Բոժոժահյուսներ, մետաքսագործներ (լատ.՝ Lasiocampidae), թիթեռների ընտանիք։ Հայաստանում հայտնի է 17 տեսակ՝ տարածված ամենուրեք։ Տարբեր չափերի և գունավորման թիթեռներ են։ Էգերն արուներից խոշոր են. բեղիկները սանրաձև են, կնճիթը զարգացած չէ։ Հանգստի վիճակում թևերը ծալում են տանիքաձև։ Թրթուրները ծածկված են խիտ, կարճ մազիկներով, երբեմն՝ մարմնի առաջին 3 հատվածների վրա մազիկների վրձնիկներ կրող գորտնուկներով։ Հարսնյակավորման ժամանակ բոժոժ են հյուսում (այստեղից՝ անվանումը)։ Հաստ հարսնյակը գտնվում է ամուր մետաքսե կամ մագաղաթանման բոժոժում (հաճախ՝ մի քանի տարի)՝ մինչև թիթեռի դուրս գալը։ Լուրջ վնաս են հասցնում անտառատնտեսությանը և պտղաբուծությանը (խնձորենուն, տանձենուն, ծիրանենուն, բալենուն և այլն), հատկապես՝ օղակավոր, իշակաթնուկի, լեռնային օղակավոր և կաթնատերև բոժոժահյուսների (մոտ 10) տեսակները։
Ընտանիքի ներկայացուցիչների մեջ կան նաև օգտակար տեսակներ՝ թթենու մետաքսագործը, կաղնու մետաքսագործը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 503)։