Բոլերո (Ռավել)
Բոլերո ֆր.՝ Boléro | |
---|---|
![]() | |
Տեսակ | երաժշտական կոմպոզիցիա և բալետ |
Ժանր | Բոլերո |
Կոմպոզիտոր | Մորիս Ռավել |
Ստեղծման տարեթիվ | 1928 |
Կատալոգի համար | 81 |
Հրատարակման տարեթիվ | 1929 |
Տոնայնություն | Դո մաժոր |
Boléro Վիքիպահեստում |
Բոլերո (իսպ.՝ Bolero), հեղինակ՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Մորիս Ռավել: Ստեղծագործություն՝ նվագախմբի համար: Նախապես մտահղացված է եղել որպես երաժշտություն՝ բալետային բեմադրության համար` ներշնչված իսպանական բոլերո պարից: Գրվել է 1928 թվականին և առաջին անգամ հանրությանն է ներկայացվել նույն տարվա նոյեմբերի 22-ին Փարիզի Գրանդ օպերայում: Երաժշտության ներքո պարել է ռուս դերասանուհի և պարուհի Իդա Ռուբինշտեյնը, նվագախումբը ղեկավարել է ֆրանսիացի դիրիժոր Վալտեր Ստրարամը: «Բոլերոն» անմիջապես արժանացավ հանդիսատեսի հավանությանը և շատ արագ դարձավ 20-րդ դարի հանրահայտ ստեղծագործություններից մեկը:
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1928 թվականի սկզբներին Ռավելը հյուրախաղերի էր մեկնել Միացյալ Նահանգներ: Դեռ մեկնելուց առաջ նա պատվեր էր ստացել բալետի պարուհի Իդա Ռուբինշտեյնից. նա ցանկանում էր, որ կոմպոզիտորը մի բալետ գրի հատուկ իր համար, որտեղ կկարողանա ամբողջությամբ ցուցադրել իր ինքնատիպ կարողությունները: Իդան թեև չուներ դասական պարարվեստի բացառիկ հմտություններ, ինչպես Աննա Պավլովան կամ Նատալյա Տրուխանովան, սակայն աչքի էր ընկնում հրաշալի արվեստով և բեմական հիանալի կեցվածքով, որոնք նրան թույլ էին տվել բեմում փայլել Կլեոպատրայի և Շեհերազադայի կերպարներում: Ռուս նկարիչ Վալենտին Սերովի խոսքերով, Իդա Ռուբինշտեյնի շնորհիվ ասես վերակենդանանում էին հին Եգիպտոսը և Ասորեստանը:

Եվ այսպես, վերադառնալով ամերիկյան հյուրախաղերից, Ռավելն իսկույն ձեռնարկում է բալետի ստեղծումը Ռուբինշտեյնի համար: Ստեղծագործության պարտիտուրը գրվում է շատ արագ, որը կոմպոզիտորն անվանում է «Բոլերո»: Այդ առթիվ կոմպոզիտորը գրել է. «1928 թվականին, տիկին Ռուբինշտեյնի պատվերով, ես գրեցի «Բոլերո»-ն՝ նվագախմբի համար: Այն պար է՝ չափազանց հանդարտ տեմպով, ամբողջովին անխախտ ինչպես մեղեդու առումով, այնպես էլ հարմոնիայի և ռիթմի: Ընդ որում, ռիթմն ապահովվում է թմբուկի անընդմեջ զարկերով: Միակ տարբերությունը երաժշտության աստիճանաբար զորեղացումն է (կրեշենդո)»:
1928 թվականի նոյեմբերի 22-ին Փարիզի Գրանդ օպերայում կայացավ բալետի պրեմիերան՝ ունենալով հսկայական հաջողություն: Եվ ոչ միայն պարզապես հաջողություն, այլ համաշխարհային փառքի արժանացավ «Բոլերոն»: Հետաքրքիր է, որ բալետի փորձերի ժամանակ լսելով երաժշտությունը, կոմպոզիտորն ու նրա մտերիմ երաժիշտները կարծում էին, որ երաժշտության համար՝ բալետից անջատ, համերգային կյանք վիճակված չէ: Երաժշտական նման պիեսը «երբեք չեն համարձակվի ընդգրկել կիրակնօրյա մեծ համերգային ծրագրերում», - ասում էր Ռավելը, որի հետ ընկերները համամիտ էին: Այնինչ «Բոլերոն» դարձավ ոչ միայն նրա ամենահայտնի ստեղծագործությունը, այլև 20-րդ դարի ամենանշանավոր երաժշտական ստեղծագործություններից մեկը: Այն չափազանց ինքնատիպ է ըստ իր կառուցվածքի, որն իրենից ներկայացնում է վարիացիաների շղթա, որի մեջ անփոփոխ է ամեն ինչ, բացի գործիքավորումից և հնչողության ուժգնությունից: Վարիացիաների հիմքում ընկած է ժողովրդական պարեղանակի բնույթով կարճ մեղեդի, որը հիշեցնում է 18-րդ դարում ստեղծված իսպանական «Բոլերո» պարը, սակայն ռիթմով նման է բասկյան «Սորտսիկո» պարին:
Երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտական պիեսն սկսվում է փոքր թմբուկի զարկերով կառուցվող հստակ ռիթմային պատկերով, որն ուղեկցվում է ալտերի ու թավջութակների մեղմ պիցցիկատո նվագակցությամբ: Այդ երկտակտը (այստեղ այն կրկնվում է երկրորդ անգամ, մինչ կսկսվի երաժշտական թեման) անընդմեջ հնչելու է «Բոլերոյի» ամբողջ ընթացքում: Ավելի քան տասնհինգ րոպե տևող ստեղծագործության ամբողջ ընթացքում թմբկահարն անընդմեջ հաստատուն կերպով խփում է նույն տակտը, որի հիման վրա կառուցվում է մեղեդին: Ֆլեյտայի ելևէջուն, առաձգական նվագը հնչում է շատ մեղմորեն, ասես՝ հազիվհազ, որը հստակորեն բաժանվում է երկու մասի: Ընդ որում, դրա երկրորդ հատվածը ձեռք է բերում տառապալից, կրքոտ բնութագիր: Ավարտելով մեղեդին, ֆլեյտան միանում է թմբուկին՝ ընդօրինակելով ռիթմը դոմինանտ հնչյունով (սոլ), իսկ մեղեդին շարունակվում է կլարնետի ձայնով: Այնուհետև մեղեդին փոխանցվում է ֆագոտին, ապա հերթով՝ փոքր կլարնետին, հոբոյին, ֆլեյտա և շեփոր զույգին, վերջում՝ սաքսոֆոնին (այն եզակի դեպքերից, երբ սաքսոֆոնը գործածվում է սիմֆոնիկ նվագախմբում): Նրա լարված ու արտահայտիչ հնչողությունը մեղեդուն հաղորդում է առանձնահատուկ գույներ: Միաժամանակ, մեղեդու փոխանցումը մեկ նվագարանից մյուսին ուղեկցվում է նբվագակցության ավելի ու ավելի զորեղացմամբ: Ամենասկզբում հազիվ հնչող պիցցիկատոն հետզհետե զարգանում է ու ձեռք բերում հզոր հնչողություն. ընդգրկվում են նորանոր նվագարաններ, իսկ լարային նվագարանները ռիթմի մեջ հնչում են արպեջո կատարմամբ:
Մեղեդու աստիճանաբար և կայուն զարգացումը պիեսի ավարտին հասնում է գագաթնակետին: Բոլոր երեք գծերը (մեղեդային, նվագակցման և ռիթմային պատկերները) բազմիցս կրկնվում են լիահնչուն tutti-ով (սա մենանվագի հակառակ երևույթն է, երբ երաժշտությունը հնչում է նվագախմբի ամբողջ կազմի ընդգրկմամբ), ընդ որում, եզրափակիչ տակտերում Ռավելն օգտագործում է խիստ հազվադեպ կիրառվող, բայց և չափազանց զորեղ ու տպավորիչ էֆեկտ՝ տրոմբոնների գլիսանդո, որից հետո բոլոր նվագարանները կտրուկ լռում են՝ հասնելով կուլմինացիոն ավարտի ամենաբարձր հնչյուններին:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.belcanto.ru/sm_ravel_bolero.html
- А. Майкапар. «Болеро» Равеля
- Marilyn Hunt. Obituary: Nina Youshkevitch