Բողոքի ակցիաներ դատական իշխանության անարդարության դեմ Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողոքի ակցիաներ դատական իշխանության անարդարության դեմ Հայաստանում
Մարտի 1-ի զոհերի լուսանկարներով պաստառը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման դեմ բողոքի երթին, 2019 մայիսի 18, Երևան
Ամսաթիվ2019 թվականի մայիսի 18-20
ՎայրՀայաստան Հայաստան
ՊատճառԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի 2019 թվականի մայիսի 18-ին կայացրած որոշումը մարտի 1-ի գործով ՀՀ 2-րդ նախագահի պաշտոնը զբաղեցրած ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքից Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի երաշխավորության ազատ արձակելը[1]
Հակամարտող կողմեր

Բողոքի ակցիաներ դատական իշխանության անարդարության դեմ Հայաստանում, 2019 թվականի մայիսի 18-ին մեկնարկած մի շարք ակցիաներ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության անարդարության դեմ։ Մաս է հանդիսանում Հայկական հեղափոխության հետհեղափոխական իրադարձությունների։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018-2019 թվականների Հայկական հեղափոխության արդյունքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով նորացվել է Հայաստանի Հանրապետության պետական իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերի կազմը (տես՝ ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը), սակայն նույնն է մնացել դատական իշխանության կազմը և գործելաոճը։ Հեղափոխությունից հետո դատական իշխանության նորացման օրակարգի առանցաքային մաս է դարձել Հայաստանում անցումային արդարադատության ներդրման անհրաժեշտությունը, որը, սակայն ինչ-ինչ պատճառներով դեռ գտնվում է նախապատրաստման փուլում։

Մայիսի 18[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատական իշխանության հասարակության բացասական վերաբերմունքի ակտիվ ալիք է բարձրացել 2019 թվականի մայիսին։ Բողոքի ակցիաների առիթ է հանդիսացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի 2019 թվականի մայիսի 18-ին կայացրած որոշումը մարտի 1-ի գործով ՀՀ 2-րդ նախագահի պաշտոնը զբաղեցրած ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքից Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի երաշխավորության ազատ արձակելու դեմ[1]։

Մայիսի 19[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մայիսի 19-ին երեկոյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հաջորդ օրը՝ մայիսի 20-ի առավոտյան ժամը 08.30-ից Հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու «Հանուն անկախ դատարանի» ակցիայի մեկնարկի մասին՝ «այնպես, որ ոչ ոք ներս չմտնի», նշելով, որ նույն օրը կեսօրին ելույթ կունենա խնդրի վերաբերյալ[2]։ Քիչ հետո լրատվամիջոցները հաղորդեցին, որ նույն երեկոյան Բարձրագույն դատական խորհուրդը արտահերթ նիստ է հրավիրել այդ կապակցությամբ[3], իսկ որոշ ժամանակ հետո նիստերի դահլիճը լքել է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը։ Ուշ երեկոյան ԲԴԽ-ն հաղորդագրություն է տարածել, նշելով, որ ամբողջական դիրքորոշում կարտահայտի մայիսի 20-ին վարչապետի հետ նշանակված հանդիպումից հետո, դրա հետ «անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը, Խորհուրդը միաժամանակ կոչ է անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում»[4]։ Քիչ անց՝ նույն երեկոյան ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը, որը ֆեյսբուքյան գրառմամբ իր անհամաձայնությունն էր հայտնել ԲԴԽ հայտարարության մի շարք կետերին։ Նա ընդգծեց չի կարծում, թե վարչապետի կոչն ուղղված է «դատարանների բնականոն գործունեության խաթարմանը»։ Ըստ նրա, հակառակը, սա ազգային համախմբման կոչ էր, որպեսզի դատարանները ծավալեն իրապես բնականոն գործունեություն՝ ծառայելով քաղաքացիներին[5]։ Հաջորդ օրը Հովհաննիսանը վերահաստատեց, որ որևէ հակասահմանադրական գործողություն տեղի չի ունեցել։ Ավելին՝ վարչապետը դեռ ուշացած է դիմում այս քայլին։ Նա նշեց. «Հիմա ի վերջո ուշադրությունը գործադիրի և օրենսդիրի սևեռում է դատական իշխանության իրական, արմատական, խորքային փոփոխությունների վրա, որը ողջունելի է, ու պետք է բոլորս աջակցենք։ Եվ ոչ միայն աջակցենք, այլև առաջնորդենք այդ փոփոխությունները, որոնք երբեմն կարող են լինեն վիրահատական, ինչպես ես երեկ նշել էի»[5]։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը (2016 թվականից պաշտոնավարող), ինչպես նաև Հայաստանի փաստաբանների պալատը կոչ արեցին չարգելափակել դատարանները, քանի որ դրանք հակասում են ՀՀ Սահմանադրությանը և այլ օրենքերին[6][7]։ Նման կոչերով են հանդես եկել նաև ՀՅԴ[8], ԼՀԿ[9] և ՀՀԿ[10]։ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 19-ին հրապարակած իր ուղերձում ընդգծել է, որ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս։ Հայաստանի Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, Հայաստանի իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին»[11]։

Հայաստանի վարչապետի կոչից հետո Հայաստանի ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորներըից մի քանիսը նշել են, թե որ դատարանի դուռն են փակելու։ Վարազդատ Կարապետյանը նշել է, որ նա լինելու է Սևանի դատարանի դիմաց[12]։ Տիգրան Կարապետյանը և Արմեն Խաչատրյանը կլինեն Գորիսի դատարանի մուտքի մոտ[13]։ Գևորգ Պապոյանը ֆեյսբուքով դասադուլի կոչ էր արել[14]։

Մայիսի 20[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 20-ի առավոտվանից 8:30-ին Հայաստանի Հանրապետության բոլոր դատարանները արգելափակված էին քաղաքացիների կողմից։ Կեսօրին վարչապետը հանդես եկավ ելույթով՝ դատաիրավական համակարգի վերաբերյալ, որտեղ ասվում էր Հայաստանում գործող բոլոր դատավորներին վեթինգի ենթարկելու, ՄԻԵԴ որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորների հրաժարական տալու կամ հեռցվելու անհրաժեշտության, անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության, դատական համակարգի անկախության ամրապնդմանն ուղղված օրենսդիր աշխատանքի անհրաժեշտության և այլ հարցերի մասին[15]։ Քիչ հետո վարչապետի կոչով 13:30-ին քաղաքացիների ապաարգելափակեցին դատարանները[16]։

2019 թվականի մայիսի 20-ին լրատվամիջոցները հաղորդեցին, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում, հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից։ Բացի այդ, դեսպանության հայտարարության մեջ նշվում է. «Սա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն։ Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, և մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»[17]։

Մարտի 1-ի գործով Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Ա. Գևորգյանի և Յ. Խաչատուրովի գործի կասեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 20-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում մայիսի 18-ի որոշումը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին հանդիսացել է բողոքի ակցիաների շարժառիթը, առանց նիստ հրավիրելու և բոլոր կողմերից տեղեկացնելու կասեցրել է մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի քրեական գործով վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար[18]։

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանն իր հերթին հայտնել է, որ ոչ ինքը, ոչ էլ գործով տուժողները և իրավահաջորդները տեղեկացվա ջծ տեղեկացված չեն եղել Ռոբերտ Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին, և, համապատասխանաբար, ո՛չ էլ դատարանի կողմից նրանցից որևէ մեկին հնարավորություն է ընձեռվել իրենց դիրքորոշումը ներկայացնել խնդրո առարկայի վերաբերյալ[18]։ Դատարանի կողմից չի տեղեկացվել նաև ՀՀ դատախազությունը։ Ըստ իրավապաշտպան և լրագրող Լևոն Բարսեղյանի, այդպիսով «դատական համակարգն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» դուրս եկավ[19]։

Մայիսի 21-ին Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ Եվրամիությունը կարծում է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում խորը և համապարփակ բարեփոխումները երկրի ապագայի համար կենսական նշանակություն ունեն, ընդգծելով, որ ճգնաժամի գլխավոր պատճառն այն է, որ «Հայաստանում մարդկանց մեծամասնությունը դատարաններին չի վստահում»։ Բացի այդ նա նշել է, որ «հանրային վստահությունը վերականգնելու համար լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ։ Եվրամիությունն այն կարծիքին է, որ այդ բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան։ Դրանց թվում Եվրոպայի խորհրդի անդամակցության, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրում արդարադատության բարեփոխումներին առնչվող փոխադարձ պարտավորություններն են»[20]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Դատարանը որոշեց կալանքից ազատ արձակել Քոչարյանին
  2. Վարչապետը կոչ է արել վաղն առավոտյան արգելափակել դատարանների մուտքերը
  3. Գագիկ Հարությունյանը հրատապ նիստ է հրավիրել
  4. ԲԴԽ հաղորդագրություն(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 ԲԴԽ նիստը չի կայացել, քանի որ Գագիկ Հարությունյանը չի կարողացել մասնակցել վարչապետի գումարած խորհրդակցությանը
  6. «Անհապաղ պետք է դադարեցնել դատարանների մուտքն ու ելքն արգելափակելու կոչերը. Արման Թաթոյան».
  7. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՈՐՈՇՈՒՄ» (PDF).
  8. «Դաշնակցությունը «վարչապետի կոչը դիտում է որպես Հայաստանում սահմանադրական կարգի դեմ կատարված քայլ»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 19-ին.
  9. ««Լուսավոր Հայաստանը» հորդորում է վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը».
  10. «ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը».
  11. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը
  12. ««Իմ քայլի» պատգամավորը առավոտյան 8:30-ից կլինի Սևանի դատարանի դիմաց».
  13. «ՔՊ Գորիս».
  14. «Դասերն անպայման լրացնելու ենք, սակայն հեղափոխության երկրորդ փուլից հետո. Գևորգ Պապոյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 5-ին.
  15. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը դատաիրավական համակարգի վերաբերյալ
  16. Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին վերացնել բոլոր դատարանների արգելափակումը
  17. Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը. Դեսպանատան արձագանքը
  18. 18,0 18,1 Ըստ փաստաբանների՝ Քոչարյանի գործի վարույթը կասեցվել է և ուղարկվել ՍԴ
  19. Դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ Քոչարյանի և մյուսների գործի կասեցման որոշման մասին
  20. ԵՄ-ն ընդունում է Նիկոլ Փաշինյանի երեկվա վճռական հանձնառությունը և պատրաստ է աջակցել. Պյոտր Սվիտալսկի |factor.am|