Բուենոս Այրեսի Մայր տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուենոս Այրեսի Մայր տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՏեղագրությունԲուենոս Այրես
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Buenos Aires?
Հիմնական ամսաթվերը1593[1]
ՆվիրվածԵրրորդություն
ԱնվանվածԵրրորդություն
Ճարտարապետական ոճնեոդասականություն
Հիմնադրված1593[1]
Քարտեզ
Քարտեզ
 Catedral Metropolitana, Buenos Aires Վիքիպահեստում
catedralprimadabue.wixsite.com/buenosaires(իսպ.)

Բուենոս Այրեսի Մայր տաճար (իսպ.՝ Catedral Metropolitana de Buenos Aires), Արգենտինայի գլխավոր կաթոլիկ տաճարը։ Կառուցվել է կլասիցիզմի ոճով։ Գտնվում է Բուենոս Այրեսի Սան-Մարտինա և Ռիվադավիա փողոցների անկյունում, Սան-Նիկոլասի շրջանում, Մայա հրապարակի մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուենոս Այրեսի Մայր տաճարի վայրը դեռևս 1580 թվականի հունիսի 11-ին հատկացվել է քաղաքի գլխավոր եկեղեցուն, և այդ ժամանակ վերջինիս հիմնադրման վերաբերյալ ակտ է կազմվել։ Սկզբում եկեղեցին կոչվում էր Սուրբ Երրորդություն և ենթարկվում էր Ռիո դե լա Պլատայի թեմին, որի կենտրոնը գտնվում էր Ասունսյոն քաղաքում։ Դա արտաքինից համեստ շինություն էր՝ փայտից և հարդից կառուցված։

1605 թվականին նահանգապետ Էրնանդարեսը հրամայեց քանդել եկեղեցին, քանի որ այն չափազանց հին էր և տգեղ։ Նրա տեղում կառուցվեց նոր, փայտե շինություն։ 1616 թվականին նրա տանիքը սկսեց քանդվել, և գլխավոր եկեղեցին տեղափոխվեց Սուրբ Ֆրանցիսկոսի եկեղեցի։ Մինչ ընտրվում էին եկեղեցու վերականգնման ծրագրեր, և դրա համար միջոցներ էին հավաքագրվում, կառույցը ամբողջովին փլուզվեց։ 1618 թվականի հունվարին սկսվեց տաճարի վերականգնումը, որը շարունակվեց մինչև տարեվերջ։ Դրա համար ծախսվեց 1100 պեսո։ Այնուամենայնիվ, նոր կառույցը շատ ավելի փոքր էր, քան նախորդը, այդ պատճառով 1621 թվականին սկսվեցին խոսակցություններ նոր տաճարի կառուցման մասին։

Միևնույն ժամանակ Մադրիդում և Հռոմում ավարտվեց Բուենոս Այրեսի թեմի ստեղծումը, որի մասին հայտարարվեց 1620 թվականի մարտի 30-ին, Պողոս V-ի պապի կողմից։ Առաջին եպիսկոպոս Պեդրո Կարրանսան էր, ով իր պարտականությունները ստանձնեց 1621 թվականի հունվարի 19-ին։ Բուենոս Այրեսի Սուրբ Երրորդության եկեղեցին հռչակվեց Մայր տաճար։

Երբ Բուենոս Այրեսի երրորդ եպիսկոպոսը՝ հայր Քրիստոբալ դե լա Մանչա-ի-Վելասկոն, 1641 թվականի հոկտեմբերի 6-ին ժամանեց Արգենտինա, նա նշեց, որ Մայր տաճարը շատ վատ վիճակում է։ Այդ պատճառով նա որոշեց կառուցել նոր տաճար, որը կունենար երեք նավ և զանգակատուն, իսկ դրա համար անհրաժեշտ էր 5000 պեսո։ 1662 թվականի նոյեմբերի 19-ին եպիսկոպոսը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց թագավորին և թագավորական գանձարանից գումար ստացավ շինարարության համար։ 1671 թվականին կառուցվեց Մայր տաճարը։ Սակայն շինարարական նյութերի ցածրորակ լինելու պատճառով, յոթ տարի հետո տաճարը սկսեց փլուզվել։

1678 թվականին նոր եպիսկոպոս Անտոնիո Ասկոնա Իմբերտոն տեղեկացրեց թագավորին եկեղեցու վերանորոգման անհրաժեշտության մասին և ստացավ 12.000 պեսո։ 1680 թվականին սկսվեցին վերանորոգման աշխատանքները։ Միևնույն ժամանակ տաճարում տանիքը թեքվեց, խորանն ու զանգակատունը փլվեցին։ Հետևաբար թագավորական գումարը բավարարեց միայն նոր տանիքի և մասնակի վերանորոգման համար։ Եկեղեցու ինտերիերը, տաղավարը և զանգակատունը այդպել էլ չվերանորոգվեցին մինչև 1700 թվականը՝ եպիսկոպոսի մահը։

Հաջորդ եպիսկոպոսը` Պեդրո Ֆախարդոն, ջանք չխնայեց տաճար վերականգնումը ավարտին հասցնելու համար։ 1721 թվականին նա կառուցեց զանգակատունը և մտադիր էր կառուցել ևս մեկը։ Բայց արդեն 1722 թվականին տաճարի տանիքը գտնվում էր այնպիսի վիճակում, որ ցանկացած պահի կարող էր փլուզվել։ Եպիսկոպոսը հիվանդացավ և վերակառուցման համար օգնություն խնդրեց Բուենոս Այրեսի իշխանություններից, սակայն հաջորդ երկու տարիների ընթացքում ոչինչ չարվեց։

Տաճարի վերականգնումը սկսվել է միայն այն ժամանակ, երբ դրանով սկսեց զբաղվել ատենապետ Մարկոս Ռոդրիգես դե Ֆագերոան։ Նրա ջանքերով հավաքվեց 1800 պեսո՝ արքայական գանձարանի, 1500 պեսո՝ եկեղեցական համայնքի կողմից, 2500 պեսո՝ փոխառությամբ և 1000 պեսո՝ քաղաքային իշխանությունների կողմից։ Այդ գումարով կառուցվեց երկու զանգակատուն, վերանորոգվեց նավն ու սյունաշարը։ 1725 թվականին Թոմաս Տրուպի նվիրատվությամբ՝ 5000 պեսո հասույթով, ստեղծվեց զանգակատունը։ Ընդհանուր առմամբ, այս տաճարը դարձավ թվով չորրորդ Մայր տաճարը Բուենոս Այրեսում։ Հետագայում փոխերեց Բերնարդինո Վերդունա դե Վիլյաիսանի գլխավորությամբ ոսկեզօծվեց եկեղեցու խորանը 400 ֆունտ ոսկով, կառույցը սպիտակեցվեց, որոշ ձևափոխություններ արվեցին, վերանորոգվեց արխիվը։

1752 թվականի մայիսի 23-ին երեկոյան տաճարի մի հատվածը հանկարծակի փլուզվեց, իսկ հաջորդ օրը առավոտյան փլուզվեցին նավերի կամարները։ Հետևաբար որոշվեց քանդել պատերի մնացորդները և վերակառուցել նորից նոր եկեղեցի։

Ներկայիս տաճարի կառուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի նախագիծը գծվել է ճարտարապետ Անտոնիո Մասելայի կողմից։ Ըստ ծրագրի, տաճարը պետք է ունենար լատինական խաչի ձև՝ երեք նավերով և վեց մատուռով։ 1754 թվականից սկսած տաճարի կառուցման աշխատանքները գլխավորում էր Դոմինգո դե Բասավիլբասոն։ Շինարարությունը ֆինանսավորվել է եկեղեցական միջոցների և ծխականների նվիրատվությունների միջոցով, իսկ 1760 թվականից` թագավորի միջոցներով։ Աշխատանքն առանց խնդիրների չէին ընթանում։ 1770 թվականին նոր գմբեթը քանդվեց, քանի որ դրա վրա հայտնաբերվեցին ճեղքեր, 1778 թվականին քանդվեց սյունասրահը, ապա ապամոնտաժվեց զանգակատունը։ 1791 թվականի մարտի 25-ին, 38-ամյա շինարարությունից հետո, տաճարի կառուցումը վերջնականապես ավարտվեց, իսկ 1804 թվականին օծվեց՝ Արգենտինայում գաղութային դարաշրջանի վերջին եպիսկոպոս Բենիտո դե Լուե-ի-Ռիեգոյի կողմից։

Արգենտինայի անկախությունը ստանալուց հետո, Բերնարդինո Ռիվադավիան զգալի հետաքրքրություն ցուցաբերեց տաճարի աշխատանքը ավարտելու վերաբերյալ։ 1822 թվականին հունվարին Պրոսպերո Կաթելինայի ղեկավարությամբ սկսվեց կառուցվել տաճարի ճակատամասը՝ Փարիզի Բուրբոնյան պալատի օրինակով։ Մինչև 1823 թվականը տեղադրվել են 12 կորնթոսյան սյուներ, որոնք խորհրդանշում էին 12 առաքյալներին։ 1862 թվականին սյուները վերականգնվել են, նաև տիմպանի վրա տեղադրվել են Դյուբուրդյուի քանդակները։

1942 թվականի մայիսի 21-ին տաճարը ճանաչվել է որպես պատմական հուշարձան։ 1994-1999 թվականներին տեղի է ունեցել եկեղեցու լայնածավալ վերակառուցումը։

Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարում է գտնվում Արգենտինայի ազգային հերոսի՝ գեներալ Խոսե Սան Մարտինի դամբարանը, որը ստեղծվել է 1880 թվականին՝ ֆրանսիացի քանդակագործ Բելլյոզի կողմից։

Պատերը ներկված էին ֆրեսկոներով, վերածննդյան ճարտարապետական ոճով, իտալացի Ֆրանչեսկո Պաոլո Պարիսիի աշխատանքներով, սակայն դրանք խունացել են խոնավության պատճառով։

Ձախ թևում է գտնվում արքեպիսկոպոս Լեոն Ֆեդերիկո Անեյրոսի շիրիմը, որը Վիկտոր դե Պոլի աշխատանքներից է։

Տաճարում տեղ են գտել նաև իտալացի Ֆրանչեսկո Դոմենիգինիի 14 կտավներ։

Հատակի ձևավորումը մշակվել է իտալացի Կառլո Մորրոյի կողմից 1907 թվականին։ Այն զարդարված է վենետիկյան խճանկարով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուենոս Այրեսի Մայր տաճար» հոդվածին։
  1. 1,0 1,1 1,2 https://catedralprimadabue.wixsite.com/buenosaires