Բուլիտ Բաբա տաճար
| Բուլիտ Բաբա տաճար | |
|---|---|
| Եկեղեցի | հինդուիզմ |
Բուլիտ Բաբա կամ Օմ Բաննա, հինդուիստական տաճար, որը գտնվում է Հնդկաստանում՝ NH 62 ավտոմայրուղու վրա՝ Ջոդհպուր և Պալի քաղաքների միջև՝ վերջինից մոտ 12 կմ հեռավորության վրա։ Տաճարը նվիրված է Օմ Սինգհ Ռաթորին՝ ազդեցիկ ռաջպուտական ընտանիքի ժառանգորդին Չոտիլա գյուղից, որը գտնվում է տաճարի մերձակայքում։ 1988 թվականի մայիսի 5-ին Օմ Բաննան 24 տարեկանում մահացել է այդ վայրում՝ մոտոցիկլետով բախվելով ճանապարհի եզրին գտնվող ծառին։
Ըստ լեգենդի՝ ուշ երեկոյան Օմ Սինգհ Ռաթորը, գտնվելով ոչ սթափ վիճակում, վերադառնում էր տուն իր Royal Enfield Bullet մոտոցիկլով։ Ճանապարհին նա բախվել է ծառին և տեղում մահացել։ Նրա ընկերը՝ Նարպաթ Սինգհը, որը նստած էր հետևում, ողջ է մնացել։ Մոտոցիկլը ընկել էր խողովակի մեջ, իսկ առավոտյան այն տարել են ոստիկանական բաժանմունք։ Սակայն հաջորդ օրը այն անհետացել է և կրկին հայտնաբերվել է վթարի վայրում։ Մոտոցիկլը նորից տեղափոխել են՝ թափելով միջի վառելիքը։ Բայց դա չի խանգարել նրան հաջորդ առավոտ կրկին հայտնվել նույն խողովակում։ Մոտոցիկլը մի քանի անգամ փորձել են տեղափոխել, սակայն այն ամեն գիշեր վերադարձել է Օմ-Բաննի մահվան վայր[1][2] :
Հնդիկները սկսեցին երկրպագել սուրբ մոտոցիկլը և դրա տիրոջը՝ մահվան վայրում սրբավայր հիմնելով, որը հայտնի դարձավ որպես Բուլիտ Բաբա։ Մոտոցիկլը տեղադրված է ապակեպատ տուփի մեջ՝ բետոնե պատվանդանի վրա։ Դրա դիմաց գտնվում է զոհասեղան և Օմ Բաննի փոքրիկ արձանը։ Ճանապարհորդներն այստեղ կանգ են առնում և աղոթում խաղաղ և անվտանգ ճանապարհորդության համար։ Նրանք մատուցում են ծաղիկներ, քաղցրավենիք, և փոքր շշերով ալկոհոլ։ Իսկ այն ծառը, որին բախվել էր Օմ Բաննան, առատորեն զարդարված է զարդերով և գունավոր ժապավեններով[3] :
Ժամանակի ընթացքում սուրբ Օմ Բաննան դարձավ մոտոցիկլիստների հովանավոր սուրբը։ Տաճարում հայտնվեցին մշտական քահանա և անմար կրակ, որի մեջ այժմ որպես զոհաբերություն վիսկի է լցվում։ Զարգացավ տուրիստական ենթակառուցվածքը՝ տաճարի շուրջը բացվեցին հուշանվերների կրպակներ և սրճարաններ։ Ամեն տարի այստեղ անցկացվում է ավանդական փառատոն՝ նվիրված նորաստեղծ աստծուն՝ իր ծեսերով և պաշտամունքի արարողություններով[2]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Михаил Трибой (2018 թ․ նոյեմբերի 25). «Бог на колесах. Почему в Индии молятся мотоциклу». Би-би-си (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 17-ին.
- ↑ 2,0 2,1 «Unknown Facts About the Om Banna Temple, Rajasthan». Times Now (անգլերեն). 2024 թ․ հունվարի 17. Վերցված է 2025 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «A prayer for drunk rider,shrine for his bike». Indian Express (անգլերեն). 2009 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2025 թ․ մայիսի 17-ին.