Jump to content

Բոսնիական Կրաինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոսնիական Կրաինայի քարտեզը՝ քաղաքների նշումով

Բոսնիական Կրաինա (սերբ.՝ Босанска Крајина, բոս․՝ Bosanska Krajina, խորվ.՝ Bosanska krajina), աշխարհագրական և պատմական տարածաշրջան Բոսնիա և Հերցեգովինայի արևմուտքում։ Ընկած է Սավա, Գլինա, Վրբանյա և Վրբաս գետերի միջև, որոնք սահմանագծում ենմ այդ տարածաշրջանը համապատասխանաբար հյուսիսից, հյուսիս-արևմուտքից, արևելքից և հարավ-արևելքից։ Տարածաշրջանը պատմական, տնտեսական, մշակութային առանձին կազմավորում է Բոսնիա և Հերցեգովինայում և հռչակված է իր բնության բազմազանությամբ ու գեղեցկությամբ[1]։ Նրա պատմական կենտրոնը և խոշորագույն քաղաքը Բանյա Լուկան է։ Մյուս քաղաքներն են՝ Բիհաչը, Կազինը, Վելիկա Կլադուշան, Պրիեդորը, Սանսկի մոստը, Գրադիշկան, Կոզարսկա Դուբիցան, Նովի Գրադը, Բոսանսկա Կրուպան, Կլյուչը, Բոսանսկի Պետրովացը, Կոտոր Վարոշը, Շիպովոն, Մրկոնից Գրադը, Դրվարը, Բոսանսկո Գրահովոն, Գոռնի Վակուֆը, Բուգոյնոն, Դոնյի Վակուֆը, Յայցեն, Կնեժևոն, Բուժիմը, Լակտաշին և Չելինացը[1]։

Բոսնիական Կրաինան պաշտոնապես ձևակերպված կազմավորում չէ Բոսնիա և Հերցեգովինայում, սակայն ունի մշակութային ու պատմական յուրահատկություններ, որոնք ձևավորվել են մի շարք պատմական ու տնտեսական իրադարձությունների արդյունքում։ Ներկայումս նրա տարածքը բաժանված է Բոսնիա և Հերցեգովինայի երկու կազմավորումների՝ Սերբական Հանրապետության և Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության միջև։

16-ից 19-րդ դարերում Ունա և Վրբաս գետերի միջև ընկած տարածքը կրում էր Թուրքական Խորվաթիա անվանումը[2][3][4]։ Այդ անվանումը առաջին անգամ գործածել են ավստրիացի քարտեզագրողները, ովքեր Կառլովացի 1699 թվականի դաշնագրի կնքումից հետո ընդգրկվել և աշխատում էին ավստրա-օտտոմանյան սահմանային հանձնաժողովի կազմում[2]։ 19-րդ դարի կեսերին այդ անվանումը քարտեզագիրների կողմից փոխարինվեց Bosanska Krajina-ով[2], որի պատմական և աշխարհագրական ենթատարածաշրջաններն են Բիհացկա Կրաինան, Կազինսկա կրաինան, Պոտկոզիրիեն, Լիևցեն...

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիական Կրաինայի բնակչության ազգային կազմը 1991 թվականի մարդահամարի տվյալներով հետևյալ տեսքն ունի.

  • սերբեր 43 %
  • բոսնիացիներ 40 %
  • խորվաթներ 10 %
  • այլ ազգություններ (հունգարներ, գնչուներ, ուկրաինացիներ, ռումիններ) 7 %

6-րդ դարում ներկայիս Հյուսիսարևմտյան Բոսնիան հռոմեական Դալմացիա մարզի մի մասն էր կազմում, որը հետագայում մտավ Արևելահռոմեական կայսրության մեջ։ Դրանից կարճ ժամանակ անց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից այստեղ ներխուժեցին սլավոնական ցեղեր, որոնք բնակություն հաստատեցին նաև ներկայիս Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում; Յոթերորդ դարում սերբերն ու խորվաթները հիմնեցին իշխանություններ, որոնք սկզբնական շրջանում ենթակա էին Արևելահռոմեական կայսրությանը։ Դեռևս հստակեցված չէ՝ վաղ միջնադարում այս տարածքները Սերբիա իշխանությա՝ն, թե՝ Խորվաթիա դքսության տիրապետության տակ են գտնվել։

13-րդ դարում Դոնյի Կրայ (Donji Kraji) կոչված տարածաշրջանը, որ գտնվում էր ներկայիս Բոսնիական Կրաինայի /Bosanska Krajina/ հարավում , առաջին անգամ հիշատակվել է որպես Բոսնիայի թեմ՝ Բոսնիա թագավորության կազմում։ 14-րդ դարում Բալկաններ ներխուժած թուրքերը հասան նաև այստեղ։ 1463 թվականին նրանց հարվածներից ընկավ Յայցե բերդաքաղաքը, ընկավ նաև Բոսնիա թագավորությունը։ Կրբավա դաշտում 1493 թվականին տեղի ունեցած ճակատամարտում պարտություն կրելով՝ Խորվաթիայի թագավորության իշխաններն ու զորքերը ևս ստիպված էին տարածքները զիջել թուրքերին և պատսպարվել ամրացված քաղաքներում։

15-րդ դարի վերջերին խորվաթ իշխան (knez) Յուրայ ՄիկուլիչիչըԲիհաչ քաղաքի մերձակայքում՝ Բուժիմ գյուղի մոտ բերդ է կառուցել՝ թուրքերի առաջխաղացումից պաշտպանվելու համար։ 1495 թվականին նա մահացել է, բայց բերդը մինչև 1576 թվականը մնացել է անառիկ[5]։

1683-1690 թթ. Թուրքական մեծ պատերազմի արդյունքում օսմանյան կայսրությունը, Կառլովացի դաշնագրի համաձայն, Հաբսբուրգյան կայսրությանը զիջեց Հունգարիան ու Սլավոնիան։ Բոսնիայի հյուսիսային ու արևմտյան մասերը, «Բոսնիական երկիր» անվամբ, սահման դարձան այդ երկու կայսրությունների միջև։ Այդ վայրերում ապրող սերբ գյուղացիները անձնազոհաբար պաշտպանեցին իրենց երկրամասի անկախությունը։ Այդ ժամանակներից սկսած՝ սերբերը մեծամասնություն են կազմում այստեղ։ Սավա, Ունա և Վրբաս գետերի միջև ընկած տարածաշրջանը 17-18-րդ դարերում քարտեզներում և գրականության մեջ նշվում էր իբրև «Թուրքական Խորվաթիա»։ 1860 թվականին, տեղի ուղղափառ բնակչության պահանջով, դրան փոխարինեց «Բոսնիական Կրաինա» անվանումը։

Երկրամասը հայտնվեց սերբական 1875-1878 թթ. ապստամբության կիզակետում։ Զինված պայքարի երեք տարիների ընթացքում զոհվեց մոտավորապես 150 000 մարդ, որը կազմում էր Բոսնիա և Հերցեգովինայի ողջ բնակչության 13,64 %-ը։

Նորագույն ժամանակների պատմության ընթացքում Բոսնիական Կրաինայի բնակչությունը աչքի է ընկել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիստներին ցույց տված համառ դիմադրությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Mučibabić B., Ed. (1998). Geografski atlas Bosne i Hercegovine. Sarajevo: Geodetski zavod BiH. ISBN 9958-766-00-0.
  2. 2,0 2,1 2,2 Magaš, Branka; Žanić, Ivo (2001). The War in Croatia and Bosnia-Herzegovina 1991-1995. Taylor & Francis. էջ 11. ISBN 0-7146-8201-2.
  3. Jayne, Kingsley Garland (1911). «Bosnia and Herzegovina» . In Chisholm, Hugh (ed.). Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 4 (11th ed.). Cambridge University Press. էջեր 279–286. «Donji Kraj, the later Krajina, Kraina or Turkish Croatia, in the north-west»
  4. Borna Fuerst-Bjeliš, Ivan Zupanc (2007). «Images of the Croatian Borderlands: Selected Examples of Early Modern Cartography». Hrvatski geografski glasnik (69/1): 16. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին. «Schimek's Map of the Turkish Croatia, 1788. (Facsimile from Marković 1998). "Turkisch Croatien"»
  5. Commission to Preserve National Monuments, Sarajevo (2007 թ․ նոյեմբերի 28). «Old Fort - Buzim - Bosnia and Herzegovina» (PDF). Council of Europe. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոսնիական Կրաինա» հոդվածին։