադիրներից է։ Բուլղարիայում ճանաչում են գտել երգահան Սարգիս Բալթայանը, դաշնակահարներ Զարուհի Սայանը, Հերմինե Ասատուրը, Մալվինա Խաչատրյանը, Արամ Բերբերյանը, Սարգիս Բալթայան Կրտսերը, Էմմա Տահմիզյանը, Ալիս Աբրահամյանը, դիրիժորներ Բեդրոս Փափազյանը, Կիրկոր Կիրկորովը, Վիլլի Կազասյանը, խմբավարներ Կիրկոր Կարապետյանը, ջութակահարներ Ստեփան Խանջյանը, Հակոբ Աղասյանը, Կարո և Արուսյակ Բալթայանները, Էմանուել Գույումջյանը, երգիչներ Արման Թոքաթյանը, Պողոս Աֆեյանը, օպերային երգչուհի Նադյա Աֆեյանը և ուրիշներ։

Բուլղարիայի հայ համայնքի հավաք՝ քննարկելու Վարբան Ստամատովի «Նավով դեպի Արարատ» գրքի հրապարակումը։ Կենտրոնում՝ Սևդա Սևանը

Երգահան Հայկաշոտ Աղասյանը 1993 թվականին արժանացել է «Ոսկե Օրփեոս» մրցանակի։ Խմբավար Արթո Չիֆթչյանը հիմնադրել է Պլովդիվի երիտասարդ սիմֆոնիկ նվագախումբը, իսկ Բեդրոս Փափազյանը 1981 թվականին ստեղծել է «Օրիենտալ» խումբը, գրել է տրիոներ, կվարտետներ, սոլոներ։ 2006 թվականին Սոֆիայում Հայկական բարեգործական ընդհանուր միության 100 ամյակի կապակցությամբ հիմնադրվում է հայկական կամերային նվագախումբ, որի դիրիժորը և գեղարվեստական ղեկավարը մինչև 2017 թվականը Բեդրոս Փափազյանն էր[22]։ 2017 թվականին Պազարջիկում բացվում է Արտո Բզդիկյանի անվան հայկական մշակութային ակումբը։

Նորագույն շրջանի բուլղարահայ գրականության ներկայացուցիչներից էր Կարո Կիլիկյանը, որը բուլղարերեն է թարգմանել հայ դասական գրողների երկեր, Սևդա Սևանը, որի ստեղծագործություններից հայտնի էին «Ռոդոսթո, Ռոդոսթո» վեպը, «Տեր Զոր» եռահատոր վեպը, Հակոբ Մելքոնյանը, որը ստեղծագործում է բուլղարերեն և ուրիշներ։ Կերպարվեստի ոլորտում Բուլղարիայում ճանաչման են արժանացել գեղանկարիչ և քանդակագործ Գրիգոր Ահարոնյանը, գեղանկարիչներ Տորք Զաքարյանը, Տիրան Սարգսյանը, Հրանտ Անանյանը, Հայկուհի Հարությունյան-Խաչատրյանը (Հիլդա), Կարինե Փափազյանը, Ոսկան Ադամյանը, Արտաշ Թավուքճյանը, Նվարդ Աբգարյանը, քանդակագործներ Ակոբ Ակոբովը, Հարրի Արաբյանը և ուրիշներ։

19-րդ դարավերջից Ռուսեում Մ. Մինասյանը և Ֆ. Ոսկերչյանը կառուցել են Բուլղարիայի հայկական առաջին թատրոնը, թեև բուլղարահայ համայնքի առաջին ինքնագործ թատերական խմբերը ստեղծվել են ավելի վաղ՝ հայկական դպրոցներին կից։ Առավել վաղ կրջօջախներից էր նաև Շումենի հայկական դպրոցը, որը հայտնի էր նաև որպես «Վարդանյան նախակրթարան»։ 1906 թվականին Հակոբյան ամուսինները Վառնայում ստեղծել են «Օրիենտալ» թատերախումբը, իսկ 1925 թվականին թատերախումբ է կազմակերպվել Պլովդիվի «Հառաջ» ընթերցարանին կից՝ Օննիկ Քեչյանի, Խաչիկ Պալյանի և Պետիկ Զավենի ջանքերով։ 1930-ական թվականներին թատերական խմբեր են գործել ՀՕԿ մասնաճյուղերին կից։

Արման Թոքաթյան

1950-1970-ական թվականներին «Երևան» մշակութային միությանը կից գործող թատերական խմբերից հատկապես հայտնի էին Սոֆիայի Գաբրիել Սունդուկյանի անվան, Վառնայի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան և Պլովդիվի թատերախմբերը։ Դերասան Սարգիս Մուհրիբյանը 1957 թվականին ստեղծել է Սոֆիայի բուլղարական պետական երգիծանքի թատրոնը։ 1989 թվականին Պլովդիվում ստեղծվել է Պարոնյան թատերախումբը։ Պողոս Աֆեյանը եղել է Պլովդիվի ժողովրդական օպերայի գլխավոր բեմադրիչը։ Բեմադրիչ, Բուլղարիայի ժողովրդական արտիստ Գրիգոր Ազարյանն աշխատել է Պլովդիվում, ապա Սոֆիայի Վազովի անվան թատրոնում։ Բեմադրիչ Խաչո Բոյաջիևը հեռուստատեսությամբ ներկայացրել է բազմաթիվ ծրագրեր և բեմադրություններ։ 1940-ական թվականներից Բուլղարիայում ֆիլմեր են նկարահանել Բուլղարիայի ժողովրդական արտիստ Գրիգոր Ազարյանը (Պլովդիվի թատրոնի, ապա Սոֆիայի Ի.Վազովի անվան թատրոնի ռեժիսոր), Խաչո Բոյաջիևը։ 1988 թվականին Բուլղարիայում նկարահանվել է «Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը (ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սևդա Սևան)։ Բուլղարահայ բեմի դերասաններից էին Հովհաննես Թորոսյանը, Արտյուն Մինասյանը և ուրիշներ։

Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը հայերի խոսակցական լեզուն արևմտահայերենն էր։ Բուլղարիայի ժողովրդական Հանրապետության տարիներին բացվեցին հայկական դպրոցներ, որոնցում դասավանդում էին արևելահայերեն։ 1944 թվականից, երբ Բուլղարիան ազատագրվեց ֆաշիստական լծից, Բուլղարիայի տարբեր քաղաքներում աշխուժանում են հասարակական կազմակերպությունները։ Ռուսե քաղաքում ազգային կյանքն ընթացել է «Երևան» մշակութային միության տեղական մասնաճյուղի շրջանակներում[3]։ Բուլղարիայի հայ համայնքում գործում է «Ազգային կոմիտե»՝ ստեղծված Հայաստանի քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ (հիմնադիր՝ արքեպիսկոպոս Տիրայր Մարդիկյան, 66 անդամով)։

Ներկայում բուլղարահայ համայնքի տեղեկատվական ռեսուրսները 4-ն են՝ 3 տպագիր և 1 էլեկտրոնային (համացանցային) լրատվամիջոց վերջինս «Բուլղարիայի հայ համայնք»-ի (Սոֆիա) պաշտոնական վեբկայքն է։ Տարբեր ժամանակներում Բուլղարիայում լույս են տեսել հայկական պարբերականներ[3][23], այդ թվում՝

օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդի ըմբիշ Էդմոնդ Նազարյանը

20-րդ դարի երկրորդ կեսից բուլղարահայերի շրջանում հայտնություն են ձեռք բերում մարզիկները։ Աշխարհի և Եվրոպայի մրցույթներում չեպմիոնների տիտղոսներ են ծանրամարտիկ Նորայր Նուրիկյանը, բռնցքամարտիկ Կիրկոր Կիրկորովը, Հայաստանից Բուլղարիա է տեղափոխվում օլիմպիական չեմպիոն ըմբշամարտիկ Արմեն Նազարյանը, ֆուտբոլիստներից աչքի են ընկնում Էդուարդ Երանոսյանը և Արմեն Համբարձումյանը, ըմբշամարտիկների նոր սերնդից են Հայկ Մնացականյանը և Էդմոնդ Նազարյանը։

2020 թվականին Բուլղարիայի Պլիսկա քաղաքում Կարեն Ալեքսանյանի կողմից բացվում է «Կիրիլիցայի բակը», որը աշխարհում առաջին թանգարանն է՝ նվիրված կյուրեղագիր այբուբենին[24]։ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը, որն այցելել էր «Կիրիլիցայի բակ», նշել է, որ թանգարանը ցուցադրում է մեր հոգևոր ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ, որը ոչ թե բուլղարացի հայրենասեր է կառուցել, այլ հայ փոքր, բայց հերոսական ժողովրդի որդի, որի հետ Բուլղարիան շատ խորը մշակութային կապեր ունի[24]։

Հասարակական-քաղաքական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի հայերը 19-րդ դարի երկրորդ կեսից մասնակցել են երկրի քաղաքական անցուդարձին, որոշակի դերակատարում ունեցել օսմանյան լծի դեմ բուլղար ժողովրդի պայքարին[1]։ Դա տեղի է ունեցել ինչպես 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմի, 1885 թվականի Արևելյան Ռումելիայի հետ Բուլղարիայի միավորման, այնպես էլ 1911-1912 թվականների բալկանյան պատերազմների ժամանակ։ Առանձնապես աչքի են ընկել Հովհաննես Սվաճյանը, Երանոս Երանոսյանը, Քրիստափոր Միքայելյանը, Ստեփան Զորյանը (Ռոստոմ), Պետրոս Սերեմջյանը (Բուլղարացի Պետո), Հովհաննես Դարակչյանը (Օնիկ Թորոսյան), բալկանյան պատերազմներում նաև՝ Գարեգին Նժդեհը (Տեր-Հարությունյան) և Զորավար Անդրանիկը (Օզանյան), որոնք Բուլղարիայի նորաստեղծ պետության կողմից պարգևատրվել են «Արիութան համար» մեդալներով[3]։ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակից հայ սպաներից էր Բողոս Բողոսյանը։

Բուլղարիայի հայկական դպրոցներում ակտիվ մանկավարժական գործունեություն են ծավալում արդեն ոչ հոգևորականներ, որոնք ժամանում էին Կոստանդնուպոլսից և Օսմանյան կայսրության հայաբնակ տարբեր վայրերից։ Նրանց թվում էր մանկավարժ Գարեգին Շիշմանյանը և Կարապետ Ասրլաքյանը։

Վահե Օշական

Առաջին համաշխարհային պատերազմից հետո բուլղարացի կոմունիստների շարքերում որոշակի դերակատարում են ունենում նաև հայ կոմունիստները, որոնցից աչքի էր ընկնում Ստեփան Շահբազյանը։ 1918 թվականին Հայաստանի Հանրապետության ստեղծումից հետո Բուլղարիայում գործող դաշնակցականները հանդես են եկել «Օգնել հայրենիքին» կոչով։ Հայաստանի խորհրդայնացումից հետո Բուլղարիա է վերադառնում Գարեգին Նժդեհը, որը 1930-ական թվականներին Սոֆիա, Պլովդիվ, Վառնա, Բուրգաս քաղաքներում ստեղծեց ցեղակրոն ուխտերի բուլղարական մասնաճյուղեր` ցեղակրոնության և տարոնականության գաղափարներով։ Այս գաղափարախոսություններն արտահայտվում էին Վառնայում, Պլովդիվում և Սոֆիայում տպագրվող հայկական պարբերականներում, որոնցում աշխույժ դերակատարում են ունենում հայկական ազգային քաղաքական ուժերը՝ Հայ հեղափոխական, Ռամկավար ազատական, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունները[3]։ Առաջին աշխարհամարտից հետո բուլղարահայ համայնքում ձևավորվել էր հնչակյաններից, ռամկավարներից և հայ կոմունիստներից բաղկացած «Ազգային բլոկ», որը ձգտում էր դուրս մղել դաշնակցականներին համայնքի քաղաքական կյանքից։ 1944 թվականի վերջին ազգային կուսակցությունները, բացի դաշնակցությունից, մասնակցել են «Երետն» մշակութային միության ստեղծմանը։

Բուլղարական բանվորական սոցիալ-դեմոկրատական (տեսնյակների) կուսակցության հայ գործիչները (Տիգրան Իսմիրյան, Մ. Շահբազյան, Գ. Թյությունճյան, Հ. Մոմջյան, Գարեգին Շիշմանյան, Վ. Սարկիզով և ուրիշներ) մասնակցել են կոմունիստական շարժմանը։ 1920-ական թվականների սկզբին շուրջ 300 հայեր ընդունվել են Բուլղարիայի կոմկուսի շարքերը։ Երկրի շատ վայրերում կազմակերպվել են հայկական կոմունիստական խմբեր ու միություններ։ 1919 թվականին Պլովդիվում կազմակերպվել են Հայ բանվորական կոմունիստական ինքնազարգացման միությունը և Մամուլի կոմիտեն, որոնց նպատակն էր սոցիալիստական գաղափարներ տարածել բուլղարահայ աշխատավորության շրջանում։ 1920 թվականի հուլիսին Պլովդիվում լույս է տեսել հայ կոմունիստների պարբերականը՝ «Կարմիր լուրեր» թերթը (1922 թվականից՝ «Նոր աշխարհ»)։ 1920-1930-ական թվականներին բուլղարահայ կոմունիստները ձգտել են ուժեղացնել իրենց ազդեցությունը հայ համայնքում, բանավիճել են Բուլղարիայում գործող հայ քաղաքական կուսակցությունների, հատկապես ՀՀԳ-ի հետ, մասնակցել Բուլղարիայի կոմկուսի կազմակերպած հակակառավարական ելույթներին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բուլղարահայ կոմունիստները (Հերմինե Ռազգրատլյան, Հ. Պարոնյան, Ա. Ասլանյան, Թ. Պոյաճյան, Մ. Կարագյոզյան, Հ. Մարգարյան, Տ. Փափազյան, Զ. Ղասաբյան, Տ. Փեշտիմալճյան և ուրիշներ) գործուն մասնակցություն են ունեցել ֆաշիզմի դեմ բուլղար ժողովրդի պայքարին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բուլղարիայում հաստատվում են կոմունիստական կարգեր, ինչի արդյունքում այդ տարիներին փակվել են հայկական ավանդական կուսակցությունները և նրանց լրատվամիջոցները։ Բուլղարահայ կոմունիստները շարունակում են իրենց գործունեությունը երկրում մինչև 1980-ական թվականների վերջը։

Սիլվի Վարդան

Բուլղարահայ հասարակական-քաղաքական և մշակութային կյանքում իրենց դերակատարությունն են ունեցել բժիշկ Հակոբ Չաքըրովը, գրող Նիկողոս Սարաֆյանը, բանաստեղծ Վահե Օշականը, օպերային ռեժիսոր Պողոս Աֆեյանը, հոգևորական Կարապետ Ասրլաքյանը, երաժիշտ Արամ Բերբերյանը, ռադիոտեխնիկ Գևորգ Արաբաջյանը, բանաստեղծուհի Սևդա Սևանը, մաթեմատիկոս Քերովբե Չաքրյանը, սոցիոլոգ Մայա Քելյանը, մասնագիտությամբ թենիսիստ Յուլիա Բերբերյանը, բուլղարական ծագմամբ ֆրանսահայ դերասանուհի և երգչուհի Սիլվի Վարդանը և ուրիշներ։ Համայնքում գործունեություն են ծավալում Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը, Հայ օգնության միությունը, Համազգային Մշակութային Միությունը և այլ ազգային կազմակերպություններ[3]։ Բուլղարահայ հասարակությունը հաճախ է արձագանքում Հայաստանում և Արցախում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձություններին, կազմակերպում է հայոց ցեղասպանության նվիրված միջոցառումներ[14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Վահե Անթանեսյան (9 նոյեմբերի 2016 թվական). «Հայերը Բուլղարիայում». ankakh.com. Արխիվացված է օրիգինալից 2023-10-04-ին.
  2. «НАСЕЛЕНИЕ КЪМ 01.03.2001 Г. ПО ОБЛАСТИ И ЕТНИЧЕСКА ГРУПА».
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Վահրամ Հովյան (2011 թ․ նոյեմբերի 7). «Բուլղարիայի հայ համայնքը». www.noravank.am. «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոն.
  4. Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003թ., էջ 124, Մ.Մալխասյան, Հայերն աշխարհում, Երևան, 2007թ., էջ 22։
  5. National Statistical Institute (2022 թ․ նոյեմբերի 24). «Ethno-Cultural Characteristics of the Bulgarian Population as at 7 September 2021» (PDF) (բուլղարերեն).
  6. История армян в Византийской Империи (с внутренними сносками) (Англ.) // armstrong.edu. Архивировано из первоисточника 15 Նոյեմբերի 2020.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Բուլղարիայի հայ համայնքը». bulgaria.mfa.am. Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն.
  8. „Samuel l'Armenien, roi des Bulgares“ (en french). MAR Bclsmp (39): p. 37. 1938.
  9. Զոհրաբ Ղասաբյան Հայերի դերը Բուլղարիայի տնտեսության զարգացման գործում (1885-1940) (հայերեն) // Երևանի պետական համալսարան.
  10. 10,0 10,1 «Armenians» (բուլղարերեն). OMDA.bg. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 10-ին.
  11. Աստվածատուր Խաչատրյան (24 օգոստոսի, 2021). «Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Բուլղարիայի դիրքը Հայաստանի հանդեպ, 1918 թվական». aniarc.am. Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն.
  12. Nazarska, Georgeta. «Културното многообразие на България: социодемографско проучване на арменската колония в Стара Загора (20-60-те години на ХХ в.)». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. Հայ սփյուռք հանրագիտարան, էջ 128, Մ.Մալխասյան, նշվ. աշխ., էջ 90։
  14. 14,0 14,1 Զարուհի Բաբուխանյան. «Բուլղարահայ համայնքում ամուսնությունների 70 տոկոսը խառն են».
  15. Nikolin, Svetlana (2008). «Pavlikijani ili banatski Bugari» [Paulicians or Banat Bulgarians]. XXI Vek (սերբա-խորվաթերեն). 3: 15–16. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  16. Edouard Selian (January 2020). «The Descendants of Paulicians: the Pomaks, Catholics, and Orthodox». Academia.edu.
  17. 17,0 17,1 17,2 Զոհրաբ Զոհրաբյան. «Բուլղարիայի թեմ». ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան.
  18. «Բուլղարիայում հայտնաբերվել է 17-րդ դարի հայկական եկեղեցի». armenpress.am. 2009 թ․ դեկտեմբերի 21.
  19. «Памятник генералу Андранику установлен в Варне». newsarmenia.am. 12 հուլիսի, 2011.
  20. «Բուլղարիայում օծվեց հայկական եկեղեցի». hayernaysor.am. 2017 թ․ սեպտեմբերի 26.
  21. Philips Price, Morgan (1918). War and Revolution in Asiatic Russia. London: Allen and Unwin. էջ 31.
  22. «Нашата биография». sco.agbubg.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  23. «Население по местоживеене, възраст и етническа група» (Bulgarian). National Statistical Institute. 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. 24,0 24,1 «Փոքր, բայց հերոսական ժողովուրդ». artsakhpress.am. 19 հուլիսի, 2020.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։